
Արագաչափի «զոհն» այս անգամ իրավաբան է. նա դատի է տվել ՃՈ-ին
Մարինե Մադաթյան
Գրիշա Բալասանյան
Երևան քաղաքի Սևանի խճուղում տեղադրված արագաչափը վերջերս ֆիքսել է երթևեկող «Մերսեդես Բենցի» խախտումը՝ արագության գերազանցում 24 կմ/ժ-ով: Վարորդը դեռ ոչ միայն չի վճարել 30 հազար դրամ տուգանքը, այլև այս դեպքը նրա համար առիթ է դարձել` դատական կարգով քննության առարկա դարձնելու վարչական ակտ նշանակող մարմնի` ճանապարհային ոստիկանության գործունեության օրինականությունը:
Վարորդը՝ «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի համահիմնադիր, «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը, դիմել է Վարչական դատարան` նշանակված վարչական տուգանքը անվավեր ճանաչելու պահանջով: Նա ոստիկանության` վարչական ակտ նշանակելու այս որոշումը համարում է ոչ իրավաչափ: Ա. Ղազարյանի հայցապահանջի իրավական հիմքերը «կարգազանց» մի շարք վարորդների կարող են ազատել վարչական տուգանքից:
Վարչական ակտն անվավեր է, քանի որ չի հանձնվել հասցեատիրոջը օրենքով սահմանված ժամկետում
Վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում: Սա` ըստ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացված վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի:
Նույն հոդվածի 2-րդ մասն էլ սահմանում է, որ վարչական ակտը հանձնվում է հասցեատիրոջը այն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում:
Ա. Ղազարյանի հայցապահանջի իրավական հիմքերի թվում է օրենքի 7-րդ հոդվածի այս երկու մասերի խախտման փաստը:
Արագաչափ սարքը լուսանկարել է մեքենան 2013թ. հուլիսի 5-ին, իսկ ոստիկանությունը իրավախախտման վերաբերյալ որոշումն ընդունել է հուլիսի 17-ին (հոդվածի 1-ին մասի սահմանած առավելագույն ժամկետի խախտմամբ):
Հուլիսի 17-ին կայացրած որոշումը ոստիկանությունը վարորդին ուղարկելու նպատակով փոստային բաժանմունքին է հանձնել օգոստոսի 4-ին (հոդվածի 2-րդ մասի սահմանած առավելագույն ժամկետի խախտմամբ):
Արդյունքում` վարորդը հուլիսի 5-ին տեղի ունեցած դեպքի մասին տեղեկացել է միայն մեկ ամիս անց:
Մինչև վարչական դատարան դիմելը Ա. Ղազարյանը վարչական բողոք է ներկայացրել ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանին: Վերջինս մերժել է բողոքը` վկայակոչելով Վճռաբեկ դատարանի որոշումներից մեկը` որպես նախադեպային որոշում: Այս որոշումը, սակայն, ինչպես նշում է իրավաբանը, վերաբերում է վարչական ակտի մասին տեղեկանալու իրավունքին: Իսկ Ա. Ղազարյանն այժմ վաչական դատարանում վիճարկում է ոչ թե վարչական ակտի մասին տեղեկանալու իրավունքը, այլ վարչական ակտը օրենքով սահմանված ժամկետի խախտումով հասցեատիրոջը հանձնելը:
![]() |
Արա Ղազարյան |
Իրավաբանի խոսքով՝ վարչարարության գործընթացը պետք է որոշակի լինի, ժամկետները խախտելը զրկում է քաղաքացուն պաշտպանվելու հնարավորությունից:
«Նրա հիշողությունից ջնջվում են իր պաշտպանվելու համար անհրաժեշտ փաստեր, հանգամանքներ, տպավորություններ և այլն։ Հենց այս երևույթը նկատի ունենալով է օրենսդիրը ժամկետային սահմանափակումներ սահմանել, ինչպես նաև սահմանել է դրանք հարգելու իմպերատիվ պահանջ. պետական մարմնի համար որևէ հայեցողություն այստեղ սահմանված չէ»,- նշում է Ա. Ղազարյանը։
Արագության սահմանափակման գոտու ավարտի մասին ճանապարհային նշանը՝ անթույլատրելի վայրում
Կառավարության որոշմամբ` երկու ուղղությամբ երթևեկության մեկ, երկու կամ երեք գոտիներ ունեցող ճանապարհներին «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ» նշանը պետք է տեղակայել միայն ճանապարհի ձախ կողմում:
Աճառյան փողոցը երկու ուղղությամբ էլ ունի երեք երթևեկելի գոտի։ Համաձայն վերոնշյալ որոշման` 80կմ/ժ արագության սահմանափակման գոտու ավարտն ազդարարող նշանը պետք է տեղադրված լիներ հանդիպակաց ուղղության երթևեկելի մասի ձախ կողմում, սակայն տեղակայված է ճանապարհի աջ կողմում:
Այս դեպքում, ինչպես նշում է Ա. Ղազարյանը, որևէ վարորդ ապահովագրված չէ վարչական պատասխանատվության ենթարկվելուց, քանի որ նշանը կարող է անտեսանելի լինել:
«Այն հանգամանքը, որ 2-րդ գոտով երթևեկող վարորդի համար 3.25 նշանը կլինի անտեսանելի, հաստատվում է իմ կողմից կատարված 3.25 նշանի լուսանկարներով, որոնք ես կատարել եմ ճանապարհի հանդիպակաց երթևեկելի մասի ձախ կողմից։
![]() |
![]() |
Նույնիսկ նման մեծ հեռավորության դեպքում միջին չափի բեռնատարը գրեթե ծածկում է նշանը։ Ակնհայտ է, որ եթե նույն լուսանկարը արված լիներ 3.25 նշանի երթևեկելի մասի 2-րդ կամ 3-րդ գոտուց, նշանը անտեսանելի կլիներ»,- նշում է Ա. Ղազարյանը։
Թակարդու՞մ, թե՞ իրավական կարգավորում. որտե՞ղ են արագաչափերի տեղադրման նորմատիվ իրավական ակտերը
«Շատ կարևոր է տեսնել, թե որտեղ են դրված այդ չափիչ սարքերը: Արդյոք նորմատիվ իրավական ակտ կա՞ դրա հիմքում, թե՞ ոստիկանը ոնց որոշել, այդտեղ Էլ դրել է: Վարչարարության հիմնական սկզբունքներն են այստեղ դեր խաղում` անհրաժեշտության սկզբունք, պիտանիության սկզբունք և այլն… Արդյոք հետազոտություն արվե՞լ է տեղադրելուց առաջ: Երբ որևէ փողոցում արագաչափ է դրվել, պարզե՞լ են` անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Թե՞ դրել են միայն նրա համար, որ վարորդը գնա ու դիտմամբ խախտի»,- ասում է Ա. Ղազարյանը:
Իրավաբանի կարծիքով` սա թակարդում է, որովհետև վարորդի համար տրամաբանական է, որ մայրաքաղաքից դուրս շարժվելուն զուգընթաց պետք է մեծացնի արագությունը, ոչ թե նվազեցնի:
Նա պարզել է, որ նախկինում` «ոչ վաղ անցյալում», հակառակն է եղել:
«Աճառյան փողոցի այս հատվածում սահմանված էր 60 կմ/ժ արագություն և տեղադրված էր տեսախցիկ, իսկ քաղաքից դուրս գալիս՝ 80 կմ/ժ արագություն։ Նման իրավակարգավորումը ողջամիտ էր, անհրաժեշտ ու համաչափ։ Սակայն մի որոշ ժամանակ անց տեսախցիկը հանվեց, ու նշված վայրում թույլատրելի արագության չափը մեծացվեց։ Դրա փոխարեն տեսախցիկը տեղադրվեց մոտ 2 կմ հեռու՝ քաղաքի ելքից դուրս, և հենց այս հատվածում թույլատրելի արագությունը նվազեցվեց՝ 60 կմ/ժ»,- նշում է Ա. Ղազարյանը։
Խախտում անելու հավանականությունը, իրավաբանի կարծիքով, այս դեպքում շատ մեծ է, քանի որ իրավակարգավորումը անտրամաբանական է: «Ավելին, նման կարգավորումը դրդում է վարորդներին կատարել իրավախախտում և իր բնույթով կարելի է որակել որպես իրավախախտում կատարելու դրդչություն»,- նշում է Ա. Ղազարյանը։
Ոստիկանությունը, իրավաբանի խոսքով, պետք է ցույց տա այն նորմատիվ իրավական ակտը, որի հիման վրա տվյալ վայրում տեղադրվել է արագաչափը: «Բաց այստեղ նաև ուրիշ հարց է առաջանում,- նշում է Ա. Ղազարյանը,- արդյո՞ք ոստիկանությունը իրավունք ունի նորմատիվ իրավական ակտ սահմանել: Նորմատիվ իրավական ակտ իրավունք ունի սահմանել նախարարը, կառավարությունը, բայց չէ՞ որ ոստիկանության կարգավիճակը կառավարությանն առընթեր է, և նրան զրկեցին նախարարության կարգավիճակից»:
Վիճակագրություն չեն տրամադրում` արդյոք նվազե՞լ են խախտումները, թե՞ ոչ
Հայցապահանջի իրավական հիմքերը իրավաբանն այժմ մտածում է վիճարկել ոչ միայն վարչական դատարանում, այլև հասցնել մինչև Սահմանադրական դատարան: Պարզվել է նաև, որ ոստիկանությունը չի տրամադրում տեղեկատվություն` տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի տեղադրումից հետո ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների քանակի վերաբերյալ:
«Իրականում նման վիճակագրություն արվում է,- նշում է Ա. Ղազարյանը, բայց միգուցե խնդիր կա, որ չեն տալիս, միգուցե վերցնում ենք այդ վիճակագրությունը և տեսնում ենք, որ ոչինչ չի՞ փոխվել: Միգուցե շատացել են խախտումները, որովհետև իրականում թակարդում է արվում»:
Տուգանքի նվազագույն շեմը նվազագույն զամբյուղի գրեթե մեկ երկրորդն է
«Հերիք է որ վարորդը 24 կմ/ժ արագությամբ ավել քշի ու ընկնում է 30 հազարի տակ: Աբսուրդ է, տուգանքի նվազագույն շեմը դրել են նվազագույն զամբյուղի մեկ երկրորդը»,- ասում է Ա. Ղազարյանը:
Այս դեպքում, իրավաբանի խոսքով, գործ ունենք վարչական ակտի անհամաչափության խնդրի հետ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով` վարչական վարույթ իրականացնող մարմինը վարչարարությունն իրականացնելիս պետք է առաջնորդվի համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով:
Սահմանադրական դատարանում, Ա. Ղազարյանի կարծիքով, վիճարկելու հարց է նաև վարչական ակտի անհամաչափությունը:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել