HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Հայկական թեմաների լուսաբանումը թուրքական մամուլում

Թեպետ հայ-թուրքական սառեցված հարաբերություններին` քաղաքացիական հասարակության մակարդակով որոշակի հարաբերություններ, այդուհանդերձ, կան: Սակայն խոսել այն մասին, թե ինչ չափով են դրանք լուսաբանվում մեդիայում՝ թե այս, թե այն կողմից, դժվար է ասել: Վերջին նման ուսումնասիրությունը 2011թ. արել է Երևանի մամուլի ակումբը Իզմիրի տնտեսական համալսարանի հաղորդակցությունների ֆակուլտետի հետ համատեղ: Դրանից առաջ՝ 2009թ,. ևս մեկն արվել է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» կողմից:

Թուրքայի երկու անգլիալեզու թերթերից մեկի՝ Today’s zaman-ի միջազգային լուրերի խմբագիր Մուսթաֆա Յիլմազն ասում է, որ Հայաստանն իրենց համար իրականությունից դուրս է:

«Իրանը նույնպես այդ իրականությունից դուրս է,- ասում է նա,- իսկ Ադրբեջանը արդեն հայտ է  ներկայացնում՝ դառնալու այդ իրականության մասը»:

Today’s zaman-ը «Ֆեզա գազետչիլիկ» մեդիահոլդինգի մաս է, որի կազմում է նաև Ջիհան լրատվական գործակալությունը. այն աշխարհի 80 երկրում ներկայացուցիչ ունի:

Today’s zaman-ը Հայաստանում և Իրանում թղթակից չունի, իսկ, օրինակ, Ադրբեջանում ունի:

Մուսթաֆա Յիլմազ

«Մենք համարյա չենք գրում Հայաստանի մասին,- ասում է Յիլմազը,- Հայաստանը Թուրքիայի գրեթե բոլոր լրատվամիջոցների համար մեծ պատմությունների համար աղբյուր չէ: Մենք Հայաստանի մասին գրում ենք միայն կրիտիկական վատ իրադրությունների պայմաններում է, ու դա վատ է»:   

Today’s zaman-ի հավակնոտ խմբագիրը Թուրքիան չի համարում իրենց համար որպես մրցակցային դաշտ: «Մենք դիտարկում ենք աշխարհը՝ որպես շուկա և մրցում ենք նույնիսկ Ռոյթերսի հետ»,- ասում է նա:

Նրա կարծիքով՝ Թուրքիան հետաքրքրված է սահմանը բացելու և հարաբերություններ կառուցելու համար, սակայն նա այս հարցի շուրջ իր մոտեցումները չորոշակիացրեց:

Այդուհանդերձ, Յիլմազը կողմ է ազատ հասարակական երկխոսություններին, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա արտահայտվել: «Որպեսզի երկու կողմերն էլ բարձրաձայն ասեն այն, ինչ մտածում են, ու եթե մի կողմն ասում է, որ Ցեղասպանություն չի եղել, ապա թող բացատրի և հիմնավորում ներկայացնի, թե ինչու,- ասում է նա,- բայց ես զգում եմ, որ այդ հարցը երբեք չի կարող լուծվել, որովհետև դրա շուրջ երկու կողմից էլ բևեռացում կա»:

Today’s zaman-ի խմբագրությունը գտնվում է բարձրահարկ, նորաոճ և հսկայական մի շենքում, որի մի հատվածում նրանք տեղակայել են սեփական տպարանն ու իրենց թերթը իրենք էլ տպում են: Ամբողջ մեդիա հոլդինգի աշխատակազմը աշխարհով մեկ 6000 մարդ է: Today’s zaman-ը սկսել է տպվել 2007թ-ից, մինչդեռ հոլդինգը գոյություն ունի 1986թ.-ից:

Որտեղի՞ց է խմբագրությունը կարողանում ֆինանսական միջոցներ հայթայթել: Միջազգային լուրերի խմբագիրն ասում է, որ նրանք պարզապես լավ են աշխատում՝ պահպանելով և ներկայացնելով երկու կողմի տեսակետները:

«Թուրքիայում կան 4 ուղղվածության լրատվամիջոցներ,- ասում է Յիլմազը,- իշխանական, ընդդիմադիր, պրագմատիկ և չեզոք. մենք չորրորդ խմբում ենք»:

Այս հոլդինգը կապվում է Ֆեթուլահ Գյուլենի անվան հետ, սակայն Յիլմզը ժխտում է, որ իրենք որևէ կապ ունեն Գյուլենի հետ: «Սեփականատերը Գյուլենը չէ, մենք ունենք շահառուների մեծ խումբ՝ մոտ 1 մլրդ ընթերցող»,- ասում է նա:

Գեզի այգու շարժման ակտվիվիստներից Բեթալ Թանբայն ասում է, որ Թուրքիայում մեդիան  կապված է շինարարությունների և անշարժ գույքի հետ, և քանի որ Թուրքիայում շինարարության և անշարժ գույքի ոլորտը վերահսկվում են վարչապետի կողմից, ապա հետևություններ անելը դժվար չէ:

Բեթալ Թանբայն ասում է, որ Գեզի այգու շարժման բուռն ընթացքի ժամանակ նա հանդիպել է Ստամբուլի քաղաքապետի հետ, ով նրան ասել է. «Թողեք այդ ամենը. Էրդողանն ուզում է քանդել այգին, և դա կլինի»: Յիլմազն ասում է, որ իրենք լավ չեն կարողանում օգտագործել օնլայն միջոցները, քանի որ դրա համար պետք է մարտավարական փոփոխություն անել հոլդինգի ռազմավարությունում:

«Փոքր թերթերի համար դժվար չէ անել այդ փոփոխությունները, բայց մեծ մեդիաների համար ստրատեգիկ փոխփոխություններ են պետք»,- ասում է նա: Յիլմազն ասում է, որ իրենք դեռևս շարունակում են աշխատել ավանդական մեդիա ուղղվածությամբ, և 75 մլն բնակչություն ունեցող Թուրքիայի համար քիչ է դիտարկում մոտ 1 մլն թերթի տպաքանակը: Թուրքիայում ամեն օր թերթ է գնում 4մլն 800 հազար մարդ, և քանի որ իրենց թերթի տպաքանակը օրեկան  900 հազար է, Յիլմազը կարծում է, որ նրանք դեռևս ընդլայվելու տեղ ունեն:

Թուրքիայում կա 40 տպագիր թերթ: Գերմանիայում, որը նույնպես ունի մոտ 70 մլն բնակչություն. ամեն օր թերթ գնում է 3մլն 900 հազար մարդ: Յիլմազն ունի անգլերեն և թուրքերեն լեզուներով թվիթեր հաշիվ և կարծում է, որ դրանց հետևելը ոչ միայն շատ էներգիա է խլում, այլև զայրացնող է:

Այդին Էնգին

«Երբեմն մի բան ես գրում, որը բազմաթիվ արձագանքներ է ունենում ու չես կարող չպատասխանել,- ասում է  նա,- մինչդեռ իմ համար անձնական կյանքը շատ կարևոր է, ու պետք է ժամանակ լինի մի երկու բաժակ գարեջրի համար»: Իսկ T24 անկախ ինտերնետ պորտալի հիմնադիր և «Ակոս» թերթի նախկին սյունակագիր Այդին Էնգինն այս հարցում ունի այլ դիրքորոշում:

«Օրինակ` գերմանական Շպիգել շաբաթաթերթը նախկինում Թուրիքայում ուներ երեք թղթակից, որից մեկն էր միայն աշխատում վեբ կայքի համար, իսկ հիմա հակառակն է,- ասում է նա,- մերը օնլայն թերթ է և չի տպվում, և ես կարծում եմ, որ դա է ապագան»:

Նրանք, օրինակ, լայնորեն լուսաբանել են Գեզի այգու շարժումը: «Որի համար մենք 12 օրերի ընթացքում ունեցանք 364 հազար այցելություն, որը մեր համար մեծ թիվ է,- ասում է նա,- իսկ մեծ լսարան ունեցող մեդիաները Գեզի այգու իրադարձությունները չէին լուսաբանում»:

Էնգինն ասում է, որ նրանք Հայաստանի ու Թուրքիայի հետ կապված ցանկացած նորություն տպում են: «Օրինակ Նուրդանը (թուրք լրագրող) իր հայ ընկերների օգնությամբ նյութ էր արել հայկական դպրոցների մասին, և մենք ոչ միայն ամբողջ նյութը դրեցինք, այլև նրա հետ հարցազրույց արեցինք, ու դա նույնպես դրեցինք կայքում»: Փորձառու լրագրողը մեդիայում է 45 տարի ու իրեն համարում է լուրային լրագրող:

«Ես շատ հին եմ,- ժպտալով ասում է նա,- 1956թ. լուրերում եմ ու կարծում եմ, որ, միգուցե, սյունակ պահելը կարևոր է, բայց նորություններն են ամենակարևորը»: Էնգինը ընդդիմադիր մարդ է ու իր քաղաքական հայացքների համար բանտարկվել է: 1980թ. նա բանտից փախել է ու գնացել օդանավակայան՝ երկիրը լքելու: «Առաջին ինքնաթիռը, որ պատրաստ էր թռիչքի, գնում էր դեպի Գերմանիա ու դա էլ նստեցի»,- պատմում է նա:

Նա այնտեղ ապրել է 12 տարի՝ սկսելով աշխատել որպես վարորդ, սակայն երեք տարի հետո, երբ լեզուն արդեն սովորել էր, սկսել է աշխատել նաև մեդիայում: 1991թ. Թուրքիայում հայտարարվել է համաներում, որի հետևանքով էլ նա վերադարձել է: Սակայն վերադարձից հետո նա պետք է 100 օր բանտում նստեր, իսկ դուրս գալու օրը միակ մարդը, որ նրան սպասում էր, Հրանտ Դինքն էր:

«Ես շատ հիշողություններ ունեմ Հրանտի հետ, բայց այս պատմությունն ամեն անգամ հիշելիս լացս գալիս է. նա միակ մարդն էր, որ սպասում էր դարպասների մոտ,- հիշում է Էնգինը,- որից հետո իմ կնոջ և Դինքի կնոջ՝ Ռաքելի հետ գնացինք խմելու»: Էնգինը բանտից դուրս գալուց հետո աշխատանքի առաջարկ է ստանում Cumurhyet թերթում. «Դա ամենահին թերթն է, ու ես հպարտ էի այդ առաջարկի համար»: Նա այնտեղ աշխատում է  մինչև 2002թ, իսկ այդ ընթացքում Հրանտ Դինքն անընդհատ նրան առաջարկել է միանալ «Ակոս» թիմին:

«Այդ ժամանակ հասարակության մեջ բևեռացում կար՝ ազգայնականներն ընդդեմ ազատ խոսքի իրավունքի, և, դժբվախատաբար, Cumurhyet-ը ազգայնականների կողմից էր, որն իմ համար անընդունելի էր,- ասում է նա,- սկզբից ես ազատվեցի խմբագրի աշխատանքից ու դարձա սյունակագիր, բայց հետո ամբողջովին ազատվեցի աշխատանքից և գնացի Ակոս»:

Էնգինը հիշում է, թե որքան դժվար է եղել նրանց համար Տինքի սպանությունից հետո:

«Մենք չգիտեինք, թե ինչքան դժվար է թերթ տպել Հայաստանի մասին, երբ դու ինքդ հայ չես,- ասում է նա,- բացի այդ Թուրքիայում թերթ պահելը շատ դժվար է մրցակցության առումով: Դա կարող էր անել միայ  Հրանդ Տինքը: Բացի այդ նրա մահից հետո ոչ ոք չէր ուզում Ակոսին ռեկլամ տալ, որը նշանակում էր ֆինանսական մահ»:

Ակոսի խմբագրապետ Ռոբեր Քոփթաշն ասում է, որ Տինքի մահից հետո հավանականություն կար, որ Ակոսը կդադարեր գործունեությունը: «Սակայն այն մթոնլորտը, որ թուրքերն ու քրդերը մեր հետ էին, հուսադրում էր, ու Ակոսը շարունակվեց»,- ասում է նա:

«Ակօսում» և «Հրանդ Տինք» հիմնադրամում բացի հայերից աշխատում են թուրք և քուրդ անձնակազմ, և դա Հրանդ Տինքի մարտավարությունն էր՝ ընդգրկել թուրքերին և քրդերին:

«Այսօր հին Ակոսեն ավելի նոր, ճոխ ու ընդարձակ տեսակն ունենք ու 12 էջի փոխարեն 24 էջ ենք ու ավելի շատ օրակարգ ենք ստեղծում՝ աշխարհի ու Թուրքիայի մասին հարցեր բարձրաձայնելով»,- ասում է Քոփթաշը: «Ակօսի» խմբագրապետը պատմում է, որ Բեռլինի պատի փլուզվելուց հետո, երբ Թուրքիան հայտ ներկայացրեց ԵՄ անդամ դառնալու, վերջինս պահանջկոտ դուրս եկավ, և Թուրքիան, ստիպված էր ռեֆորմներ անելու:

«Մամուլը, որ միատարր էր, փոխվեց ու դարձավ ավելի բազմազան, և հայությունն էլ օրակարգում գտավ իր ձայնը,- ասում է նա,- և այդ պարագայում 1996թ. «Ակօսը» հիմնվեց, և տեղ էր բաղձում ձայն բարձրացնելու համար»:

Քոփթաշն ասում է, որ Տինքի մարտավարությունն այն էր, որ թուրք մտավորականներին տեղյակ պահեր կատարվածի մասին:

«Ես այդ ժամանակ 18 տարեկան էի, ու իմ համար հուզումի պատճառ էր, երբ հայերեն չիմացող մարդը հնարավորություն ուներ կարդալ ու հասկանալ մեր հարցերը,- ասում է նա,- և թուրք մտավորականները սկսեցին իրենց պետության նկատմամբ հարցեր ունենալ, և հայկական հարցի մասին սկսեց խոսվել»:

Սելիմ Քայան

Իսկ Դիարբեքիրում գործող Օզգյուր Հաբեր քրդալեզու թերթի խմբագիր Սելիմ Քայանը հայերի մասին խոսելիս անընդհատ նշում էր Լիջեն: Լիջեն, որ Դիարբեքիրի շրջակայքում գտնվող քաղաք է, Ցեղասպանության ժամանակ եղել է խիտ հայաբնակ գյուղ: Լիջեն այս շրջանում հայտնի է հայերով, ընդ որում` հարուստ հայերով: «Բայց հիմա չենք կարող ասել, թե քանի հայ կա այնտեղ»,- ասում է Քայանը:

Նա ինքը Լիջեից է, ու չի ժխտում, որ հնարավոր է՝ հայկական արմատներ ունենա: Օզգյուր Հաբերը 1500-2000 տպանաքանակ ունի օրաթերթ է, որի համար աշխատում է 6 լրագրող: Թերթը, այդուհանդերձ, ամբողջությամբ քրդերեն չէ. մի քանի էջեր թուրքերեն են:

Դիարբեքիրում կա 10 տեղական թերթ: Քայանն ասում է, որ դրանցից մեծ մասը հիմնված են այս կամ այն կուսակցությունների կամ բիզնեսի կողմից: «Իսկ մեր նպատակն է մատուցել օբյեկտիվ իրականությունը, սակայն չունենք բավարար ֆինանսական ռեսուրսներ, ասում է նա, - մեր թերթի եկամուտները վաճառքից չեն գալիս, այլ ռեկլամից. բացի այդ ամսական 20000 լիրա պետությունն է տալիս»:

Քրդալեզու թերթի խմբագիրն ասում է, որ իրենք ավելի շատ կենտրոնացած են տեղական և, հատկապես, քրդական խնդիրների վրա, որոնք ներկա իրավիճակում լուծման ենթակա չեն: Որպես լրագրողներ` նրանք ևս ունեն այն խնդիրները, ինչը և մենք: «Երբ մի խնդրի մասին խոսելիս անհրաժեշտ է լինում պետության տեսակետը ներկայացնել, պետական գործիչներից մեկնաբանություն ստանալը շատ դժվար էր, բայց հիմա գնալով հեշտանում է»,- ասում է Քայանը:

Դիարբեքիրում կին լրագրողի չես հանդիպի: «Ժուռնալիստիկան դժվար գործ է, ու դա տղամարդկանց գործ է»,- ասում է Սելիմ Քայանը:

 

Հայ լրագրողների այցը Ստամբուլ և Դիարբեքիր հնարավոր է դարձել Հրանդ Տինք հիմնադրամի լրագրողների երկխոսության ծրագրի շնորհիվ՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի միջոցներով: Այս ծրագիրը մեկնարկել է 2009թ. և ամեն տարի Հայաստանից 5-7 լրագրող մեկնում են Թուրքիա՝ ծանոթանալու թուրքական իրականության և մեդիայի հետ: Այս տարի մեկնել էին 7 լրագրող, իսկ ծրագրի 5-ամյակի կապակցությամբ ևս երեք լրագրող՝ Դանիական ֆոնդի աջակցությամբ հրավիրվել էին Սփյուռքի հայ համայնքից՝ Ֆրանսիա, Լիբանան և ԱՄՆ: 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter