HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետք» կայքին թղթակցում եմ բանտից

Մհեր Ենոքյան
մահ բանտարկյալ, 18 տարի է «Նուբարաշենի» բանտում) 

Երկար ժամանակ է` լրագրողների միջոցով շփվում եմ Ձեզ հետ, մարդի՛կ: Լրատվամիջոցներն այն կամուրջն են, որ օգնում են ինձ շարունակել զրույցը մարդկանց հետ, ինչի համար երախտապարտ չլինել չեմ կարող:  

Բայց մեծ էր զարմանքս, երբ տարեմուտին առաջարկ ստացա «Հետք» կայքի գլխավոր խմբագրից՝ գրել հոդվածներ կայքի համար, ինչո՞ւ ոչ՝ նաև հոնարար ստանալ, փաստորեն հանդես գալ որպես կայքի թղթակիցը բանտում: 

Անկեղծ ասած, այդ գրային էլեկտրոնային միջավայրը չեմ տեսել, չգիտեմ, թե ինչ տեսք ունի ինտերնետը, պարզապես կարդացել եմ գրականություն համաշխարհային ցանցի մասին: Նաև հարազատներս ինձ են փոխանցում մամուլից քաղվածքներ: Այդպես հետևում եմ «Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարին, որտեղ բարձրաձայնվում են հին քրեական գործերի մանրամասներ, գործեր, որոնք դուրս են մնացել հասարակության ուշադրությունից ու չեն լուսաբանվել: Գիտեմ, որ ինտերնետը հզոր գործիք է, ու ժամանակակից մարդը չի կարող կյանքը պատկերացնել առանց այդ տիրույթի: Իսկ հայաստանյան բանտերում համակարգիչը դիտվում է կապի միջոց: Ցմահ դատապարտյալներին առհասարակ չի թույլատրվում համակարգիչներ ունենալ: Թերևս միայն երեք ցմահ դատապարտյալ է իրավունք ստացել որոշակի ժամեր աշխատանքային օրերին առանձին սենյակում հարազատներից ստացված համակարգիչներից օգտվելու՝ լինելով բուհերի հեռակայող ուսանողներ (20 տարի բանտում գտնվող Արսեն Արծրունին ու նախկին զինվոր Գեորգի Խանամիրյանը ուսանում են հոգեբանություն, իսկ ես՝ իրավագիտություն): Ինքնուրույն սովորել եմ շարվածք կատարել համակարգչով, հավաքում եմ տեքստերս, խմբագրում ստեղծագործություններս: 

«Հետքից» ստացված առաջարկի մասին տեղեկանալով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի պատասխանատուներից մեկն անգամ ողջունեց գաղափարը. չէ՞ որ օրենքի համաձայն, դատապարտյալները պետք է ապահովվեն աշխատանքով, սակայն բանտում զբաղվածների թիվը գիտեմ, որ չնչին տոկոս է: Իսկ ցմահ դատապարտյալներն առհասարակ չունեն աշխատելու հնարավորություն՝ լինելով փակ ռեժիմում՝ 23 ժամ փակ դռների հետևում (մեկ ժամ տրամադրվում է զբոսանք): Աշխատանքի բացակայության հետ կապված, վստահ եմ, որ նույն պատկերն էլ գաղութներում է: Հեռուստատեսությամբ լուրերի ժամանակ տեսա, թե ինչպես էին սև հագած տղամարդկանց մեծ խմբեր պատերի տակ պպզած թզբեհ պտտեցնում: Փոխարենը համակարգը օգտագործի առողջ, ուժեղ աշխատուժը, այդ մարդկանց դեգրադացիայի է ենթարկում:    

Ի՞նչ նպատակ է հետապնդում համակարգը հազարավոր առողջ տղամարդկանց մեկուսացնելով հասարակությունից, սակայն չտալով վերականգնվելու, վերասոցիալիզացվելու և ոչ մի հնարավորություն: Վստահ եմ՝ կան այնպիսիները, ովքեր գրել կարդալ չգիտեն, մասնագիտություն ու արհեստ չունեն: Տարիներ շարունակ փակելով այդ մարդկանց անմարդկային, դաժան պայմաններում՝ ո՞ւմ է համակարգը վերադարձնում հասարակություն: Ո՞ւմ է ձեռնտու այս փակ շղթան, որտեղ կյանքում մեկ անգամ սայթաքած, երբեմն սխալմամբ բանտում հայտնված անմեղ մարդկանց ձեռք մեկնելու փոխարեն, համակարգը չարացնում է: Մի անգամ գրել եմ՝ չչարանալը բանտում արդեն հերոսություն է: Այս հռետորական հարցերի պատասխանները քիչ թե շատ տրամաբանող մարդու համար պարզից էլ պարզ են: Ամեն ինչ բանտում թողնված է բանտարկյալի անհատական ունակությունների վրա՝ որքանով ուժեղ կամք ունի, ինչքա՞ն կարող է ողնաշարը ձիգ պահել, ինչքա՞ն ժամանակ չկոտրվել… 

Ես փորձում եմ օրս լցնել օգտակարով: Օրվա 24 ժամն անգամ ինձ չի բավականացնում, թեպետ Ձեզ կարող է թվալ, թե ժամանակս անսպառ է: Պատրաստվում եմ քննություններիս, կարդում մասնագիտական գրականություն, ուսումնասիրում արտասահմանյան երկրների իրավուքի պատմությունը: Զուգահեռաբար կատարում եմ նաև թարգմանչական աշխատանք՝ հայերենից ռուսերեն և ռուսերենից հայերեն: 18 տարի առաջ նույն խցում միասին նստած (4 ամիս նույն խցում ենք եղել մինչև մահապատժիս դատավճռի կայացումը) մաթեմատիկոս Գուրգեն Մարտիրոսյանի աջակցությամբ շուտով կտպագրվի 23 տարի խորհրդային բանտում անցկացրած Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վեպի ռուսերեն տարբերակը՝ իմ թարգմանությամբ: «Խարանի» հայերեն տարբերակը տպագրել է դերասան Վարդան Պետրոսյանը, ով այսօր դժբախտ պատահարի հետևանքվ անազատության մեջ է: Ասեմ նաև, որ իմ «Դեպի ցմահ ազատություն» նոր պատմվածքով մասնակցում եմ «Օրանժ» ընկերության կազմակերպած գրքի մրցույթին: Հիմա զգացիք, թե ինչ գերզբաղված եմ ես: Խոստանում եմ այս ամենի մասին գրել առավել մանրամասն:   

Շնորհակալ եմ «Հետքին» նման հնարավորություն ինձ տալու համար: Ցանկանում եմ բարձրաձայնել կարևորի մասին, նաև որպես ապագա իրավաբան նշել, թե ինչպես եմ տեսնում այս կամ այն հարցի լուծման տարբերակները: Երբեմն նաև կաշխատեմ գծանկարներով համեմել նամակներս, ըստ թեմաների: 

Հ.Գ. Ամանորի կապակցությամբ մենք՝ 105 ցմահ դատապարտյալներս, ինչպես և նախորդ Ամանորին, նվերներ ստացանք ֆրանսիական «Նյուվել դե Արմենի» ամսագրի հայաստանյան թղթակից Սեդա Մավյանից, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում նրան: Հաճելի է, երբ անտեսված չես, երբ հիշում են քո մասին: 

Մեկնաբանություններ (3)

gohar
Apsos, vor dzer nman graget yeritasardy haytnvel e nman iravichakum. Cankanum em misht mnaq ankotrum.
Գագիկ
Մհեր ջա՛ն, պինդ կաց: Շնորհավորում եմ աշխատանքի տեղավորվելու կապակցությամբ: Կեցցե՛ «Հետքը»: Դու քո կամքով և Եսիդ մեջ նստած Սիրով՝ Ապրելու ու ստեղծագործելու ուժ ես տալիս շատ ֆիզիկապես ազատների: Իսկ այդ ժամանակ, «արևի տակ ծիրանի՝ շարան-շարան ձանձրացող հազարները» փնթփնթում են ու սպառում... Համոզված եմ, որ դու դեռ ֆիզիկապես ազատության մեջ էլ կապրես երկար տարիներ և կապրեցնես: Թող, որ օրհնվի այդ օրը:
VARDUHI
ES CHEM, VOR PETQE DATEM . UXXAKI LAV E, VOR PRPTUN MITQ UNEQ EV HETAQRQRUTYUNNERI LAYN SHRJANAK. SHATER@ AZATUTYAN MEJ ANIMAST U ANNPATAK EN APRUM.VOGU KOROV, STEXCAGORCAKAN HAJOXUTYUNNER DZEZ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter