HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության միակ վկան հրաժարվեց նախաքննական գրեթե բոլոր ցուցմունքներից

Նոյեմբերի 5-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց փաստաբան Սամվել Շարբաթյանի`  2012թ. նոյեմբերի 18-ին Շահումյան գյուղի Մուշ ռեստորանում կատարված սպանության գործով դատաքննությունը: Մեղադրող Սոս Տոնոյանը ներկայացրեց ամբաստանյալներ Արեն և Արտակ Վերանյաններին և Սամվել Դիլոյանին առաջադրված մեղադրանքը: Ամբաստանյալ Արտակ Վերանյանն իրեն մեղավոր չճանաչեց, որովհետև, ըստ նրա, խմբակային ոչինչ չի եղել: «Որ ես հարվածել եմ Սամվել Շարբաթյանին՝ դրա համար ինձ մեղավոր ճանաչում եմ»,- ասաց Արտակ Վերանյանը:

Ամբաստանյալ Սամվել Դիլոյանն իր դեմ հարուցված մեղադրանքը որակեց որպես «տիեզերական նշանակության ֆանտազիա» և իրեն մեղավոր չճանաչեց: Իրեն մեղավոր չճանաչեց նաև ամբաստանյալ Արեն Վերանյանը: Տուժողի ներկայացուցիչ Սաթենիկ Սարգսյանը դատարանին իր վիրավորանքը հայտնեց ամբաստանյալ Սամվել Դիլոյանի կողմից` իրեն առաջադրված մեղադրանքը «տիեզերական ֆանտազիա» որակելու կապակցությամբ: «Պետք չէ հրեշտակի կերպարանք ընդունել»,- ամբաստանյալին ասաց տուժողի այրին:

Մեղադրանքը ներկայացնելուց հետո դատարանում ցուցմունքներ տվեց տուժող Սամվել Շարբաթյանի քրոջ որդին` զինծառայության մեջ գտնվող Հայկ Ասլիկյանը, ով սպանության միակ ականատես վկան  էր:  Դատարանում Հայկ Ասլիկյանը հրաժարվեց նախաքննական գրեթե իր բոլոր ցուցմունքներից: Ինչպես 2012թ. նոյեմբերի 19-ին քննիչին տված իր առաջին ցուցմունքում, այնպես էլ հետագայում ամբաստանյալների և մյուս վկաների հետ առերեսումների ժամանակ Հայկ Ասլիկյանը իր թվով 9 ցուցմունքներում հայտնել էր այն մասին, որ 2012թ. նոյեմբերի 18-ին՝ երեկոյան ժամը 22-ի սահմաններում, Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում վիճաբանություն է սկսվել իր քեռի Սամվել Շարբաթյանի, Արտակ Վերանյանի և Սամվել Դիլոյանի միջև: Վիճաբանությունից հետո բոլորը վեր են կացել սեղանների մոտից: Դուրս գալով ռեստորանի սենյակից` Սամվել Դիլոյանը և Սամվել Շարբաթյանը միմյանց հետ սկսել են պարզաբանել վեճի խոսքերն ու արտահայտությունները: Ըստ վկայի  նախաքննական ցուցմունքի` Արտակ Վերանյանը միջամտել է այդ պարզաբանումներին: Նրանք երեքով շարժվել են դեպի ռեստորանի դուռը:

«Երբ նրանք երեքով դուրս եկան ռեստորանից, իսկ ես դեռ միջանցքում էի, աղմուկի ձայն լսեցի, հասկացա, որ քաշքշում են իրար: Անմիջապես արագ քայլերով գնացի այդ ուղղությամբ, այսինքն՝ ռեստորանի մուտքի դռնով դուրս գալով աջ մասով՝ մուտքի դռնից մոտ 2-8 մետր հեռու, պատի մոտ տեսա, որ քեռին հայհոյելով ձեռքով խփեց Սամվելի դեմքին, որից վերջինս տատանվելով հետ գնաց: Ապա իր հերթին Սամվելը հարձակվեց  քեռուս վրա ու սկսեց ձեռքերով ու ոտքերով հարվածել քեռուս դեմքին ու մարմնի մասերին»,- վկայել է Հայկ Ասլիկյանը: Վերջինս իր նախաքննական ցուցմունքներում նաև հայտնել է, որ քեռին իր հերթին ձեռնակռվի է բռնվել Սամվելի հետ. նրանք իրար ծեծել են: «Նույն պահին տեսա, որ Արտակը իր հերթին հարձակվեց քեռուս վրա ու երկուսով, այսինքն՝ Սամվելն ու Արտակը, սկսեցին հարվածներ հասցնել քեռուս, որն իր հերթին հասցնում էր պաշտպանվել, ձեռքերով ու ոտքերով խփում էր նրանց»,- հայտնել էր վկան: Այնուհետև, քանի որ կռվողները երեքն էլ հարբած են եղել, Հայկ Ասլիկյանը նկատելով, որ չի կարող  մենակ բաժանել նրանց, վերադարձել է ճաշկերույթի սենյակ՝ քեռու ընկերոջը` Էդվարդ Խլղաթյանին օգնություն կանչելու համար: «Երբ Էդվարդի հետ դուրս եկանք և մոտեցանք, հստակ տեսանք, որ քեռիս անգիտակից, մեջքի վրա պառկած դիրքում ընկած էր պատի մոտ, իսկ Սամվել Դիլոյանը, Արտակը և Արտակի եղբայր Չուգունը (Արեն Վերանյանը), որը չգիտեմ, թե որտեղից էր հայտնվել, հայհոյում և ոտքերով քացահարում էին քեռուս»,- իր նախաքննական գրեթե բոլոր ցուցմունքներում հայտնել է կարևոր վկան:  

Հայկ Ասլիկյանը, սակայն, նոյեմբերի 5-ին դատարանում հայտարարեց, որ նախաքննական իր ցուցմունքները տվել է քննիչի ուղղորդմամբ և հոգեկան ճնշված վիճակով, որի պատճառով էլ նախաքննական իր ոչ բոլոր ցուցմունքներն են ճիշտ: Նախաքննական իր ցուցմունքների հետ կապված մեղադրողների, դատավոր Նարինե Հովակիմյանի և տուժողի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի հարցերին Հայկը պատասխանում էր՝ «Չգիտեմ, չեմ հիշում»: Այսուհանդերձ, դատարանում տված իր ցուցմունքում Հայկ Ասլիկյանը հայտնեց, որ քեռին` Սամվել Շարբաթյանը, ձեռքով հարվածել է ոչ թե Սամվել Դիլոյանի, այլ Արտակ Վերանյանի դեմքին. «Սամվել Դիլոյանը, ընդհակառակը, ասում էր՝ վերջ տվեք, ամոթ է»:

Դատավոր Նարինե Հովակիմյանի հարցին, թե այդ դեպքում ի՞նչ գործողություններ էր կատարում Սամվել Դիլոյանը, վկան չկարողացավ ներկայացնել: Մեղադրող դատախազ Աշոտ Գրիգորյանի հարցին, թե նախաքննության ընթացքում իր նկատմամբ ճնշումներ եղե՞լ  են, վկան պատասխանեց. «Ճնշումներ չեն եղել, բայց ես որոշ բաներ չեմ հիշել, իրենք ասել են` կարո՞ղ է այսպես է եղել,  ես էլ ասել եմ` այո: Քննիչը ինձ չի պարտադրել, որ ասա այսպես է եղել»:

Նոյեմբերի 5-ի դատական նիստն աշխատանքային օրվա ավարտի պատճառով հետաձգվեց հաջորդ օրը` նոյեմբերի 6-ին: Այս դատական նիստին չէին ներկայացել տուժողի ներկայացուցիչ Սաթենիկ  Սարգսյանը և նրա ներկայացուցիչ Արթուր Սաքունցը: Նախօրեին վկա Հայկ Ասլիկյանի ցուցմունքների հակասություններն ուսումնասիրելու համար Արթուր Սաքունցը գրավոր դիմումով խնդրել էր դատարանին մի քանի օր հետաձգել դատական նիստը: Ամբաստանյալներ Արեն Վերանյանը, Սամվել Դիլոյանը եւ Արտակ Վերանյանը դատարանին հայտնեցին, թե նիստը հետաձգելու դեպքում հացադուլ կհայտարարեն: Տուժողների բացակայությամբ վկային հարցեր ուղղեցին մեղադրանքի և պաշտպանական կողմերը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին: 

Մեկնաբանություններ (1)

aram
Es zinvori kyanq@ vtangi tak e isk pativ@ arden brnabarvaz e. Ov da chi haskanum uremn btamit e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter