HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Դիմում` փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործերից մեկով ամբաստանյալ Գուրգեն Աբրահամյանի պաշտպանը` Փաստաբանների պալատի անդամ Կարեն Մկրտչյանը, չի ներկայացել նոյեմբերի 1-ին նշանակված դատական նիստին:

Նիստից առաջ նա մի գրություն է ուղարկել դատարան, որում նշել է, թե այլևս չի հանդիսանում ամբաստանյալ Գուրգեն Աբրահամյանի պաշտպանը: Ամբաստանյալի քույրը` Լիլիթ Աբրահամյանը, նիստի ժամանակ հանրային պաշտպան ունենալու միջնորդություն է ներկայացրել: Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարել է միջնորդությունը` հերթական դատաքննությունը նշանակելով նոյեմբերի 19-ին` հանրային պաշտպանի մասնակցությամբ:

Լիլիթ Աբրահամյանը դիմում է ներկայացրել Փաստաբանների պալատ փաստաբան Կարեն Մկրտչյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ փաստաբանի` իր եղբոր գործից հրաժարվելու մասին դատական նիստից մեկ օր առաջ է իմացել` հնարավորություն չունենալով նոր փաստաբան գտնել:

«Դատի նախորդ օրը` հոկտեմբերի 31-ին, անընդհատ զանգել եմ, ընդհանրապես չի պատասխանել,- պատմում է Լիլիթը,- հաջորդ օրը` նիստի ժամանակ, իմացանք, որ գրություն է ուղարկել դատարան, որ հրաժարվել է գործից»:

Փաստաբան Կարեն Մկրտչյանը դատարան ուղարկած իր գրության մեջ փաստաբանական ծառայություններից հրաժարվելու հիմք է նշել այն հանգամանքը, որ իր պատվիրատուի՝ Լիլիթ Աբրահամյանի հետ կնքած պայմանագիրը նախատեսում էր փաստաբանական ծառայություններ գործի միայն նախաքննության փուլում: Այս մասին մեզ հայտնեց դատավոր Արշակ Վարդանյանի օգնականը:

Լ. Աբրահամյանը չի ժխտում, որ իր պայմանագիրը փաստաբանի հետ նախատեսում էր ծառայություններ միայն նախաքննության փուլում, սակայն ասում է, որ նախաքննության ավարտից հետո ինքը բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել Կարեն Մկրտչյանի հետ, որ վերջինս  շարունակելու է իր ծառայությունները, ներառյալ` մասնակցությունը դատական նիստին: Պայմանավորվածությունը նոր պայմանագրով հաստատել կամ նախորդ պայմանագիրը երկարաձգել փաստաբանը չի պահանջել` նշում է Լիլիթը` ավելացնելով, որ դա ձեռնտու էր փաստաբանին:

«Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 3.3.2 կետի համաձայն` փաստաբանի հոնորարը կարող է կազմվել «ժամավճարից, կայուն գումարից կամ կողմերի համաձայնությամբ ընդունելի այլ հաշվարկից»: Այս դեպքում կողմերը կնքել են պայմանագիր, որին կցված է հավելված` փաստաբանական յուրաքանչյուր ծառայության գնի վերաբերյալ հստակ նշումով, օրինակ` խորհրդատվության մեկ ժամը` 20 հազար դրամ, միջնորդություն` սկսած 30 հազար դրամից և այլն: Լիլիթն ասում է, որ Կարեն Մկրտչյանի՝ նախաքննության ժամանակ կատարած ծառայությունների արժեքը, ըստ պայմանագրի հավելվածում նշված ծառայությունների գների, չէր գերազանցում 200 հազար դրամը, և պայմանագիրը լուծված համարելու դեպքում փաստաբանը նախ պետք է իրեն վերադարձներ արդեն վճարված երաշխիքային կանխավճարի` 400 հազար դրամի մնացորդը:

Փաստաբան Կարեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ Լիլիթ Աբրահամյանից ստացել է 400 հազար դրամ գումար, բայց ասաց, որ դա ոչ թե կանխավճար է, այլ նախաքննության ժամանակ իր կատարած ծառայությունների արժեքը: Փոխանցված գումարի վերաբերյալ կետը պայմանագրում այսպես է ձևակերպված. «Մինչև փաստաբանի կողմից ծառայությունների փաստացի տրամադրման անցնելը, հաճախորդը փաստաբանի հաշվին մուտքագրում է  երաշխիքային կանխավճար 400 հազար դրամ»:

Երբ Կ. Մկրտչյանին ասացինք, որ պայմանագրում գրված է «կանխավճար» և ոչ «նախաքննության ծառայությունների արժեք», նա ասաց, որ բառախաղի հետևից ենք ընկնում: «Լիլիթը ճիշտ չի պարզաբանել, թող այլևայլությունների հետևից չընկնի, կանխավճարային մնացորդ հասկացություն որպես այդպիսին չկա, զուտ նախաքննության համար սահմանվել է գումար, և կատարվել է փոխանցում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ շատ զբաղված է, Լիլիթը «ուր է դիմում, ինչու է անում, նրա գործն է»:

Արդյոք նախաքննության ավարտից հետո պայմանագիրը երկարացնելու կամ նոր պայմանագիր կնքելու խոսակցություն ունեցե՞լ է Լ. Աբրահամյանի հետ, Կարեն Մկրտչյանը պատասխանեց. «Երկարացնելու խոսակցություն չի եղել, նախաքննությունը ավարտվել է, հետո հեռախոսով պարզաբանվել է, ինչ որ պետք է: Դրանից հետո չգիտեմ՝ իրենք ինչի հետևից են ընկել, ինչ են ուզում, դա արդեն եթե ես հետագայում տեսնեմ որևէ բան, միանշանակ արձագանք լինելու է, ու մարդիկ պատասխան են տալու, եթե իմ անվան հետ կապված ԶԼՄ-ներում այլևայլություններ կամ անճշտություններ լինեն»:

Թեև Կարեն Մկրտչյանն ասաց նաև, որ «կնքելիս գիտի՝ ինչ է կնքում և ինչի համար», բայց պայմանագիրը բավական անփույթ է կազմված: 6.1.3 կետից անցում է կատարվում 4.2 կետին կամ 4.6.3 կետից` միանգամից 9.4 կետին: Պայմանագրում հղում է կատարվում որոշ կետերի, որոնք առհասարակ չկան: Երաշխիքային կանխավճարի մնացորդը վերադարձնելու վերաբերյալ կետում արված հղումները (մգացված) բացակայում են, և հնարավոր չէ իմանալ, թե որ դեպքերում է փաստաբանն իրեն իրավունք վերապահում չվերադարձնել իր հաճախորդից ստացած գումարի մնացորդը. «Սույն պայմանագրի գործողությունը պատշաճ կատարմամբ կամ Հաճախորդի նախաձեռնությամբ դադարեցվելու դեպքում (եթե օրենքով սահմանված հիմքերով և կարգով հաստատված չէ սույն պայմանագրի 1.2. կետում հիշատակված որևէ փաստ), ինչպես նաև` այն Փաստաբանի նախաձեռնությամբ սույն պայմանագրի 5.1. կետի 1-ին և/կամ 3-րդ պարբերություններում և/կամ 6.7 կետում մատնանշված հիմքով (հիմքերով) դադարեցվելու դեպքում, Երաշխիքային կանխավճարի մնացորդը, առկայության դեպքում, Հաճախորդին չի վերադարձվում և մնում է Փաստաբանին: Մնացած բոլոր դեպքերում Երաշխիքային կանխավճարի մնացորդը Փաստաբանի կողմից վերադարձվում է Հաճախորդին` պայմանագրի դադարման օրվանից հնգօրյա ժամկետում»:

«Պայմանագիրը էս երկու օրն եմ կարդացել, երբ էսպիսի խնդիրների առաջ կանգնեցի: Ուղղակի վստահել եմ իրեն՝ որպես ծանոթ մարդու միջոցով գտած փաստաբանի: Էնքան արագ եղավ էս ամեն ինչը: Նույնիսկ իրեն խնդրել էի մինչև պայմանագիր կնքելը գնար քննիչին տեսներ, որովհետև շատ քիչ ժամանակ էր մնացել, ասեց չէ, պայմանագիր կնքենք, նոր, արագ կնքեցինք, չեմ էլ կարդացել՝ ինչ է գրված, էնքան որ ստորագրել եմ, որ ինքը իր գործը սկսի: Մտածում էի` ամեն ինչ կանի իր գործի հետ կապված»,- ասում է Լիլիթը: 

Լիլիթի` Փաստաբանների պալատին գրած դիմումում հիմնականում շեշտադրված է փաստաբանի կողմից կանխավճարային մնացորդն իրեն վերադարձնելու պահանջը: Բացի այդ, նա նշել է, որ թեև բանավոր համաձայնության հիման վրա, սակայն Կարեն Մկրտչյանը նախաքննության ավարտից հետո շարունակել է փաստաբանական ծառայություն մատուցել, և բանավոր այդ համաձայնությունն ապացուցելի է: Փաստաբանը նախաքննության ավարտից հետո քննիչի հետ այցելել է իր եղբորը` ասում է Լիլիթը: Բացի այդ, ավելացնում է, փաստաբանի մոտ են մնացել Գուրգեն Աբրահամյանի վերաբերյալ որոշ փաստաթղթեր, այդ թվում` տարբեր հաստատություններից նրա համար վերցրած բնութագրերը:

«Փաստաբանների վարքագծի կանոնակարգի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առիթը ծագելուց հետո մեկ ամսվա ընթացքում հարուցվում է կարգապահական վարույթ: Դիմումը Փաստաբանների պալատ ստացվել է նոյեմբերի 1-ին: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- հաղորդեցին մեզ Փաստաբանների պալատից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter