HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ի բիզնեսը. 369,600 դրամանոց ՀԴՄ-ի պարտադրանքն անհիմն է

Կառավարության սեպեմբերի 5-ի 968-Ն որոշմամբ՝ նոյեմների 1-ից ԱԱՀ վճարող բոլոր տնտեսվարողները պետք է ձեռք բերեն նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաներ: Թեև արդեն մոտենում է նոյեմբերի 1-ը, սակայն փոքր և միջին ձեռնարկատերերին ՀԴՄ նոր սարքը  վաճառելու գինը կառավարության որևէ որոշմամբ սահմանված չէ: Իսկ սարքերի վաճառքի բացարձակ մենաշնորհ ունեցող «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, առանց որևէ իրավական հիմքի, ՓՄՁ-ների համար կրկնում է խոշոր հարկատուների պատմությունը՝ ՀԴՄ-ն վաճառելով նույն՝ 369,600 դրամով:

Հիշեցնենք, որ կառավարությունը խոշոր հարկատուների համար ՀԴՄ-ի գինը սահմանել էր 2013թ. հունիսի 27-ի 692-Ն որոշմամբ, որով թույլ էր տալիս «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին վաճառքն իրականացնել մինչև 400 հազար դրամ գնով: Նույն որոշման մեջ նշված էր, որ «ՀԴՄ-ի իրացումից ստացվող շահույթն ուղղվելու է այլ հարկ վճարողների կողմից ձեռք բերվող ՀԴՄ-ի արժեքի մասնակի փոխհատուցմանը»: Սակայն սեպտեմբերի 5-ի որոշուման մեջ ՀԴՄ սարքի գնի փոխհատուցման մասին որևէ կետ  չկա:

Մի քանի տնտեսվարողներ մեզ հետ զրույցում ասացին, որ ՊՈԱԿ-ից արդեն ճշտել են ՀԴՄ-ի արժեքը. նրանց հաղորդել են, որ 369,600 դրամը սարքի վերջնական գինն է: ՓՄՁ-ները որոշել են բոյկոտել սեպտեմբերի 5-ի որոշումը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարբեր խմբեր են բացել և հայտարարում են, որ հոկտեմբերի 31-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպելու: Այս ամենի փոխարեն նրանք կարող են ընդամենը չգնել թանկ ՀԴՄ-ն. ՊԵԿ-ն այս պահի դրությամբ որևէ իրավասություն չունի ՓՄՁ-ների պարտադրել ՊՈԱԿ-ից գնել ՀԴՄ-ները  369,600 դրամով, քանի որ փոքր և միջին ձեռնարկություններին սարքի գինը մասնակի փոխհատուցելու կառավարության խոստումը դեռ ուժի մեջ է՝ ամրագրված 2013թ. հունիսի 27-ի 692-Ն որոշմամբ: Այժմ ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ը առանց որևէ որոշման ՀԴՄ-ի համար առաջարկում է 369,600 դրամ գին, և եթե նույնիսկ կառավարությունը մինչև նոյեմբերի 1-ը ՓՄՁ-ների համար հասցնի հստակեցնել ՀԴՄ-ների վաճառքի արժեքը, ապա, միևնույն է, տնտեսվարողները դարձյալ կարող են պատասխանատվության ենթարկել ՊՈԱԿ-ին, քանի որ այն արդեն իսկ հասցրել է որոշ ՓՄՁ-ներից ստանալ ՀԴՄ-ի գումարը:

Փոխանցում կատարած մի քանի տնտեսվարողներ մեզ հետ զրույցում նշեցին, որ կատարել են փոխանցումը վերջնաժամկետից դուրս չգալու և չտուգանվելու համար:

Ընկերությունների մեծ մասի՝ գրեթե բոլորի տնօրեններն ու հաշվապահները չեն ցանկանում անուններով հանդես գալ, թեև որոշների վիճակն այնքան ծանր է, որ նոր ՀԴՄ-ի պատճառով դադարեցնելու են գործունեությունը:

  • «Մի քանի անգամ զանգել եմ, ինչքան հիշում եմ վերջին անգամ ուրբաթ զանգեցի, իրանց ՊՈԱԿ-ի աշխատակիցը պատասխանեց, պաշտոնը չգիտեմ, ասեց 369,600 դրամ»:
  • «Մեր ընկերությունն հաշվապահական խորհրդատվական ընկերություն է: Մեր հաճախորդ կազմակերպությունները արդեն գնել են մի քանիսը: Բայց ունենք նաև գործընկերներ, որոնք հրաժարվում են գնել այդ ՀԴՄ-ն. նրանք պատրաստ են նույնիսկ դադարեցնել մանրածախ վաճառքի իրենց գործունեությունը»(Էդուարդ Բադալյան, «Էդարթհաուսքընսալթինք» ընկերություն):
  • «Ես ընեկերության տնօրենն եմ: Իմ հաշվապահն է զանգել ՊՈԱԿ: Խոսակցության մանրամասները չգիտեմ: Սկզբնական ինչ-որ խոսակցություն կար, որ գինը պետք է իջնի, բայց չհաստատվեց: Իրենց վերջնական գինը դա էր. կանխավճարային հաշիվ ուղարկեցին հենց այդ գնով: Շատ հետաքրքիր կլինի լսել գործարարների շահերը ներկայացնելու համար ստեղծված հազար ու մի կառուցների մոտեցումները, այդ թվում առևտրի պալատի, չեմ ուզում իմ ընկերության անունը նշել, քանի որ առանձին կազմակերպության անունը, իմ կարծիքով ոչինչ չի տալիս»:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի(ՎԶԵԲ) Գործարարության աջակցման գրասենյակի ավագ խորհրդատու Գևորգ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աընդհատ զանգեր են ստանում տարբեր տնտեսվարողներից: «Զանգում, հարցնում են՝ ինչ անենք, մենք իսկապես ցավում ենք, որովհետև չգիտենք՝ ինչ անեն, եթե ասենք՝ մի առեք, իրենց տուգանելու են»,- ասում է Գ. Պողոսյանը: Գրասենյակը առաջարկների նախագիծ է պատրաստում, որպեսզի ներկայացնի կառավարության առաջիկա նիստին: Նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ից վերցնել ՀԴՄ-ն իրացնելու մենաշնորհը, թույլ տալ, որ սարքի ներմուծումն ու վաճառքն իրականացվի մի քանի կազմակերոպթյունների միջոցով: «Շատ կազմակերպություններ, ովքեր նախկինում մեքենաներ էին բերում և սպասարկում էին, իրենք ասում են, որ արդեն գործող ՀԴՄ-ին հնարավոր է ավելացնել լրացուցիչ սարքերը: Այսինքն գործող սարքի արժեքը մոտ 70-80 հազար դրամ, գումարած այդ լրացուցիչ սարքերը մնացած գումարով ավելացնեն, դա ինձ թվում է մինչև 150 հազար դրամը չի գերազանցի: Եթե խնդիրն այն է, որ միասնական համակարգ լինի, բոլորը իրենց տվյալներն ուղարկեն այդ համակարգին, դա դեռ չի նշանակում, որ բոլորը պետք է ունենան նույն ՀԴՄ մեքենայից»,- նշում է Գևորգ Պողոսյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օրեր առաջ նշել է, որ ՀԴՄ-ների ներդրման այս փուլում խնայված գումարը օգտագործվելու է հետագայում՝ մինչև 2014թ. հուլիսի 1-ը, այլ հարկ վճարողների կողմից ձեռք բերելիք ՀԴՄ-ների գնի մասնակի փոխհատուցմանը: Սակայն սեպտեմբերի 5-ի որոշումը իրականում տարածվում է և միջին, և փոքր, և գերփոքր բիզնեսի վրա, և այս դեպքում պարզ չէ, թե քանի «այլ հարկ վճարող կմնա» մինչև մյուս տարվա հուլիսի 1-ը: Կառավարությունը նոր ՀԴՄ-ների ներդրման սեպտեմբերի 5-ի որոշումը կայացրեց՝ ոչ թե ըստ տնտեսվարողների ունեցած շահույթի չափի, այլ ըստ ԱԱՀ վճարող լինելու-չլինելու հանգամանքի: Որոշման առաջին կետով ՀԴՄ-ն պարտադրվում է ԱԱՀ վճարող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, իսկ ավելացված արժեքի հարկով կարող է աշխատել նույնիսկ գերփոքր բիզնեսը: Որոշման երկրորդ կետով նախատեսված է, որ ՀԴՄ-ն անկախ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հանգամանքից պարտադրվում է նաև այն տնտեսվարողներին, որոնց «Ներմուծում ազատ շրջանառության համար մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մաքսային արժեքը հանրագումարով կազմել է 10.0 մլն դրամ և ավելի»:  

«Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գերփոքր է համարվում մինչև 100 մլն դրամ, իսկ փոքր՝ մինչև 500 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողը: Երկուսի տարեկան շրջանառությունն էլ թույլ է տալիս  ունենալ վերոնշյալ որոշման մեջ առկա չափով ներմուծում: Ստացվում է՝ այս փուլում կառավարության որոշումը տարածվում է ըստ շրջանառության չափի բոլոր տեսակի տնտեսվարողների վրա, և անհայտ է, թե ում համար է ՊԵԿ-ը գումարներ խնայում՝ հետագայում ՀԴՄ-ի գինը «մասնակի փոխհատուցելու համար»:

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը նախատեսում է, որ ՓՄՁ-ները նոր սերնդի ՀԴՄ-ներ կարող են կիրառել կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ քան մինչև 2015թ. հունվարի 1-ը: Կառավարությունը որոշումը ժամկետների առումով օրենքի սահմաններում է, իսկ ՀԴՄ-ի իրացման կարգն ու դրա համար սահմանած գինը պարզապես հուշում են ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ի մշակած բիզնեսի մասին:

Մեկ ՀԴՄ սարքը վաճառվում է 369, 600 դրամով, որից սարքի ներկրման արժեքը, ըստ ՊԵԿ-ի մեզ փոխանցած տվյալների, «շուրջ 195 հազար դրամ է»: Խոշոր հարկատուների համար ներկրվել էր շուրջ 8000 հատ ՀԴՄ, այսինքն՝ ՊԵԿ-ն արդեն, մեղմ հաշվարկով, ՀԴՄ-ների ներդրման առաջին փուլում խոշոր հարկատուների հաշվին աշխատել է մոտ 1 միլիարդ 400 միլիոն դրամ: Սեպտեմբերի 5-ի որոշումը ապացույց է, որ ՊՈԱԿ-ի ստացած այս շահույթը ամենևին էլ ՓՄՁ-ներին օգնելու համար չէր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter