HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Մովսես Խորենացին էլ գերեզմանում շուռ կգար

Արդեն նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանի հրամանագրերով երեք փոխնախարարներ պարգևատրվեցին «Մովսես Խորենացի» մեդալով:

Պարգեւատրվողների թվում է նաև իր ագրեսիվ ելույթներով հայտնի Խաչիկ Ասրյանը: Նա էլ պարգևատրվել է «արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար»:

Մի կողմ թողնելով այդ պաշտոնյաների աշխատանքի բարեխղճության և արդյունավետության հարցը՝ փորձենք հասկանալ, թե ի՞նչ կապ ունի այս փոխնախարարների հետ Մովսես Խորենացին:

Օրենքը

1993 թվականին ընդունված «Մովսես Խորենացու մեդալի մասին» ՀՀ օրենքը բավականին կարճ է ու իր 2-րդ հոդվածով հստակ ու աներկբա ամրագրում է, որ «Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար»:

Օրենքում, որևէ խոսք չկա այն մասին, որ Պատմահայր Խորենացու անունը կրող մեդալով պետք է պարգևատրվեն արդյունավետ ու բարեխիղճ աշխատող պաշտոնյաները:

Այսինքն, Սերժ Սարգսյանի հրամանագրերը Խաչիկ Ասրյանին, Արսեն Քարամյանին, Արթուր Պողոսյանին, «Մովսես Խորենացի» մեդալներ շնորհելու մասին ապօրինի են և անտրամաբանական:

Խեղճ Խորենացի

Ընդգծենք, որ ամեն մեդալ ու պարգև ունի իր նպատակն ու հասցեատերերի սպեկտրը: Մովսես Խորենացու մեդալի հասցեատերերի մեջ որևէ կերպ (ցանկացած տրամաբանությամբ) չեն մտնում այս երեք պաշտոնյաները:

Նրանք 3-ն էլ ՀՀԿ-ական են: Վստահաբար, Սերժ Սարգսյանը բոլորին անձամբ ճանաչում է: Ըստ էության, այս մարդիկ լավ են ծառայել իրեն և ինքը որոշել է պարգեւատրել նրանց:

Եվ իհարկե, ինչպես շատ հաճախ, այնպես էլ այս դեպքում Սերժ Սարգսյանը, որոշումը ընդունելիս, առանձնապես չի հետաքրքրվել օրենքով, և իհարկե իր աշխատակազմում էլ որևէ մեկը չի ասել «պարոն նախագահ, բայց սա օրենքով չէ»:

Ու թեև մենք օր օրի էլ ավելի քիչ ենք զարմանում նորանոր ապօրինությունների վրա, այս դեպքում, համոզված եմ, որ Մովսես Խորենացին գերեզմանում շուռ կգար, եթե իմանար, որ իր անունով մեդալնեը տվել են գիտության ու մշակույթի նվաճումների հետ կապ չունեցող պաշտոնյաների` ինչ-որ մեկին լավ ծառայելու համար:

 

Մեկնաբանություններ (3)

Վ.Առաքելյան
Սերժն Ինքն անձամբ ապօրինի է և նրա յուրաքանչյուր ապօրինի քայլ բխում է ,,Սատանայի կողմից նշանակված թագավոր եմ` ինչ ուզեմ այն էլ կանեմ,, անձնական համոզվածությունից:
Հասմիկ
Դուք շատ ճիշտ եք, հարգելի՛ հոդվածագիր... այդպես է, որովհետև արժեքներն ու գնահատման չափանիշներն են փոխվել և աղճատվել...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում մեդալների ու պատվոգրերի «նժդեհական» մեծ բիզնես է: ՆՈՒՅՆԻՍԿ Երևանի 'քաղաքապետ' Մարգարյան Տարոնին են պարգևատրել «Լեռնահայաստանի արծիվ» մեդալով: Նժդեհի սուրբ «Լեռնահայաստանի արծիվ» մեդալը... Տարոնի՜ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter