HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Էմիլ Բուդաղյանի պահանջը. Ավետիք Բուդաղյանի անմեղությունը կամ մեղավորությունը ճանաչել եւ հռչակել դատավճռով

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում այս տարվա հունիսի 1-ին տեղի ունեցած  կրակոցների հետեւանքով զոհված Գորիս քաղաքի բնակիչ Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի դիմումի քննությունը: Փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում բողոքարկում է նախաքննությունն իրականացնող մարմնի որոշումները` Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը` նրա մահվան պատճառով եւ Տիգրան Խաչատրյանի ու Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները:

Դատարանում նշված երեք բողոքների քննությունը բաշխված է առանձին դատավորների: Դատավոր Լեւոն Ավետիսյանը քննում է Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննական մարմնի որոշման դեմ նրա իրավահաջորդի ներկայացրած բողոքը:

Ավետիք Բուդաղյանի հոր` Էմիլ Բուդաղյանի անունից բերված բողոքում փաստաբանը հիմնավորել է, որ սպանված Ավետիք Բուդաղյանի հիմնական իրավունքներից մեկն է նրա անմեղության կանխավարկածի հարգումը: «Ավետիք Բուդաղյանի` անմեղության կանխավարկածի հարգման իրավունքի վերականգնման նպատակով Էմիլ Բուդաղյանը, որպես նրա իրավահաջորդ, անհրաժեշտ է համարել, որպեսզի քրեական գործը նրա նկատմամբ քննվի և ուղարկվի դատարան, որպեսզի դատական կարգով` արդարացման դատավճռով ճանաչվի եւ հռչակվի Ավետիք Բուդաղյանի անմեղությունը: Հակառակ դեպքում, եթե նա պետք է մեղավոր ճանաչվի, ապա պահանջում եմ, որ դա տեղի ունենա ոչ թե քննիչի որոշմամբ, այլ` դատարանի դատավճռով:

Դատական առաջին նիստում փաստաբան Հ. Ալումյանը հայտնել էր, որ մինչ օրս հնարավորություն չի ունեցել ծանոթանալու վարույթն իրականացնող մարմնի կայացրած որոշումների հիմքերին եւ դատարանին միջնորդել էր վարույթն իրականացնող մարմնից պահանջել քրեական գործի ողջ նյութերը եւ տրամադրել իրեն ծանոթանալու համար: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, որի հիման վրա պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատուկ կարեւորագույն գործերով քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ալեքսան Ղազարյանը քրեական գործի 2500 էջից առանձնացրել էր 189 էջ եւ ներկայացրել դատարան:

Հայկ Ալումյանն այսօր դատարանին հայտնեց, որ ծանոթացել է քննիչի ներկայացրած նյութերին եւ կարծում է, որ քննիչի ընտրությամբ ներկայացված նյութերով հնարավոր չէ իր բողոքի լրիվ, օբյեկտիվ եւ ամբողջական քննությունը: «Սա արդարադատության նվաստացում է, երբ քննիչն է որոշում, թե դուք ինչին ծանոթանաք»,- դատարանին դիմելով՝ ասաց փաստաբանը եւ ավելացրեց, որ ոչ մի սկսնակ իրավաբան նման պայմաններում կարծիք հայտնել չի կարող: Դատարանն ինչպե՞ս կարող է գնահատել դեպքի հանգամանքները, ինչպե՞ս կարող ենք լիարժեք պատկերացում կազմել այս գործի մասին:

Փաստաբանը կրկնեց միջնորդությունը՝ պնդելով, որ ներկայացված նյութը ոչ միայն իրեն, այլեւ դատավորին հնարավորություն չի տա լիարժեք պատկերացում կազմել քրեական գործի նյութերի մասին: Հ. Ալումյանը խնդրեց պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին` դատարանին ներկայացնել բողոքի վերաբերյալ բոլոր նյութերը: «Քննիչի ներկայացրած նյութերը մի դրվագի են վերաբերում, եթե նա կհիմնավորի, որ նյութերը կապ չունեն այս գործի հետ, թող մնան նրա մոտ»,- հայտնեց փաստաբանը:

Քննիչ Ալեքսան Ղազարյանը դատարանին հայտնեց, որ նախաքննությունը դեռեւս ավարտված չէ, եւ ինքը չի կարող քրեական գործն ամբողջությամբ ներկայացնել դատարան: «Ես դեռ գնահատական չեմ տվել մեքենայի մեջ տեղի ունեցածին եւ էլի հանգամանքներ կան, որոնց դեռեւս գնահատական չեմ տվել»,- իր մերժումն այսպես պատճառաբանեց քննիչը: Դատարանի հարցին, թե երբ է նախատեսվում ավարտել նախաքննությունը, քննիչը չկարողացավ անգամ մոտավոր պատասխանել, իսկ Հ. Ալումյանն արձագանքեց. «Երբ այս դիմումի քննությունն ավարտվի Վճռաբեկ դատարանում»:

Դատավոր Լեւոն Ավետիսյանը փաստաբան Ալումյանին հարցրեց, թե հնարավո՞ր չէ իր ներկայացրած 3 դիմումները մեկ դատավորի վարույթում քննել: «Դրանք կապված են մեկը մյուսի հետ, եւ այդ կերպ ապահովված կլինեն գործի քննության օպերատիվությունն ու ողջամիտ ժամկետները»,- հայտնեց դատավորը:

Հ. Ալումյանը նշեց, որ, իհարկե, նպատակահարմար է, բայց հարցը երկու կողմ ունի` տեխնիկապես դժվար է պատկերացնել, թե որքանով է 3 դատավորներից մեկը իրավասու գործի վարույթը միավորելու որոշում կայացնել: Դատավորը վստահեցրեց, որ օրենքի սահմաններում, սահմանված կարգով հարցը կարող է կարգավորվել:

Զինվորական դատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը դատավորի առաջարկի վերաբերյալ իր կարծիքը հիմնավորելիս հայտնեց, որ օրենսդրությունը նման բողոքները քննելու երկու կարգի որոշում է նախատեսում` բողոքը ճանաչել հիմնավոր կամ մերժել: Օրենքը չի ասում` բողոքի քննությունը թողնել եւ այլ որոշում կայացնել, տեխնիկապես չեմ պատկերացնում լուծումը: Դատավորն ասաց, որ իրենք դեռ չեն սկսել գործի քննությունը, եւ դա հնարավոր է այս փուլում:

Իրավահաջորդի ներկայացուցչի, վարույթն իրականացնող մարմինի կարծիքները լսելուց հետո դատաանը հրապարակեց խորհրդակցական սենյակում կայացրած որոշումը. Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ բերված բողոքը հանձնել դատարանի նախագահին` նույն գործով ներկայացրած դիմումները մեկ վարույթում միավորելու հարցը քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter