HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Թանկարժեք ՀԴՄ-ի պատենդը՝ արտադրված միայն Հայաստանի համար

Տնտեսվարողներին վաճառվող «նոր սերնդի» հսկիչ-դրամարկղային մեքենաները, կառավարության որոշման համաձայն, MS-2351 ապրանքանիշի են, սակայն ներկրված ՀԴՄ-ների տեխնիկական անձնագրում նշված է MF-2351:

Այս անհամապատասխանությունը նկատելուց հետո մենք հարցում էինք ուղարկել կառավարություն` պարզելու համար, թե ինչու է որոշման մեջ սարքի անվանումը սխալ գրված: Կառավարությունից մեր հարցումը մակագրել էին պետական եկամուտների կոմիտե, որտեղից էլ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը պատասխանեց մեզ՝ շնորհակալություն հայտնելով անհամապատասխանության մասին իրենց տեղյակ պահելու համար և նշելով, թե իրենք տեխնիկական վրիպակը շտկելու առաջարկությունն արդեն իսկ ներկայացրել են կառավարություն:

Նա նաև մանրամասնել էր, թե ինչպես է առաջացել այդ տեխնիկական վրիպակը: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և ՀԴՄ-ն արտադրած «ՄԻԹԱՔ ինֆորմեյշն թեքնոլոջի» (MITAC Information Technology Corporation) ընկերության միջև աշխատանքային քննարկումների ընթացքում, ըստ Վ. Միրումյանի, թայվանական կողմը ստեղծվող ՀԴՄ-ին նախապես տվել է MS-2351 անվանումը, ապա հայկական կողմն առաջարկել է, որ ՀԴՄ-ն լինի բազմաֆունկցիոնալ, և թայվանական ընկերությունն այն վերանվանել է MF-2351: «Այսինքն` ընկերությունը MS-ի փոխարեն օգտագործել է MF-Muulti-functiional-բազմաֆունկցիոնալ հապավումը, որը տեղ է գտել առաքված ՀԴՄ-ների տեխնիկական անձնագրերում»,- նշում է Վ. Միրումյանը:

Այս պատասխանից անցել է արդեն երեք ամիս, սակայն «տեխնիկական վրիպակը» դեռ չի ուղղվել: Ավելին, նույն վրիպակով որոշումը հիմք ընդունելով` ՊԵԿ-ը հիմա էլ փոքր և միջին ձեռնարկություններին է պարտադրում գնել այս ՀԴՄ-ները: Տնտեսվարողներն այժմ իրավունք ունեն պարզապես հրաժարվել սարքը գնելուց, որովհետև որոշումը նախատեսում է MS-2351, իսկ ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ը վաճառում է մեկ այլ ՀԴՄ, որի տեխնիկական անձնագրում գրված է MF-2351: Եվ եթե որևէ գործարար մինչ այժմ տուգանվել է նոր ՀԴՄ-ն չտեղադրելու համար, ապա կարող է դիմել դատարան և շահել դատը:

Թե ինչու չի ուղղվում «վրիպակը»

Մեկ տառի տարբերությունն այս դեպքում պարզապես տեխնիկական վրիպակ չէ, այլապես այն կուղղվեր մինչև հիմա: Վ. Միրումյանը մեր հարցման պատասխանում այս վրիպակը որակում է որպես «հապավումների անճշտություն», որը ՀԴՄ-ի տեխնիկական պարամետերերի կամ ֆունկցիոնալ հնարավորությունների և գնի մեծության փոփոխություն չի առաջացրել: «Ավելին, հաշվի առնելով, որ առաջարկած մոդելը համատեղ աշխատանքի և համատեղ մտահղացումների արդյունք է, թայվանական կողմը մեզ այն առաջարկել է ավելի ցածր արժեքով, քան դրա շուկայական արժեքն է»,- տեղեկացնում է նա: 

Նշենք, որ MF-2351 մոդելը, որը նշված է Հայաստան բերված ՀԴՄ-ների տեխնիկական անձնագրերում, չի կարող լինել համատեղ աշխատանքի և մտահղացումների արդյունք: Այն նորագույն, տեխնիկական բարձր հատկանիշներով ՀԴՄ-է՝ տարածված նաև եվրոպական շուկայում: Եթե կառավարությունն ընդուներ ՊԵԿ-ի առաջարկը (եթե դա եղել է) և որոշման մեջ ուղղեր սարքի անվանումը՝ MS-2351 փոխարեն գրելով MF-2351, ապա Հայաստանի բոլոր տնտեսվարողները կարող են պահանջել այս սարքից: MF-2351-ը շուկայում հայտնի է այս պարամետրերով: MF-2351 հեղինակը ոչ թե MITAC International Technology Corporation ընկերությունն է, որից ՊԵԿ-ը ներկրել է ՀԴՄ-ները, այլ Partner Tech Corporation ընկերությունը:

Partner Tech Corporation-ի MF-2351 ՀԴՄ-ի տեխնիկական նկարագիրը

Այս MF-2351-ը, ինչպես հուշում է սարքը գովազդող տեսանյութն ու դրա տեխնիկական նկարագիրը, այլ հնարավարություններ ունեցող մոբայլ (շարժական) ՀԴՄ է, քան գրված է հայաստանյան MF-2351-ի տեխնիկական անձնագրում: Հայաստան բերված MF-2351-ը MITAC ընկերության կողմից արտադրած դրանց նմանակներներն են` տեխնիկական հետևյալ պարամետրերով:

Հայաստան բերված MF-2351-ի տեխնիկական նկարագիրը

Իմանալով, որ MF-2351-ի արտադրողը շուկայում Partner Tech Corporation ընկերությունն է, մենք զանգահարեցինք MITAC, ներկայացանք որպես գործարար Հայաստանից՝ ցանկանալով ճշտել պատենդի գինը: Ընկերության  աշխատակցուհին՝ Օդիլ անունով մի կին, փոխանցեց իրենց էլեկտրոնային հասցեն և խնդրեց ուղարկել նամակ՝ հստակեցնելով սարքի մեզ անհրաժեշտ տեխնիկական պարամետրերը: Ուղարկեցինք Հայաստան ներկրած ՀԴՄ-ներից մեկի լուսանկարն ու տեխնիկական անձնագիրը՝ նշելով, որ հենց այդ մոդելի սարքն ենք ուզում գնել և հարցրինք՝ ինչ արժի այն մեծ քանակությամբ` մոտ 8000 հատ, ձեռք բերելու դեպքում:

Օդիլն առաջին նամակով  հաստատեց, որ լուսանկարի սարքն իրենց ընկերության արտադրանքն է: Ապա պատասխանեց, որ արտահանման հարցերով պատասխանատու իրենց մասնագետը՝ MITAC -ի գլխավոր մենեջեր Ջեյսոն Լիաոն (Jason Liao) կպատասխանի մեզ: Վերջինս միայն երեք օր անց պատասխանեց, երբ արդեն մի քանի անգամ վերաուղարկել էինք մեր նամակը: Նա ուղարկեց պաշտոնական երկար մի գրություն, ու թեև մենք հարցրել էինք միայն սարքի գինը, բայց նա հարկ էր համարել գովաբանել ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ի աշխատանքը:

Այս պատասխանը հուշում է, որ մենք չենք կարողացել MITAC ընկերության գլխավոր մենեջերի մոտ թողնել պատենդի հերթական խմբաքանակը գնող գործարարի տպավորություն: «Համատեղ աշխատանքի ընթացքում ՄԻԹԱՔ ընկերությունը շատ զարմացած և տպավորված է` տեսնելով, որ այս կովկասյան ինստիտուտը(նկատի ունի ՊՈԱԿ-ը–հեղ.) և դրա հարկային մարմնի պաշտոնատար անձիք աշխատում են ջանասիրաբար, նվիրված և նաև ունեն ծրագրային ապահովման շատ տաղանդավոր մասնագետներ և նորարար դիզայներ, որոնք իրականացրին անհավատալի գաղափար` ձևավորելով ներսում վիճակախաղ կազմակերպելու հնարավորություն ունեցող նոր հարկային գործիք, որը կարող է օգտագործվել մի շարք քիչ զարգացած երկրներում` հիմնելու համար ավելի բարենպաստ և արդար հարկային միջավայր տվյալ երկրի հասարակության համար»:

Թեև մեր ուղարկած լուսանկարի ՀԴՄ-ի տեխնիկական անձնագրում նշված է MF-2351, և անձնագրի պատճենը մենք ևս ուղարկել էինք Ջեյսոն Լիաոյին, սակայն նա իր պատասխանում բնականաբար խուսափում է նշել, որ դա հենց MF-2351 մոդելն է:

«Մենք գործ ենք ունեցել Կովկասյան մի հեղինակավոր ինստիտուտի հետ՝ օգտագործելով ծրագրային առաջավոր տեխնոլոգիաներ` միասին զարգացնելով մի շատ ժամանակակից և եզակի հարկային գործիք կովկասյան երկրների համար, և այս եզակի հարկային գործիքը ստեղծվել է MF-2351 մոդելի նոր ապարատի հիման վրա: MF-2351-ը վերջին դիզայնի սարք է, որը ապահովում է և ECR և POS ֆունկցիաներ մեկ մոբայլ սարքավորման մեջ….»,- նշում է նա:   

Պատասխանի վերջում է միայն տրամադրում մեզ անհրաժեշտ ինֆորմացիան՝ սարքի գինը՝ նշելով շուկայում օրիգինալ MF-2351-ի արժեքը՝ 1000-1600 դոլար:

MITAC և Partner ընկերությունները համագործակցել են` MF-2351-ի պատենդն արտադրելու` ՀՀ կառավարության պատվերն իրականացնելու հարցում  

Մենք հարցում ուղարկեցինք MF-2351-ի օրիգինալ տարբերակն արտադրող Partner Tech Corporation ընկերությանը: Հարցումն ուղարկեցինք ընկերության բոլոր մասնաճյուղերին (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Չինասատան, Կորեա և Թայվան): Հարցրել էինք՝ 1. արդյո՞ք  տեղյակ են, որ ՄԻԹԱՔ ընկերությունը կեղծել է իրենց MF-2351 ապրանքը, 2. արդյո՞ք ՄԻԹԱՔ հետ ունեն որևէ պայմանգիր, որ թույլ է տալիս նրանց արտադրել MF-2351-ի կրկնօրինակը, 3)ի՞նչ արժի օրիգինալ MF-2351:

Հարցմանը դարձյալ կցել էինք Հայաստան բերված MF-2351-ի լուսանկարն ու տեխնիկական անձնագիրը՝ մտածելով, թե ընկերության պատասխանատուներն անտեղյակ են դրանցից: Մեզ պատասխանեց ընկերության՝ միայն Թայվանի գրասենյակի ներկայացուցիչը: Վաճառքի և մարքեթինգի բաժնի մենեջերի օգնական Փեգի Ֆոնգը (Peggy Fong) հիմնավորելու փոխարեն, թե ինչու Հայաստան բերված MF-2351-ն ունի այլ տեսք, սկսում է ներկայացնել գործընկերոջը: «ՄԻԹԱՔ-ը աշխարհի, ինչպես նաև Թայվանի ամենամեծ ՏՏ ընկերություններից մեկն է: Նրա տարեկան հասույթը, 2012թ. տվյալներով, շուրջ 25,8 միլիարդ դոլար է, և նրանց բիզնես գործունեությունը ծավալվում է աշխարհի շուրջ 120 երկրում,- նշում է Փեգի Ֆոնգը,- ՄԻԹԱՔ-ը նաև Թայվանի էլեկտրոնային հարկային համակարգի մատակարարն է, որ Թայվանի հարկային մարմնի համար տարեկան հավաքում է 60 միլիարդ դոլար հարկային եկամուտ: Արդյունաբերության ոլորտում այսպիսի կարևոր դեր խաղալով՝ «Միթաքը» երբեք չի արտադրի որևէ կեղծ ապրանք շուկայի համար»:

Թե ինչպես է MITAC-ը կրկնօրինակել հենց MF-2351-ը, Փեգի Ֆոնգը չի հստակեցնում, սակայն, միևնույն ժամանակ նշում է, թե իրենց ընկերությունը «արտադրում է «մի շարք մոբայլ (շարժական) սարքավորումներ, այդ թվում՝ MF-2351-ը»:

MITAC -ի պաշտոնական կայքում հրապարակված հաշվետություններում որևէ տեղեկություն չկա, որ ընկերությունը նախկինում ՀԴՄ-ի որևէ տեսակ արտադրելու փորձ է ունեցել: MITAC-ը Հայաստանի կառավարության պատվերը կատարելու համար օգտվել է Partner-ի պատրաստի ապրանքի օրինակից: Իսկ Partner-ը դեմ չի եղել օգնել Թայվանի էլեկտրոնային հարկային համակարգի մատակարար և երկրի հարկային եկամուտները հավաքագրող MITAC ընկերությանը:

«Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 369,600 դրամանոց ՀԴՄ-ները վաճառել է սպիտակ տուփերով, որոնց վրա արտադրող ընկերության անվանում չկա: Տուփի վրա գրված է «ՀՀ ԿԱ ՊԵԿ»: Տուփի մեջ որևէ փաստաթուղթ չկա սարքն արտադրած ըներության վերաբերյալ, միայն վերոնշյալ տեխնիկական անձնագիրն է: Այսինքն` գնորդները բացի կառավարության որոշումից որևէ այլ հնարավորություն չունեն տեղեկանալու, թե որ ընկերությունն է արտադրել այս ՀԴՄ-ն:

MITAC -ը հաստատում է, որ ինքն է, որովհետև օրիգինալ տարբերակն արտադրող ընկերությունը` Partner-ը թույլ է տալիս: Partner-ը չի մտահոգվում, որ այս MF-2351-ը չի հիշեցնում իրենց բրենդը, որովհետև պատենդները բերվել են միայն Հայաստան և հավանաբար չեն ազդի ընկերության՝ եվրոպական շուկայում ունեցած վարկանիշի վրա: Մեզ չհաջողվեց պատասխան ստանալ Partner-ի եվրոպական և ամերիկյան մասնաճյուղերից:

Կառավարություն ուղարկված հարցմամբ խնդրել էինք տրամադրել «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և MITAC ընկերության միջև կնքված պայմանագիրը՝ ենթադրելով, որ պատենդ ապրանքի ներկրումը դժվար թե հաստատված լինի պայմանագրով կամ էլ դրա մեջ նշված չի լինի MF-2351 մոդելը, ինչը դարձյալ թույլ է տալիս հարկատուներին հրաժարվել սարքը գնելուց: Մեզ պատասխանեցին, որ այդ պայմանագիրը չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում առևտրային գաղտնիք: Նոր հարցմամբ պահանջել ենք տրամադրել պայմանգիրը՝ փակելով առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները: Դեռևս պատասխան չունենք:

Առաջին լուսանկարում MF-2351-ի օրիգինալ տարբերակն է` արտադրված Partner Tech Corporation ընկերության կողմից, աղբյուրը՝ www.partnertechcorp.com

Մեկնաբանություններ (3)

Վեհարի
Առևտրային գաղտնիք ասածը շուկայականից շատ ցածր գինն է: Հետաքրքիր է իրավունք ունի արդյոք կառավարությունը, հարկատուներից գաղտնի պահել, թե ինչ խմբաքանակի համար որքան է վճարել: եթե իրավունք ունի ապա գումարի ավելցուկն էլ գրպանելու իրավունք ունի: Չնայած մեր ազնիվ իշխանավորներից այդպիսի բան ո՞վ կարող է սպասել որ:
Լևոն
Եդ ինչ հրաշք մեքենա է, ինչ ասես վրեն կա։ Էլ GPS, էլ տեսախցիկ, ականջակալներ միացնելու տեղ էլ ունի։ Ափսոս որ ցվետոմւզիկա չունի։
Arkadi
Isk mer karciq ov e harcnum inch vor ban anelis araj??de hima ho chen asi ba giteq uzum einq mi qani milion pox ashxatenq dra hamar el MS darcav MF :)))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter