HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Գողացված» ամրոցը. քրեական գործը տեղից չի շարժվում

Անցյալ տարվա մայիսին կալանավորվեց մշակույթի նախարարի խորհրդական Արեգ Հայրապետյանը: Պատճառը, ըստ ճարտարապետ Արամայիս Գրիգորյանի, իր բողոքն էր:

Դեռ 4 տարի առաջ մշակույթի նախարարությունը «Հ. Արամյան» ՍՊԸ-ի միջոցով ճարտարապետ Գրիգորյանին պատվիրել է իրականացնել Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում տեղակայված «Գեւորգ Մարզպետունի ամրոցի, եկեղեցու եւ օժանդակ կառույցների վերականգնում եւ ամրակայում» նախագծային աշխատանքները:

«Ինձ զանգահարեց «Հ. Արամյան» ՍՊԸ-ի տնօրենը` Հովհաննես Արամյանը: Բյուջեով նախագծի համար հատկացվել էր 7 մլն դրամ, բայց նա ինձ ասաց, որ նույնիսկ 3 միլիոն էլ չեն կարող ինձ տալ: Միասին գնացինք մշակույթի նախարարություն` տեխնիկական վերահսկիչ Կարեն Դանիելյանի մոտ»,- պատմում է Ա. Գրիգորյանը:

Վերջինիս ներկայացմամբ` նախարարության աշխատակիցը` Դանիելյանը, տեղում իրեն 100 հազար դրամ է տվել` ընթացիկ ծախսերի համար, եւ ասել, որ իրեն, որպես պրոյեկտի նախագծողի եւ գլխավոր ճարտարապետի, ամսական կվճարեն 1000 ԱՄՆ դոլար աշխատավարձ:

«Ասացի` աշխատանքային պայմանագիր կնքենք, որով եւ աշխատանքի ծավալը, եւ տեւողությունը, եւ աշխատավարձի չափը հստակ կֆիքսենք: Դանիելյանն էլ, թե` ժամանակ չկա, դու գործը սկսիր, պայմանագիրն ընթացքում կկնքենք»,- հիշում է ճարտարապետ Գրիգորյանը:

Նրա ներկայացմամբ` սկզբում 1-2 անգամ Արամյանի հետ է վերջինիս մեքենայով գնացել Մարզպետունու ամրոց, այնուհետեւ ամեն ինչ արել է սեփական միջոցներով, քանի որ նույնիսկ խոստացված գործուղման գումարն իրեն չեն վճարել: Այդ ընթացքում ճարտարապետը ծանոթացել է արխիվային բոլոր նյութերին եւ պարզել, որ հուշարձանային համալիրը չունի գեոդեզիական հանույթ եւ չափագրական նյութեր: Ամիսների ընթացքում ամեն ինչ կատարելով` 2007 թ. դեկտեմբերին Արամայիս Գրիգորյանը պատվիրատուի դատին է հանձնել նախագծային աշխատանքը` բաղկացած 3 գրքից:

«Մինչ այդ Արամյանն ինձ 160 հազար դրամ էր տվել, բայց նույն պահին ես 100 հազարը վերադարձրի: Որովհետեւ ասաց, որ Կարեն Դանիելյանն այն 100 հազար դրամը, որ սկզբում տվել էր (իբր սեփական գրպանից), հետ է ուզում: Իսկ աշխատանքային պայմանագիր այդպես էլ չկնքեցին ու ստացվեց, որ ընդհանուր վարձատրությունս ընդամենը դա էր` այդ մնացորդ 60 հազար դրամը»,- ասում է Ա. Գրիգորյանը:

Նրա ներկայացրած նախագիծը քննարկվել է այն ժամանակ մշակույթի նախարարի աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության պետ, նախարարի խորհրդական Արեգ Հայրապետյանի մոտ: Ճարտարապետի խոսքերով` որեւէ էական դիտողություն չի եղել, պարզապես «թեթեւակի ուղղումներից հետո» Արամյանն ասել է, որ նախագիծն ուզում են ներկայացնել անձամբ Հասմիկ Պողոսյանին, դրա համար լավ կլինի, որ այն թողարկվի համակարգչային գրաֆիկայի եղանակով:

«Ասացի` ինձ 60 հազար դրամ եք տվել, ես դրանով չեմ կարող համակարգչային գրաֆիկա կազմել: Միասին քաղաքում շրջեցինք, եւ Արամյանն ինքը համոզվեց, որ կոմպյուտերային գրաֆիկայի համար առնվազն 70 հազար դրամ էր պետք: Ասաց` ոչինչ, քո հաշվին արա, հետո կհանենք, բայց ես չհամաձայնվեցի»,- հիշում է ճարտարապետ Գրիգորյանը: Վերջինիս խոսքերով` մոտ 3 ամիս անց` 2008 թ. մարտին, պատահաբար իմացել է, որ ամրոցի վերականգնման շինաշխատանքները մեկնարկել են:

«Պարզ էր, որ իմ նախագծով էր կառուցվում, որովհետեւ, էլի եմ ասում, օբյեկտի վերաբերյալ անգամ արխիվային նյութեր չկային, եւ որեւէ ճարտարապետ պարզապես ֆիզիկապես չէր հասցնի այդ 3 ամսում նոր նախագիծ կազմել,- ասում է Արամայիս Գրիգորյանը,- գնացի նախարարի խորհրդական Արեգ Հայրապետյանի մոտ, ասաց` քո նախագիծը լավը չէր, տվել ենք, ուրիշ ճարտարապետ է արել: Ու հեռվից ինչ-որ նախագիծ ցույց տվեց, մոտեցա, թույլ չտվեց` նայեմ: Միայն տեսա, որ հեղինակը նշված էր Վ. Գրիգորյան»:

Ճարտարապետ Արամայիս Գրիգորյանն ասում է, որ այդպես էլ ոչ ոք իրեն ցույց չի տվել նշյալ Վ. Գրիգորյանի նախագիծը: Նա համոզված է, որ նման նախագիծ որպես այդպիսին իրականում չկա, պարզապես «գողացել» են իր նախագիծը, տակը մտացածին կամ ինչ-որ մեկի (տվյալ դեպքում` Վ. Գրիգորյան) անունը գրել, դրա հիման վրա կազմել համակարգչային գրաֆիկա ու շինարարությունը սկսել:

Նա դիմում-բողոքներ է գրել մշակույթի նախարարին, գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին: Դիմումներում ճարտարապետը հատուկ շեշտել է, որ իր նկատմամբ կատարված անարդարության արդյունքում տուժում է նաեւ 10-րդ դարով թվագրվող հուշարձանը, քանի որ ինքը, որպես գլխավոր ճարտարապետ, զրկված է եղել հեղինակային հսկողությունից:

«Անզեն աչքով էլ երեւում է, որ վերակառուցումը սկսվել է առանց պեղման աշխատանքների: Մասամբ վերակառուցված են ամրոցի պատերը, սակայն շատ թերություններով ու սխալ մոտեցումներով: Խախտված է նորաշար եւ պահպանված պատերի նույնաձեւությունը: Ամրոցի աշտարակները նույնպես վերակառուցվել են ոչ մասնագիտորեն, որոշ մասերում չեն պահպանվել նախկին լուծումները»,- ասում է ճարտարապետ Ա. Գրիգորյանը:

Նրա բողոքների հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս ընթացքում մի քանի անգամ գործը քննող քննիչները փոխվել են, իսկ նախաքննության իրականացումը տեղափոխվել է Քնչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչություն: Անցյալ տարվա սեպտեմբերին ավագ քննիչ Ռ. Ադիլխանյանը գրավոր հայտնել է, թե նախաքննությունը շարունակվում է, որի վերջնական արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:

«Դրանից հետո էլ տեղեկություններ չունեմ, չգիտեմ էլ, թե ովքեր են այս գործով անցնում եւ ում է մեղադրանք առաջադրվել: Միայն գիտեմ, որ իմ բողոքից հետո իրավապահները փորփրեցին ու Արեգ Հայրապետյանին ձերբակալեցին»,- ասում է Ա. Գրիգորյանը:

Մշակույթի նախարարի խորհրդական Արեգ Հայրապետյանին կալանավորեցին անցյալ տարվա մայիսին: Պաշտոնապես որեւէ բան չէին ասում, իսկ մամուլը գրեց, որ վերջինիս տան խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են Հայրապետյանի անունով պատրաստված երկրորդ անձնագիրը եւ մշակույթի նախարարության չլրացված (դատարկ) բլանկեր, որոնք հաստատված են եղել նախարարի ստորագրությամբ:

Գործը քննել է ԱԱԾ-ն, որի մամուլի կենտրոնից «Հետքին» փոխանցեցին, թե Արեգ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է: Վերջինս ազատ է արձակվել այն բանից հետո, երբ վերականգնել է իր գործունեության հետեւանքով պետությանը հասցված վնասը:

Իսկ Քննչական գլխավոր վարչությունում քննվող, ճարտարապետ Ա. Գրիգորյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը տեղից այդպես էլ չի շարժվում: Ըստ էության, սկզբից եւեթ սլաքն ուղղված է Հ. Արամյանի կողմը, բայց միեւնույնն է, որեւէ մեկը մինչ օրս ձերբակալված չէ: Քրեական գործը հարուցվել է «Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու» փաստի առթիվ (նախատեսվող պատիժը` 200 հազ. դրամ տուգանքից մինչեւ 2 տարվա ազատազրկում), եւ արդեն մի քանի տարի է` նախաքննությունը շարունակվում է:

Տափի բերդ-ամրոցը, որը ժողովուրդը Գեւորգ Մարզպետունու անունով է կոչվում, գտնվում է Խոսրով գետի աջ ափին` Ուրծ քաղաքատեղիի հյուսիս-արեւմտյան եզրին: Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական եւ ամրոցաշինական մեծ արժեք:

Իսկ Տափի վանք-մատուռը որպես գրչօջախ հիշատակվում է 1496 թ.-ից, որտեղ Բարսեղ գրիչի ձեռքով գրվել է «Սաղմոսարանը»: Մատուռի հյուսիսային պատի ներսի երեսին պահպանված է ընդարձակ արձանագրություն, որը փորագրված է 1256 թվականին:

Մեկնաբանություններ (1)

Marine
Ինչ գործ ունի մի խուժան , մաշակույթի նախարարի խորհրդական, էն էլ ՄՇԱԿՈՒՅԹԻ, երբ շատ խելոք գրագետ ազգագրագետ մարդիկ կան Հայաստանում, օրինակ Աղասի Թադևոսյանը և այլք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter