HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Նախկին թմրամոլը դիսպանսերի փորձաքննության արդյունքների հետ համաձայն չէ

«Էն ժամանակ սրսկվում էի օրը հինգ-վեց անգամ: Շատ դժվար տեղերից եմ սրսկվել, որ հիմա հիշում եմ, ջանս սրսփում է: Մեծ ասեղը մինչև վերջ մտցնում էի վիզս, խորքում ինչ-որ վեննա կար, սովորացրել էին տեղը, մոտավորպես գիտեինք: Ասենք կենտրոնական վեննայից մեծ ասեղով մտնում էի, ու դա ամեն օր էի անում»,- պատմում է Գագիկը (անունը փոխված է) իր չորս տարի առաջվա առօրյան: Հիմա հետ է վարժվել` ասում է: Նարկոլոգիական կլինիկայում իրականացվող Մեթադոնային փոխարինող բուժման ծրագիրը Գագիկին կտրել է թմրավաճառների ցանցից, հերոինի կախվածությունից: Ամեն ինչ լավ է` ասում է նա, եթե ծրագրում ներգրավված ոստիկաններն իրենց կամայականություններով շահառուներին չստիպեն վերադառնալ «նախկին կյանքին»:

Մեթադոնային փոխարինող բուժման (ՄՖԲ) ծրագիրը ֆինանսավորում է «Գլոբալ հիմնադրամ»-ը: Բուժման ընթացքում թմրամոլությամբ հիվանդներն ընդունում են մեթադոն սինթետիկ թմրանյութը (ոչ ներարկման ճանապարհով)` որպես իրենց թմրանյութի փոխարինող: Աստիճանաբար նվազեցնելով մեթադոնի չափաքանակը` բուժվողները պետք է ազատվեն թմրանյութից ունեցած կախվածությունից և դուրս գան ծրագրից:

«Ամիսը մի 5 միլիգրամ իջացնում եմ, մի 15-20 օր մի քիչ լավ չեմ զգում, հետո զգում եմ, որ օրգանիզմս սովորեց էդ նոր չափին, մի քիչ էլ եմ իջնում, ու շեմը պետք է էդպես իջացնեմ, թարգեմ»,- ասում է Գագիկը:

Վերջերս «Իրական աշխարհ, իրական մարդիկ» և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունները կազմակերպել էին «Մեթադոնային փոխարինող բուժումը մասնագետների և պացիենտների աչքերով» աշխատանքային հանդիպումը: Քննարկմանը մասնակցում էին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկա էին նաև Նարկոլոգիական կլինիկայի տնօրեն Պետրոս Սեմերջյանը և ներկայացուցիչներ ծրագրի հովանավոր «Գլոբալ հիմնադրամ»-ից:

Ինչպես պարզվեց քննարկման ժամանակ, մեթադոնային փոխարինող  բուժման ծրագիրը նախատեսում է, որ թմրամոլությամբ հիվանդները մինչև բուժումը սկսելը Նարկոլոգիական կլինիկայի հետ պետք է կնքեն պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի՝ շահառուն իր բժշկին պետք է տեղեկացնի բուժման ընթացքում գործածած այլ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին: Շահառուն համաձայնում է նաև, որ ծրագրի նարկոլոգի նշանակմամբ` առանց նախապես զգուշացվելու պետք է հանձնի մեզի փորձանմուշ: Եվ եթե հիվանդի անալիզի լաբորատոր փորձաքննության արդյունքը ցույց տա, որ նա մեթադոնից բացի այլ թմրադեղ է ընդունել, ապա բուժող բժիշկը, նույն պայմանագրի մեկ այլ կետով, իրավունք ունի կարգազանցին «հեռացնել ծրագրից և նրա կողմից կատարված իրավախախտումների մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին»:

Ոստիկաններն էլ, հիմք ընդունելով լաբորատոր փորձաքննության` իրենց հանձնած արդյունքները, կարգազանցության համար վարչական տուգանք են նշանակում հիվանդին:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները պարտավոր են ապահովել մարդու` բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Նարկոլոգիական դիսպանսերում մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում ընդգրկված շահառուների համար օրենսդրության այս կետը, փաստորեն, չի գործում: Թմրամոլությամբ հիվանդների` բուժման ընթացքում կատարված բժշկական հետազոտության արդյունքները «օրինական» հիմքով՝ շահառուի հետ կնքած պայմանագրի հիման վրա, հայտնվում են ոստիկանների ձեռքում: Սակայն Նարկոլոգիական դիսպանսերի տնօրեն Պետրոս Սեմերջյանը չի կարծում, որ թմրամոլությամբ հիվանդի անալիզի փորձաքննության արդյունքները բժիշկների կողմից ոստիկաններին հանձնելը անօրինական քայլ է: Աշխատանքային քննարկման ժամանակ նա նշեց. «Պետությունն ասում է՝ սա հիվանդություն է, բայց նույն ոստիկանությունն ասում է՝ սա նաև հանցագործություն է: Թմրամիջոց օգտագործելը առանց բժշկի նշանակման արդեն իսկ հանցագործություն է»:

Այս քննարկումից հետո Գագիկը պատմեց դիսպանսերի պատերի ներսում իրականացվող բուժման մանրամասները: Անալիզի փորձաքննության արդյունքները ոստիկաններին հանձնել-չհանձնելուց բացի, նրա խոսքով, բոլոր բուժվողներին մտահոգում է մեկ այլ հարց` այն, որ լաբորատոր փորձաքննության արդյունքները հաճախ կեղծվում են:

«Մի պահ եկավ, որ հենց ընենց անալիզ էին վերցնում, դաժե էդ անալիզը չէին էլ ստուգում, ուղղակի հենց ընենց գրում էին, որովհետև իրենց պետք էր վարչական լրացնել; Պլան կար դրած, և ուղարկեցին վարչական տուգանքի: Էս մեր անտեր երկրում կոմունիստների ժամանակներից էլ մինչև մեր օրերը միլիցիայում աշխատանքի արդյունքը մարդ բռնելն է, մարդկանց վատություն անելը, ու եթե էսօր անալիզով մեր մոտ մի հինգ հոգու չեն ուղարկում վարչական տուգանքի, դա նշանակում է, որ իրենք վատ են աշխատում»,- ասում է Գագիկը:

Նրա խոսքով` ոստիկանության՝ իրականությանը չհամապատասխանող «բացահայտումները» հաճախակի բնույթ են կրում, բայց շահառուները չեն բարձրաձայնում: «Խելոք են լինում,- ասում է նա,- ձեն չեն հանում, վախենում են կամ իրոք ինչ-որ մի բան են արած լինում եսիմ երբ, մտածում են՝ վայ, իրոք, կարող է մի վեց ամիս առաջ մի հատ տաբլետկա են խմել, էդ ցույց տվեց, տանում-մուծում են, ու ոստիկանների արած խախտումները չեն երևում»:

Ոստիկանները Գագիկին վերջերս նշանակել են 200 հազար դրամ վարչական տուգանք: Նրա անալիզի լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ բացի մեթադոնից ընդունել է դիազեպամ (հոգեմետ դեղ, որը վաճառվում է դեղատոմսով): Գագիկն ասում է, որ ինքը դիազեպամ չի խմել, և փորձաքննության արդյունքները չեն կարող ճիշտ լինել: Մինչև հիմա նա չի վճարել տուգանքը. «Ինձ կանչեցին, ուզում էին արագ գրեին, բայց զգացին, որ չեմ մուծելու, դատարան պետք է մտնեմ և այլն, ու իրենք էլ բավարար հիմքեր չունեին: Բողոքեցի, որ չկա տենց բան, ասեցի, որ չեմ մուծելու ու վերջ»:

Նրա խոսքով` անալիզը փորձաքննվում է օրինախախտումներով, և ոստիկաններին ամենևին էլ ձեռնտու չէ, որ շահառուի բողոքը հասնի դատարան: «Անալիզի երկու նմուշ պետք է վերցնեն, որից մեկը պահվի սենց դեպքերի համար, մյուսը տան անալիզի, ու եթե ես չհամաձայնվեմ արդյունքների հետ, իմ տարբերակն էլ ես վերցնեմ տանեմ, իմ ուզած տեղը անալիզի տամ, ճշտեմ: Իրանք դա չեն անում, դա միայն բավարար է, որ դատավորը քեզ վարչական տույժ չնշանակի: Եթե փաստաբանը մտնի դատարան, հարյուրտոկոսանոց գործ է, էլի, որ քեզ զրկել են բողոքարկելու իրավունքից»,- ասում է Գագիկը:

Շահառուները, նրա խոսքով, շատ են վախենում ծրագրից դուրս մնալուց, որովհետև մեթադոնից կախվածության մեջ են: «Երբ մենք սև շուկայի հույսին էինք, ամեն ինչ էլ պատահում էր, փողն էր վերջանում, չէիր կարողանում ճարել ու կարայիր մի տարի սրսկվեիր, մի ամիս ընդմիջում տայիր, միշտ քո դոզան տատանվում էր: Ու սենց ռեգուլյար, որ օգտագործած լինի մարդ, չի եղել: Ուզում եմ ասեմ, որ հիմա ես ավելի փիս պետք է կախվածության մեջ լինեմ, քան երբևէ»,- ասում է Գագիկը:

Շահառուներին ծրագրից հանելու գնով «պատժելը» նույնն է, ինչ նրանց նորից դեպի «սև շուկա» մղելը: Ծրագրի պայմանների համաձայն` բժիշկները կարող են գնալ այդ քայլին: Պայմանագրի սահմանած պատժամիջոցները` բժշկական գաղտնիքը ոստիկանների համար գաղտնազերծելը և շահառուներին ծրագրից հեռացնելը (կամ «սև շուկա» վերադարձնելը) ՄՖԲ-ի կազմակերպիչները հանցագործություն չեն համարում: Նրանք գիտեն, որ ծրագրին դիմողները ցանկացած դեպքում համաձայնելու են բուժման պայմաններին. ըստ Գագիկի՝ շահառուները պայմանագրի կետերը բողոքարկելու մասին չեն էլ մտածում, որովհետև ծրագրին դիմելիս անգիտակից վիճակում են:

«էդ պահին մարդ լրիվ անմեղսունակ վիճակի մեջ է,- ասում է նա,- չեն հասկանում` ուր են գնում, ուղղակի գնում են, որովհետև այլընտրանք չունեն: Էդ ժամանակ ոչ վախենում են միլիցիայից, ոչ մտածում են հարևանը կիմանա, ծնողը կիմանա, ոչ մի բան արդեն աչքին չի երևում: Զգում է, որ իր վերջին տարբերակը էդ է, պետք է գնա: Ու էս պայմանագիրը էնքան անիմաստ է էդ րոպեին: Եթե էս պայմանագրի մեջ նշված լիներ, որ ձեզ ամեն օր էդ դեղի հետ մի հատ չափալախ ու քացի ենք տալու, մենք առանց մտածելու համաձայնվելու էինք: Այսինքն` էս պայմանագրում շատ բան կարան գրեն, հետո որ հիվանդը էլ էդ վիճակում չլինի, նոր կկարդա ու կհասկանա, որ էս ինչի տակ եմ ստորագրել կամ էս ինչ գնով ես ստացա էս ամեն ինչը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter