HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսում ուղեւորափոխադրում իրականացնողը դադարեցրել է սպասարկումը

Գորիսի քաղաքապետարանը հայտարարել էր ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար: Այն նախատեսված էր քաղաքի Անկախության փողոցի եւ Արցախյան խճուղու որոշակի հատվածների սպասարկման նպատակով, սակայն մինչեւ հայտերի համար սահմանված վերջնաժամկետը, որեւէ կազմակերպություն դիմում չէր ներկայացրել, ուստի դեկտեմբերի 20-ին նախատեսված մրցույթը չկայացավ:

«Օրենքով սահմանված կարգով դեռեւս դեկտեմբերի 16-ին` փաստաթղթերի հանձնման վերջին օրը արձանագրություն է կազմվել եւ որոշում կայացվել 2014 թվականի հունվարի 20-ին նույն երթուղու համար նոր մրցույթ հայտարարելու մասին»,- ասաց փոխքաղաքապետ Տիգրան Բարխուդարյանը, ով նաեւ գլխավորում է Գորիս համայնքի տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովի աշխատանքները: Նրա խոսքով` դեռեւս սեպտեմբերի 9-ին նշված երթուղիներն սպասարկող «Սամուել Տրանս» ՍՊԸ-ից դիմում է ստացվել ուղեւորափոխադրումների տեղափոխման պայմանագիրը միակողմանի դադարեցնելու մասին, ինչը հիմնավորվել է «ցածր ուղեւորահոսքով», որի պատճառով, ծառայություն մատուցող ընկերությունն աշխատում է վնասով:

Համաձայն Գորիսի քաղաքապետարանի հետ 04.04.2012 թ. կնքված պայմանագրի, որն ուժի մեջ էր մինչեւ 2015 թվականը, ծառայություն մատուցող ընկերությունը պարտավորվում էր նման դեպքերում ուղեւորափոխադրումները շարունակել մինչեւ նոր մրցույթ անցկացնելը:

Այն հարցին, թե հնարավոր է արդյոք նոր մրցույթի համար եւս հայտեր չներկայացվեն եւ այդ դեպքում ինչպես է ապահովվելու նշված երթուղիներով ուղեւորափոխադրումների  կազմակերպումը, համայնքի ղեկավար Նելսոն Ոսկանյանը նշում է. «Այս պարագայում  համայնքային իշխանությունն իրավունք ունի առանց մրցույթի պայմանագիր կնքել իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների հետ` որոշակի ժամկետում սպասարկում իրականացնելու համար»: Քաղաքապետը չի բացառում նաեւ, որ հնարավոր է քննարկվի ուղեւորավարձի բարձրացման խնդիրը, բայց պայմանով, որ  ուղեւորափոխադրումների վերջնաժամկետը ժամը 18:00-ից տեղափոխվի մինչեւ 21:00-ն: «Մարզկենտրոն Կապանում երթուղային միկրոավտոբուսների ուղեւորավարձը կազմում է 100 դրամ, Գորիսում` 50 դրամ: Մի կողմից` երթուղիները սպասարկող ընկերությունները նշում են, որ ուղեւորահոսքի պատճառով վնասով են աշխատում, մյուս կողմից` համայնքի բնակիչները դժգոհում են, որ ներհամայնքային տրանսպորտն աշխատում է մինչեւ ժամը 18:00-ն: Պետք է կարողանանք «կոմպրոմիսի» գնալ, թեկուզ ուղեւորավարձը բարձրացնելու միջոցով, բայց այս դեպքում պարտադրելով, որ փոխադրման ժամկետը երկարաձգվի»,- ասում է քաղաքապետը:

Մինչեւ այժմ անցկացված մրցույթներով, նաեւ այլ երթուղիների համար, «Լաստ», «Սամուել Տրանս» ՍՊԸ-երի  հետ կնքված պայմանագրերում քաղաքային տրանպորտի աշխատանքի ավարտը սահմանված է մինչեւ ժամը 21:00-ը: Այս ժամկետը, սակայն ուղեւորափոխադրող ընկերությունները խախտում են եւ դա արդարացնելու համար վկայակոչում են պայմանագրով ամրագրված մեկ այլ պարտավորվածություն, ըստ որի Կատարողը օրվա ընթացքում պարտավոր է իրականացնել նվազագույնը 18 ուղերթ: Ծառայություն մատուցողները չվացուցակի խախտումը հիմնավորում են այն փաստով, որ մինչեւ ժամը 18:00-ը նշված երթերի թիվն ապահովվում է: Այս դեպքում, իհարկե, անհականալի է, թե պայմանագրով նախատեսված երթերի քանակն ինչպես է ապահովվում հանգստյան եւ տոն օրերին, երբ ներհամայնքային տրանսպորտը չի աշխատում:

Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող «Համայնքային միկրոհարցում» ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքի բնակիչները կարճ հաղորդագրություն ստացան` «համաձա՞յն եք որ համայնքային տրանսպորտի ուղեւորավարձը թանկանա 50 դրամով եւ աշխատի մինչեւ 21:00-ն»:

Թե ինչպիսին կլինեն հարցման արդյունքները, դժվար է ենթադրել, բայց հետաքրքրականն այն է, որ ուղեւորափոխադրողները դեռեւս 2012 թվականին կայացած մրցույթով նախատեսված պարտավորությունները լիարժեք իրականացնելու համար փորձում են նոր պայմաններ թելադրել տեղական իշխանություններին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter