HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնակոթում համոզվել են, որ հողը գյուղացու ապրուստի հիմնական միջոցն է

Սյունիքի մարզխորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի նիստում Բռնակոթի համայնքի ղեկավար Ատոմ Առաքելյանը կարծիք հայտնեց, որ  նախորդ տարվա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի եւ 2013-ի աշնանը հատկացված պարարտանյութի գումարները ուշացումով գանձելու հիմնական պատճառը պայմանավորված էր ցորենի ցանքսի ցածր բերքատվությամբ:

Վիճակագրական ծառայությունում արդյունքները միջինացվում են, մինչդեռ տարբերությունն անհամեմատ մեծ է: Պատասխանելով հնչած դիտարկմանը՝ նիստին մասնակցող ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը նշեց, որ բերքահավաքի  արդյունքները ներկայացնում են համայնքների ղեկավարները, ուստի անհամաչափությունների համար եւս նրանք են պատասխանատու:

«Այս ամենի հետ, սակայն, վերջին տարիներին Բռնակոթում գյուղատնտեսության զարգացման տեմպերն ակնհայտ է: Եթե մինչեւ 2010 թվականը համայնքում մշակվում էր վարելահողերի հազիվ 50%-ը, ապա այժմ անմշակ հողատարածքներ գրեթե չկան»,- ասում է Բռնակոթի համայնքապետ Ատոմ Առաքելյանը: Նրա կարծիքով՝ դա հիմնականում պայմանավորված է Կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտին աջակցող մի շարք նախաձեռնություններով, մասնավորապես, շուկայականից ցածր գնով վառելիքի, բարձրորակ սերմնացուի, ինչպես նաեւ ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցների ներգրավմամբ:

Համայնքապետի խոսքով՝ առհասարակ, հողի արժեքը տարեցտարի բարձրանում է, մարդիկ համոզվում են, որ եթե շարունակում են գյուղում ապրել, ապա նրանց ապրուստի հիմնական միջոցը միայն հողը կարող է լինել, գյուղատնտեսությունը: Դրա կողքին, սակայն, որոշներն անվճարունակ են եւ հրաժարվում են անգամ ցածր գնով վառելանյութից: Գյուղում դիզվառելիքի պահանջարկը նախկինում 40 տոննա էր, այս տարի հազիվ 10 տոննայի գումար է գանձվել, մի մասն էլ սպասում է գարնան գյուղատնտեսական աշխատանքներին:

Ի տարբերություն մարզի այլ համայնքների՝ Բռնակոթում հողի սեփականաշնորհում կատարվել է երկու անգամ` 1991թ.-ին եւ 2002թ.-ին:

«Համայնքային իշխանությունը բազմաթիվ դիմումներ էր ստանում համայնքի այն բնակիչներից, ովքեր տարբեր պատճառներով չէին օգտվել հողի սեփակաշնորհումից: Դիմեցինք կառավարությանը, եւ 2002 թվականին թույլատրեցին պահուստային հողերից 150 հա սեփականաշնորհել»,- ասում է համայնքի  ղեկավարը:

Արդյունքում այսօր համայնքը չունի վարձակալության տրված որեւէ հողակտոր, դրա փոխարեն գյուղում սկսել է զարգանալ հողի շուկան. 1 հա հողակտորը վաճառվում է նվազագույնը 200-250 հազար դրամով:

Խոսելով դաշտավարության զարգացման դրական միտումների մասին՝ համայնքի ղեկավարը նշում է, որ այնուամենայնիվ, գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտում են անասնապահության ոլորտի առկա խնդիրները: Խոսքը մասնավորապես վերաբերում է մսամթերքի իրացմանը: Մանր եղջերավոր անասունների մթերումն արդեն հնարավոր է դարձել իրականացնել Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքի տարածքում բացված մանր եղջերավոր անասունների մորթման եւ վերամշակման գործարանում, սակայն խոշոր եղջերավոր անասունների մորթը հիմնականում կատարվում է տնային տնտեսություններում`  հակահիգիենիկ պայմաններում: Ա. Առաքելյանի խոսքով՝ հնարավոր չէ արգելել այն, քանի որ կենդանի քաշով իրացնելու դեպքում վերավաճառողներն ավելի մեծ շահույթ են ստանում: 

Ընդհանուր առմամբ՝ համայնքային տնտեսության զարգացման տեղական խնդիրների լուծման գործում Բռնակոթի համայնքային իշխանությունը կարեւոր փաստաթուղթ է համարում համայնքի քառամյա զարգացման ծրագիրը. «Այն ուղեցույց է, որով առաջնորդվում ենք համայնքային բյուջեն կազմելիս»,- նշում է համայնքի ղեկավարը: Միաժամանակ ավելացնում, որ տեղական բյուջեով համայնքային որեւէ խնդիր հնարավոր չէ լուծել, բայց գոնե ներդրումների առումով որոշակի միջոցներ են նախատեսվում, իսկ վերջին տարիների ընթացքում համայնքում բազմաթիվ խնդիրներ են լուծվել, որի համար կարեւորում են միջազգային դոնորների, սոցներդրումների հիմնադրամի, ինչպես նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությունը:

Սակայն հրատապ լուծում պահանջող հարցերն էլ շատ են: Խոսքը վերաբերում է համայնքի խմելու ջրի ներքին ցանցի ոչ միայն բարեկարգմանը, այլեւ նոր ջրատարի կառուցմանը:  Գյուղի խմելու ջրի ակունքը գտնվում է Նախիջեւանի սահմանի վրա, որտեղ ադրբեջանցիների պահակակետերն են եւ երաշխիք չկա, թե ինչ հետեւանքներ կարող են լինել: Բազմիցս դիմել են մարզային եւ հանրապետական իշխանություններին:

Որոշում է կայացվել գյուղի խմելու ներքին ցանցը հանձնել «Հայջրմուղկոյուղուն», որը խոստացել է գարնանը սկսել նոր ջրագծի կառուցման աշխատանքները: Ռազմավարական նշանակություն ունեցող այս խնդիրը եւս ներառված է համայնքի քառամյա ծրագրում, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաեւ ներհամայնքային ճանապարհների բարեկարգմանը, որը սակայն, համայնքապետի կարծիքով հնարավոր չի լինի լուծել, քանի որ ասֆալտապատման դեպքում չեն կարող արգելել գյուղում գյուղտեխնիկայի, մասնավորապես թրթուրավոր տրակտորների տեղաշարժը:

Դրա կողքին որոշ համայնքային խնդիրներ լուծվում են. դրանց թվում գիշերային լուսավորության ապահովումը, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի, մշակույթի  տան վերանորոգումն ու կահավորումը, որտեղ, ի դեպ, գրեթե ամիսը երկու անգամ մասսայական միջոցառումներ են կազմակերպվում («Դպրոցականների կառավարման օր», «Իմ գյուղն  իմ ամրոցն է», «Ամառային հրավառություն», «Գրադարանավարի օր» եւ այլն): Ամանորին եւս անակնկալ էր պատրաստվել բնակիչների համար. մշակույթի տան աշխատակից Ալինա Աղաբեկյանի  նախաձեռնությամբ՝  դեկտեմբերի 30-ին երեք Ձմեռ պապ ու Ձյունանուշ շրջեցին գյուղի տներով, նվերներ բաժանեցին:

Բռնակոթն իմ այցելած այն եզակի գյուղերից է, որտեղ կարեւորում են ավագանու դերակատարությունը եւ համայնքի անդամների մասնակցությունը որոշումների կայացմանը: Համայնքի ղեկավարի կարծիքով՝ երկու կողմն էլ զսպաշապիկ են համայնքապետի համար` մեկը միջոցներն արդյունավետ ուղղորդելու, մյուսը` ծախսերի մասին հաշվետվություններ ներկայացնելու համար:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը որքան էլ կոնկրետ գործառույթներ է ներառում համայնքային իշխանության համար, այնուամենայնիվ, մի շարք դրույթներում, ինչպես օրինակ, մարզային իշխանությունների հետ հարաբերություններում հստակություններ չկան:

«Եթե օրենքին ես նայում, համայնքն ինքնուրույն կառավարվող տնտեսություն է, բայց գործնականում հազար ու մի լծակ կա, որը խոչընդոտում է այդ անկախությանը»,- ասում է Ատոմ Առաքելյանը: Նա նաեւ անհրաժեշտ է համարում տեղական իշխանության լիազորություններն ավելացնելը, օրինակ, երեխաների ծննդյան, ամուսնությունների գրանցման, նոտարական ձեւակերպումների իրավունքը համայնքին վերապահելը:

Այս եւ էլի այլ խնդիրներ, նրա կարծիքով, կարող են հստակեցվել համայնքների խոշորացման արդյունքում, որին Սիսիան քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող համայնքի ղեկավարը դեմ չէ: «Կարծում եմ, այդ դեպքում միջոցներն ավելի արդյունավետ կօգտագործվեն, ինչ իմաստ ունի 4 աշակերտ ունեցող գյուղում դպրոց կառուցել, գուցե այդ միջոցներն ուղղվեն արդեն կառուցված դպրոցի ջեռուցմանը, աշակերտների տեղափոխմանը, սննդի ապահովմանը»,- ասում է Բռնակոթի համայնքապետը:

Նա նաեւ կես կատակ նշում է, որ 2014 թվականին համայնքի բյուջեն մոտ 1 մլն դրամով ավելացել է գույքահարկի հաշվին, քանի որ նախկինում, «Ժիգուլի» ավտոմեքենայի փոխարեն բռնակոթցիները հիմա «Ջիպ»-ի հարկ են վճարում:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter