HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ինչու Գագիկ Խաչատրյանը չի ուզում պատասխանել

ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանին դեռ հունիսի 24-ին գրավոր հարցում ենք ուղարկել, բայց ՊԵԿ-ը չի ուզում պատասխանել: Թե ո՞րն է պատճառը, առայժմ չենք կարողանում պարզել:

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփայանին եւ ներկայացրել, թե ինչ ճակատագրի են արժանացել իր հայաստանյան ներդումները:

է. Խուդյանը 2005 թ. նոյեմբերին Հայաստանում հիմնադրել է «Արին կապիտալ» ՍՊԸ-ն: Երեւանի Մաշտոցի պողոտայի 33ա եւ 33/1 հասցեներում իրեն պատկանող 1.923,6 քմ մակերեսով հողամասի վրա 10,5 հարկանի շենքը է. Խուդյանը 2007 թ. դեկտեմբերին ներդրել է ընկերությունում, որից հետո ընկերությունն է նախաձեռնել կառուցապատման աշխատանքները: Է. Խուդյանի հիմնական գործընկերն է դարձել մի քանի շինարարական կազմակերպությունների փաստացի սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունը, մեր գրությանն ի պատասխան, հայտնել է, որ Է. Խուդյանի նամակը 2011 թ. հունիսի 3-ին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն, ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ըստ ենթակայության՝ ՊԵԿ հետաքննչական վարչություն՝ նյութերի հետագա ընթացքը լուծելու համար:

«Ի՞նչ ընթացք է ստացել, Էդմոնդ Խուդյանի ներկայացրած փաստերի հիման վրա քրեական գործ հարուցվե՞լ է, եթե այո, ապա ո՞ր հոդվածներով»,- ահա Գագիկ Խաչատրյանին ուղղված մեր հարցման բովանդակությունը, որի պատասխանն այդպես էլ չենք ստացել, իսկ նրա աշխատակիցների հետ հեռախոսազրույցները հույս չեն ներշնչում, որ առաջիկայում կստանանք:

Ինչու է ՊԵԿ-ը թաքցնում քրեական գործ հարուցելու փաստը

Դեռեւս 2011 թ. մայիսի 3-ին Պետական եկամուտների կոմիտեում հարուցվել է թիվ 83159711 քրեական գործը, որը հարուցելու որոշման մեջ գրված է.«ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությունը հանդիսանում է Մաշտոցի 33ա եւ 33/1 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատող եւ իրականացնում է բնակարանների վաճառք: Ընկերության տնօրեն է հանդիսանում Էդուարդ Եսայանը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված ընկերությունը 2010 թ. ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներին վաճառել է բնակարաններ եւ այդ գործարքներից պետբյուջեի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները չի կատարել, դրամարկղի գրքում ընկերություն մուտք եղած գումարները չեն արտացոլվել, այլ ուղղվել են այլ նպատակների համար:

Պարզվել է նաեւ, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ0061/04/10 վճռով «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 22.03.2011 թ. որոշմամբ հաստատվել է պարտատերերի վերջնական ցուցակը:

Պարզվել է նաեւ, որ բազմաթիվ քաղաքացիներ, ընկերության հետ կնքելով առուվաճառքի նախնական, ինչպես նաեւ իրավունքի պայմանագրեր, չեն ստացել բնակարաններ: Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը, ունենալով հնարավորություններ՝ կատարելու ընկերության կողմից առաջացած հարկային պարտավորությունները, չի վճարել օրենքով նախատեսված բնակարանների վաճառքից առաջացած պետբյուջեի հանդեպ պարտավորությունները, գումարներն ուղղել է այլ նպատակների համար եւ դրանով կանխամտածված ստեղծել է սնանկության հատկանիշներ, ինչի հետեւանքով պետությանը պատճառել է խոշոր չափի՝ 139 մլն 300 հազար դրամի վնաս ու նրա արարքում առկա է ՀՀ քր. օր-ի 193-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ...» :

Հենց այս՝ Քր. օր-ի 193-րդ հոդվածի հատկանիշներով «Արին կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու դեպքի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ: ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը քրեական գործ հարուցելու մասին այս տեղեկությունն է հրաժարվում տրամադրել:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու Գ. Խաչատրյանը չի ուզում ասել այս մասին: Առաջինը, որը ենթադրում ենք, գործը որոշել են փակել: Որովհետեւ եթե բացահայտվեն այդ շենքի հետ կապված գործարքները, բազմաթիվ անուններ են նշվելու: Հիշեցնենք, որ այդ շենքում Հայաստանի բազմաթիվ բաձրաստիճան պաշտոնյաներ բնակարաններ ունեն եւ դժվար է ասել, թե որ պաշտոնյան ինչպես է ձեռք բերել այդ բնակարանը: Իսկ ՊԵԿ-ի քննիչները նրանց չեն կարող հարցեր տալ:

Ինչու է փոխվել քննիչը

Գործը նախապես գտնվում էր ՊԵԿ-ի քննչական վարչության ավագ քննիչ Նորիկ Ղազարյանի վարույթում: Սակայն անցած շաբաթ քննիչը փոխվել է, եւ գործը հանձնվել է նույն վարչության կարեւորագույն գործերով քննիչ Տիգրան Հարությունյանին: Իսկ փորձը ցույց է տալիս, որ երբ գործը տեղափոխվում է այլ քննիչի վարույթ, նշանակում է՝ գործի մեջ շրջադարձային փոփոխություններ են տեղի ունենալու: ՊԵԿ-ում «Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ «Նորիկ Ղազարյանը բավականին խորացել էր գործի մեջ: Կատարել էր բազմակողմանի քննություն»: Իսկ սա նշանակում է, որ նա հատել է վտանգավոր սահմանը:

ՀՀ գլխավոր դատախազությունից Էդմոնդ Խուդյանին պատճառաբանել են, թե Նորիկ Ղազարյանի ծանրաբեռնվածության պատճառով է գործն այլ քննիչի հանձնվել: Բնական հարց է ծագում՝ մի՞թե առաջնային եւ երկրորդային կարեւորության քրեական գործեր կան, կամ ինչու՞ է գործն այլ բաժնի եւ ավելի քիչ աշխատանքային փորձ ունեցող երիտասարդ քննիչ Տիգրան Հարությունյանին հանձնվել, եւ արդյոք այս քննիչն էլ որոշ ժամանակ հետո «գործերով ծանրաբեռնված» չի՞ լինելու:

«Հետքը» հետեւում է այս գործի ընթացքին, հանդիպում հարցաքննված մարդկանց հետ, հավաքում գործի հետ կապված զանազան նյութեր: Ուստի, համադրելով մեր տեղեկությունները՝ կարող ենք «գուշակել». արդեն այսօր քննիչի մոտ առկա գործի նյութերն առնվազն 5 հատոր են կազմում:

Մեզ համար ակնհայտ է՝ քրեական գործը պետք է հարուցվեր ոչ թե մեկ, այլ առնվազն 6 տարբեր հիմքերով: Գործի նյութերից հստակ երեւում են սնանկության գործով կառավարչի թույլ տված խախտումները, բազմաթիվ դրվագներով նա չարաշահել է իր պաշտոնեական դիրքը: Օրենքով սնանկության գործով կառավարիչը սնանկության վարույթի շրջանակներում գտնվում է պաշտպանության ներքո, բայց պարզ է, որ կառավարիչը ինքնուրույն նման խախտումներ չէր կարող թույլ տալ. նրան միանգամից «կբռնեին»՝ որքան էլ օրենքով պաշտպանված լիներ: Միանշանակ է, որ նա իր խախտումները կատարում է հրահանգով, եւ քննիչը պետք է որ պարզած լիներ, թե որտեղից են տրվում այդ հրահանգները:

Այս գործում առկա է հարկերի վճարումից չարամատորեն խուսափում, կանխամտածված սնանկություն, փողերի լվացում (այս դրվագով քննությունը պետք է կատարի ԱԱԾ-ն): Կա նաեւ ակնհայտ խարդախություն, ընկերության գույքի եւ դրամական միջոցների յուրացում, «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի կողմից ընկերության դեմ գործելու փաստեր: Մի խոսքով, ՊԵԿ-ի տրամադրության տակ է հանցագործությունների մի ծաղկեփունջ, որի «ծաղիկները» կարծես թե չեն ուզում տեսնել:

ՊԵԿ-ն ունի երկու ճանապարհ՝ կամ պետք է այս բոլոր փաստերով քրեական գործեր հարուցի, կամ գործը«փակի»: Սակայն այսքան փաստերի առկայությամբ ինչպե՞ս պետք է գործը «փակեն»: Դա հնարավոր է, եթե հրահանգ կա, եւ եթե այդ հրահանգը ամենավերեւներից է:

Իսկ ի՞նչ կարող է անել ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը: Մեծ հաշվով, ոչինչ: Նա ընդամենը կարող է բողոքարկել քննիչի որոշումը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ նրա նկատմամբ դրսեւորված կանխակալ վերաբերմունքը փաստող բազմաթիվ որոշումներ եւ վճիռներ կան: Էդմոնդ Խուդյանին մնում է բոլոր դրվագներով սպառել ներպետական «արդարադատությունը» եւ դիմել Եվրոպական դատարան:

Դժբախտաբար, մեր իշխանությունները, արդարադատություն իրականացնող մարմիններն ամեն ինչ անում են, որ Հայաստանում ոչ ոք արդարադատություն չփնտրի: Ոչ մի դատավոր առ այսօր չի պատժվել ապօրինի որոշման, վճռի կամ դատավճռի համար: Դրա փոխարեն պատժվում ենք մենք՝ Հայաստանի հարկատուներս, որովհետեւ Եվրադատարանի վճիռներով սահմանված գումարները վճարվում են պետական բյուջեից:

Մեկնաբանություններ (2)

ххх
его ждет ТЮРЬМА
haykUS
This is one of the most corrupt government officials in Armenia. He manages most corrupt agency in Armenia. He owns businesses created stolen money from bribes and corruption. Look at his face, he made millions stealing and robbing our country. The Hell is waiting for him!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter