HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիանի քաղաքապետարանը ինչի՞ հաշվին է բարձրացնում աշխատակազմի աշխատավարձը

2012 թվականին Գորիսում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունը հայտնեցին Գորիսի քաղաքապետի նախաձեռնությամբ համայնքի ավագանու հուլիսի 14-ի նիստում  ընդունված որոշման վերաբերյալ, որով համայնքի մի խումբ բնակիչների զիջեցին ավտոմեքենաների գույքահարկը: Գույքահարկի արտոնություն ստացածների հիմնական մասն ավագանու անդամներն էին, եւ ընդհանուր հաշվով մոտ 400 հազար դրամի հարկային արտոնությունից ազատվել էին «Մերսեդես», «Տոյոտա», «Շեվրոլետ», «ԲՄՎ» մակնիշի մեքենաների տերերը: 

Որոշման դեմ ընդվզողների եւ արտոնությունն ստացածների միջեւ վեճը սահմանափակվեց հիմնականում անձնական վիրավորանքներով, գավառային «ռազբորկաներով» ու սեփական տան խնդիրներն աշխարհով մեկ անելու մշտական հանդիմանանքներով: Համայնքային բյուջեի եկամուտների ապահովման արհեստական կրճատման մասին խոսակցությունները ժամանակի հետ մոռացվեցին, բնականաբար, նոր կամայականությունների ճանապարհ հարթելով ոչ միայն Գորիսի համայնքային իշխանության համար: 

Սիսիան քաղաքի ավագանու 2013թ. դեկտեմբերի 25-ի նիստում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում էր քաղաքապետարանի աշխատակազմի թվաքանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնական դրույքաչափերի հաստատմանը: Անփոփոխ թողնելով աշխատակիցների թվաքանակը, ներկայացված որոշման նախագծով առաջարկվում էր 20-90 տոկոսով բարձրացնել քաղաքապետի աշխատակազմի աշխատավարձը: Օրակարգային հարցի քննարկման ընթացքում ներկայացված փոփոխության վերաբերյալ իրենց անհամաձայնությունն են հայտնել ավագանու անդամներ Սրբուհի Գրիգորյանը եւ Համլետ Բաբայանը, նշելով, որ աշխատավարձերի նախատեսվող բարձրացումը պետք է տարածել նաեւ տեղական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների հաստիքների վրա: 

 «Արդարացի չէ, որ քաղաքապետարանի վարորդը, քարտուղարը, ցրիչը 1,5 անգամ ավելի աշխատավարձ ստանան, քան համայնքային ենթակայության հիմնարկի ղեկավարը»,- իր նկատառումն է հայտնում Հ. Բաբայանը: Սրբուհի Գրիգորյանն առաջարկում է, հաշվի առնելով հուլիսին նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ նախատեսվող փոփոխությունը, հարցը հետաձգել: Քվերակության արդյունքներով սակայն, որոշումն ընդունվում է, ձեռնպահ են քվեարկում միայն ավագանու նշված  անդամները: 

Որոշման արդյունքում 2014 թվականի ընթացքում Սիսիանի համայնքային բյուջեի ծախսերը կավելանան  14 մլն դրամով: Եվ, եթե հաշվի առնենք, որ ավագանու նույն նիստում ընդունված 2014 թ.-ի բյուջեում, նախորդ տարվա համեմատությամբ եկամուտների ավելացում չի նախատեսվում, անհասկանալի է, թե ինչ ծախսերի հաշվին է նախատեսվում աշխատակազմի աշխատավարձի բարձրացումները: Մյուս կողմից, որքանո՞վ է արդարացված, որ 16 հազար 800 բնակիչ ունեցող համայնքային իշխանության աշխատակազմում քաղաքապետի տեղակալի, խորհրդականի, օգնականի հաստիքներ նախատեսելը: 

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը նախատեսում է 2014թ. մշակել համայնքապետարանների աշխատակազմերի, համայնքային ենթակայության հիմնարկների կառուցվածքի եւ կազմի օպտիմալ մոդելներ: Այս դեպքում, թերեւս հնարավոր կլինի քննարկել նաեւ Սիսիանի համայնքային աշխատակազմի հաստիքների արհեստական ուռճացման հարցը, Գորիսի համայնքային ենթակայության հիմնարկների, օրինակ, զբոսայգու երեք պարուսույցների, օպերատորի, ֆիլմադարանի (ինչը վաղուց գոյություն չունի) աշխատակցի, տարբեր թանգարանների իբր գիտաշխատողների եւ այլ հաստիքների նպատակահարմարությունը: 

Մեկնաբանություններ (1)

Susanna
Սիսիանի համայնքային բյուջեի ծախսերը կավելանան 14 մլն դրամով. angam mot 20 milion dramov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter