HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան Շարբաթյանի սպանության գործով վկաները հրաժարվում են նախաքննական ցուցմունքներից

Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության քրեական գործով դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած  դատական նիստում սպանված փաստաբանի քույրը` վկա Անժելա Ասլիկյանը և նրա դուստրը` վկա Տաթևիկ Ասլիկյանը, ում շուրջ ծագած վեճի արդյունքում էլ 2012թ. նոյեմբերի 18-ին Շահումյան գյուղի Մուշ ռեստորանում սպանվել է փաստաբանը, հրաժարվեցին իրենց նախաքննական ցուցմունքների առանձին պարբերություններից: Անժելա Ասլիկյանը քրգործով ներգրավված վկա, զինվորական ծառայության մեջ գտնվող Հայկ Ասլիկյանի մայրն է, Տաթևիկ Ասլիկյանը` քույրը:

Անժելա և Տաթևիկ Ասլիկյանները, ինչպես հարցաքննված նախորդ վկաներ Հայկ Ասլիկյանը և Էդուարդ Խլղաթյանը, դատարանում հայտնեցին, թե  նախաքննական ցուցմունքներ տալիս իրենց ուղղորդել է քննիչը:  Այսուհանդերձ, անվրեպ չէր, որ մայր և դուստր վկաները, հրաժարվելով իրենց  նախաքննական որոշ ցուցմունքներից, դատարանում փորձում էին ցուցմունք տալ Հայկ Ասլիկյանի` նոյեմբերի 5-ի դատական նիստին տված ցուցմունքներին համահունչ: Տաթևիկ Ասլիկյանը դատարանում հայտնեց, որ 2012թ. նոյեմբերի 29-ին քննիչին տված իր ցուցմունքի վերջին պարբերությունում նշել է տվյալներ, որոնց մանրամասներին չի տիրապետել. «Բայց քանի որ ինչ-որ վերջաբան պետք է գրվեր, և ես չգիտեի` ինչպես է եղել կռիվը, քննիչն ինձ ասաց, որ Հայկը ցուցմունքում նման բովանդակությամբ է  գրել: Ես էլ դրա վրա հենվելով` գրեցի նույնը»,- ասաց վկան: Այդուհանդերձ,  քննիչի կողմից ուղղորդման հետ կապված` դատավոր Նարինե Հովակիմյանի հարցերին Տաթևիկ Ասլիկյանի պատասխանները խուսափողական էին:

-Այսինքն` քննիչը Ձեզ պատմեց Հայկի ցուցմունքի բովանդակությունը,- հարցրեց դատավորը:

- Էնտեղ կռվի հետ կապված, էլի եմ ասում, մանրամասնորեն ոչինչ չի ասել, թե ովքեր են եղել և ում մեջ է վիճաբանությունը եղել,- պատասխանեց վկան:

-Քննիչը հայտնեց այդ մասին Ձեզ, ասաց,- հարցրեց մեղադրողը:

-Քննիչը ինձ հարցրեց. «Ինչ գիտես  վիճաբանությունից»: Ես այն ժամանակ էլ  ասացի, որ մանրամասներին չեմ տիրապետում և գիտեմ, որ անհավասար վիճաբանություն է եղել, բայց թե ում հետ, ինչպես` չեմ տիրապետում: Քննիչը ինձ ասաց, որ Հայկը այսպես է գրել, քեզ էլ է այդպես ասել: Ես իրեն պատասխանեցի` ոչ, բայց որ ինքը` Հայկը, այդպես է գրել, ես էլ այդպես կգրեմ: 

Մեղադրող Պետրոս Մարտիրոսյանի հարցին, թե վկան իր ցուցմունքի մասին խոսել է եղբոր հետ, այսինքն` եղբորը չի հարցրել, թե ինքը  քննիչին նման  ցումունք է տվել, թե ոչ:

-Էդ հարցրել եմ, Հայկն ասաց, որ` այո, ես այդպիսի ցուցմունք եմ տվել: Ի պատասխան մեղադրողի հարցի` Տաթևիկ Ասլիկյանն ասաց, որ քննիչին ցուցմունք տալու հենց առաջին օրն է Հայկին դա ասել: «Ես Հայկին ասել եմ`  ես այսպիսի ցուցմունք եմ գրել, ես քո ցուցմունքի հիման վրա ցուցմունք եմ տվել քննիչին, դու տվել ես նման ցուցմունք: Հայկն ասաց` հա, տվել եմ»: Ապա մեղադրող դատախազ Պետրոս Մարտիրոսյանը դատարանին ներկայացրեց   վկա Տաթևիկ Ասլիկյանի նախաքննական ցուցմունքը: Մեղադրողը վկային խնդրեց ընդհատել իրեն, եթե հանդիպի իր ցուցմունքում այնպիսի մտքերի, որոնք իրենը չեն. «Սեղանից վեր կենալով և ռեստորանից դուրս գալիս  սրահում տհաճ խոսակցություն է եղել  քեռու, Արտակի և Սամվել Դիլոյանի միջև: Մուտքի մոտ սկսել են իրար հայհոյել և քաշքշել»: Վկա Տաթևիկ Ասլիկյանը  ընդհատեց մեղադրողին: «Այդ մանրամասները ես Հայկից չեմ լսել»,- ասաց  վկան, սակայն խնդրեց մեղադրողին շարունակել ցուցմունքը: «Այդ ընթացքում հայհոյելու համար քեռին ապտակել է ինչ-որ մեկին, որից հետո խառը կռիվ է սկսվել: Հայկը տեսնելով, որ չի կարողանում խափանել կռիվը, օգնության է կանչել Խլղաթյան Էդոյին: Ու մինչև վերադառնալը տեսել է, որ Արտակը, Չուգունը (Արեն Վերանյանը) և Դիլոյան Սամվելը ոտքերով հարվածում են քեռուն` գլխին և ոտքերի տարբեր մասերին: Ըստ Հայկի պատմելու` նրանք գազանաբար ծեծել են քեռուն, որն արնաշաղախ ընկած է եղել գետնին: Նաև նրանցից ինչ-որ մեկը կրակել է քեռու վրա, որից հետո ծեծողները փախել են այդտեղից»,- նախաքննական ցուցմունքում հայտնել է Տաթևիկ Ասլիկյանը: Մեղադրողը ցուցմունքն ընթերցելուց հետո հարցրեց վկային. «Դուք Ձեր ցուցմունքից հետո անմիջապես անցաք այս պարբերությանը: Ինչու»: Վկայի պատասխանները, սակայն, մեղադրողը չցանկացավ լսել. «Եթե դատարանն ուզում է լսել, կարող է շարունակել»,- ասաց նա:

Դատարանում 4 ժամ շարունակ հակասական ցուցմունքներ տվեց   փաստաբան Սամվել Շարբաթյանի քույրը` վկա Անժելա Ասլիկյանը: Վերջինս նույնպես  հայտնեց, թե նախաքննական իր ցուցմունքն ուղղորդվել է քննիչի կողմից: Մեղադրող Պետրոս Մարտիրոսյանն Անժելա Ասլիկյանին խնդրեց  բացատրել` ինչ է նշանակում ուղղորդել բառը: Վկան չկարողացավ բացատրել: Վկաների ցուցմունքներից հետո պաշտպանական կողմը դատարանում հանդես եկավ հայտարարություններով: Ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը, ի պատասխան  մեղադրող Պետրոս Մարտիրոսյանի` դատարանում հայտնած այն տեսակետի, թե ցուցմունքների արդյունքում 3 մեղադրյալ ամբաստանյալի աթոռին են հայտնվել, պատասխանեց. «Ոչ, ցուցմունքների արդյունք չէ, դա ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է»: Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյան պահանջեց դատարան հրավիրել վարույթն իրականացնող քննիչին: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: 

Պաշտպանների հայտարարությունները դիտեք տեսանյութում:

Առաջին լուսանկարում Տաթեւիկ Ասլիկյանն է

Մեկնաբանություններ (1)

ara
Mexadrox koxmi vkaner@ darzel en pashtpanner u hegnanqov en xosum irenz isk shaher@ pashtpanox dataxazi het. Ahavor e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter