HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանցիները Թուրքիայում

Հերմինե Ադամյան

Ստամբուլում բնակվող գրեթե ամեն հայ, առավել եւս հայաստանցի տեղյակ է Կետիկփաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցում ամեն կիրակի տեղի ունեցող եկեղեցական հավաքի մասին, որն իրականացվում է վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլու անմիջական հովանավորությամբ:

Պաշտամունքը կատարվում է 4 լեզուներով` թուրքերեն, ռուսերեն, հայերեն եւ պարսկերեն: Հայաստանցիների համար քարոզում է Դավիթ Ղազարյանը:

«Քրիստոնյա լինել եւ քարոզել իսլամական երկրում, ու այդ երկիրն էլ լինի Թուրքիան, առավել բարդ է»,- այսպես սկսեց մեր զրույցը Դավիթ եղբայրը (Ստամբուլում հայերը նրան այդպես են կոչում): 

Դ. Ղազարյանը ծնունդով Վանաձորից է: Պատանի տարիքում զբաղվել է թեթեւ ատլետիկայով, հասել մի շարք մարզական հաջողությունների: Ավարտելով Վանաձորի «Արարատ աստվածաշնչյան» դպրոցը եւ ստանալով քրիստոնեական քարոզչի աստիճան` նորապսակ երիտասարդը կնոջ հետ ուղեւորվում է Թուրքիա:

«Ընդամենը 4 օրվա ամուսիններ էինք, երբ ժամանեցինք Ստամբուլ, չունեի ոչ մի ծանոթ, ինձ տվել էին միայն Կետիկփաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցու հասցեն, գիտեի, որ պետք է տեսնեմ վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուն: Այս մեծ քաղաքում առավել եւս, երբ չգիտես լեզուն, պարզվեց, որ գրեթե անհնար է գտնել այդ եկեղեցին, ստիպված էինք մտնել բոլոր եկեղեցիները, որ հանդիպում էինք մեր ճանապարհին, հույսս միայն Ատծուն էր: Դժվարությամբ, բայց գտանք եկեղեցին, թվում էր, թե ամեն ինչ ավարտվեց, ցավոք, այդպես չէր: Չկար ո'չ քնելու եւ ո'չ էլ, առավել եւս, ապրելու տեղ: Հուսամ` հասկանում եք, թե ինչ է նշանակում ամուսնացած լինել ընդամենը 4 օր առաջ եւ քնել եկեղեցու նկուղում` փայտե դռան վրա»,- պատմում է Դ. Ղազարյանը:

Դեռեւս 2004 թ. այս եկեղեցի այցելող հայերի թիվը չէր անցնում 4-5 հոգուց: Այցելության նպատակը բնավ հավատը չէր, այլ պարզապես միմյանց տեսնելու, հայկական մթնոլորտ ստեղծելու անհագ ցանկությունը: Հիմա շատ բան փոխվել է, եկեղեցի այցելողների թիվն ամռանը հասնում է 100-ի, իսկ պաշտամունքի արարողությունը նկուղային հարկի փոխարեն կատարվում է հիմնական դահլիճում: Եւ դա արվեց` շնորհիվ Դավիթի եւ նրա համախոհների: 

- Ինչու՞ Թուրքիա,- հետաքրքրվեցի ես:

- Աստված ինձ ուղարկեց: Չնայած սկզբնական ծանր պայմաններին ու ապրումներին, ես միշտ հավատացել եմ, որ Աստված օգնելու է մեզ: Ամեն օր, ամեն պահ միայն աղոթում էինք, ի վերջո, եթե նա ուղարկել էր ինձ, ուրեմն չէր լքի, եւ աղոթքները տեղ հասան: 

-Հավաքի ժամանակ նկատեցի, որ մարդկանց մի մասն իր ներկայությունն ապահովում է միայն ֆիզիկապես եւ հավատքի հետ որեւէ կապ չունի, արդյոք սխալվե՞լ եմ:

- Ո'չ, իհարկե, երբ նոր էինք սկսել, գալիս էին մի քանի հոգի եւ ուղղակի խոսում էին իրենց հոգսերի մասին, այժմ մի մասն իրոք հավատացյալ է, կան մարդիկ, որ գալիս են հայրենակիցների հետ շփվելու, այդ միջոցով նաեւ աշխատանք գտնելու համար, կա հատված, որ գալիս է պարզապես երաժշտություն լսելու, բայց կարեւորը ներկայությունն է, մի օր Աստծո խոսքը կհասնի նաեւ նրանց: 
- Հայ Առաքելական եկեղեցին մեր ազգի համար ունի գոյապահպանման նշանակություն, այն դարեր շարունակ սատար է կանգնել աշխարհասփյուռ հայերին, Կ. Պոլսի Պատրիարքությունն ամենեւին թույլ կառույց չէ, ինչու՞ են հայերը հավաքվում Ավետարանական եկեղեցում, այլ ոչ` Առաքելական, չէ՞ որ այս կերպ մեր հավատքը պառակտվում է:

- Մենք ոչ ոքու չենք պարտադրում գալ մեր եկեղեցի, Աստված մարդուն ստեղծել է ազատ, եւ մարդն է ընտրում իր ուղին: Այո', շատ հայեր, մասնավորապես տեղացիները, հաճախում են Առաքելական եկեղեցի, մենք դեմ չենք նրանց, բայց նրանց մեջ էլ կան մարդիկ, ովքեր պարզապես հաճախում են ու հեռու են հավատքից, ես գնահատում եմ Առաքելական եկեղեցու պատմական դերը ու դեմ եմ անհասկանալի քրիստոնեական աղանդներին, ինչպես, օրինակ, Եհովայի վկաներին:

- Համագործակցություն կա՞ Առաքելական եկեղեցու հետ:

- Ոչ, մենք գործում ենք անկախ, եւ բացի այդ` որոշ խնդիրներ կան, ի վերջո, մեր եկեղեցի հաճախողների հիմնական մասն անօրինական է գտնվում այս երկրում, եւ ստիպված ենք զգույշ լինել: 
(Երբ համանման հարցով դիմեցի Գրիգոր Աղաբալօղլուն, նա պատասխանեց, որ նախկինում եղել է համագործակցություն, սակայն պատրիարքության եւ մասնավորապես պատրիարքի` թուրքական իշխանությունների հետ ունեցած զգուշավոր քաղաքականության եւ ցեղասպանության հարցում դիրքորոշումների միջեւ առաջացած տարաձայնությունների պատճառով խզվել են բոլոր տեսակի կապերը: -Հ. Ա.):

- Բնականաբար, մարդն ունի իր հույզերն ու մտքերը կիսելու պահանջ, նման հնարավորություն տրվու՞մ է ձեր եկեղեցում:

- Անշուշտ, քարոզչի խնդիրը հենց դա է: Լինում են դեպքեր, երբ մարդիկ այնպիսի բաներ են բացվում ինձ մոտ, որ այդ մասին անգամ չեն խոսում ամուսնու հետ, ես ստեղծում եմ համապատասխան մթնոլորտ, որ մարդը կարողանա խոսել, հետո աղոթում ենք միասին եւ Աստծուց խնդրում օգնել:

- Ցանկացած մարդ կարո՞ղ է գալ եկեղեցի:

-Այո, բայց եթե զգում ենք, որ այդ մարդու պահվածքն անհարիր է հավատացյալին, ապա ստիպված ենք լինում արգելել: Մի կին էր գալիս եկեղեցի, որն իրեն պահում էր շատ անվայել, մի քանի անգամ զգուշացրեցինք նրան, բայց անարդյունք, ստիպված խնդրեցինք այլեւս չգալ ու չխանգարել մարդկանց: Նրան մի քանի անգամ զգուշացրեցինք, ներեցինք, բայց անարդյունք: Մենք չենք պարտադրում գալ մեր եկեղեցի, եթե չեն ուզում, կարող են գնալ այլ տեղ, ի վերջո, անառակ կնոջը չքարկոծեց ոչ ոք, որովհետեւ չկար անմեղ մարդ, բայց Հիսուսն ասաց նրան` «գնա եւ այլեւս մեղք չգործես»:

- Ձեզ մոտ հաճախու՞մ են հայ մարմնավաճառներ, որոնք ունեն օգնության կարիք:

- Այո, գալիս են: Մենք ամեն կերպ փորձում ենք օգնել նրանց, բայց մարդն ինքը պետք է ցանկանա մաքրվել:

- Իսկ ի՞նչ է արվում անչափահասների հետ, չէ՞ որ իրականում նրանց խնդիրը լրջորեն կանգնած է Ստամբուլում անօրինականորեն գտնվող հայերի առջեւ:

- Երեխաների հետ աշխատելն առավել կարեւոր է, մեզ պետք է քրիստոնեահավատ սերունդ: Այստեղ երեխաները չեն հաճախում դպրոց, շատ անչափահասներ աշխատում են, հիմնականում հարուստների տներում մաքրություն են անում, երեխա կամ մեծահասակ են պահում: Երեխան, որը դպրոց չի գնում, արդեն վտանգավոր է, ի՞նչ պետք է դառնա նա ապագայում: Առայժմ չունենք երեխաների հետ աշխատելու հստակ ծրագիր, բայց մտածում ենք այդ մասին, Աստծո կամոք, հուսանք լավ կլինի:

- Հայաստան վերադառնալ չե՞ք ուզում:

- Իսկ եկեղեցի՞ն: Քանի դեռ հայ կա այստեղ, կլինեմ նաեւ ես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter