HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական գյուղերը հայաթափվում են հայ-վրացական չլուծված սահմանային հարցի պատճառով

Հայ-վրացական 225 կմ երկարությամբ հյուսիսային սահմանի 65կմ սահմանագծի սահմանազատման խնդիրը վերջին տարիներին այդպես էլ չի լուծվում` Հայաստանի և Վրաստանի անհամաձայնության պատճառով: Չհամաձայնեցված հատվածներն են Բավրա եւ Ջիլիզա գյուղերի մոտ գտնվող փոքրիկ տեղանքի, Սադախլո բնակավայր-Դեբեդ գետի, Խոժոռնի գյուղի, Ախքյորփի-Չանախչի-Բրդաձոր հատվածները: Սահմանի այս հատվածի  ճշտմամբ է պայմանավորված Ջիլիզա գյուղի սահմանային անցակետի բացումը, որը կապահովի Ջիլիզայի և սահմանամերձ վրացահայ գյուղերի բնակիչների շփումը:

Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանը սահմանային անցակետի բացումը կարևորում է ոչ միայն Ջիլիզայի զարգացման, այլև վրացահպատակ գյուղերի հայապահպանման տեսանկյունից: Գյուղապետը վստահ է, որ անցակետի բացումը ձախողում է հենց Վրաստանի կառավարությունը: Հարևան գյուղերից ընդամենը Շուլավեր գետակով սահմանազատվող Ջիլիզայի բնակիչները կարծում են, որ Վրաստանն իր խիստ սահմանային ռեժիմով խոչընդոտում է սահմանակից հայ գյուղացիների շփմանը եւ հայաթափում սահմանային հայկական գյուղերը:

«Մեր գյուղի և դպրոցի ամբողջ պրոբլեմը պայմանավորված է փակ սահմանով: Երբ սահմանը բաց էր, Վրաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց միրգն ու բանջարեղենը փոխանակում էին մեր անասնապահական մթերքների հետ, և գյուղացիները միմյանցից գոհ էին մնում»,- ասում է Ջիլիզայի դպրոցի  տնօրեն Սաթենիկ Թունյանը: Գյուղի դպրոցում ներկայումս սովորում է 15 աշակերտ: Դպրոցը տարրական դասարաններ չունի, 5-9-րդ դասարաններում սովորում է 6, իսկ 10-12-րդ դասարաններում` 9 աշակերտ:

Սաթենիկ Թունյանն ասում է, որ դպրոցի աշակերտները հագուստի խնդիր չունեն. «Վորլդ Վիժն» կազմակերպությունն ամեն տարի երեխաներին ապահովում է  ձմեռային տաք և ամառային հագուստներով ու կոշիկներով: 

Հոկտեմբերի 15-ին` մեր այցելության պահին, դպրոցի ուսուցչանոցում աշակերտներին բաշխում էին «Ունիսոն» ՀԿ-ի ուղարկած ձմեռային տաք կոշիկները: «Սևան Ամիրյանցն է ուղարկել»,- ասաց դպրոցի տնօրենը: Դպրոցը տեղակայված է գյուղապետարանի շենքում, դասասենյակները կահավորած են նոր կահույքով և տաքացվում են  կենտրոնացված կաթսայատան միջոցով: Դպրոցն ունի 4850 կտոր գրականությամբ գրադարան: «Գրադարանից օգտվում են աշակերտները, գյուղի թոշակառուները, ինչպես նաև սահամանապահ ուղեկալի սահմանապահները:

Նախկինում գրադարանից օգտվում էին նաև Օփրեթ և Աղքյորփի գյուղերի բնակիչները»,- ասաց գրադարանավարուհի Հերիքնազ Վարդանյանը: Սաթենիկ Թունյանն ասաց, որ երբ սահմանը բաց էր, Ջիլիզայի դպրոցում սովորում էր 56 աշակերտ: «Չանախչի, Խոխմել, Օփրեթ 8-ամյա դպրոցների, անգամ Աղքյորփու միջնակարգ դպրոցի աշակերտները միջնակարգն ավարտում էին մեր գյուղի դպրոցում: Հիմա Վրաստանի կրթության նախարարությունը հայ երեխաների ուսման  համար 550 լարի վարձ է սահմանել: Կոնկրետ Խոժոռնի գյուղում ապրող իմ հարազատներից մեկը 5 երեխա ունի, նրանցից 3-ը դպրոց չեն գնում` ուսման վարձի պատճառով»,- նշեց նա: 

Սահմանային անցակետը բացելու դեպքում մենք կարող ենք սահմանի այն կողմում գտնվող հայ երեխաներին հայկական կրթություն տալ: Մինչդեռ Վրաստանը, մեզ համար անհասկանալի իրավունքով, ամեն ինչ անում է հայ երեխաներին կրթության իրավունքից զրկելու համար»,- ասաց Սաթենիկ Թունյանը:

Աշակերտուհի Վարդանուշ Հալիվորյանը Չանախչի գյուղից Ջիլիզա է եկել 2010թ. դեկտեմբերին: Վարդանուշը ուսման վարձի պատճառով 2 տարի Չանախչիում դուրս է մնացել դպրոցից: Նա հիմա 19 տարեկան է, սովորում է  Ջիլիզայի դպրոցի 12-րդ դասարանում: Վարդանուշի մայրը Չանախչի գյուղից է, հայրը ծնունդով Ջիլիզայից է: «Վրաստանում հայ գյուղացիների վիճակը օրեցօր վատանում է: Մենք Չանախչիում գրանցված չէինք, իսկ դպրոց գնալու համար 550 լարի պետք է բանկում վճարեինք և կտրոնը տայինք դպրոցի տնօրինությանը: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` մենք Չանախչիում իրավունք չունեինք օգտվել սեփականության իրավունքից: Պապիկս Վրաստանի քաղաքացի էր, երբ նա մահացավ, նրա սեփական հողատարածքը արգելեցին մեզ տրամադրել: Մեր վիճակը ավելի վատացավ Չանախչիում: Էլի 10 մեզ նման երիտասարդ ընտանիքների հետ մենք դուրս եկանք Չանախչիից»,- ասաց Վարդանուշը:

Վարդանուշն ասաց, որ շատ է սիրում Ջիլիզան. «Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի Ջիլիզայի ուժեղացման համար»: Դպրոցի տնօրեն Սաթենիկ Թունյան էլ հայտնեց, որ 2014թ. դպրոցը կրկին առաջին դասարան չի ունենա, 2015թ. դպրոց կհաճախի մեկ առաջին դասարանցի: «Երեք տարի հետո մենք կունենանք 5-6, լավագույն դեպքում՝ 7 աշակերտ»,- ասաց տնօրենը: Նա ափսոսանք հայտնեց, որ Ջիլիզայի աղջիկները դրսում են ամուսնանում: Գյուղում դեռ մի 5-6 չամուսնացած տղա կա: Երեք տղա ամուսանացել է, նրանց երեխաներն էլ դպրոց հաճախելու համար դեռ փոքր են:

Մինչ դպրոցի տնօրենը մտահոգված է դպրոցի ապագայով, գյուղապետ Մհեր Վարդանյանը հետևում է գյուղի ռեզերվային ջրագծի վերանորոգման աշխատանքներին, որ ձմռանը մայր ջրագծի վթարի դեպքում սահմանակից հայկական գյուղերից մեկուսացված և Ալավերդուց 30 կմ հեռու գտվող Ջիլիզան  հանկարծ ջրամատակարարման խնդիր չունենա:  

Մեկնաբանություններ (1)

Խաչատուր
Փորձեք մոտիկանալ՝ վրացական սահմանին Ստեփանավան-Պրիվոլնի-Աղքյորփի ճանապարհով, անցնել Գայլի Դրունք լեռնանցքը և հետո նոր գրել, թե ով է հայաթափում Գուգարքի, Վիրահայոց լեռնաշղթայի աջակողմյա և ձախակողմյա գյուղերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter