HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ղարաբաղը ինսուլինը ձեռք է բերում չհիմնավորված թանկ գնով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետգնումների շրջանակում ինսուլինը տարիներ շարունակ ձեռք է բերել չհիմնավորված թանկ գնով: Նույն տեսակի և չափաքանակի մեկ սրվակ ինսուլինը  ՀՀ առողջապահության նախարարությունը գնել է 4800 դրամով, իսկ ԼՂՀ-ն` 7350: «Դա այն ցավալի դեպքերից է, երբ տնտեսվարողները, օգտվելով տարբեր հնարավորություններից, շատ ավելի գումար են ստանում, քան պահանջում են տնտեսագիտական կանոնները»,- խնդրի վերաբերյալ «Հետք»-ի հարցին ավելի վաղ պատասխանել էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:  Նա նշել էր նաև, որ իր վերահսկողական ծառայությունը առաջիկայում ուսումնասիրություններ է կատարելու, և «չի բացառվում, որ համապատասխան մարմինները զբաղվեն դրանով»:

Սակայն մինչ օրս չի բացահայտվել, թե ինչ «տարբեր հնարավորություններից» են օգտվում ղարաբաղյան ընկերությունները, և ինչպես են գոյանում նրանց գնային առաջարկները: ԼՂՀ կառավարության վերահսկողական ծառայությունը ինսուլինի պետական գնումների վերաբերյալ կատարած որևէ ուսումնասիրության մասին տեղեկատվություն դեռևս չի հրապարակել: Փոխարենը ինսուլին մատակարարած ղարաբաղյան ընկերություններից «Էկո-ֆարմը» չի համարում, որ մինչև հիմա պետությանը ինսուլին է վաճառել` դուրս գալով «տնտեսագիտական կանոններից»: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ «համապատասխան մամինները» արդեն եկել և ստուգել են իրենց փաստաթղթերը և որևէ անօրինական բան չեն հայտնաբերել:

ԼՂՀ առողջպահության նախարարության մեզ փոխանցած տվյալներով` ինսուլինի պետգնումների 2010 և 2013թթ. մրցույթները շահել են ղարաբաղյան երեք տնտեսավարողներ` «Էկո-ֆարմ» ՍՊԸ-ն, «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ն և «Տաթև-Վիկա» ՍՊԸ-ն: 2011-2012թթ. Ղարաբաղում ինսուլինի պետգնման մրցույթ չի կազմակերպվել. Անհրաժեշտ դեղորայքը մատակարարվել է հումանիտար օգնության շրջանակներում:

2010 և 2013թթ.-ին պետգնումների շրջանակում ձեռք է բերվել միայն ամերիկյան «Էլի Լիլի և քամփնի» ընկերության արտադրության ինսուլին: Վերջինիս ներկայացուցիչը Հայաստանում «Մ.Լ.Ն ֆարմ» դեղատունն է: «Մ.Լ.Ն ֆարմը» 2011-2013թթ. ինսուլինի հայաստանյան մրցույթների մշտական մասնակիցներից է և մրցույթների ժամանակ ներկայացրել է առավելագույնը 5200 դրամ գին:

Թե ինչպե՞ս է ստացվել, որ նույն «Էլի լիլի և քամփնի» արտադրության ինսուլինի համար ԼՂՀ-ում այս տարի առաջարկվել է 7350 դրամ, «Էկո ֆարմի» ներկայացուցիչը հարցով պատասխանեց. «Հիմա չի կարո՞ղ «Մ.Լ.Ն ֆարմը» ինքը 4800 դրամով վերցնի և մեզ վաճառի 6500-ով կամ 7000 դրամով: Չի կարո՞ղ, օրինակ, այդպիսի բան լինել»: Պատասխանեցինք, որ հնարավոր է, այդպե՞ս է եղել: «Առաջինը ես չեմ իմանում ու երկրորդը ինչո՞ւ պետք է այդ մասին խոսվի,- խուսափեց ընկերության պատասխանատուն,- համապատասխան մարմինները որ գան, համապատասխան թղթերը` ձեռքը, կարող են սաղ նայել: Դա սաղ բաց է»:

«Համապատասխան մարմիններից» ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը 2013թ. մարտ ամսից ուսումնասիրություն է կատարել ԼՂՀ դեղերի շուկայում գերիշխող դիրք ունեցող 7 տնտեսավարող սուբյեկտների մոտ: Դրանց մեջ են մտնում նաև ինսուլինի` պետական գնումների մրցույթները շահած տնտեսավարող սուբյեկտները` «Էկո-Ֆարմ» և «Տաթև-Վիկա» ՍՊԸ-ները և «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ն:

Հանձնաժողովի տեղեկացմամբ` ԼՂՀ-ում իրացվող  բոլոր դեղատեսակները ներմուծվում են Հայաստանի Հանրապետությունից, այդ պատճառով ուսումնասիրվել են նաև ընկերությունների կիրառած գնային քաղաքականությունը, մասնավորապես իրականացվել են  գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյկետների կողմից ձեռքբերվող և իրացվող դեղատեսակների  գների ինդեքսների վերլուծություն: Արդյունքում` վերոնշյալ երեք ընկերություններից ոչ մեկի մոտ գերիշխող դիրքի չարաշահում, մասնավորապես չհիմնավորված գնի կիրառում չի հայտնաբերվել:

Ուսումնասիրությունը կատարվել է 2012 թվականի հուլիսի 1-ից 2013 թվականի մարտի 1-ը ընկած ժամանակահատվածի համար: Այս ընթացքում ԼՂՀ նախարարությունը «Էկո-ֆարմ», «Տաթև-Վիկա» ՍՊԸ-ներից և «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ից ինսուլին է ձեռք է բերել 7350-7400 դրամով: Եվ, փաստորեն, ընկերությունների գնային այդ առաջարկը ԼՂՀ-ի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը չի որակել «չհիմնավորված գին»:

«Էկո-ֆարմ» ընկերության պատասխանատուն այդպես էլ չնշեց, թե ինչ գնով են  Հայաստանից` «Մ.Լ.Ն.» ֆարմից, ներկրել ինսուլինը: «Մենք օրենքի սահմաններում գնացել, մասնակցել ենք մրցույթին, գին են հարցրել, տվել ենք, մեզ սաղիս էլ գինը Հայաստանից են տալիս: Շուկա է, էլի, ինչ գին տալիս են, էնպես էլ առաջարկում ես: Թանկ են տալիս, թանկ ենք վաճառում, էժան են տալիս` էժան», - մեզ հետ զրույցում ասաց նա:

Սակայն 2010թ.-ի ինսուլինի պետգնման մրցույթը հուշում է, որ «Էկո-ֆարմ» ՍՊԸ-ն օգտվել է անմրցունակ շուկայից և առաջարկել իր ուզած գինը: Առաջին եռամսյակի մրցույթում «Էկո-ֆարմ» ՍՊԸ-ն ներկայացրել ինսուլինի 9000 դրամ գնային առաջարկ և հաղթել: Նույն տարում` հաջորդ եռամսյակի մրցույթին, կտրուկ իջեցրել է գինը մինչև 7900 դրամ, քանի որ հայտնվել է մրցակից «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ն` 7700 դրամ գնային առաջարկով: Նշենք, որ «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ն ներկրում է նույն` «Էլի Լիլի և քամփնի» ընկերության արտադրության ինսուլին: Եվ, փաստորեն, նրան հաջողվել է էժան ձեռք բերել Հայաստանից, իսկ «Էկո-ֆարմին»`ոչ:

Այս տարի մրցույթները շահած «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ն, «Տաթև Վիկա» և «Էկո-ֆարմ» ՍՊԸ-ները կանգնել են ինսուլինի մատակարարման 7350 դրամ գնային առաջարկի վրա:

«Էլի Լիլի և քամփնի» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Սիլվա Բարսեղյանը Հայաստանում ինսուլինի բոլոր իրացումներն անում է իր ամուսնուն` Հարություն Վասիլյանին պատկանող ընկերության` «Մ.Լ.Ն ֆարմ»-ի միջոցով: Փորձեցինք Սիլվա Բարսեղյանից ճշտել, թե ինչու Լեռնային Ղարաբաղում որևէ ըներության հետ դեղորայքի վաճառքի ուղիղ պայմնագիր չունի և ինչո՞ւ է ԼՂՀ-ում ինսուլինը իրացրել դարձյալ «Մ.Լ.Ն ֆարմ»-ի միջոցով:  Սիլվա Բարսեղյանը, ում հետ մինչ այդ զրուցել էինք Հայաստանի պետգնումների գործընթացի վերաբերյալ, հրաժարվեց առհասարակ որևէ հարց լսել` նշելով, որ ինքը պետական գնումներին գործընթացում այլևս չկա:

Քանի որ, կառավարության որոշմամբ, Հայաստանում պետգնումների շրջանակում ինսուլինի ձեռքբերման գինը 2013թ. երկրորդ կիսամյակից կրկնակի նվազել է, ինչպես նաև ինսուլինի ձեռքբերումը հիմա կատարվում է ֆրանսիական «Սանոֆի Ավենտիս» ընկերությունից ուղիղ պայմանագրով, մենք հարցում էինք ուղարկել ԼՂՀ առողջապահության նախարարություն, թե արդյոք նման փոփոխություն արվելու է նաև ԼՂՀ-ում: Մեզ պատասխանել են, որ այժմ ընթացքի մեջ են չորրորդ եռամսյակի մրցույթի կազմակերպման աշխատանքները, այն իրականցվում է «Գնումներ մասին» ԼՂՀ օրենքի պահանջներին համապատասխան` բաց ընթացակարգով, որի արդյունքում «ակնկալում են ինսուլինի ձեռքբերումը համապատասխանաբար ցածր գներով»:

Չորրորդ եռամսյակի մրցույթի մասնակցության իրավունք ունեն նաև այն ընկերությունները, որոնց մինչ այժմ ներկայացրած գնային առաջարկները համապատասխան մամինների կողմից չեն պարզաբանվել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter