HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախստականներ. 19 տարի անց

Հայ եւ ադրբեջանցի վերլուծաբանների ստորեւ ներկայացվող երկու հոդվածներում ի մի են բերվում փախստականների խնդիրներով անցկացված եւ «Հետք», «168 ժամ» ու «Նովոյե վրեմյա» (Բաքու) թերթերում տպագրված հարցումները: 

Միեւնույն նյութերից նրանց արած եզրահանգումներն, իհարկե, վերջնական ու միակը չեն, եթե այս ընթացքում եղել են ընթերցողներ, որոնք ծանոթացել են բոլոր նյութերին, ապա, բնական է, որ ինքնուրույն կարող էին նկատել նմանություններն ու տարբերությունները: Բայց նաեւ այս դեպքում արժե համեմատել սեփական եզրահանգումներն ուրիշների հետ:

«Ռեգիոն» կենտրոն

Սեփական պետություններին դեմ հանդիման

Հայ եւ ադրբեջանցի փախստականները ղարաբաղյան հակամարտության առաջին զոհերն են: Զանգվածային առաջին տեղաշարժերի ժամանակ, որոնք սկսվեցին նախքան ռազմաճակատում ռազմական գործողությունների ծավալումը, այն ամենը, ինչ կապված էր նրանց հետ (նրանց նկատմամբ հասարակությունների վերաբերմունքը, տեղավորումը, նրանց համար նվազագույն պայմանների ստեղծումը եւ այլն), զգացական բարձր տոնայնություն ուներ: Գլխավոր լիցքը, որ տեղ հասնելուն պես նրանք հաղորդեցին իրենց էթնոհասարակություններին, ուղղվեց հակադիր կողմի ծայրահեղ բացասական կերպարի ստեղծմանը: Բնական է, որ հեռուստասյուժեներում եւ մամուլի հրապարակումներում տեղ էին գտնում անձնական պատմություններ` վերապրածով եւ կորուստներով, համեմված «այն կողմի»` ադրբեջանցիների եւ հայերի դաժան վարքի ու վերաբերմունքի մասին մարդկանց վկայություններով: 

Այդ վկայություններն էին, որ սկսեցին կողմերից յուրաքանչյուրին առարկայորեն համոզել սեփական վարվեցողության արդարացիության մեջ: Վարվեցողություն, որն այլ՝ ոչ էքստրեմալ հանգամանքներում կարող էր այնքան էլ դուրեկան ու պատվաբեր չթվալ:

Ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ այսօր ընդունված չէ առանձնապես խորանալը, թե ո՞վ առաջինը սկսեց հետապնդումները էթնիկ պատկանելության պատճառով: Երկու կողմում էլ այս հարցին տրվում է նույն տրաֆարետային պատասխանը. «Նրանք առաջինը սկսեցին, մենք համարժեք պատասխան տվեցինք, պատերազմում` ինչպես պատերազմում»: 

Ժամանակի ընթացքում փախստականների անցյալի եւ ներկայի մանրամասները վեր էին ածվում ղարաբաղյան հակամարտության ընդհանուր վիճակագրության մի բաղադրիչի, դրան զուգահեռ նվազում էր նրանցից յուրաքանչյուրի եւ նրանց բոլորի խնդիրների նկատմամբ վերաբերմունքի սրությունն ու զգացականությունը, ասենք այնպես, ինչպես սովորական է դառնում այն ամենը, ինչը ձգվում է երկար տարիներ: 

Այսօր՝ ղարաբաղյան հակամարտության պաշտոնական մեկնարկից 19 տարի անց, փախստականների խնդիրները շարունակում են մնալ երեք հարթությունների վրա` ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ մարդասիրական: Ժամանակը որոշակիորեն խմբագրեց նաեւ դրանց ընկալումները, հակամարտող երկու հասարակություններում սովորեցին վարժ կերպով կիրառել փախստականների հետ կապված քաղաքական տերմինները: Թեեւ արժե ընդգծել, որ ինչպես ղարաբաղյան հակամարտության մնացած բոլոր հարցերում, հայերն ու ադրբեջանցիներն ընդհանուր հայտարարի չեն գալիս նաեւ տեղահանված մարդկանց այս կամ այն կարգերին, խմբերին դասելիս: Այսպես՝ եթե Ղարաբաղից դուրս եկած ադրբեջանցիներին Ադրբեջանում անվանում են բռնի տեղահանվածներ (քանի որ Ղարաբաղը համարում են այս երկրի անքակտելի մասը), ապա Հայաստանում փախստականները բացառապես Ադրբեջանից գաղթած անձինք են: Այսպես շարունակ` տեղաշարժված մարդկանց մնացած խմբերի պարագայում: 

Հայ եւ ադրբեջանցի մասնագետների հայացքների բեւեռայնությունը սովորականի նման արտահայտվեց նաեւ փախստականների խնդիրներով տիպային այն հարցազրույցներում, որոնք մենք անց էինք կացրել եւ տպագրել «168 ժամում» եւ ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթում: Ինչպե՞ս են ապրում այս մարդիկ իրենց տեղահանությունից տարիներ անց, որքանո՞վ են լուծված սեփական էթնոհասարակություններին նրանց ինտեգրման խնդիրները, ո՞ր կազմակերպություններն են (միջազգային, տեղական ՀԿ-ներ, պետական մարմիններ) լուծել նրանց համար առավել կենսական խնդիրները, ի՞նչ կարգի խնդիրներ են այսօր հուզում փախստականներին, կապո՞ւմ են, արդյոք, փախստականներն իրենց ներկայիս դրության բարելավումը հակամարտության հանգուցալուծման հետ, ունե՞ն ազդեցություն Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական կյանքի վրա, եւ գլխավորը` ի՞նչ են մտածում նրանք հակամարտության, իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու մասին: Հարց, որն իբրեւ հաշտեցման գործոն՝մշտապես մատնանշվում է միջազգային կառույցների առաջարկություններում, որը որպես երկրորդ պարտադիր պայման մշտապես առաջ է քաշում Ադրբեջանը տեղի ունեցած բոլոր բանակցությունների ընթացքում:

Նշված հարցերին պատասխանելիս, ինչպես արդեն նշեցի, փորձագետները դուրս չէին գալիս իրենց երկրներում ընդունված դիսկուրսի շրջանակներից: Ակներեւաբար այն պատճառով, որ նրանք վերլուծում էին խնդիրներն իրենց ամբողջության մեջ, քաղաքական եւ սոցիալական տեսանկյուններից: Այսպես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչները նշում են այն միտումները, որոնք դրսեւորվում են փախստականների հետ աշխատանքի ընթացքում: Եթե հիմա Ադրբեջանում մարդիկ «վրանային քաղաքներից» տեղափոխվում են փախստականների համար հատուկ կառուցված ավաններ, եւ ընդհանուր առմամբ նրանց վիճակը բարելավվում է (վրանային քաղաքների վերջնական ապամոնտաժումը ավարտվելու է 2008թ. վերջին), ապա դա չի նշանակում, թե ամեն ինչ ընթանում է այնպես, «ինչպես ցանկալի է»: «Որոշ ավաններ կառուցվում են ռազմաճակատի մերձակայքում, ոչ բոլորում կան ենթակառուցվածքներ, աշխատատեղեր: Հող ստացել են ոչ բոլոր փախստականները, իսկ նրանք, ովքեր ստացել են, չունեն դրանք մշակելու հնարավորություն, քանի որ չկան բավարար ֆինանսական միջոցներ: Տները, որտեղ նրանք ապրում են, նրանց սեփականությունը չեն: Կան կառույցների որակի համար բողոքներ եւ այլն» (Իմրան Վելիեւ): Մեղմ ասած՝ հարթ չէ վիճակը նաեւ հայկական կողմում: «Նախքան փախստականներին քաղաքացիություն տալը նրանց պետք էր ինտեգրել այս հասարակությանը», - նշում է Հայաստանում փախստականների խնդիրներով զբաղվող Լ. Ներսիսյանը: Եվ խնդիրների շարքում ընդգծում է գլխավորները, այն, որ այդ մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր կարողացել են Հայաստանում սեփականատերեր դառնալ, չեն կարողացել փոխվել, սովորել կյանքի նոր պայմաններին, չնայած քաղաքացու կարգավիճակ ստանալու փաստին, հայերեն լավ չիմանալու պատճառով նրանք բնակիչներ լինելուց այն կողմ չեն անցել, չեն կարողացել դառնալ երկրի քաղաքացիներ, ՀՀ քաղաքացու կարգավիճակ ընդունած նախկին փախստականների խնդիրների լուծումը վերապահված է տեղական մարմիններին, որոնց գործելաոճն ու շարժունակությունը շատ հեռու են արդյունավետ լինելուց: 
Փորձագետների այս զույգի գնահատականներից դուրսբերվող գլխավոր հետեւությունը թերեւս սա է. «Աստիճանաբար թուլանում է միջազգային կառույցների ուշադրությունը հին հակամարտությունների, ինչպիսին նաեւ հայ-ադրբեջանականն է, զոհերի նկատմամբ, եւ դա տրամաբանական է» (Լ.Ներսիսյան): Կարծես իրենց պետությանը դեմ հանդիման են մնացել նաեւ ադրբեջանցի փախստականները, քանի որ «նավթի եւ գազի արդյունաբերման, կապիտալի ներհոսքի եւ այլ գործոնների պատճառով միջազգային կառույցների կողմից հատկացվող մարդասիրական օգնությունը սկսեց կրճատվել, որոշ գործակալություններ դադարեցրին իրենց գործունեությունն Ադրբեջանում» (Ի.Վելիեւ):

Յուրայինների մեջ` նախկին կյանքի մասին երազներով

Մեր հարցազրույցների հերոսներին` հայ եւ ադրբեջանցի փախստականներին, Բաքվում մեր գործընկեր կազմակերպության` Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հետ պայմանավորվածության համաձայն, ընտրել էինք միայն մեկ սկզբունքով` մի զույգը պետք է լինի այն մարդկանցից, որոնք կարողացել են ինչ-որ չափով կարգավորել իրենց կյանքը նոր վայրում, եւ մյուս զույգը, հակառակը, այն խմբից, որոնց մինչ օրս չի հաջողվել ձեռքբերել նվազագույն պայմանները` սեփական տանիք գլխի վերեւում: Սակայն արդեն պատրաստի նյութերին ծանոթանալուց հետո (դրանք նույնպես արդեն տպագրվել են վերը նշված թերթերում) ինձ համար ակնհայտ դարձավ մարդկանց զգացմունքների եւ մտքերի զարմանալի նմանությունը, անկախ այն բանից, թե ո՞ր խմբից էին նրանք` համեմատաբար լա՞վ, թե՞ վատ վիճակում, անկախ նրանց ազգային պատկանելությունից` հա՞յ են, թե՞ ադրբեջանցի: Այս մարդկանց անձնական «ոդիսականները», թերեւս, այդքան նման են այն բանալ օրինաչափության պատճառով, որ անձնական մակարդակում քաղաքական եւ այլ բնույթի բոլոր խնդիրները ստանում են բոլորովին այլ իմաստ, բոլոր այդ մարդկանց, այնուամենայնիվ, միավորում են սոցիալական դժվարությունները, ինչպես նաեւ՝ սեփական հասարակություններից խորքային խորթացումը: 

«Բռնի տեղահանվածի կարգավիճակն ունենալուց առավել ցածր ու արգահատելի բան չկա»,- պնդում է Շուշիի նախկին բնակիչ Բաբիր Զեյնալովը: «Հիմա հասկացեք մի հասարակության բարոյական այլանդակությունը, որտեղ մայրաքաղաքի գրանցում ունեցող քաղաքացիները նախանձում են բռնի տեղահանվածներին բացառապես այն բանի համար, որ վերջիններս ազատված են կոմունալ վարձերը վճարելու պարտավորությունից»: 

«Տեղաբնակների» եւ փախստականների նկատմամբ հասարակության մեջ եղած տարբեր վերաբերմունքի մասին է խոսում նաեւ նախկին բաքվեցի Նինա Բեջանյանը, որը հիմա ծանր պայմաններում ապրում է Նոր Նորքի հանրակացարանում: Անցած իրադարձությունները մաս-մաս են արել եւ՛ նրա ընտանիքը, եւ՛ իր սեփականաշնորհած բնակարանի համար շնորհակալ («Երեւանում ես ինքս երբեք բնակարան գնել չէի կարողանա»), դարձյալ նախկին բաքվեցի Վիկտորիա Օհանյանինը. ինքն ապրում է Երեւանում, երեխաները` Ռուսաստանում, ամուսինը` գյուղում: Չնայած նախկինում Ֆիզուլիում բնակվող Ռոզա Իբրահիմովայի երեխաներն արդեն «կարող են վաստակել իրենց ընտանիքների համար հացի փող», այս կինը, այնուամենայիվ, երազում տեսնում է իրենց երկհարկանի տունը՝ որպես անցած կյանքի մասին հաճելի հուշ: Թե որքա՞ն լավ են ապրել առաջ, պատմում են բացառապես բոլոր հարցվողները, իսկ Ն. Բեջանյանը Բաքվում իր կյանքը բնութագրում է իբրեւ «անցած հեքիաթ»: 

Այնուամենայնիվ, այս չորս անձանց պատասխաններում կա սկզբունքային տարբերություն, եւ այն երեւում է «մտածո՞ւմ են, արդյոք, իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու մասին, եւ իրենք անձամբ կվերադառնա՞ն նման հնարավորության դեպքում» հարցից: Ադրբեջանցի փախստականներն ու փորձագետները հատուկ նշում են վերադառնալու պատրաստակամության կամ անհրաժեշտության մասին: 

«Բռնի տեղահանվածների վերադարձը դեպի խաղաղություն առաջին քայլն է»,- ասում է քաղաքագետ Է. Նամազովը: Իրավաբան Ի. Վելիեւն ընդգծում է, թե փախստականների՝ իր կազմակերպությանն ուղղվող ամենագլխավոր հարցն այն է, թե «ե՞րբ են կարողանալու վերադառնալ հարազատ վայրերը»: Իսկ ահա հայ փախստականների եւ քաղաքագետի կարծիքները բեւեռայնորեն այլ են: Երջանիկ անցյալը նրանց համար մնացել է ետեւում, եւ մեր երկու զրուցակիցները, ինչպես եւ մյուս հայ փախստականները, եթե նույնիսկ ունենային վերադառնալու հնարավորություն, ապա միայն այն բանի համար, որ մեկ անգամ էլ տեսնեն նախկինում հարազատ վայրերը: 

«Թող գնան նրանք, ովքեր չեն տեսել այն, ինչ ես եմ տեսել» (Վ. Օհանյան), «Ինչի՞ համար մտածեմ այն բանի մասին, ինչը երբեք էլ չի լինելու» (Ն. Բեջանյան): Քաղաքագետ Մանվել Սարգսյանն այս հանգամանքը բացատրում է նրանով, որ առանց քաղաքական համաձայնության փախստականների վերադարձն անհնարին է, քանի որ կողմերի միջեւ եղած տարաձայնությունները քաղաքական են: «Եթե վաղն Ադրբեջանն ու Ղարաբաղը բացեն սահմանը, չեմ կարծում, թե փախստականներից որեւէ մեկը կվերադառնա», քանի որ չկան նրանց ապագայի եւ անվտանգության երաշխիքներ:

Բայց այս կարծիքն ընդունելի է միայն այն պարագայում, եթե, ասենք, Ղարաբաղի փախստականների վերադարձը նշանակելու է Ղարաբաղում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ կյանք, այլ ոչ թե Ղարաբաղից հիմա էլ հայերի վռնդում, ինչպես կարելի է ընկալել հետեւյալ արտահայտությունից. «Թող իմանան, որ վաղ թե ուշ մենք կազատագրենք մեր հողերը եւ կվերադառնանք հայրենի օջախներ» (Բ. Զեյնալով): Թեեւ, Է. Նամազովի կարծիքով, խաղաղությանն ուղղված գործընթացները («տեղահանվածների վերադարձ, տարածաշրջանի վերականգնում, Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների միջեւ հարաբերությունների հաստատում») պետք է սկսեն Ղարաբաղում, քանի որ այնտեղ են սկիզբ առել նաեւ հակամարտության հասցրած գործընթացները, սակայն այդ գործընթացները, նույնիսկ վստահության հաստատումը, ինձ, օրինակ, բավական հեռավոր երեւույթներ են թվում («Մեր երեխաներն ավելի դժվար են լեզու գտնելու հայերի հետ»,- նշում է փախստական Ռ. Իբրահիմովան): 

Ներկա պայմաններից դժգոհ, ադրբեջանական հասարակության մեկ ութերորդ մասը կազմող փախստականների եւ բռնի տեղահանվածների ներքին բողոքը մնացած բոլորի նկատմամբ նրանց դարձնում է ստատուս-քվոյի փոփոխությամբ Ադրբեջանում ամենաշահագրգիռ խումբը: Ղարաբաղյան հակամարտության հարցում ընդունվելիք որոշումներից նրանց հեռավորությունը, հետեւապես նաեւ` հետաքրքրվածությունը բանակցային գործընթացով, այնպիսին է, ինչպիսի հեռավորության վրա են նույն որոշումներից գտնվում Ղարաբաղում բնակվող հայերը: Սակայն տարբերությունն այն է, որ ո՛չ հայ փախստականները, ո՛չ էլ Ղարաբաղի բնակչությունը մինչեւ վերջերս գործոն չեն եղել ո՛չ ներքաղաքական կյանքում, ո՛չ էլ նույնիսկ բանակցային գործընթացներում: Պատճառը ոչ միայն այն է, որ, ասենք, հայ փախստականների քանակն ադրբեջանցի իրենց բախտակիցներից մոտավորապես երկու անգամ փոքր է, այլեւ, որ ոչ արհեստականորեն ծագած հանգամանքերի բերումով նրանց խնդիրները չդարձան տարբեր ուժերի միջեւ ներքաղաքական մրցակցության առարկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter