HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Նոր մանրամասներ «Հայռուսգազարդի» 20 % բաժնեմասի վաճառքից

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունվարի 16-ի նիստում ներառել է «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 20 %-ը «Գազպրոմին» վաճառելու հարցը: Առաջին անգամ հրապարակվել է նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմի» միջև կնքվելիք պայմանագրի տեքստը: Հարցը կառավարության նիստում պետք է քննարկվի հետևյալ տեսանկյունից՝ թույլ տալ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը ՀՀ անունից բաժնետոմսեր վաճառել «Գազպրոմին»: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իր անունից կկնքի պայմանագիրը, որպես կատարումն 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի: Ըստ այդ համաձայնագրի՝ պայմանագիրը կողմերի միջև պետք է կնքվի մինչև հունվարի 17-ը: Սակայն ՀՀ  ֆինանսների նախարարությունն առարկել է՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը նման պայմանագիր կարող է կնքել միայն կառավարության լիազորությամբ, այլապես չի կարող հանդես գալ ՀՀ անունից: Այդ առարկության հետևանքով էլ հարցը հայտնվել է կառավարության նիստի օրակարգում:

Հրապարակված պայմանագրի տեքստի համաձայն՝ «Գազպրոմին» վաճառվելու է 12,6 մլն հատ սովորական անվանական բաժնետոմս(յուրաքանչյուրը՝ 5026,5 դրամ արժեքով), որը կազմում է «Հայռուսգազարդի» հիմնադիր կապիտալի 20.0007 %-ը: Այսպիսով՝ Հայաստանի կողմից վաճառվող գույքի արժեքը կազմում է 63,3 մլրդ դրամ (մոտ 155 մլն դոլար):

Պայմանագրում հատուկ նշվել է, որ վաճառքը պետք է իրականացվի այնպես, որ «Գազպրոմը» դառնա բաժնետոմսերի 100 % սեփականատեր: Եթե դա ինչ-ինչ պատճառներով տեղի չունենա, ապա ՀՀ կառավարությունը պարտավորվում է ետ գնել իր բաժնետոմսերը ու փոխհատուցել «Գազպրոմի» վնասները: Պայմանագրի այս դրույթի դեմ առարկել է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ըստ այդ առարկության՝ Հայաստանը պետք է վաճառի իր գույքը, ոչ թե պարտավորվի ապահովել «Գազպրոմի» համար 100% բաժնեմաս: Ներկայացնենք ֆինանսների նախարարության առարկությունը. «...անհասկանալի է, թե նախարարությունը` որպես վաճառող կողմ, ինչու պետք է ապահովի «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր լինելու պայմանը: Նշվածի ռիսկայնությունը կայանում է նրանում, որ եթե ինչ-ինչ պատճառներով «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի քանակն ավելանա, ապա նախարարությունն իր վրա պարտավորություն կվերցնի` 63 333 900 000 ՀՀ դրամով հետ գնելու վաճառված բաժնետոմսերը»:

Սակայն այս առարկությանը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պատասխանել է, որ այսպիսի դրույթ նախատեսված է դեկտեմբերի 2-ի համաձայնագրով:

«Հայռուսգազարդի» հիմնադիր կապիտալը գնահատված է 316.65 մլրդ դրամ (մոտ 800 մլն դոլար):

Մեկնաբանություններ (1)

ominac
Այս բոլոր Հայ Ռուս գազ, երեք բառերուն արանքը կայ մի հատ ձրի դրամի աղբիւր մը, իբր թէ ռուսները մեզի շուկայէն պակաս գազ պիտի ծախեն։ Որ որ կեանքի մէջ քիչ մը քալած է գիտէ որ ձրի բան չիկայ։ Բայց չեմ գիտեր ինչպէս, «Ձրի լինի, դագաղ լինի, թէկուզ մէկ ոտք էլ պակաս լինի» հոգեբանութիւնը ամեն հայու հոգու մէջ արմատացած է։ Երբեք դաս չի սորվեցաք՞, Արմենթելը մեզ 20 տարի ետ տարաւ իր ստացած մենաշնորհներով, հիմա ալ այս գազի մենաշնորհը։ Թէկուզ յեղափոխութեան գնով, պէտք չէ ձգել որ այս համաձայնութիւնը յառաջ երթայ։ Ազատ շուկան պէտք է ձգէք որ ինքզինքը վառէ։ Ինչ է տարբերութիւնը, խումբ մը մարդ մոսկուայի մէջ թէ երեւանի մէջ որոշէ գազի գինը՞։ Պէտք է ձգէք որ շուկան որոշէ։ Չէ թէ այս ամեն նոր սերունդը որ կայ այսօր, վաղուայ Մոսկուայի շահերուն համար պիտի աշխատի եւ ոչ թէ Հայաստանի․ Կրնաք շատ բաներու մէջ սխալ ընել, բայց երկրի էներկյաի մենաշնորհը օտարին կամ տեղացի հային տալը մեծ ճակատագրական սխալ է․Վերջին 25 տարուայ աժան գազը որ առինք, հայաստանի մէջ զարգացուց շուկայ մը որ հիմնուած է հաշուարկի մը վրայ որ եթէ անձ մը Մովկվայի կամ երեւանի մէջ ուզէ գազի գինը կրնայ մէկ անգամէն 20%–ով աւելցնէ։ Ով ապագան այսպիսի փոփոխական վիճակի կրնայ վստահիլ, ով կրնայ մէկ անգամէն 15 կամ 20%–ով գազի գնի աճին դիմանալ։ Մանաւանդ հանքերու նման շատ էներգիա պահանջող ձեռնարկները, որոնք վերջերս մէկը միւսին ետեւէն սկսան բազմապատկուիլ, հումքը արտաշխարհ կերթայ աւերուածութիւնը մեզ կը մնայ։ Յարգանքս հայաստանաբնակ հայի լրիւ պիտի կորի եթէ ողնայարը չունենաք այս գործերու ընթացքը փոխելու։ Շատ սխալ կրնաս ընել, բայց դուն չես կրնար քու երեխաներուդ տակը փորել եւ կարծել որ մարդու տեղ պիտի դրուիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter