HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

9 անդամից բաղկացած ընտանիքը բնակարան չունի

Ալավերդցիներ  Սուսաննա Դանելյանի և Վիտալի Գրիգորյանի 9 անձից բաղկացած ընտանիքը վարձով բնակվում է Ալավերդու  Ս./Սարահարթ թաղամասի 2/25 շենքի 1-ին հարկի 3 սենյականոց բնակարանում, որի համար ամսական վճարում են 5 հազար դրամ:

Սուսաննան և Վիտալին 7 անչափահաս երեխա ունեն, որոնցից մեծը`Լուսինեն, 10 տարեկան է, իսկ փոքրիկը`Հովսեփը, 3 ամսական: Երեխաներից 3-ն աղջիկ են, 4-ը`տղա: Նրանցից 4-ը հաճախում են Ալավերդու թիվ 12 դպրոց, 2-ն էլ քաղաքապետարանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության սաներ են եւ ընդգրկված են անվճար համակարգում: Փոքրիկ Հովսեփին տանը խնամում է մայրը: Սուսաննան երջանիկ ժպիտով է թվարկում  իր 7 երեխաների անունները` Լուսինե, Սվետա, Մարիա, Սամուել, Դանիել, Միքայել, Հովսեփ:

Լուսինեն սովորում է 5-րդ դասարանում: «Իմ երեխաները շնորհքով երեխաներ են, ստեղծագործում են,- հպարտանում է Սուսաննան,- Սվետան իմ մասին բանաստեղծություն է գրել մի քանի օր առաջ»: Պարզվեց՝ մորը բանաստեղծություն է ձոնել նաև Լուսինեն, որն էլ Լուսինեն արտասանեց մեր ներկայությամբ.                                     

                                       Լավ ու քնքույշ մայր իմ բարի,

                                            Ինչ անուշ ես, ինչ սիրելի,

                                            Յուրահատուկ, անկրկնելի…

Երեխաները Լուսինեի և Վիտալի ընտանիքում մեծանում են՝  ծնողական սիրով շրջապատված: Սուսաննան և Վիտալին երազում են իրենց 7 երեխաների համար գնել սեփական բնակարան: Սակայն նրանք չունեն բավականաչափ դրամական միջոցներ` բնակարան գնելու համար: Վիտալի Գրիգորյանն  աշխատում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում` որպես պահակ: Նա ամսական ստանում է 70 հազար դրամ աշխատավարձ, բազմազավակ ընտանիքը ստանում է նաև 61 հազար դրամ նպաստ, որով ամուսինները հազիվ հասցնում են  ապահովել երեխաների սնունդը:

Սպասվող  ձմռան ընթացքում ընտանիքը ֆինանսական լուրջ դժվարությունների առաջ կկանգնի բնակարանի ջեռուցման հարցում: Յոթ անչափահաս երեխաների համար բացի սննդի ծախսերից՝ ծնողները այլ ծախս չեն կարողանում անել: Մինչդեռ Լուսինեն երազում է խաղալ փետրագնդակով, տղաներից Դանիելն էլ՝ գնդակ ունենալ:   

Այսուհանդերձ, Սուսաննան կարծում է, որ ընտանիքի կարևոր  խնդիրը բնակարանն է: Բնակարան ստանալու համար Վիտալին դիմել է Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին: Վերջինս  Վիտալիին պատասխանել է. «Ի նկատի կունենանք»:    

Ալավերդու բնակարանային շուկայում՝ Ս./Սարահարթ թաղամասի շենքերում, բազմանդամ ընտանիքի համար 1.5 մլն դրամով կարելի է գնել 4 սենյականոց բնակարան: Լավագույն ցանկության դեպքում՝ քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը համայնքի բյուջեի միջոցներից որոշակի հատկացումով և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության աջակցությամբ Վիտալի Գրիգորյանի բազմազավակ  ընտանիքին կարող է ապահովել 4 սենյականոց բնակարանով:

Չէ՞ որ բազմանդամ ընտանիքի 7 երեխաները մյուս երեխաների նման նույնպես իրավունք ունեն իրենց հայրենիքում ապրելու և մեծանալու՝ բնակարանային հարմարավետ պայմաններում: 

Մեկնաբանություններ (1)

Gagik
Թվում է թե որքն քիչ քիչ բան է հարկավոր այս ընտանիքին եչջանկացնելու համար.....հուսանք որ նրանց երազանքը կիրագործվի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter