2009թ. «BBC Radio 2» ռադիոկայանը ներկայացրեց հանրահայտ երգերի մի ցանկ, որը ներկայացնում էր աշխարհում` հասարակական վայրերում, ամենաշատը հնչած երգերի և երաժշտական կոմպոզիցիաների անուններ: Այս վարկանիշային ցուցակի համաձայն` վերջին մի քանի տասնամյակների ընթացքում աշխարհում ամենաշատ հնչած երգը 1960-ական թվականների բրիտանական «Procol Harum» խմբի հայտնի «A Whiter Shade of Pale»-ն էր, որը 1967թ-ին շուրջ վեց շաբաթ անընդմեջ գլխավորել է երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր հիթ-շքերթները:
Լավագույն հնգյակի մեջ ընգրկված էին լեգենդար «Queen»-ի «Bohemian Rhapsody»(2-րդ տեղում), «The Everly Brothers»-ի «All I Have To Do Is Dream» (3-րդ տեղում), շոտլանդական «Wet Wet Wet փոփ-ռոք խմբի «Love Is All Around» –ը (4-րդ տեղում, cover տարբերակ) և Բրայըն Ադամսի (Everything I Do) «I Do It For You» երգերը:
«Procol Harum» խումբը 1960-ականների բրիտանական ռոք երաժշտության վառ ներկայացուցիչներից է : Այն համարվում է պրոգրեսիվ ռոքի և սիմֆոռոքի հիմնաքարային խմբերից մեկը: Երաժշտական ոճային ուղղությունը կրում է բարոք, դասական, հետագայում` բլյուզի, արընդբիի և սոուլի ազդեցություններ:
«A Whiter Shade of Pale» բալլադը խմբի դեբյուտային սինգլն է` թողարկված 1967 թ. մայիսի 12-ին, և, երաժշտագետների բնորոշմամբ, այն կառուցվացքային առումով հիմնված է Յո.Ս. Բախի «Նվագախմբային սյուիտ ռե մաժոր թիվ 3» ստեղծագործության վրա, բացի այդ, իր մեջ ներառում է երաժշտական Լոնդոնի ամբողջ մթնոլորտը, որտեղ ձևավորվում էր համաշխարհային ռոք-մշակույթը: Հունիսի 8-ից արդեն երգը գլխավորում էր բրիտանական սինգլների ցանկը և այս «ապահով» տեղում էլ մնաց վեց շաբաթ շարունակ: Առանց հատուկ գովազդային միջամտության` «A Whiter Shade of Pale»-ը հայտնվեց նաև ամերիկյան հիթ-շքերթների լավագույն հորիզոնականներում` զբաղեցնելով 5-րդ, իսկա ահա Նիդեռլանդներում, Գերմանիայում, Ավստրիայում և Իռլանդիայում` առաջին պատվավոր հորիզոնականը:
Անդրադառնալով «BBC Radio 2» ռադիոկայանի ցանկին` խմբի առաջնորդը` Գարի Բրուքերն ասել է. «Մեծ պատիվ է հայտնվել այս յուրօրինակ ցուցակի առաջին տեղում, տարիներ առաջ, երգը գրելիս, ես երբևէ չէի էլ պատկերացնի, որ այս ընթացքը կունենար «Procol Harum»–ի լեգենդար ձայնագրությունից հետո: Յուրաքանչյուր երաժիշտի և երգիչ իր մեջ հույս է փայփայում հասնել իր հանդիսատեսին և շփվել նրա հետ. Իսկ այս շարքը մեծ վկայությունն երգի այսպիսի աննկարագրելի ճանաչման և հանրության հետ երկարատև կապի» :
«A Whiter Shade of Pale»-ն ունի բալլադային փսիխոդելիկ երաժշտություն և միստիկ տեքստ: Երգի հեղինակները Գարի Բրուքերը (խմբի գլխավոր վոկալ, դաշնակահար) և երգահան Քիթ Ռիդն էին: Բրուքերի մեկնաբանությամբ` երգի ստեղծման ժամանակահատվածում նա շատ էր լսում դասական և ջազային ստեղծագործություներ, և «A Whiter Shade of Pale»-ի համար գրված երաժշտությունն իսկապես մի քանի տակտ մեջբերում է Բախի ստգեղծագործություններից, իսկ Քիթ Ռիդը երգի վերնագիրը, ինչպես նաև նրա ստեղծման գաղափարը գտավ մի երեկոյան միջոցառման ժամանակ. նա պատահական լսեց, թե ինչպես մի տղամարդ երեկոյի ժամանակ մի կնոջ ասաց` դու գունատից էլ ավելի սպիտակ ես դարձել(«You’ve turned a whiter shade of pale»): Երգի տեքստային իմաստը տարբեր մեկնաբաններ տարբեր կերպ են մատուցում, օրինակ` «Procol Harum: beyond the pale» գրքի հեղինակ Քլեյս Յոհանսենը ենթադրում է, որ այն անդրադառնում է կնոջ և տղամարդու միջև մետաֆորիկ` փոխաբերական հարաբերություններին, որոնց հաջորդում են ինտիմ հարաբերությունները: Ոմանք էլ պնդում են, որ այն թմրանյութերի մեծ չափաբաժնից վրա հասած մահվան մասին է, իսկ գունատությունը հատած ավելի ճերմակն էլ խորհրդանշում է մահացածի գույնը:
Ինչևէ, երգն իսկապես հասել է իր ունկնդիրներին և բոլոր տեսակի գիտություններից ու մեկնաբանություններից դուրս` այն իր ուրույն տեղն ունի ամեն մի երաժշտասերի զգացողության և ընկալման սահմանում: Մի բան պարզ է, որ աշխարհում ստեղծվել և թերևս ստեղծվում են գործեր, որոնք ոչ թե պարզապես երկարակյաց են, այլ քայլում են բոլոր ժամանակների միջով` իրեն խորքում թաքնված արժեքների շնորհիվ և դրանցից մեկն էլ «Procol Harum» խմբի` 1967թ. ստեղծված «A Whiter Shade of Pale» երգն է:
Լուսանկարը՝ dailymail.co.uk-ից։
Մեկնաբանել