HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

60 մլն դրամի բռնագանձում` 4-5 մլն դրամ բյուջե ունեցող 3 համայնքներից

Հայաստանի կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 907 որոշմամբ նախատեսվել էր գազիֆիկացնել Սյունիքի Արավուս, Խնածախ, Խոզնավար եւ Վաղատուր համայնքները: Կարճ ժամանակ անց, նշված որոշման մեջ կատարված փոփոխության արդյունքում Խոզնավար, Վաղատուր համայնքները դուրս են մնացել ցանկից, իսկ Արավուսի, Խնածախի գազիֆիկացման համար Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 90 մլն դրամ, որը ներդրվել է երկու  համայնքներում գազատարի  մոտ 5 կմ երկարությամբ հատվածի կառուցման համար:

2012 թվականի հուլիսի  24-ին ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը Միջազգային Զարգացման ՕՊԵԿ Հիմնադրամի միջոցներով ֆինանսավորվող «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթի արդյունքներով պայմանագիր է կնքել Սյունիքի մարզի նշված համայնքների հետ` գազիֆիկացման շինարարական աշխատանքների իրականացման համար: Ծրագրի ներդրումից բացի, նախատեսված էր նաեւ շահառու համայնքների համաֆինանսավորումը 10%-ի չափով եւ պայմանագրով ամրագրված պարտավորությունների համաձայն` այն պետք է կատարվեր մի քանի փուլով: Ծրագիրը նախատեսված էր ավարտել 13 ամսում, աշխատանքների մոտ երկու երրորդն արդեն ավարտվել է, սակայն տարեկան 4-5 մլն դրամ բյուջե ունեցող համայնքներն այդպես էլ չեն կարողացել կատարել իրենց ներդրումային պարտավորությունը:

ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը այդ հիմքով 2013թ. օգոստոսի 1-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Վաղատուր համայնքների` համապատասխանաբար  27 մլն 932 հազար դրամ, 14 մլն 674 հազար դրամ եւ 14 մլն 590 հազար դրամ բռնագանձելու պահանջով: Ներկայացված հայցադիմումով հայցվորը նաեւ միջնորդել է միջոցներ ձեռնարկել հայցի ապահովման համար եւ հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողներին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա:
Դատարանը օգոստոսի 5-ին հայցադիմումն ընդունել է վարույթ, միաժամանակ նաեւ բավարարել է հայցվորի հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը եւ հայցագնի` մոտ 60 մլն դրամի չափով արգելանք է դրել պատասխանող համայնքներին պատկանող գույքի վրա:

2013թ. նոյեմբերի 13-ին նշանակված դատաքննությամբ պատասխանողների ներկայացուցիչներ Վաղատուրի համայնքի ղեկավար Հովհաննես Հովհաննեսյանը, Կարո Թավադյանը, Վարո Գրիգորյանն ընդունել են հայցվորի կողմից ներկայացված գումարի բռնագանձման պահանջը, եւ հաշվի առնելով, որ կիրառված արգելանքը խոչընդոտ է հանդիսանում համայնքների ենթակայության տակ գտնվող կառույցների գործունեությանը, արգելանքի պայմաններում չեն կարողանում իրականացնել իրենց վերապահված գործառույթները, խնդրել են պայմանագրով նախատեսված պարտավորությունը կատարելու համար գործի քննությունը հետաձգել մեկ ամսով, միաժամանակ միջնորդել են վերացնել դատարանի որոշմամբ պատասխանողների գույքի նկատմամբ կիրառված արգելանքը:


Նկատի ունեալով հայցվորի ներկայացուցիչ Աննա Գաբրիելյանի համաձայնությունը, դատարանը բավարարել է ներկայացված հայցերի ապահովումը վերացնելու վերաբերյալ պատասխանող համայնքների միջնորդությունները:

«Ինչ վճիռ էլ կայացնի դատարանը, միեւնույնն է, երեք համայնքներիս ունեցած ամբողջ գույքն էլ վաճառենք, չենք կարող էդ ներդրումն ապահովել»,- ասում է Խոզնավարի համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը: Նրա խոսքով` երեք ամիս աշխատակազմն աշխատավարձ չի ստացել, մեկ լումայի գործարք չեն կարողացել կատարել, ասել է, թե համայնքային իշխանության գործունեությունը կազմալուծված վիճակում է եղել: Մեր համայնքի մի քանի տարվա սուբսիդիան էլ եթե տանք, չենք կարող էդ համաֆինանսավորումն ապահովել»,- նշում  է համայնքապետը: Վերջինս չի ուզում հավատալ, որ  եկամտահարկի ուշացման համար դեռ օրական մինչեւ 0,15% էլ տուգանք պիտի վճարեն:

Տարիներ շարունակ նշված համայնքների գազիֆիկացման (ինչպես նաեւ սոցիալական այլ խնդիրների) թեման առավել բուռն քննարկվում է հատկապես համապետական ընտությունների ընթացքում: Ընտրություններից հետո սակայն, ինչպես նշում են համայնքի բնակիչները, այն հետաձգվում է համաֆինանսավորման համար բավարար միջոցների բացակայության պատճառաբանությամբ: Փաստի առաջ են կանգնում նաեւ համայնքների ղեկավարները, ովքեր համոզված են, որ բնակիչները չեն կարող ներդրում ապահովել, որքան էլ, որ պայմանագրով պարտավորվել են. «Հենա էդ փողով մինչեւ կյանքներիս վերջը գազի բալոն կառնենք, կապրենք»,- ասում է խնածախցի Արամայիսը:

 Սյունիքի մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանի խոսքով` մարզային իշխանությունները փորձում են մինչեւ դատարանի կողմից հայցերի ապահովումը վերացնելու պահանջի մասին միջնորդությունների ժամկետի լրանալը, խնդիրը լուծել ներդրման այլ աղբյուրներ գտնել, քանի որ սուղ բյուջե ունեցող համայնքներն իսկապես չեն կարող համաֆինանսավորում ապահովել, անգամ, եթե այն անհրաժեշտ է սահմանամերձ գյուղերի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծման համար:

«Մեզ կախ չեն տալու, վեր չկա, հի՞նչ անենք, հազիվ հողի հարկն ենք կարում հըվաքենք, ժողովուրդի ծեռքին պան չկա,- ասում է Խոզնավարի համայնքապետը  եւ հավելում` յանի սենց թուղալո՞ւ  են...»:         

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter