HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի 66 մլն դրամ արժողությամբ դիահերձարանը չեն շտապում գործարկել

Մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել այն մասին, որ Գորիսում դիահերձումը կատարվում է ոչ տիպային շենքում, մեղմ ասած` սանիտարական ոչ բավարար պայմաններում: Դիահերձման համար նախատեսված տարածքները վերջին տարիներին մի քանի անգամ փոխվել են, չնայած նրան, որ պատերազմական գոտում գտնվող տարածաշրջանում ժամանակակից պահանջներին համապատասխան դիահերձարանի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի: Գորիսի դիահերձարանը շահագործման է հանձնվել ամիսներ առաջ, սակայն դիահերձումը շարունակում են կատարել 15 քառակուսի մետրանոց մի տարածքում, որը «Գորիսի բժշկական կենտրոն»-ի վերանորոգումից հետո նախատեսված էր որպես ավտոտնակ: 

Սա այն դեպքում, երբ «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկ»-ի  Առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված վարկային միջոցներով կառուցվող «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դիարանի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Դիահերձարանի շինարարական աշխատանքներն իրականացնող «Մաստարա» արտադրական կոոպերատիվի տնօրեն Կարո Փարսյանը տեղեկացնում է, որ շինարարությունն ավարտվել 2013թ.-ի մայիսի 8-ին:

66 մլն դրամ արժողությամբ 200 քառակուսի մետր տարածք ունեցող ախտաբանաանատոմիական ծառայության շենքում նախատեսված են դիահերձման, սառնարանների, լաբորատորիայի համար նախատեսված սենյակներ: Քաղաքից դեպի «Թոսկապ» գերեզմանատուն տանող ճանապարհի վրա գտնվող դիահերձարանի համար կառուցվել է նաեւ 150 մ երկարությամբ ջրատար:

«Նախագծով դիամշակման համար երկու մասնաշենք էր նախատեսվում, սակայն կառուցվել է մեկը, խնայված միջոցներն ուղղվել են 270 մ երկարությամբ կոյուղագծի կառուցմանը»,- ասում է շինարարը: Կոյուղին միացվել է մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող բազմաբնակարան շենքի ցանցին, որտեղ կառուցվել է նաեւ մաքրման հոր:

«Շինարարության ընթացքում առաջարկություն եղավ վերանայել նախագիծը եւ տարածքում հերձուքի թաղման հոր նախատեսել, սակայն հաշվի առնելով կառույցի տեղանքի դիրքը, որի պատճառով հերձուքը կարող էր խառնվել գրունտային ջրերին, առաջարկը չընդունվեց»,- նշում է Գ. Փարսյանը եւ իր տարակուսանքը հայտնում, որ շենքի շահագործումից  բավական ժամանակ է անցել, սակայն այն դեռեւս չի գործում: «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սլավիկ Ամիրյանի խոսքով` պատճառը շինարարության ձգձգումն էր մինչեւ նոյեմբեր: Սակայն այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպե՞ս է նա դեռեւս 2013թ. մայիսի 10-ին ստորագրել շինարարական օբյեկտի ավարտման ակտը: Դիահերձարանն ըստ նրա` կգործի մարտի 1-ից, իսկ այդ դեպքում հնարավո՞ր է ավարտին հասցնել այն բոլոր գործընթացները, որոնք անհրաժեշտ են կառույցի գործարկման համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրան, որ դեռեւս ձեռք չեն բերվել անհրաժեշտ սարքավորումներ, որի համար, պրն Ամիրյանի ասելով, մրցույթ է հայտարարվել անցյալ տարվա դեկտեմբերին: Իրականում ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դիարանի համար սարքավորումների մատակարարման, տեղադրման, ուսուցման նպատակով պայմանագրի առաջարկության մրցույթի վերջնական ժամկետ էր հայտարարել անցյալ տարվա մարտի 4-ը: Մրցույթի արդյունքներով «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի եւ դիարանների համար սարքավորումների մատակարարման, տեղադրման եւ ուսուցման պայմանագիրը շնորհվել է «Ա-ՄԵԴԵՔ» ՍՊԸ –ին»:

Մրցույթի անցկացման փաստը հաստատում է նաեւ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ  տնօրենի պաշտոնակատար Ն. Զուլոյանը, ով «Հետք»-ի հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, թե դիահերձարանն իբր հագեցած է ժամանակակից  սարքավորումներով եւ երկու ամիս է, ինչ արդեն գործում է: Պաշտոնյան ըստ էության անտեղյակ էր, որ «Գորիսի բժշկական կենտրոն»-ը դիահերձարանի գործարկման համար պարտավոր է օրենքով սահմանված կարգով արտոնագիր ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, որը չի արվել: Սլավիկ Ամիրյանի խոսքով` արտոնագրման փաստաթղթերը կներկայացվեն մոտակա օրերին: Պարտավոր էր նաեւ նորակառույցի փաստագրման ակտի համար դիմում ներկայացրել համայնքային իշխանությանը, որը նույնպես հունվարի 25-ի դրությամբ չէր արվել:

Առաջին լուսանկարում` նորակառույցը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter