HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանու նախկին անդամը SOS է հնչեցնում. «Մեղրին վերածվում է բնապահպանական աղետի գոտու»

Մեղրի համայնքի ավագանու անդամ Մարատ Օհանյանը նոյեմբերի 19-ին հայտարարեց ավագանու անդամի իր լիազորությունները վայր դնելու մասին.  «Չեմ կարող ճանապարհ գնալ այն մարդկանց հետ, ովքեր իրենց երկիրը չեն սիրում»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Մարատը, հավելելով, որ իր քայլը պայմանավորված էր նրանով, որ քաղաքի տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու նպատակով հողամասի կատեգորիա փոխելու հարցին ավագանին կողմ էր քվեարկել:

«Անհասկանալի է, թե որքանով էր խնդիրը հրատապ, որ արտահերթ նիստ հրավիրվեց: Նախօրեին խոսեցի քաղաքապետի հետ, փորձեցի փաստարկներ ներկայացնել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ առանց  այն էլ սակավ ջրային պաշար ունեցող գետի վրա ՀԷԿ-ի կառուցումը, առավել եւս` քաղաքի գրեթե կենտրոնում, բայց  ի տարբերություն  նախկինում  կայացած ավագանու նիստերի, անգամ քննարկում չեղավ, բոլորը միանգամից կողմ քվեարկեցին»,- ասած ավագանու արդեն նախկին անդամը: Նրա խոսքով իր այս քայլը նաեւ բողոքի նշան է, SOS` հնչեցված վերջին տարիներին Մեղրիի նկատմամբ տարվող քաղաքականության համար:

Մարատ Օհանյանը նաեւ նշում է, թե ինքը միակը չէ, ում անհանգստացնում են Մեղրու տարածաշրջանի բնապահպանական խնդիրները: Մեղրին լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, որի վկայությունը նաեւ այն է, որ արդեն 14 հանքի շահագործման լիցենզիա է տրվել տարբեր անհատների, կազմակերպությունների:

Դեռեւս  2012թ.  դեկտեմբերին Մեղրիի  ավագանին,  ստանալով քաղաքի 70 բնակչի  դիմումը, օրենքով նախատեսված կարգով, ըստ որի «կարող է համայնքի շահերին վերաբերող, բայց  իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի շուրջ ուղերձներ ընդունել ուղղված պետական մարմիններին»  2013թ. հունվարի 25-ին կայացած ավագանու նիստի որոշմամբ ՀՀ նախագահին է դիմել ներկայացնելով  մեղրեցիների մտահոգությունն այն մասին, որ «եթե տարածաշրջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը չփոխվի, ապա կասկածից վեր է, որ դրա արդյունքում Մեղրու շրջանը մեկ-երկու տասնամյակ անց կվերածվի անապատի՝ աղտոտված գետերով, թունավորված հողով, իսկ երեխաները կծնվեն հիվանդ եւ արատավոր, ինչի նշաններն արդեն իսկ երեւում են»:  

Խոսքը մասնավորապես վերաբերում էր Մեղրիում իրականացվող բնապահպանական աղետաբեր քաղաքականությանը, այն փաստին, որ Մեղրու տարածաշրջանում շահագործվում են  Տերտերասարի ոսկու, Լիճքվազ-Թեյի ոսկու, Ագարակի պղինձ-մոլիբդենի,  Լիճքի պղինձ-մոլիբդենի. Այգեձորի պղինձ-մոլիբդենի (Թխկուտի եւ Կենտրոնական տեղամասեր) հանքավայրերը, երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում  Խաչքար-Փարավանի բազմամետաղային,  Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին–Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք եւ Կալեր գյուղերի շրջակա տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի եւ Նռանաձորի պղինձ-ոսկու հանքաերեւակումներում:

Չստանալով բավարար պատասխան, 2013 թվականի մայիսի 28-ին մեղրեցիները կրկին հանրապետության նախագահին հիշեցնում են, որ «մտահոգված են Մեղրու նման ստրատեգիական տարածաշրջանի նկատմամբ վարվող սպառողական քաղաքականության

աղետալի  հետեւանքներով, որ  էկոլոգիական գրոհի արդյունքում Մեղրին արդեն անպիտան կլինի որպես բնակավայր, կդատարկվեն համայնքերը»:

«Սկզբնական շրջանում ես ոգեւորված էի, որ Մեղրիի շուրջ մտահոգությունները լայն թափ էին ստանում: Իրենց անհանգստությունն էին արտահայտում ոչ միայն բնապահպաններ, առանձին քաղաքացիներ, այլեւ տեղական իշխանություները, եւ անակնկալ էր, որ Մեղրիի համայնքային իշխանությունը 38 քառ. կմ երկայնքով տարածքում  9 ՀԷԿ  կառուցելու մասին իր բողոքն արտահայտելու փոխարեն, կողմ  է արտահայտվում քաղաքի կենտրոնում նոր հիիդրոէլեկտրակայան կառուցելուն»-ասում է Մարատ Օհանյանը: Նրա  մտահոգությունը կապված է նաեւ այն փաստի հետ, որ քաղաքը չունի կոյուղի, կեղտաջրերը, կենցաղային, սպասարկման օբյեկտների կոյուղացման զանգվածը թափվում է Մեղրի գետ, որն առանց այն էլ սակավաջուր է (ամռանն ընդհանրապես ջուր չի ունենում):

ՀԷԿ-ի կառուցման կողմնակիցները փորձում են փաստարկներ ներկայացնել, թե գետից ջուր «տարհանվելու է» միայն գարնանն ու աշնանը: «Իսկ ո՞վ է վերահսկելու սեփականատիրոջ գործունեությունը, գումարներ են ներդրվելու եւ, բնականաբար դրանք փոխհատուցելու, շահույթ ստանալու համար հնարավորինս շատ ջուր կկորզվի, եւ չկա երաշխիք, որ հետագայում… ջրաչափեր չեն տեղադրվի», - նկատում է Մարատը, ասելով, որ սակավաջուր Մեղրիում նոր կառուցվող հիվանդանոցի շրջակայքում արդեն գարշահոտություն է տիրում, այն աղբավայրի է վերածվել:

ՀԷԿ-ի կառուցման որոշմանը դեմ քվեարկելու, ինչպես նաեւ  ավագանու անդամի լիազորությունները վայր դնելու միջոցով իր բողոքն արտահայտելու այլ փաստարկ էլ ունի. բացի այն, որ ՀԷԿ-ի կառուցմով Մեղրիի ձորը կջրազրկվի, չեն ձեւավորվի  ստորգետնյա ջրերը, կվերանան աղբյուրները, (մանավանդ որ,  ըստ նրա, արդեն ամբողջությամբ Մեղրիի գետում ձկնատեսակները վերացել են, չկան ջրային կենդանիներ), ՀԷԿ-երը մագնիսական մեծ դաշտ են առաջացնում, եւ 9 հիդրոէլեկտրակայանները, ինչպես նաեւ Իրան-Հայաստան բարձրավոլտ հոսանքի գծերն արդեն իսկ իրենց բացասական ազդեցությունն են թողնում մարդկանց առողջության, գյուղատնտեսության, մասնավորապես, մեղվաբուծության  զարգացման վրա. (ոչ մի մեղվաբույծ փեթակները բարձրավոլտի տարածքում չի պահում):

«Չնայած նրան, որ երկար տարիներ շարունակ տարբեր նախաձեռնությունների, հրապարակումների միջոցով ահազանգել եմ Մեղրիի տարածաշրջանի բնապահպանական ռիսկերի մասին, ինչպես նաեւ այժմ իմ մտահոգությունն եմ հայտնում համայնքների խոշորացման վերաբերյալ տարվող քաղաքականության առթիվ, այնուամենայնիվ, ավագանու անդամի լիազորություններս ցած դնելու որոշումս կայացրեցի այն ժամանակ, երբ տեսա, որ տեղական իշխանությունը կարծես թե աչք է փակում Մեղրին բնապահպանական աղետի գոտու վերածելու քաղաքականության վրա, «դրեսերովկա» են անում մարդկանց` Մեղրիի խնդիրներով մտահոգ համախոհների շարքերը նաեւ ներսից քանդելու համար»,- ասում է ավագանու անդամը:

Այս առումով դժվար է չհամաձայնվել Մարատ Օհանյանի հետ, մանավանդ, որ  համայնքի ղեկավարն այս տարվա հուլիսին «Սյունյաց երկրին» թերթին տված հարցազրույցում  խոսելով այն մասին,  որ «Մեղրի գետի հունին միջամտելու հարցը, լուծվում է հակառակ մեղրեցիների կամքի, եւ առաջիկայում հանրային լսումներ կկազմակերպեն տարածքի մի քանի համայնքում, բայց ոչ Մեղրի քաղաքում, թեեւ այդ միջոցառումը գլխավորապես շոշափում է Մեղրի համայնքի բնակիչների շահերը»,  նշել է. «Դա ոչ թե զարմանալի կամ ծիծաղելի է, այլ` մեծագույն անբարոյականություն: Պատկերացնո՞ւմ եք` Մեղրի քաղաքով հոսող գետի ջուրը վերցնում են, եւ դրա համար խորհրդակցում են ոչ թե մեզ հետ` ումից ջուր են վերցնում, այլ նրանց հետ, ում ջուր պիտի տան: ՀՀ բնապահպանության նախարարը մեծագույն սխալ է թույլ տալիս` հանրային լսումները մեզ մոտ չկազմակերպելով: Ես կփորձեմ հեռախոսային խոսակցությամբ այդ հարցը քննարկել, կձեռնարկենք նաեւ այլ քայլեր»:

Ըստ երեւույթին իսկապես լուրջ քայլեր են ձեռնարկվել, քանի որ տարակարծության, անհնազանդության պատճառով «Արդշինինվեստ» բանկի Մեղրիի մասնաճյուղի կառավարիչ Մարատ Օհանյանը երկու ամիս առաջ, «սեփական դիմումի համաձայն», ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Մեկնաբանություններ (2)

նահապետ
Այս իշխանությունները չեն կշտանում. թալանում են ամեն ինչ՝ ողջ ընդերքը, ողջերին և մեռածներին
Ռուզան
Ձայն բարբառոյ յանապատի.ամեն ինչում մենք ենք մեղավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter