HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վկաների ինքնությունը չի բացահայտել միտումնավոր. փաստաբան

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, նախօրեին շարունակվեց փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործի դատաքննությունը: Հիշեցննք՝ սեպտեմբերի 18-ին փաստաբան Ռուբեն Հակոբյանը հանգուցյալ փաստաբան Սամվել Շարբաթյանի քրոջ, նույն գործով վկա Հասմիկ Մանուչարյանի (Շարբաթյանի ) դեմ բողոք է ներկայացրել  ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին` սեպտեմբերի 17-ի դատական նիստի ավարտից հետո իր պաշտպանյալներ Սամվել Դիլոյանին և Արեն Վերանյանին սպառնալիքներ տալու համար:

Սեպտեմբերի 30 -ի գրությամբ Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը փաստաբանին և ամբաստանյալներին  հայտնել է, որ նախապատրստված նյութերով մերժվել է քրեական գործի հարցումը` հանցակազմի բացակայության պատճառով: Ոստիկանությանը Հասմիկ Մանուչարյանը բացատրել է, որ սպառնալիքները տվել է հուզված վիճակում` հանգուցյալ եղբոր արժանապատվությունը նվաստացումից զերծ պահելու համար:

Երեկ Վանաձորի դատարանի 4-րդ դահլիճը կրկին լեփ-լեցուն էր Սամվել Դիլոյանի համակիրներով: Նրանց մեծ մասն ամբաստանյալի ուսանողներն ու նրա շրջապատի մարդիկ էին:

«Ինձ, որպես տուժողի այրի, ցավ է պատճառում դահլիճում հավաքվածների մոտեցումները մարդասպանների նկատմամբ: Մարդասպանին արդարացնելը և ողջունելը ես համարում եմ անբարոյականություն»,- ասաց Սաթենիկ Սարգսյանը:

«Հետքը» Վանաձորի մանկավարաժական ինստիտուտի պրոռեկտոր Թումանյանից մեկնաբանություն խնդրեց ուսումնական պարապունքերի ժամերին դոցենտ Սամվել Դիլոյանի դատաքննությանը ուսանողների մասնակցությունը թույլատրելու համար: «Ուսանողը պարտավոր է լինել լսարանում, ուրեմն սա առաջին դեպքն է, երբ ես լսում եմ այդ մասին: Ես դեռ չգիտեմ՝ այդ ուսանողները հեռակա՞ ուսուցման ուսանողներ են, թե՞ առկա: Դա էլ պետք է ճշտվի»,- ասաց տիկին Թումանյանը:

Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանն իր միջնորդությամբ բացարկ ներկայացրեց մեղադրանքը պաշտպանող մեղադրողին և Լոռու մարզի դատախազությանը` ընդհանրապես: Պաշտպանը գտնում է, որ նախաքննությունն ընթացել է քրեադատավարական օրենքի բազմաթիվ խախտումներով: Նա մասնավորապես նշեց քրեական գործի վարույթն իրականացնող քննիչի կողմից վկաների առերեսման գործընթացում ցուցաբերած «մի շարք անօրինականությունների» մասին:

Ամբաստանյալներ Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը փետրվարի 6-ից գտնվել են արգելանքի տակ: Դատավարական գործողությունների ընթացքում  մեղադրյալները և նրանց շահերի պաշտպանները պահանջել են մեղադրյալներին առերես հարցաքննել նրանց դեմ ցուցմունք տված անձանց հետ:

«Նախաքննական մարմինը, բնականաբար, դատախազության դաբրոյով այդպես էլ չի ապահովել մեղադրյալների հակընդեմ հարցման իրավունքը: Դեռ ավելին՝ դեպքին ականատես վկա Կարեն Խեչոյանի պարագայում մոտ 5 ամիս չի կատարվել առերեսում, մինչև այդ վկան, մեր համոզմամբ, մեղադրանքի կողմի աջակցությամբ հեռացել է Հայաստանից»,- ասաց պաշտպանը:

Ըստ նրա՝ Լոռու մարզի դատախազության կողմից հնարվել է քրեադատավարական նոր ընթացակարգ. «Վկան դիմում է գրում, որ այս կամ այն պատճառով չի ցանկանում առերեսվել: Քննիչը այդ դիմումը բավարարում է և չի կատարում օրենքով նախատեսված իր պարտավորությունները»:

Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ քրեական գործում նշված է եղել, որ սպանության դեպքին ականատես են եղել 3-4 ինքնությունը չպարզված անձինք: Պաշտպանը գտնում է, որ մեղադրող կողմն օպերատիվ տվյալներ է ունեցել, որ այդ վկաների ցուցմունքները չեն համապատասխանում ներկայացված մեղադրանքի փաստական հանգամանքներին, և նրանց ինքնությունը չի բացահայտել միտումնավոր:

Ռուբեն Հակոբյանը դատարանում հայտարարեց, որ քննիչի կողմից շատ վկաներ նախապատրաստվում են՝ դատարանում իրենց նախաքննական ցուցմունքները չմոռանալու համար: Պաշտպանն անդրադարձավ նաև հակընդեմ հարցման չափաքննման առումով իրականացված մոնիտորինգներին: Նշեց, որ այդ հարցումները բարձրաձայնվել են նաև Հելսինկյան անսամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կողմից:

Ռուբեն Հակոբյանը ներկայացմամբ՝ Արթուր Սաքունցը լուռ հանդուրժել է այդ խախտումները: Այդուհանդերձ, պաշտպան Հակոբյանը եզրակացրեց, որ մինչ քրեական գործը դատարան ուղարկելը, հսկողություն իրականացնող դատախազը թույլ տրված խախտումներին չի արձագանքել, ինչի համար էլ ինքը մեղադրող- դատախազ Աշոտ Գրիգորյանին և Լոռու մարզի դատախազությանն ընդհանրապես ներկայացնում է բացարկ:

Միջնորդությանն առարկեց տուժողի այրին՝ Սաթենիկ Սարգսյանը: Առարկություն ներկայացրեց նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը. «Այն, որ մենք վկաների հարցաքննությանը հետևողական չենք եղել, ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը: Ես, ըստ էության, այստեղ դա համարում եմ որպես հոգեբանական ճնշում տուժողի նկատմամբ: Թե ով ում է ճնշել և ինչ մեթոդներով, դրան, իհարկե, դատաքննության ընթացքում մենք կանդրադառնանք»,- ասաց Արթուր Սաքունցը, ով պաշտպանի միջնորդության գնահատականը թողեց դատարանին:

Մեղադրող-դատախազ Աշոտ Գրիգորյանը դատարանից ժամանակ խնդրեց պաշտպանի միջնորդությանն անդրադառնալու, իր առարկությունները ներկայացնելու համար: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter