HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու քաղաքապետարանն իջեցնում է աշխատավարձերը. կառավարությունը հրաժարվել է խոստացված սուբվենցիայից

Ալավերդու քաղաքապետարանն իր ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների 323 աշխատողների ընթացիկ տարվա  աշխատավարձի վճարման դժվարություններ ունի: Պատճառն այն է, որ կառավարությունը քաղաքապետարանի ենթակայության աշխատողների նվազագույն աշխատավարձի փոխհատուցման գումարների հետ միասին հաշվարկել է նաև 2006թ.-ից օրենքով սահմանված նախադպրոցական հիմնարկների դաստիարակների աշխատավարձի կրկնակի բարձրացման գումարը: Սակայն ամիսներ անց գումարը չի տրամադրել քաղաքապետարանին:  

«Կառավարությունը մեզ հետ կնքեց 21,6 մլն դրամի սուբվենցիայի պայմանագիր, որի մեջ ընդգրկված էր նաև դաստիարակների աշխատավարձը օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հաշվարկված 4 մլն 357 հազար դրամը»,- ասաց քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Հատկացված սուբվենցիայի պահանջներին համապատասխան՝ համայնքի ավագանին հուլիսի 30-ի N 26 -Ա որոշմամբ քաղաքապետարանի ենթակայության  աշխատողների նվազագույն աշխատավարձը սահմանել է 45 հազար դրամ, նախադպրոցական ուսումնական հաստատությունների  տնօրենների 73 հազար դրամ աշխատավարձը՝ 95-100 հազար դրամ, դաստիարակների աշխատավարձն էլ կրկնապատկել և սահմանել է 92 հազար դրամ:

Արտավազդ Վարոսյանն ասում է, որ սուբվենցիայի 21,6 մլն դրամը  պետբյուջեից քաղաքապետարանին պետք է փոխանցվեր 2-րդ կիսամյակում` հուլիսի 1-ից մինչև տարեվերջ: Այդ ակնկալիքով էլ համայնքի ավագանու որոշմամբ քաղաքապետարանն անցած հուլիս, օգոստոս, սեպտեմբեր  ամիսներին վճարել է իր աշխատողների բարձրացված աշխատավարձը, մինչդեռ կառավարությունը հրաժարվել է հատկացնել նախատեսված  4 մլն 357 հազար դրամը: «Պրոբլեմը եթե միայն 4-րդ եռամսյակի համար լիներ, էլի ոչինչ, մի կերպ կհաղթահարեինք:  Խնդիրը շատ ավելի սրվեց, երբ պարզվեց, որ առհասարակ  հուլիսի 1-ից սկսած՝ չի հատուցվելու այդ գումարը»,- հայտնեց քաղաքապետը:

Ստեղծված իրավիճակում Արտավազդ Վարոսյանը  և համայնքի ավագանին որոշել են մինչև 2014թ. հունվարը աշխատավարձի փոփոխություններ չկատարել և դրանց վճարման համար օգտագործել քաղաքապետարանի բոլոր ռեզերվները, այդ թվում նաև՝ 2,3 մլն դրամ տնտեսումը: Այդուհանդերձ,  դա ամբողջությամբ չի լուծում խնդիրը: Ավագանին ճարահատյալ պահուստային ֆոնդից 400 հազար դրամ է հատկացրել աշխատավարձի ֆոնդին: Հետաձգվել է  նոյեմբերի 1-ից թիվ 1 նախադպրոցական հաստատությունում ևս մեկ խումբ բացելու՝ քաղաքապետարանի  ծրագիրը: Կատարվել են ժամային գրաֆիկի  փոփոխություններ` 10,5  ժամ աշխատանքային ռեժիմից  անցել են 9-ժամյա աշխատանքային ռեժիմի, որը ևս 150 հազար դրամ է ավելացրել աշխատավարձի ֆոնդին: Տնտեսումների նպատակով առանց վճարման մեկամսյա արձակուրդի են ուղարկվելու նախադպրոցական ուսումնական  հաստատությունների 6 տնօրենները: Ըստ Արտավազդ Վարոսյանի՝ 2014թ.  հունվարի 1-ից նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատավարձի վարձատրության չափը սահմանվելու է՝ ըստ համայնքային բյուջեի հնարավորությունների: Նա չբացառեց, որ դաստիարակների համար սահմանված 92 հազար 600 դրամ աշխատավարձը հունվարի 1-ից կարող է դառնալ 60 հազար դրամ:

Քաղաքապետը կարծում է, որ   անհամապատասխան վիճակ է ստեղծվել դաստիարակների և  քաղաքապետարանի ենթակառուցվածքներում ոչ պակաս պատասխանատու մյուս աշխատողների աշխատավարձի միջև. «Քանի որ դաստիարակների աշխատավարձը կրկնակի ավելացնելու պահանջն այլևս չկա, մենք մեր հնարավորությունների սահմանում փորձելու ենք նույնացնել աշխատավարձերը, մի տեղ դա կարող է աշխատավարձի բարձրացում նշանակել, մի տեղ՝ իջեցում, որպեսզի համահարթեցվի»: Դրա անհրաժեշտությունը հիմնավորելու համար Արտավազդ Վարոսյանը նշեց, որ  ներկայումս քաղաքապետարանի մշակույթի պալատի տնօրենի աշխատավարձը կազմում է 70 հազար դրամ, մինչդեռ մանկապարտեզի դաստիարակի համար սահմանվել է մոտ 100 հազար դրամ աշխատավարձ: Քաղաքապետի կարծիքով՝ ստեղծված անհամաչափությունը դժգոհությունների տեղիք է տալիս, այդ պատճառով էլ 2014թ. նախատեսել է  աշխատավարձերի վերանայում կատարել:

Արտավազդ Վարոսյանին արդեն հայտնի էր, որ համայնքի 2014թ. բյուջեի եկամուտները զիջելու են 2013-ի ցուցանիշներին: «2014թ. համայնքին հատկացված դոտացիան այս տարվա համեմատ կնվազի մոտ 12 մլն դրամով` 219,5 մլն դրամի փոխարեն պետբյուջեից համայնքի բյուջեին նախատեսված է հատկացնել 208 մլն դրամ դոտացիա»,- տեղեկացրեց քաղաքապետը: Ճեղքվածը փակելու համար Արտավազդ Վարոսյանը 2013թ. պլանավորած 73 մլն դրամ սեփական հարկային եկամուտների դիմաց 2014թ. նախատեսել է հավաքագրել 80 մլն դրամ եկամուտ: Դոտացիան նվազել է համայնքի բնակչության թվի նվազման պատճառով: Ըստ վիճակագրության՝ Ալավերդու բնակչության թիվը կազմում է 13 հազար 927 մարդ: Հիշեցնենք, որ անկախության առաջին տարիներին Ալավերդին ունեցել է 25,5 հազար բնակչություն:

Համայնքի  բյուջեի եկամուտների 50 տոկոսը` 215 մլն դրամը, ըստ քաղաքապետի, տրամադրվում է աշխատավարձին: Արտավազդ Վարոսյանը դա շռայլություն չի համարում՝ պատճառաբանելով, որ  քաղաքապետարանի ենթակառուցվածքների 323 աշխատողների մեծ մասը ստանում է նվազագույն աշխատավարձ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter