HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Աջարիայի վրացի մուսուլմանները բողոքում են երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտից

Սովետական «եղբայրական» Միության ժամանակաշրջանում, երբ մարդիկ հնազանդվում էին Կենտրոնից եկած հրամաններին, կրոնական և ազգային բնույթի բազմաթիվ խնդիրների հարուցման համար պարարտ հող է ստեղծվել, որոնք հսկայի փլուզվելուց հետո աստիճանաբար գլուխ են բարձրացնում:

Դրանցից մեկն էլ հասունանում է հարևան Վրաստանի Աջարական վրացի մուսուլման բնակչության մի մասին Վրաստանի տարբեր շրջաններում բնակեցնելու հետևանքով:

Աջարիայի  մոտ 400 հազար բնակչության շուրջ 65 տոկոսն այժմ ուղղափառ քրիստոնյաներ են, իսկ վրացի մուսուլմանները կազմում են մոտ 30 տոկոսը, մինչդեռ 1980-ականներին այդ հարաբերակցությունը եղել է 70/30 մուսուլման բնակչության գերակայությամբ: Այդ ժամանակներից սկսած Աջարիայի բնակչության մի մասին բնակեցրել են Վրաստանի տարբեր մարզերում՝  Ծալկա, Բուրիա, Սամցխե Ջավախք, Քվեմո Քարթլի, Ասպինձա և այլուր:

Նրանց տեղափոխելու պատճառաբանությունը եղել է հողերի պակասությունը, ինչպես նաև եղել են կլիմայական խնդիրներ, սակայն Խուլոյի (վարչական ենթաշրջան Աջարիայում) մուֆթի (բարձրաստիճան մուսուլման հոգևորական) Գուրամ Ասլան Աբաշիձեն ասում է, որ  իրական պատճառը կրոնական է եղել:

«Քանի որ Աջարիան եղել է մուսուլմանական խիտ բնակեցված տարածք և Թուրքիայի հետ անմիջական հարևանությամբ, խնդիր է դրված եղել բնակչության քրիստոնեացման»,- ասում է Գուրամ Ասլան Աբաշիձեն:

2012թ. աշնանից սկսած Վրաստանի այն շրջաններում, որտեղ 20-25 տարի առաջ բնակեցված աջարացիներ կան, տեղական մուսուլման և քրիստոնյա բնակչության միջև կրոնական բնույթի ընդհարումներ են տեղի ունենում. Վրաստանի խիտ մուսուլմանական բնակչություն ունեցող գյուղերում քրիստոնյաները խաչեր են դնում, որը խիստ վիրավորական է մուսուլմանների համար:

Վրաստանի ՄԻՊ ինստիտուտի փոքրամասնությունների խնդիրներով փորձագետ Բեկա Մինդիաշվիլին ասում է, որ Վրաստանում սկսվել է Աջարիայի քրիստոնեացման պրոցես, երբ երիտասարդությունը համատարած սկսել է քրիստոնեություն ընդունել՝ ապագայի նկատմամբ ունեցած նկատառումներից ելնելով:

Մինդիաշվիլիի կարծիքով վրացիները հանդուրժողականությունը ինստիտուցիոնալիզացնելու խնդիր ունեն, քանի որ 11-12-րդ դարերից հետո, երբ նրանք կորցրել են պետականությունը, երկրում անհանդուրժողականության մշակույթ է ձևավորվել:

Բաթումիում նոր մզկիթ կառուցելու անհրաժեշտություն կա, քանի որ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մարդիկ մզկիթում չեն տեղավորվում և ծնկաչոք աղոթում են բակում, ինչպես նաև բակից դուրս՝ փողոցում:

Ի թիվս այս ամենի, օգոստոսին Ադիգենի շրջանի Ճելա գյուղում խոշոր ընդհարում է եղել տեղացի մուսուլմանների ու ոստիկանության միջև, քանի որ վերջիններս ապամոնտաժել են գյուղում 2008թ-ից գործող մզկիթի կողքին կառուցված մինարեթը: Այն բերվել է հարևան Թուրքիայից և Սարպիի անցակետից բարեհաջող մաքսազերծվելով տարվել է գյուղ և տեղադրվել մզկիթի դիմաց:

Մինարեթը մուսուլմանական աղոթատեղիի համար նույնպիսի պարտադիր տարր է, ինչպես զանգակատունը` եկեղեցու համար: Ինչպես քրիստոնեական աղոթքից առաջ զանգակատան զանգերը ղողանջելով իրազեկում են մոտալուտ աղոթքի կամ այլ կարևոր իրադարձության մասին, նույն գործառույթը կրում է մինարեթը, որը նեղ, կլոր տրամագծով ու շատ բարձր աշտարակ է, որտեղ զանգի փոխարեն բարձրաձայն հաղորդում է մոլլան: Ճելայի մինարեթն ուներ մոտ 24 մ բարձրություն: Այժմ մինարեթներում դրվում են բարձրախոսներ, որպեսզի ձայնը լսելի լինի նաև հեռու տեղերում: Սա ևս մի բողոքի մի պատճառ է. քրիստոնյաներն ասում են, որ չեն ցանկանում լսել մինարեթից բարձրաձայն լսվող մուսուլմանական աղոթքը:

Մինդիաշվիլին տեղական իշխանությունների իրականացրած այս քայլը բնորոշում է որպես պետության կողմից բացարձակ ոչ ադեկվատ միջամտություն կրոնական փոքրամասնությունների զգացմունքների նկատմամբ:

Նրա խոսքով այս ամենի հիմքը դրվել է Սահակաշվիլիի ժամանակներից, երբ վերջինս շատ է խոսել այն մասին, որ Վրաստանում իրականացվում է իսլամի էքսպանսիա. «Եվ այն, ինչ հիմա կա, ուղղակի այդ քաղաքականության ռեզոնանսն է»:

Ճելայի մինարեթի և Բաթումիի մզկիթի հարցը Վրաստանի թե մուսուլմանների, և թե քրիստոնյաների համար դարձել է սկզբունքային հարց: Քրիստոնյաները կարծում են, որ մինարեթը կրկին տեղադրելու և Բաթումիում նոր մզկիթ կառուցելու դեպքում Վրաստանում իսլամը գլուխ կբարձրացնի, ինչպես նաև մնացած կրոնական փոքրամասնությունների համար ազդակ կարող է հանդիսանալ, որպեսզի իրենք ևս բարձրացնեն իրենց հարցերը: Մուսուլմանները ևս հաստատակամ են իրենց դիրքերում:

Կենտրոնական իշխանությունները այս խնդիրներին շատ մեծ ուշադրություն չեն դարձնում, սակայն Մինդիաշվիլիին ասում է, որ անհրաժեշտ միջոցներ ձեռք չառնվելու դեպքում՝ այս ուղղությամբ իրավիճակը ավելի կսրվի:

Իսկ պահպանողական քաղաքական գործիչները այս հարցի վերաբերյալ շատ ռադիկալ են տրամադրված հանրությունում մեսիջ տարածելով, թե մուսուլմաններն ուզում են վերցնել նրանց ունեցվածքը:

«Այս ծայրահեղական մոտեցումը հրահրված է տեղական իշխանությունների  կողմից,- ասում է կրոնական փոքրամասնության հարցերով փորձագետ Գիորգի Սորդիան,- բայց հասարակությունը, ընդհանուր առմամբ, հանդուրժողական չէ այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ»:

Սրանց պատճառները Վրաստանում բացատրվում են տարբեր մոտեցումներով: Դրանցից մեկը Վրաց Ուղղափառ երկեղեցու ավտորիտար կեցվածքն է, որը չափազանց անհանդուրժողաբար է տրամադրված կրոնական փոքրամասնությունների, և հատկապես, մուսուլմանների նկատմամբ:

«Այդ խնդիրը գալիս է ուղղափառ եկեղեցուց, հարևան Զարզմա գյուղից և կապված է նախընտրական պրոցեսների հետ»,- ասում է Մինդիաշվիլիին: Զարզման Ճելային հարևան գյուղ է, որի ուղղափառ հոգևորականները ստորագրահավաք էին ձեռնարկել մինարեթը ապամոնտաժելու համար:

Վրաստանի պատրիարքարանը, սակայն, հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ որոշ ուժեր կամենում են ճելայում կատարվածը որակել որպես մուսուլմանների իրավունքների խախտում, մինչդեռ դրանք միմյանց հեռ կապ չունեն:

«Որոշ ուժեր» ասելով Վրաստանում նկատի ունեն Սահակաշվիլու «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը, որը հակադրության մեջ է Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանքի» հետ:

Քանի որ հոկտեմբերի 27-ին նախագահական ընտրություններ են լինելու, տարածված կարծիք կա, որ կրոնական հողի վրա տեղի ունեցած ընդհարումները հրահրվում են Սահակաշվիլու կողմնակիցների կողմից՝ երկրում անկայուն իրավիճակ ստեղծելու համար:

Այս ամենի վրա «յուղ են լցնում» Վրաստանում առկա հակաթուրքական տրամադրությունները, որոնք առավել բորբոքվել են այս տարվա մարտին Թուրքիայի ԱԳՆ Մահմեդ Դավութօղլուի Վրաստան կատարած այցի ժամանակ, երբ վերջինս   երկու երկրներում գտնվող կրոնական նշանակության կառույցների երկկողմանի հոգածության մասին մտահոգություն հայտնելիս ասել է, որ Բաթումիում Ազիզի անունը կրող նոր մզկիթ է կառուցվելու: Այս հայտարարությունը հասարակությունում ընկալվել է երբեմնի մեծն Թուրան ունենալու թուրքական երազանքի ենթատեքստով:

Ազիզը թուրքական սուլթան է, որը հարստահարել է տարածաշրջանը, այդ թվում Վրաստանը: Նրա պատվին 1868թ. Բաթումիում՝ ծովի ափին, կառուցվել է փայտյա մզկիթ, որը հրդեհից ոչնչացել է 1940թ. և այդ տեղում այժմ այլ աշխարհիկ կառույց է:

Այս հարցերը գրեթե չեն լուսաբանվում Վրաստանի լայն լսարան ունեցող մեդիաներում և համացանցում այս հարցերի շուրջ հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն գտնելը գրեթե անհնար է:

Վրացական GO group Media կազմակերպությունը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող խտրականությունները լուսաբանելու համար կազմակերպել էր լրագրողական արշավ՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների մասնակցությամբ, որին մասնակցում էր նաև «Հետքի» լրագրողը:

Վրաց ուղղափառ եկեղեցու հարաբերությունները պետության հետ

Ըստ սահմանադրության՝ Վրաստանը աշխարհիկ երկիր է, և կրոնն ու պետությունը միմյանցից առանձնացված են, սակայն Կրոնական հարցերի գծով Եվրոպական կենտրոնի կրոնական փոքրամասնության հարցերով փորձագետ Գիորգի Սորդիայի կարծիքով դա այնքան էլ այդպես չէ, քանի որ Վրաց Ուղղափառ եկեղեցին չափազանց մեծ արտոնություններ և ազդեցություն ունի Վրաստանում կյանքի կազմակերպման հարցում:

«Վրաստանը փոքրամասնությունների նկատմամբ չափազանց անհանդուրժական կեցվածք ունի ու դրա պատճառներից մեկն էլ Վրաց Ուղղափառ եկեղեցու ավտորիտար դիրքն է»,- ասում է Գիորգի Սորդիան:

Վրաստանի ՄԻՊ ինստիտուտի փոքրամասնությունների խնդիրներով փորձագետ Բեկա Մինդիաշվիլին նշում է, որ կրոնի հետ կապված հարցերի նկատմամբ պետությունը երկմտում է միակողմանի որոշումներ ընդունելով, քանի որ կրում է ուղղափառ եկեղեցու ազդեցությունը՝ վախենալով վերջինիս արձագանքից:

«2011թ. պետությունը միակողմանի ձևով լուծեց կրոնական փոքրամասնությունների՝ որպես կրոնական կազմակերպություն գրանցելու հարցը, որի արդյունքում եկեղեցին մեծ ակցիա արեց և ժողովրդին հանեց փողոց»,- ասում է նա:

Մինչև 2011թ. բացի Ուղղափառ եկեղեցուց, օրենքը չի թույլատրել կրոնական  փոքրամասնություններին գրանցվել որպես կրոնական կազմակերպություն. բոլոր ուղղությունները ստիպված գրացվել են որպես հկ կամ իրավաբանական կազմակերպություն: Մուսուլմանների միությունը մինչև այժմ էլ գրանցված է որպես հկ: 2011թ. հետո որպես կրոնական կազմակերպություններ գրանցվել են միայն Հայ Առաքելական եկեղեցին և եզդի համայնքը, սակայն դա չի նշանակում, թե դա ենթադրում է բյուջեից ֆինանսավորում:

Պետության և եկեղեցու միջև գործում է Կոնկորդացիա կոչվող համաձայնություն, որը ուղղափառ եկեղեցու հետևորդների համար նախատեսում է մեծ առավելություններ, ստեղծելով, օրինակ, կրթության մեծ հնարավորություններ: Բացի այդ, պետությունը եկեղեցու ադմինիստրացիոն ծասխերի համար յուրաքանչյուր տարի հսկայական գումարներ է նախատեսում: Միայն 2013թ. համար Վրաստանի պետբյուջեից ուղղափառ եկեղեցուն փոխանցվել է 25մլն. դոլար: Բացի այդ եկեղեցին ազատված է բոլոր տեսակի հարկերից, մինչդեռ կրոնական բոլոր այլ փոքրամասնությունները՝ ոչ:

Սովետական Միության փլուզումից հետո կրոնական կառույցներին պատկանող գույք հետ է վերադարձվել միայն ուղղափառ եկեղեցուն, իսկ մնացած կրոնական կազմակերպությունների գույքը՝ այդ թվում հայերի ունեցվածքը, գտնվում է պետության բալանսում:

Վրաստանը՝ լինելով կրոնական փոքրամասնություոններով հարուստ երկիր, այդուհանդերձ չունի որևէ պետական կառուցվածք, որը կկարգավորի կրոնական փոքրամասնությունների հարաբերությունները:

Նրանք ներկայացված են միայն Վրաստանի ՄԻՊ ինստիտուտում, որտեղ գործում է փոքրամասնությունների խնդիրներին վերաբերվող երկու՝ էթնիկական  և կրոնական խորհուրդներ: Էթնիկական խորհրդում ներառված են մոտ 106 կազմակերպությունների, իսկ կրոնականում՝ 25 կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Վերջինիս կազմում սակայն հրաժարվել են ընդգրկվել Ուղղափառ եկեղեցին ու Եհովայի վկաները, իսկ այդ խորհրդին ընդդեմ՝ Վրաց Ուղղափառ եկեղեցին ստեղծել է այլընտրանքային հանձնաժողով, որի թիկունքում՝ Սորդիայի խոսքով, պետությունն է.  «Իսկ նպատակն է ճնշել ու խեղճացնել բոլոր կրոնական փոքրամասնություններին»:

Ճելայում ապրում են 60/40 տոկոս մուսուլման/քրիստոնյա հարաբերակցությամբ բնակիչներ: Երբ այնտեղ եկեղեցի է կառուցվել՝ տեղի մուսուլմանները օգնել են քրիստոնյաներին, իսկ երբ ապամոնտաժել են մինարեթը, նրանք մուսուլմանների հետ պայքարի են ելել ասելով, որ հետ վերադարձրեք մեր մինարեթը:

«Նրանք շեշտել են, որ դա իրենց մինարեթն է, այլ ոչ թե մուսուլմաններինը,- մեկնաբանում է Մինդիաշվիլին,- դա նշանակում է, որ այդ ամենը կազմակերպել է ոչ թե բնակչությունը, այլ ուղղափառ եկեղեցին»:

Մինդիաշվիլին ասում է, որ Ուղղափառ եկեղեցին իրեն դրսևորում է ոչ թե որպես կրոնական, այլ պետական քաղաքականություն իրականացնող կառույցի մաս, իսկ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանրությունում բացահայտորեն այլատյաց տրամադրություններ սերմանելով ու խտրականություններ դրսևորելով, ձգտում է հասնել բացարձակ միահեծան դիրքի:

«Հենց դա է պատճառը, որ Աջարիայում մուսուլմանների նկատմամբ անհանդուրժողականությունը շատ մեծ է,- մեկնաբանում է նա,- եկեղեցին մուսուլմաններին քրիոստոնեացնելու ստրատեգիա ունի»:

Աջարիայի գործադիր մարմնի ղեկավար Արչիլ Հաբաձեն, ով քրիստոնյա է, ժխտում է  քրիստոնեացման գործընթացի վերաբերյալ շրջանառվող լուրերը՝ որակելով դրանք որպես հերյուրանք:

 «Այն, ինչ կատարվում է շրջաններում, սադրանք է, - ասում է նա,- մենք վերահսկում ենք իրավիճակը և երկիրը պահում ենք կայուն վիճակում»:

Մինդիաշվիլին ասում է, որ ուղղափառ եկեղեցին թեպետ մի միասնական օրգան չէ և ունի տարբեր երեսներ, սակայն դրա պահպանողական թևը շատ ագրեսիվ կեցվածք ունի, իսկ նրանց մի մասը կրթություն է ստացել Ռուսաստանում, որը նշանակում է, որ այդ մարդիկ անուղղակի ձևով Վրաստանում ներկայացնում են ռուսական տրամադրություններ:

«Վրաց ուղղափառ եկեղեցականների ակունքները տանում են դեպի Ռուսաստան՝  դեպի 19-րդ դար, որովհետև ուղղափառ եկեղեցին առաջացել է Ռուաստանում, և այն բոլոր հարաբերությունններն ու կարծրատիպերը, որ կան այսօր եկեղեցում, և այն կեցվածքը, որ նա ունի Արևմուտքի նկատմամբ, մեծապես կապված է  ռուս եկեղեցու հետ»,- ասում է Բեկա Մինդիաշվիլին:

Կրոնական և ազգային փոքրամասնությունների հարցերը պետական կառուցվածքում

Բացի Ռեինտեգրացիայի նախարարությունից, որն ուղղակիորեն կոչված է զբաղվելու փոքրամասնությունների հարցերով, դրանք այս կամ այն կերպ ընդգրկված են արդարադատության, մշակույթի և կրթության նախարարությունների ենթակառուցվածքներում:

Ռեինտեգրացիայի նախարարության քաղաքացիական ինտեգրացիայի բաժնի պետ Թինա Գոգելիանին, թեպետ եղել է Վրաստանի հկ հատվածի նախկին ներկայացուցիներից, լրագրողների հետ հանդիպման ընթացքում չափազանց զգույշ ձևակերպումներ էր անում, ըստ էության խուսանավելով հարցի վերաբերյալ կոնկրետ պատասխաններ տալուց:

Գոգելիանին, ընդունելով, որ Վրաստանում հանդուրժողականության խնդիր կա, ասում է, որ որոշ դպրոցներում ֆակուլտատիվ խմբակների մակարդակով այլ մշակույթների և ազգությունների նկատմամբ հանդուժողականություն է դասավանդվում:

«Իսկ այն մարդիկ, որոնք  հետագայում պիտի աշխատեն պետական մարմիններում, նույնպես այդպիսի դասընթացներ են անցնում»,- ասում է նա:

Գոգելիանիի խոսքով` 2005թ. սկսած` Վրաստանում իրականացվում է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոնցեպցիան, որը կյանքի կոչելու ամենակարևոր խոչընդոտներից մեկը պետական լեզվի` վրացերենի չիմացությունն է:

«Իհարկե դա միակ խնդիրը չէ, սակայն ինտեգրվելու և սոցիալ-քաղաքական կյանքում ակտիվ մասնակցություն ունենալու համար լեզվի իմացությունը պարտադիր է,- ասում է նա,- իսկ այն տեղերում, որտեղ կոմպակտ ապրող ազգային փոքրամասնություններ կան, վրացերենի իմացությունը մեծ խնդիր է»:

Ճելայի մինարեթի վերաբերյալ նա ուներ երկու մոտեցում. Գոգելիանին չի բացառում, որ այդ ամենը հրահրված լինի Սահակաշվիլիի «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության կողմից:

«Բարդ քաղաքական իրավիճակը անկայուն է և հակամարտություն կա տարբեր քաղաքական  ուժերի և կուսակցությունների միջև, որոնք օգտագործում են կրոնական փոքրամասնությունների խնդիրները իրենց շահերի համար»,- ասում է նա:

Մյուս կողմից Գոգելիանին ասում է, որ մինարեթը տեղադրվել է  գոյություն ունեցող իրավական նորմերի խախտմամբ, և դրա համար պետք էր թույլտվություն ունենալ տեղական իշխանությունների կողմից, որը չի եղել:

Վրաստանում չկա այդպիսի օրենք, որը կարգավորում է կրոնական նշանակության կառուցի հարցերը և կառույցին տալիս է կրոնական նշանակության կարգավիճակ: Օրենքը վերաբերում է ցանկացած տիպի կառույցին, և ցանկացած շինարարություն սկսելու, այդ թվում գոյություն ունեցող շինությանը կցակառույց ավելացնելու համար պահանջվում է տեղական իշխանությունների թույլտվությունը:

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter