HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Մամուլի «արտագաղթ». կդիմակայի՞ տպագիր մամուլը ցանցային մեծ աշխարհում

Մեդիումի տեսությունը մարդկային քաղաքակրթությունը բաժանում է 4 շերտերի՝ բանավորության, գրության, տպագրության եւ էլեկտրոնային հաղորդակցության: Այս շերտերը փոխակերպվել են փոխազդեցության միջոցով, սակայն եթե բանավորից գրին անցնելու համար մի քանի դար պահանջվեց, ապա փոխակերպման պրոցեսը նախորդ դարաշրջանում շատ ավելի արագ կատարվեց: 20-րդ դարի սկզբում մարդկությունը ցնցվեց հեռագրի առկայությամբ, դարակեսին սովորական դարձավ հեռուստատեսությունը, իսկ դարավերջին ինտերնետի զանգվածային հասանելիությունը կանխորոշեց 21-րդ դարի՝ տեխնոլոգիական հաղթարշավը:

Տեխնոլոգիայի արագընթաց զարգացումն առաջին հերթին անդրադարձավ լրատվամիջոցների աշխատանքի վրա, քանի որ լրագրողներն են հիմնականում տարածում հաղորդագրություններ լայն լսարանի համար՝ գործածելով տեխնոլոգիական միջոցները:

Տեխնոլոգիայի զարգացումը չի ենթարկվում որեւէ տարածական կամ ժամանակային խոչընդոտի: Համակարգչային, հեռախոսային եւ պլանշետային ամեն մի նորույթ թողարկվելուն պես օրերի ընթացքում հայտնվում է աշխարհի գրեթե բոլոր տեխնիկայի խանութներում:

Ոչ վաղ անցյալում Հայաստանում մարդիկ լուրեր ստանալու երեւույթն ասոցացնում էին թերթ կարդալու հետ: Լրագիր բառն ինքնին արտահայտում է գրված լուրի իմաստ, սակայն ներկայիս տեխնոլոգիական դարաշրջանում լուրը կարելի է ստանալ ոչ միայն գրավոր, այլ  վիդեո-աուդիո-ֆոտո տարբերակներով, դիաֆրագմաներով ու սլայդ շոուներով, որոնք տեղեկատվությունն ամենայն մանրամասնությամբ հասանելի են դարձնում յուրաքանչյուրին: Մարդկանց ինֆորմացիոն առաջին տեխնիկական միջոցն այժմ համակարգիչն է, հեռախոսը, թաբը եւ ցանկացած սարք, որ կմիանա ինտերնետին:

Infographics

“InternetWorldStats”-ի՝ 2012թ-ի հունիսի տվյալներով` Հայաստանում ինտերնետից օգտվում է 1 միլիոն 800 հազար մարդ, որը կազմում է բնակչության 60,6 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ դեռեւս 2000թ. Հայաստանում ինտերնետ-օգտատերերի թիվը կազմում էր 30 հազար: ԱՊՀ երկրների մասշտաբով Հայաստանն ինտերնետ հասանելիության առումով առաջատար է, իսկ երկրորդ հորիզոնականում Ադրբեջանն է. այնտեղ ինտերնետից օգտվում է բնակչության 50  տոկոսը, Ռուսաստանում ինտերնետից օգտվում է 47,7 տոկոսը,  Բելառուսում` 46  տոկոսը, Ղազախստանում` 45 տոկոսը, Մոլդովայում` 44,8 տոկոսը,  Ղրղզստանում` 39.9 տոկոսը, Ուկրաինայում` 34,1 տոկոսը, Ուզբեկստանում` 30.2 տոկոսը, Տաջիկստանում` 13.0 տոկոսը, Թուրքմենստանում` 5 տոկոսը: Մեր հարեւան Թուրքիայում ինտերնետից օգտվում է բնակչության 45,7 տոկոսը, իսկ Վրաստանում` 28,4 տոկոսը:

Ինֆորմացիայի փոխանակման տեմպն աճել է տասնապատիկ: Տեղեկատվությունը, որը մոտ 10 տարի առաջ Հայաստանում կհասներ լայն լսարանին մեկ օրվա (տպագիր մամուլի դեպքում) կամ մի քանի ժամվա (հեռուստատեսության եւ ռադիոյի դեպքում) ընթացքում, այժմ այն կարող է հասանելի լինել առավել մեծ լսարանի՝ մի քանի վայրկյանների ընթացքում: 

Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ տեղեկատվական պրոցեսն այժմ առավել ինտերակտիվ բնույթ է կրում: Յուրաքանչյուր ինտերնետ օգտագործող հանդիսանում է տեղեկության աղբյուր կամ տարածող: Այժմ լսարանը ոչ միայն տեղեկատվական հաղորդագրություն ընդունող է, այլ նաեւ ուղարկող: Տեղեկատվական շարժը հստակ շղթայականից վերածվել է ատոմային անկանոն շարժման:

Տեխնոլոգիական ներկայիս շրջանը՝ էլեկտրոնայինը, աչքի է ընկնում մի շարք դրական եւ բացասական առանձնահատկություններով.  

  1. Արագություն եւ տարածականություն. տեղեկատվությունը մի քանի վայրկյաններում կարող է միլիոնավոր կիլոմետրեր ծածկել: Մարդիկ կարող են հաղորդակցվել, միմյանց մասին տեղեկատվություն հայտնել տեսանյութի, լուսանկարների, ձայնի, տեքստի միջոցով՝ աշխարհի երկու տարբեր ծայրերից: Նրանք կարող են միաժամանակ հետեւել մեկ այլ աշխարհամասում տեղի ունեցող դեպքերին՝ ուղիղ հեռարձակմամբ:
  2. Ֆիզիկական գործոնի նվազեցում. 21-րդ դարում ապրող մարդուն բավական է մեկ համակարգիչ եւ ինտերնետ ունենալ՝ ողջ աշխարհից նորություններ ստանալու եւ կապ հաստատելու համար: Երբեմն մի երկրում ապրող անձինք կարողանում են աշխատանք գտնել մեկ այլ երկրում, եւ նրանց ֆիզիկական ներկայությունը բոլորովին պարտադիր չէ աշխատանքի վայրում:
  3. Կախվածություն. կապվածությունը տեխնոլոգիաներին դարձել է իսկական կախվածություն եւ դասվում է հիվանդությունների շարքում: Համաձայն TeleNav տեխնոլոգիական ընկերության անցկացրած հարցման` ամերիկացիների կեսից ավելին պատրաստ է մեկ շաբաթով հրաժարվել շոկոլադից, ալկոհոլից եւ սուրճից, բայց ոչ հեռախոսից։ Հարցվածների մեկ երրորդը կհրաժարվեր սեքսից, 22%-ը՝ ատամի խոզանակից, 21%-ը դուրս կգար տնից առանց կոշիկների, քան առանց բջջային հեռախոսի։ Հարցվածների 66%-ը քնում է  սմարթֆոնի հետ։ Ավելի վաղ բրիտանական Intersperience ընկերության անցկացրած մեկ այլ հարցման համաձայն՝ մեր կախվածությունն այնքան ուժեղ է, որ մարդիկ առանց ինտերնետի անցկացրած օրերը համեմատում են ալկոհոլից կամ խմիչքից հրաժարվելու հետ։
  4. Գրաքննության անհնարինություն. ինտերնետային տեխնոլոգիաների դարաշրջանում տեղեկատվության տարածումը փակել կամ գրաքննել հնարավոր չէ: Բավական է  տեղեկությունը հայտնվի սոցիալական ցանցերում, եւ այն կարող է տարածվել անկառավարելի կերպով: Դրա վառ օրինակներն են վիքիլիքսյան բացահայտումները եւ Էդվարդ Սնոուդենի տեղեկատվական գաղտնազերծումները, երբ ողջ աշխարհը կարողացավ տիրապետել ամերիկյան գաղտնի ծառայությունների տեղեկություններին ու պլաններին:
  5. Ինտերակտիվություն. ինտերնետային գրեթե յուրաքանչյուր կայք ունի «Մեկնաբանություն» բաժին, որը հնարավորություն է տալիս օգտատիրոջն իր կարծիքն արտահայտել տվյալ կայքի կամ իրադարձության մասին: Կամ, ինչպես ասում են, “feedback”-ի հնարավորություն է ընձեռում: Լրատվական որոշ կայքեր ամբողջովին հիմնված են ընթերցողների տեղեկատվության վրա, այստեղից էլ առաջացել է «հանրային լրագրություն» եզրույթը: Հանրային լրագրող է յուրաքանչյուր քաղաքացի, ով տեղեկատվություն է հայտնում որեւէ իրադարձության մասին դեպքի վայրից: Սիրիայի պատերազմը մեծ մասամբ լուսաբանվում է տեղաբնակների հեռախոսով նկարահանված տեսանյութերի միջոցով: Պատերազմի ընթացքում հանրային լրագրողների մի մեծ բանակ է ձեւավորվել Սիրիայի տարբեր քաղաքներում, ովքեր ներկայացնում են իրավիճակը իրենց տեսանկարահանումների եւ նոթերի միջոցով:

Երբ տեխնոլոգիական վերընթացը բոլորին՝ անկախ մասնագիտությունից, տարիքից, սեռից ու այլ պատկանելությունից, դարձնում է տեղեկություն կրող եւ փոխանցող, հարց է առաջանում, թե ի՞նչ տեխնիկական, բովանդակային եւ տնտեսական  փոփոխությունների եւ տրանսֆորմացիաների պետք է ենթարկվի լրագրությունը իր հիմնական գործառույթները պահպանելու համար:

Նախ՝ անդրադառնանք տեխնիկականին. տպագիր մամուլն այսօր հոգեվարք է ապրում. նույնիսկ մեդիա գիգանտ հանդիսացող խոշոր թերթերն ու ամսագրերը կամ կանգնում են փակման եզրին կամ տեղափոխվում համացանց: Տպագիր մամուլի լրագրողները նույնպես շարժվում են դեպի կայքեր, սկսում սովորել եւ տիրապետել օնլայն ժուռնալիստիկայի հմտություններին՝ աշխատաշուկայում իրենց տեղը չկորցնելու համար:

Եթե նախկինում տեխնիկական աշխատողը տարբերվում էր տեքստ գրող լրագրողից, ապա այժմ մրցունակ են ունիվերսալ գիտելիքներ ունեցող լրագրողները: Նրանք, բացի ձայնագրելուց եւ ինֆորմացիան տեքստի վերածելուց, պետք է կարողանան նաեւ նկարահանել, մոնտաժել, դիաֆրագմաներ գծել եւ տեղեկատվությունը լսարանին հասցնել հնարավորինս ինտերակտիվ, տեսանելի ու մատչելի տարբերակով:

Pew Research Center-ի տվյալներով՝ ավանդական լրատվամիջոցներն ամերիկացիների համար կորցնում են նորությունների աղբյուր լինելու դիրքերը։ Դեռեւս 2011թ. միայն հեռուստատեսությունն էր, որ Ինտերնետի համար միջինում մրցակցող հարթակ էր ։ Եթե ավագ սերնդի միջին ամերիկացու համար Ինտերնետը դեռ չի դարձել տեղեկատվության որոնման հիմք, ապա 18-29 տարեկան ամերիկացիների ճնշող մեծամասնության (65%) համար ինտերնետն արդեն երկու տարի է, ինչ դարձել է նորությունների հիմնական աղբյուր։Այս միտումը գլոբալ է, եւ մյուս երկրների համար նման ցուցանիշների հասնելն ընդամենը ժամանակի հարց է։

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի մեդիափորձագետներից Գեղամ Վարդանյանը գրում է, որ 2013թ. նախագահական ընտրությունների օրվանից սկսած՝ Հայաստանում ձեւավորվեց իսկական ինտերնետային հեռուստատեսություն եւ ինտերնետային հեռուստատեսությունների մրցակցային շուկա: Նրա կարծիքով` ինտերնետային հեռուստատեսության հարթակում կայացող կայքերը լրացնում են հեռուստատեսային եթերում հաճախ չհերիքող քննարկումներն ու իրավիճակային վերլուծությունները:

Մինչեւ այս ընտրությունները Հայաստանում ինտերնետային ուղիղ հեռարձակումը առաջին հերթին ասոցացնում էին հանրահավաքների հետ, իսկ այսօր կարելի է օնլայն դիտել ասուլիսներ, քննարկումներ, կլոր սեղաններ, կոնֆերանսներ եւ այլն: Հայաստանում ինտերնետային հեռուստատեսության դաշտում հայտնի են երեք լրատվամիջոցներ՝ «Ա1+»-ը, «Ազատություն»-ը եւ «CivilNet»-ը: Այս լրատվամիջոցները ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում են ոչ միայն ընտրությունները, այլեւ հասարակական եւ քաղաքական կարեւոր բոլոր իրադարձությունները: Եւ հենց այդ հեռարձակումների միջոցով են մարդիկ ծանոթանում իրականում տեղի ունեցածին՝ առանց գրաքննության եւ մոնտաժի:

Կարեւոր իրադարձություններն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելն ունի նաեւ իր հասարակական ազդեցությունը: Շատերը, օգտվելով ուղիղ հեռարձակմամբ դիտելու հնարավորությունից, այլեւս տնից կամ աշխատավայրից դուրս չեն գալիս, ներկա չեն գտնվում հանրահավաքներին, ցույցերին կամ այլ իրադարձություններին: Օնլայն հեռարձակումն արդեն իսկ բավարարում է այնտեղ կատարվածի մասին նրանց հետաքրքրությունը:  

Բովանդակային եւ ֆինանսական փոխակերպումների մասին խոսելու համար հարկ է նշել, որ լրատվամիջոցի բովանդակությունն ուղիղ կապի մեջ է ֆինանսական աղբյուրների եւ քաղաքականության հետ: Տեխնոլոգիական բարեփոխումները մեծապես ազդել են ինչպես խոշոր, այնպես էլ մանր թերթերի ֆինանսական քաղաքականության վրա: Տասնամյակներ շարունակ զարգացման բուռն ճանապարհ անցած գերմանական թերթերն այսօր ծանր դրության մեջ են հայտնվել: Նրանք չեն կողմնորոշվում՝ ինչպես ուղղորդել ֆինանսական քաղաքականությունը, քանի որ տարիներ շարունակ ֆինանսավորվել են թերթի վաճառքից եւ բաժանորդագրություններից գոյացող գումարներով: Բաժանորդագրությունները նվազել են, թերթերը չեն վաճառվում, ինտերնետն առաջարկում է տեղեկատվության մի ամբողջ պաշար՝ անվճար:

Տեխնիկական ելքը նրանք գտել են. մի շարք խոշոր գերմանական թերթեր արդեն ունեն իրենց ինտերնետային տարբերակը, սակայն այնտեղ տեղ գտած տեղեկատվությունը վաճառել չեն կարողանում:

32-ամյա Քրիստիան Ունգերն աշխատում է գերմանական «Hamburger Abendblatt» թերթում։ Նա վերջերս գրում է նաեւ նույն թերթի ինտերնետային տարբերակի համար եւ փորձում ընդունել օնլայն լրագրության նոր մարտահրավերները. «Տպագիրն ամեն ինչ անվճար առաջարկում է համացանցում» գործելակերպից տարիներ անց՝ այժմ, Գերմանիայում աճում են թերթերի նորաբաց կայքերը՝ վճարովի պարունակությամբ (welt.de, bild.de, abendblatt.de, taz.de եւ այլն): Այնուամենայնիվ, ընթերցողը շարունակում է ունենալ այն մտայնությունը, որ համացանցում «ամեն ինչ անվճար է»: Եւ քանի դեռ կան խոշոր եւ անվճար կայքեր, ինչպիսիք են՝ spiegel.de-ն եւ zeit.de-ն, շատ դժվար կլինի ընթերցողին վճարել սովորեցնել: Ես աշխատում եմ Hamburger Abendblatt-ում, որի բացառիկ նյութերն ու հոդվածները կարդալը վճարովի է, եւ մենք վատ ցուցանիշ չենք արձանագրել. օրեցօր ավելանում է ընթերցողների թիվը»,- ասում է Ունգերը:

Ցավոք, գովազդի գները տպագիր մամուլում նվազում են, բայց օնլայն մամուլում դրանց գները չեն բարձրանում: Գերմանացի լրագրողը նշում է, որ Գերմանիայում միայն մի քանի լրատվական կայքեր կան, որոնք աշխատում են առանց գումար կորցնելու. «Տեսանյութերը կարող են օգնել գովազդի գների բարձրացման հարցում. տեղական գովազդը նույնպես կարող է նշանակություն ունենալ: Քաղաքականությունը մեկն է՝ տպագիր թերթերի լրագրողները դառնում են օնլայն մեդիայի լրագրողներ: Հաճախ նրանք առաջնահերթ գրում են կայքի, այնուհետեւ՝ տպագրի համար: Հին հիերարխիան կարծես թե հալչում է»,- նշում է Քրիստիան Ունգերը։

Գերմանացի մեկ այլ լրագրող՝ Քրիստիան Մեյերը, համարում է, որ դեռեւս վաղ է ձեւակերպումներ տալ օնլայն մեդիային, քանի որ ոչ ոք չգիտի, թե այն ինչի կվերածվի․ «Այս պահին ոչ ոք իրականում չգիտի, թե ճանապարհն ուր է տանում: Ես անձնապես կարծում եմ, որ տպագիր մամուլը դեռ մի քանի տարի էլ կշարունակի գոյատեւել: Բայց մինչ այդ լրագրողները պետք է հասցնեն ադապտացվել, այլապես դուրս կմնան շուկայից: Մի կողմից լրագրողներն առավել հմուտ են դառնում, մյուս կողմից աշխատաշուկայի պահանջներն են բարձրանում: Ես չեմ կարծում, որ լրագրությունը դատապարտված է: Երեւի թե խնդիրն ընդամենը նոր հմտություններ ձեռք բերելու մեջ է: Համալիր ինֆորմացիայի հայտնումը, համակողմանի տեղեկատվության ներառումը, որակյալ ներկայացնելն ու գրավիչ փաթեթավորում տալն էլ կարեւոր բաներ են»,- ավելացնում է լրագրողը:    

Այս մեծամասշտաբ փոփոխությունները կարող են ազդել լրատվամիջոցի ֆինանսական քաղաքականության վրա, որից էլ ուղղակիորեն կախված են բովանդակությունն ու լրատվական քաղաքականությունը։ Տեխնիկապես օնլայն տարածք անցում կատարելը դեռեւս հարցի լուծում չէ։ Խոշոր եւ մանր բոլոր լրատվամիջոցները Եվրոպայում ֆինանսական քաղաքականությունը կազմակերպելու խնդիր ունեն։ Գերմանացի լրագրող Քրիստիան Մեյերն այս հարցին նույնպես անդրադառնում է․ «Գերմանիայում խոշոր քննարկումներ են ընթանում մեդիա դաշտում, թե արդյո՞ք հնարավոր է վաճառել օնլայն լրատվությունը: Իրականում մի քանի կայքեր աշխատում են այդ սկզբունքով, սակայն ոչինչ հստակեցված չէ. սա բոլորովին նոր բան է: Ես կարծում եմ՝ նույնիսկ ամենախոշոր թերթերը դեռեւս չեն կողմնորոշվել՝ ինչպես ուղղորդել իրենց բիզնեսը»:

Եթե Եվրոպայում դեռեւս քննարկումներ են ընթանում բիզնեսի կառավարման շուրջ, Հայաստանում լրատվամիջոցների ֆինանսական քաղաքականությունը բոլորովին էլ բիզնեսի հետ կապ չունի։ Կան մեկ-երկու անկախ լրատվամիջոցներ՝ միջազգային ֆոնդերից ֆինանսավորվող, եւ կուսակցական կայքեր, հեռուստաընկերություններ, ռադիոընկերություններ ու գրեթե փակման եզրին հասած թերթեր։

Քաղաքական գործիչների, կուսակցությունների կողմից ֆինանսավորվող մամուլն ուղղակի անցել է օնլայն դաշտ, յետեւյալ մեկ տարբերությամբ - այժմ լրատվական կայք պահելն ավելի էժան է, քան թերթ տպելը, լրատվական կայք բացելու համար լիցենզիա հարկավոր չէ, եւ ով ցանկանա, կարող է լրատվական կայք ունենալ։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաները հայաստանյան գործող, փորձառու լրատվամիջոցներին զարգանալու, նոր որակներով հանդես գալու, գրաքննությունից խուսափելու հնարավորություն տվեցին։ Միեւնույն ժամանակ, այդ տեխնոլոգիաները հարյուրավոր նոր կայքերի կողմից օգտագործվեցին ապատեղեկատվություն, վիրավորանք, սադրանք տարածելու նպատակով՝ գործիք դառնալով տարբեր ուժերի ձեռքում։

Հայաստանյան լրատվամիջոցներում որեւէ քննարկում չկա թե ինչպես վաճառել օնլայն տեղեկատվությունը, քանի որ այստեղ նյութական միջոցներն ինֆորմացիայի վաճառքից չեն գոյանում, այլ քաղաքական պատվերի կատարման արդյունքում։ Տեղեկատվության բազմազանության եւ անսահմանության այս դարաշրջանում մարդիկ չեն պատրաստվում վճարել տեղեկություն ստանալու համար: Հայաստանում տեղեկություն տվողն է պատրաստ վճարել՝ իր տեղեկությունը (կամ քաղաքական հաղորդագրությունը) հնարավորինս լայն զանգվածներին վաճառելու համար: Դրա վառ օրինակը սոցիալական ցանցերում տարածվող գովազդներն են, լայքեր հավաքելու բազմապիսի ու բազմաբնույթ խաբեությունները։ Ինֆորմացիայի առքուվաճառքը «շուկաներից տեղափոխվել է բիրժաներ»: Եթե նախկինում վաճառողներն իրենց ապրանքը «շարում էին սեղանիկներին», իսկ գնորդը, անցնելով դրանց մոտով, գնում էր իրեն հարմար ապրանքը, ապա այժմ իրավիճակը բոլորովին այլ է:

Ստեղծվել են սոցիալական ցանցեր, որտեղ հավաքված են ընթերցողները (պոտենցիալ գնորդ), իսկ վաճառողները (լրատվական կայքեր) առաջարկում են իրենց ապրանքը: Եւ որքան այդ ապրանքը հետաքրքիր, գեղեցիկ փաթեթավորում ունենա, այդքան ավելի լավ կվաճառվի: Այս բիրժաներում արդեն խախտվում են նաեւ տեղեկատվության՝ որպես ապրանքի սահմանումները, չափորոշիչներն ու բովանդակությունը: Տեղեկատվություն արտադրելու մենաշնորհն այլեւս լրատվամիջոցներինը չէ: Սպառողն ինքը նաեւ արտադրող է: Այս պայմաններում փոխվում են նաեւ մրցակցության կանոնները:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը նորագույն տեխնոլոգիաների շքերթը հիանալի գործիք է համարում, բայց միայն որակյալ եւ բովանդակություն ստեղծող լրատվամիջոցների համար․ «Տեխնոլոգիաներն օգնում են լրագրողներին բարելավել բովանդակությունը, ու ես կուզեի, որ լրատվական կայքերն ու օնլայն լրագրությունը հենց այդպես էլ զարգանար։ Ես հատուկ խոսում եմ որակյալ բովանդակոււթյան, արագ ու միաժամանակ հավաստի լրատվության մասին, օգտատիրոջը, մեդիա սպառողին օգնող, նրա կողքին կանգնած ու ոչ թե նրան շփոթեցնող, խաբող, «քլիք» կորզող լրագրության մասին… Որովհետեւ հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում նաեւ օգտատերերը, մեդիա սպառողները կսկսեն որոնել, պահանջել ավելի որակյալ օնլայն լրագրություն, ու առաջարկ-պահանջարկը իրար կհամապատասխանեն»,- նշում է նա։

Գեղամ Վարդանյանը կարծում է, որ ապագայում հայաստանյան օնլայն թերթերը նույնպես կսկսեն վաճառել կայքում զետեղված կարեւոր տեղեկատվությունը․«Տպագիր թերթերի՝ օնլայն բովանդակության զարգացումը անխուսափելիորեն կազդի նրանց տնտեսական քաղաքականության վրա։ Բնական է, որ եթե թերթերի սեփականատերերը ներդրում են անում օնլայնում, ուրեմն այդ շուկան է, որ զարգանում է, ու նաեւ բնական է այդտեղից ավելի շատ եկամուտներ ակնկալելը։ Կարող ենք նաեւ Հայստանում մոտ ապագայում տեսնել տպագիր մեդիաներ, որոնք օնլայնում իրենց արխիվից օգտվելու համար գումար կպահանջեն»։

Իսկ մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը համոզված է, որ տեխնոլոգիական այս փոփոխությունների արդյունքում հետզհետե միմյանց են միաձուլվում բոլոր լրատվատեսակները. «Այսօր շատ դժվար է արդեն սահման գծել տարբեր տիպի ԶԼՄ-ների միջեւ։ Կայքեր կան, որոնք ոչ միայն ցանցային լրատվական են, այլ նաեւ՝ ֆոտոգործակալություն եւ ցանցային հեռուստատեսություն։ Գնալով սահմանը լղոզվում է, պարզապես մնում է մի տարբերանշան՝ որ ոլորտի վրա է այս կամ այն ԶԼՄ-ն իր հիմնական ռեսուրսները ծախսում։ Մեկը ավելի շատ հեռուստաընկերություն է, մյուսը՝ շատ ավելի լրատվական կայք։ Բայց երկուսն էլ կան բոլոր դաշտերում»,- ասում է Սամվելը։

Սամվել Մարտիրոսյանը ընդգծում է նաեւ, որ լրատվամիջոցների տարբեր տեսակների միաձուլման հետեւանքով միակ տուժողը տպագիր մամուլն է։ Թե՛ ռադիոն, թե՛ հեռուստատեսությունը կարող են շարունակել գոյատեւել օնլայն տարբերակում, սակայն տպագիր մամուլի վիճակն ամենածայրահեղն է. «Նույնիսկ այն երկրներում, որտեղ տպագիր մամուլն ունի հին ավանդույթներ, հասարակության մեծ զանգվածների կողմից ընդունված է որպես կյանքի մի մաս եւ գործում է որպես ինքնասպասարկող բիզնես, նույնիսկ այդ երկրներում տպագիր մամուլը ստիպված է գաղթել դեպի ցանց։ Հայաստանում տպագիր մամուլը շատ ավելի ծանր վիճակում է, քանի որ շատ ավելի բարդ է գոյատեւել այն դեպքում, երբ տպաքանակները հասնում են միայն մի քանի հազարիեւ գնալով նվազում են։ Թերթերը, փաստացի, չեն ստանում նոր լսարան՝ երիտասարդությունը չի դառնում ընթերցող։ Այնպես որ, միակ փրկությունը՝ արտագաղթ դեպի ցանց»,- եզրափակում է Սամվելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter