HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե տղադ խոսի, ապրելու շանս չունեք» - մաս 3

սկիզբը

19 տարեկանում մահապատժի դատապարտված նախկին շարքային զինվոր Արթուր Մկրտչյանի գործը միակը չէ, որտեղ դատավճռում կարդում եմ «Հանուն Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն» ձևակերպումը: 1990-ականների դատավճիռներում հիմնականում այդպես է: Անշուշտ, սա դատարանների գործողությունների ձևական կողմին առնչվող հարց է, իսկ ի՞նչ է կատարվել բովանդակային հարցերում մահապատժի դատավճիռ կայացնելուց առաջ:

Այսպես՝ նախաքննության փուլում Արթուր Մկրտչյանի փաստաբան է ներկայացել նախ ոմն Պահլավունի, ով ծեծի-ջարդի ժամանակ համոզել է Արթուրին իր վրա վերցնել սպանությունները՝ խոստանալով. «8-10 տարի կդատեն ու քեզ հանգիստ կթողնեն»: Սակայն հետո Արթուրի հայրը, իմանալով Պահլավունու մասին, դիմել է նախաքննության մարմին. «Ո՛չ ես, ո՛չ իմ ընտանիքը չենք հրավիրել Պահլավունուն, խնդրում ենք, որ Արթուրի շահերը ներկայացնի փաստաբան Համլետ Մաթևոսյանը»:

«Հետքը» փորձեց գտնել նաև փաստաբան Համլետ Մաթևոսյանին, սակայն պարզեցինք, որ նա ողջ չէ: Քրեական գործում առկա են նրա բացարկի միջնորդությունները, որ հայտնել է քննիչին: Փաստաբանը նշել է, որ քննիչը թույլ չի տալիս իր պաշտպանյալի հետ առանձին պայմաններում հանդիպում ունենալ (նախկինում մեկուսարանում պաշտպանյալների հետ փաստաբանի առանձին հանդիպումներ տրամադրվում էին քննիչի կողմից: Այսօր դա նորմ է. փաստաբանները կարող են կալանավայրում անարգել ու առանձին հանդիպել իրենց պաշտպանյալներին): Սակայն այդ բացարկները մերժվել են: Ահա այն ժամանակ Զինդատախազի 1-ին տեղակալ Վլադիմիր Գասպարյանի գրությունը փաստաբանին: Բացարկի մերժումից հետո մեկ անգամ թույլատրվել է փաստաբան Մաթևոսյանին առանձին տեսակցել Արթուրին, այնուհետև քննիչ Թարվերդյանի հարցմանն ի պատասխան՝ «Նուբարաշենի» մեկուսարանից հայտնել են փաստաբանի ու Արթուրի առանձին հանդիպման մասին:

Անգամ փաստաբան Մաթևոսյանը դատավարության փուլում միջնորդել է որպես վկա հրավիրել հենց քննիչ Սուրեն Թարվերդյանին (այսօր քննիչ Թարվերդյանը վաստակած հանգստի է անցել), ում աշխատասենյակից կորել է սպանված զինվորներից Մխիթարյանի՝ իրեղեն ապացույց հանդիսացող հագուստը:

Արթուրը դատարանում ասել է, որ 5 զինվորների սպանության հետ որևէ առնչություն չունի, որ իրեն անծանոթ մարդիկ են կատարել սպանությունը, իսկ ՌՈ-ում բռնվելուց 3-4 օր անց նրանցից մեկը հանդիպել է իրեն ու ասել, որ իր վրա վերցնի սպանությունները, այլապես իրեն էլ կվերացնեն: Զինվոր Արթուրի հայրը՝ Համբարձում Մկրտչյանը, երբ համոզվել է, որ տղայի գլխին են փորձում շրջել 5 զինվորների սպանությունը՝ Զինվորական ոստիկանությունում ծեծելով ու բռնության ենթարկելով իր երկու զինվոր որդիներին, սկսել է սեփական նախաձեռնությամբ հետաքննություն վարել: Համբարձումը պարզել է դեպքի օրը՝ 1996թ. հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը, «Նիվա» մակնիշի պետական համարներով մեքենայի ու սպանության կապը, 18 պահակակետից զենքի առևտրի գաղտնիքը: Այս մասին սկսել է նամակներ գրել տարբեր պետական մարմիններ, այդ թվում և՝ հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Նախագահին ուղղված նամակում Արթուրի հայրը պատմել է նաև սպառնալիքի մասին. «Մի անծանոթ տղամարդ օրեր առաջ զանգահարել է մեր տուն ու ասել. «Եթե տղադ բերանը շաղ տա, չանի այն, ինչպես ասված է, ո՛չ նա, ո՛չ էլ դու ապրելու շանս չեք ունենա»: Փոխարենը դատախազությունում իմ հայտարարություն-դիմումի կապակցությամբ քննություն սկսվեր, քննվեր նաև այս վարկածը, մի քանի օրից ինձ մեղադրանք առաջադրեցին, թե տղայիս՝ Արթուրի համար արձակուրդ ձևակերպելու համար հրամանատարին ձայնագրիչ եմ կաշառք տվել: Սա հետո հաստատված փաստ համարեց դատարանը ու ինձ դատապարտեցին 3,5 տարվա ազատազրկման»,- «Հետքին» պատմեց Համբարձում Մկրտչյանը: Քրեական գործում բազմաթիվ են դեպքերը, երբ մեղադրյալներ հայր և որդի Մկրտչյաններին քննիչները հարցաքննել են առանց փաստաբան Համլետ Մաթևոսյանի: Ահա. լուսանկարի վերևի մասում քննիչ Թարվերդյանի ձեռագիրն է, ով վկաների, մեղադրյալների ցուցմունքներն իր ձեռքով է գրել: Սակայն այդ ձեռագիրը չեն կարողացել կարդալ անգամ դատարանում. «Քննիչին կանչում էին դատարան, որ կարդա իր իսկ գրածները»,- պատմեց Արթուրի հայրը:

Հարցականների մի ամբողջ շարք բացահայտեցի ինձ համար այս գործի հատորները կարդալիս: Օրինակ՝ այդպես էլ չի պարզվել, թե քանի պարկուճ է հայտնաբերվել: Դեպքի զննության արձանագրության մեջ նշած է յոթ, իսկ արձանագրության վերջում՝ հինգ պարկուճ: Գուգարքի կայազորի զինդատախազությունից գործը ՀՀ զինդատախազություն ուղարկելու մասին գրության մեջ դարձյալ նշված է հինգ պարկուճ: Զինվոր Էմիլ Մաթևոսյանի ձախ ազդրին, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, կրակված չի եղել փորձաքննության ներկայացված 6 ավտոմատներից և ոչ մեկից: Եվ վերջապես. ինչպե՞ս կարող է կրակված լինել քնած մարդու վրա և պարկուճը հայտնվել նրա մարմնի տակ: Արթուրը նախաքննության ժամանակ ինքնախոստովանական ցուցմունք տալիս ասել է, որ բլինդաժում Մաթևոսյանին ու Մխիթարյանին կրակել է մեկական կրակոցով, բայց բլինդաժի բրեզենտի վրա հայտնաբերվել է 8 անցք: Սպանված զինվորներից երեքի հագուստի վրա նախ չի հայտնաբերվում որևէ վնասվածք, իսկ հունիսի 21-ին լրացուցիչ փորձաքննության ժամանակ վնասվածքներ են նշվում զինվոր Մխիթարյանի բուշլատի վրա:

Սակայն, արդյո՞ք դատարանը չի տեսել այս բոլոր հարցականները, երբ հաստատված է համարել Արթուր Մկրտչյանի մեղադրանքը՝ դատապարտելով 19-ամյա զինվորին մահապատժի՝ գնդակահարության միջոցով (մահապատժի դատավճիռները կայացվում էին, բայց ի կատար չէին ածվում 1991թ.-ից, Հայաստանը հայտարարել էր մորատորիում: 2003-ին մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Դատարանը քննության նյութ չի դարձրել Արթուրի կողմից ներկայացված ցուցմունքները սպանության այլ կատարողների մասին: Դատավճռում նշված է, որ Արթուրը անծանոթների մասը պարզապես հորինել է: Այս գործով դատապարտվել է ևս երեք անձ՝ Արթուրի հայրը (3.5 տարի), հրամանատար Բաբլումյանը կաշառք վերցնելու մեղադրանքով (3 տարի) և կապիտան Մելիք Մելիքյանը՝ դեպքից 2 ամիս առաջ մեկ այլ զինվորի ծեծելու մեղադրանքով (1 տարի պայմանական):

Իսկ վերջում դարձյալ ոչնչացված իրեղեն ապացույցների մասին, որոնք Արթուրի գործով ևս չեն պահպանվել: Դատավճռի վերջում կարդում եմ ինձ ծանոթ արտահայտությունը. «Իրեղեն ապացույցները ոչնչացնել»:

Այս հանգամանքը փակում է գիտության զարգացմամբ ԴՆԹ թեսթ կատարելու հիմքերը: Իսկ հայտնի է, որ այդ հիմքով ԱՄՆ-ում ու աշխարհի այլ երկրներում անգամ տասնյակ տարիներ անց մարդիկ ճանաչվում են անմեղ ու վերադառնում հասարակություն:

Հ.Գ. «Հետքը» դիմել է ԱՆ Քրեակատարողական վարչություն և ստացել թույլտվություն՝ հանդիպելու ցմահ դատապարտյալ, 18 տարի անազատության մեջ գտնվող նախկին շարքային զինվոր, այսօր արդեն 37-ամյա Արթուր Մկրտչյանի հետ: Հարցազրույցը նրա հետ՝ շուտով:

 

Մեկնաբանություններ (12)

Անանուն
Իրոք որ, հիացած եմ ձեր համարձակության վրա... Հույսով եմ որ շատ շուտով կմատնվեք այս առումով հաճելի անգործության))))
Զարուհի
Հարգելի Անահիտ Մարկոսյան, հաճելի է գնահատանքի խոսքեր լսել, հաճելի է իմանալ, որ քո կատարած աշխատանքը պետք է մարդկանց, որ քո գրչով կարող ես կարծրատիպ փոխել, որ բանտում կան անմեղ մարդիկ ևս: Ձեր առաջարկը հետաքրքիր է: Ինձ կարող եք գտնել նաև ՖԲ-ում՝ հավաքելով Zaruhi Mejlumyan կամ գրել իմ մեյլին [email protected] Խնդրում եմ, գրեք՝ գրանցված եք արդյոք ՖԲ-ում? Ինչպես Ձեզ գտնեմ?
Գեւորգ
Ապրես Զարուհի, այսպիսի համարձակությամբ նման ծանր ու վտանգավոր գործ հետաքննելու համար: Աստված քեզ պահապան - եթե կա!
Զարուհի
Հարգելի Գևորգ, զգացված եմ բարի խոսքերի համար: Իմ նպատակն է իմ հոդվածներով ռեզոնանս առաջացնել, որ պետական մարմիններում տեսնեն՝ կա խնդիր, կա դատական սխալի հավանականություն, որ երկու ոտքը մի մաշիկի մեջ դրած չեն ուզում ընդունել համակարգերում: Իսկ հասարակությանը ուզում եմ ցույց տալ, թե ինչպես էին մարդկանց դատապարտում 90-ականներին, երբ զարգացած չէր իրավական ժուռնալիստիկան, դատարաններում 1-2 լրագրող հազիվ լիներ: Պետք է հասնել գործերի վերաբացման: Բազմաթիվ հարցականներով բացառիկ պատժաչափի մարդկանց դատապարտելը աբսուրդի թատրոն է հիշեցնում:
Մարատ
Զարուհուն՝ անկեղծ հիացմունքս: Կեցցե՛ս, Զարուհի ջան ...
Nairi
Shnorhakalutyun Zaruhi jan, sharunakeq nuyn vogov, cer katarac@ mec gorc e, es anhamber kspasem Artur Mkrtchyani het cer harcazruycin........ SHNORHAKALUTYUN
Զարուհի
Հարգելիներս, շնորհակալ եմ, որ կարդում եք, արձագանքում եք: Ես ինքս հավատում եմ, որ կաթիլը քար է ծակում: Ես հավատում եմ, որ սրտացավության, համառության ու հետևողականության շնորհիվ հնարավոր է իրավիճակ փոխել: Բացի այդ, միայն հրապարակումներով չէ, որ ուզում եմ հասնել գործերի վերաբացման, պատժաչափերի վերանայման, օրենսդրական փոփոխությունների, այլ մասնագիտական հետազոտություններով, պետական մարմինների հետ համագործակցելով, նոր ճանապարհներ փնտրելով, որոնց մասին չեմ ցանկանում բացահայտ գրել:
karen
heto el asum en, hoktemberi 27-@ inchu exav....
Անժիկ
Հարգելի Զարուհի, շնորհակալություն ձեր արած գործի համար, որով շատերին արթնացրիք... Իսկ իրականությունը պարզելու հույս կա՞
Զարուհի
Հարգելի Անժիկ, պետք է աշխատել կարծրատիպերը ջարդելու ուղղությամբ, ինչը և փորձում եմ անել իմ հետևողական հրապարակումների միջոցով: Թե հասարակության ներսում, թե պետական համակարգերում պիտի ընդունեն ու ընկալեն, որ բանտում կարող է հայտնվել անմեղ մեկը: Երբ գիտակցումը ամրապնդվի, հավատացեք, փոփոխությունները կլինեն: Հույսն էլ, հավատն էլ մեր աշխատանքով եմ պայմանավորում: Ամեն դեպքում չեմ կարող տեղումս հանգիստ նստել, երբ անարդարություն եմ տեսնում:
Հասմիկ
Հետաքրքիր է՝ցմահ բանտարկյալների մեջ քանի՞ մեղավոր մարդ կա: Զարուհի ջան, Ձեր աշխատանքը դժվար է գերագնահատել: Միայն թե գործը հասցրեք բարի ավարտին: Հարգանքներս: Շնորհակալություն:
Anahit Markosyan
Kecces Zaruhi jan, qo sxranq@ angnahateli e , ta Asvac, vor karoxanaq ardarutyun@ verakangnel, iroq qo ashxatanq@ arjani e lusabanman ev anhrajesht e girq grel u hraparakel ajs ameni masin. Es hamozvac em vor ettex tuyl chen ta tpagrvelu bajc estex USA um da hnaravor klini, ete uzum es karox enq hamagorcakcel. karox es inc grel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter