HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Չկա բացառիկ հելիկտիտը. պատասխանատու ՊՈԱԿ-ը չի ահազանգել ոստիկանություն

Այս հելիկտիտը գտնվել է Եղեգնաձորի Արջերի քարանձավում: Լուսանկարի հեղինակը ԱՄՆ-ի ազգային անձավագիտական միության անդամ Սթիվեն Ջոնսոնն է: 2009թ. նա և ԱՄՆ-ի ազգային անձավագիտական միության այլ անդամներ, այդ թվում՝ հայազգի անձավագետ Չակ Չավդարյանը, այցելել էին Հայաստան` կատարելու հայկական քարանձավների ուսումնասիրություն:

Հայաստան կատարած այցելությունից հետո Չակ Չավդարյանն (Chuck Chuvdarian)  ու Սթիվեն Ջոնսոնը (Steven Johnson) հոդված են գրել հայկական քարանձավերի մասին և հրապարակել այն ԱՄՆ-ի ազգային անձավագիտական միության “NSS News” ամսագրում: «Առաջին անձավագիտական արշավը Հայաստան» հոդվածում գրվել է նաև այս հելիկտիտի մասին:

2011թ. Չակ Չավդարյանը մի քանի այլ գործընկերների հետ նորից է այցելել Հայաստան` Եղեգնաձորի, Արջերի, Մագիլի ու Մոզրովի քարանձավերում շարունակելու ուսումնասիրությունները: Արջերի քարանձավում շրջելուց հետո անձավագետները նկատել են, որ հելիկտիտն այլևս չկա: Այս մասին պատմում է քարանձավագետ, «Հայաստանի անձավագիտական կենտրոն»-ի անդամ Սմբատ Դավթյանը, ով երկու այցելությունների ժամանակ էլ ուղեկցել է միջազգային գործընկերներին:

Անցած տարի Արջերի քարանձավ անհայտ անձանց մուտք գործելու և քարանձավը վնասելու վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել «Չենք լռելու» նախաձեռնությունը: Ի պատասխան` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ քարանձավ ոչ ոք մուտք չի գործել, ոտնահետքեր չեն հայտանբերվել:

Երկորդ անգամ կորած հելիկտիտին և Հայաստանի քարանձավների պահպանության վիճակին անդրադարձել են «Հայաստանի անձավագիտական կենտրոն»-ի անդամները այս տարի կազմակերպված ասուլիսի ժամանակ: Կենտրոնի անդամ Սմբատ Դավթյանը բնորոշելու համար, թե ինչպես են հսկվում Հայաստանի քարանձավները, հիշեցրել է նաև բացակայող եզակի հելիկտիտի մասին: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, այս հայտարարությանն ի պատասխան, երկրորդ անգամ է հերքում տարածել, որ որևէ մեկը չի մտել քարանձավ: Տեղանքում կատարվել է ուսումնասիրություն և ոտնահետքեր չեն հայտանբերվել՝ հիմնավորել են նրանք: Այս պատասխանով ավարտվել է բարձրացված աղմուկը:

“NSS News” ամսագրում հրապարակված հոդվածը, սակայն, շարունակում է հրապուրել միջազգային զբոսաշրջիկներին: Տպավորված հրապարակումից` այս տարի էլ Մեծ Բրիտանիայի անձավագիտական ասոցիացիայի անդամներն են կապ հաստատել հոդվածի համահեղինակի՝ Չակ Չավդարյանի հետ և այցելել Հայաստան: Չակը խնդրել է Սմբատ Դավթյանին ուղեկցել անգլիացի զբոսաշրջիկներին: Արջերի քարանձավում նրանք էլ են փնտրել ամսագրում գրվածը` հելիկտիտը, և դարձյալ «քոռ ու փոշման վիճակ»` պատմում է Սմբատ Դավթյանը:

Արջերի քարանձավ. հելիկտիտը դեռ իր տեղում է Մեծ Բրիտանիայի անձավագիտական ասոցիացիայի անդամները քարանձավում. հելիկտիտը չկա

Անհնար է, որ հելիկիտը ինքնիրեն կոտրվեր՝ ասում է Սմբատ Դավթյանը, որովհետև այդ դեպքում գետնին թափված կլինեին դրա կտորները: «Միանշանակ, պոկել, տարել են»,- ասում է նա: Արջերի քարանձավի հելիկտիտը, նրա խոսքով, բավականին մեծ էր, կոտրելուց հետո այն դժվար կլիներ տեղավորել պայուսակի մեջ, որովհետև կփշրվեր: Այն քարանձավից դուրս է բերվել` ինչ-որ մեկի ձեռքում պահած, և հետևաբար պետք է նկատելի լիներ դրա պահպանությամբ զբաղվող ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար:

Քարանձավագետը նշում է, որ հելիկտիտները հազվադեպ հանդիպող գոյացություններ են, կարող են օգտագործվել զբոսաշրջային նպատակներով և պետք է արժանանան հատուկ պահպանության: Չի կարելի ձեռք տալ, իսկ լուսանկարել թույլատրվում է որոշակի հեռավորությունից:

«Դրանք տարբեր ուղղություններով աճող կալցիտային գոյացություններ են. ստեղծում են այնպիսի  տպավորություն, որ իրենց ձևավորվելու ժամանակ ծանրության ուժը չի գործում: Մինչև այժմ անհայտ է, թե ինչ պատճառով են դրանք աճում կողային, անգամ վերընթաց  ուղղություններով»,- ասում է Սմբատ Դավթյանը: Հելիկտիտը, քարանաձավագետի խոսքով, հազար տարին մեկ աճում է մոտավորապես 1 սմ-ով: 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հելիկտիտի կորստի մասին չի ահանզանգել ոստիկանություն: «Այս դեպքում չենք ահազանգել, որովհետև տեսել ենք, որ տարածքում ոտնահետք չի եղել, մարդիկ չեն մտել, իսկ առհասարական ցանկացած դեպքում, երբ որևէ իրավախախտման փաստ ենք արձանագրում, մենք անպայման ոստիկանություն, դատախազություն դիմում ենք»,- մեզ հետ զրույցում նշեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը:

ՊՈԱԿ-ը ունի՞ պահակներ, որոնք հսկում են քարանձավ ելումուտը:

Պահապաններ, մերոնք պահակ չեն: Հուշարձանների պահապանները:

Լավ, ինչ-որ մեկը հսկո՞ւմ է ելումուտը:

Մեր պահապաններն ունենք շրջայցերի գրաֆիկ: ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունը ունի պահապաններ: Նրանք շրջայցերի գրաֆիկով լինում են բոլոր հուշարձանների տարածքներում: Քանի որ շատ հուշարձաններ կան, պահապանները կազմում եմ գրաֆիկ, և այդ գրաֆիկով բոլոր հուշարձանների տարածքում լինում են:

Ամեն օր լինո՞ւմ են:

Դժվար է ասել, որ ամեն օր լինում են: Իրենք կարող են լինել շաբաթը մեկ-երկու անգամ: Ամեն օր դժվար է լինել տեսականորեն: Իրենք տարածքում լինում են՝ ըստ շրջայցերի գրաֆիկի:

Այսինքն` հնարավոր է, որ այդ օրը մտած լինեն քարանձավ, և ՊՈԱԿ-ից որևէ մեկը իմացած չլինի:

Չէ, հնարավոր չէ, որովհետև եթե մտած լինեին, այնտեղ անպայման ոտնահետքը կերևա:

Սմբատ Դավթյանը դեպքից որոշ ժամանակ անց է հայտնել, և հնարավոր է, որ ՊՈԱԿ-ի աշխատակցի այցելության ժամանակ ոտնահետք եղած չլինի:

Ես չգիտեմ: Ես ուզում եմ իմանալ՝ եթե ինչ-որ բան եղել է շատ ավելի շուտ, ինչո՞ւ է Սմբատ Դավթյանը ուշ հայտնում:

Ուզում եմ իմանալ` եթե նման դեպք է եղել, ինչո՞ւ ՊՈԱԿ-ը տեղյակ չէ դրանից:

Ես ձեզ նորից եմ ասում, մենք էդ ահազանգի հետքով ենք գնացել և պարզել ենք, որ այդ ժամանակ չկա այնտեղ ոտնահետք:

Այսինքն` եթե ահազանգը չլիներ, դեպքի մասին չէ՞ր իմացվելու:

Ոչ, հակսանում եմ ձեր ասածը, եթե չլիներ նման ահազանգ, մենք չէինք լինի Արջերի քարանձավում, բացարձակ, նման բան չկա, մեր պահապանները պարբերաբար անկախ նրանից որևէ մեկը հայտարարություն անում է, թե չի անում, ահազանգում է, թե ոչ, մեր պահապանները պարբերբար լինում են քարանձավների տարածքներում և բացառվում է, որ եթե ահազանգ չլիներ, մեր աշխատակիցները չգնային Արջերի քարանձավ: Ոչ, պարբերաբար, ըստ շրջայցերի գրաֆիկի, այցելում են բոլոր հուշարձանների, քարանձավների տարածքներ: Եվ եթե եղած լիներ, ապայման նրանք կարձանագրեին փաստը և մենք  էլ արձանագրած կլինեինք: Եվ եթե արձանագրած լինեինք իրավախախտում, անպայման կդիմեինք ոստիկանություն:

Եթե կա փաստ` լուսանկար, որ բացակայում է հելիկտիտը, ինչպե՞ս դա կարող է չլինել իրավախախտում:

Մի բան ինձ համար անհասկանալի է, պարոն Դավթյանի հետ խոսե՞լ եք դուք:

Այո:

Պարոն Դավթյանին հարցրե՞լ եք. եթե դուք դա գտել եք մի տարի առաջ, ինչու չեք մի տարի առաջ Դուք դիմել իրավապահներին:

Բարձրաձայնել են մամուլում:

Իմ ասածը ուրիշ բան է, իրենք բարձրաձայնել են մամուլում, մենք դա տեսել ենք:

Դուք հերքել եք:

Այո:

Ինչպե՞ս եք հերքել, եթե կա փաստը, որ մուտք եղել է, չկա հելեկտիտը:

Ես ասում եմ, մենք գնացել ենք այդ հայտարարության հետքերով և տեսել ենք, որ չկա մուտք:

Մեկնաբանություններ (2)

Xunsap'ha
An Armenian job was done.
Самвел
Мыши унесли геликтит, мышей много в Армении!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter