HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ոստիկանությունը ոչնչացրել է դեկտեմբերի 2-ի բոլոր տեսանյութերը

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի ոստիկանությունը որոշեց դատի տալ դեկտեմբերի 2-ին բերման ենթարկված 100-ից ավելի ցուցարարներին` 50-հազարական դրամ տուգանելու պահանջով:

Մեղադրանքը

Հայցադիմումներում ակտիվիստներին, ընդհանուր առմամբ, մեղսագրվում է ոստիկանության օրինական պահանջները չկատարելը, այն է` փողոցների երթևեկելի մաս դուրս գալը, աղմկելը, տեղից չհեռանալը (չցրվելը) և այլն: Հատկանշական է, որ ոստիկանությունը հարցի տակ չի դնում երթի օրինականությունը:

Մեծ վերլուծության կարիք չկա, որ պարզ լինի, որ բոլոր այս արարքները կարելի է մեղսագրել ցանկացած օրինական երթի մասնակիցներին, քանի որ մեծ երթերը ընթանում են փողոցների երթևեկելի մասերով, դրա մասնակիցները վանկարկում են, աղմկում են և, իհարկե, երթի կեսից չեն ցրվում:

Այսինքն, ստացվում է, որ եթե մարդը Հայաստանի Հանրապետությունում օրինական և մեծ երթի է մասնակցում, ապա նրան պետք է ինչ-որ անհեթհեթ պահանջներ ներկայացնել ու դրանք չկատարելու համար 50 հազար դրամով տուգանել:

Ապացույցները

Ըստ էության, ոստիկանության բոլոր հայցերի հիմքում ընկած են ակտիվիստներին բերման ենթարկողների զեկուցագրերը: Դրանցում ոստիկանները ասում են, որ բերման ենթարկված քաղաքացին այսինչ-այնինչ արարքներն է կատարել: Այս պահին ստացված բոլոր հայցերում միակ ապացույցը դա է:

Սակայն բոլորս տեսել ենք, որ ոստիկանությունը ցույցերի, երթերի և այլ ակցիաների ժամանակ տեսախցիկներով նկարահանումներ է իրականացնում: Պարզվեց, որ այդ օրը տեսանկարահանումներ էին իրականացնում թե ՊՊԾ գնդի ծառայողները, թե ոստիկանության լրատվական ծառայության աշխատակիցները:

Մենք փորձեցինք ոստիկանությունից ստանալ դեկտեմբերի 2-ին կատարված այդ տեսագրություննեը: Հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին, որ այդ օրը կատարված բոլոր տեսագրությունները ոչնչացված են:

Այսինքն` ոստիկանությունը ցուցարարներից և որևէ մեկի դեմ ոչ-մի տեսանյութ չունի:

Դժվար չէ հասկանալ, որ եթե այդ տեսանյութերում լիներ որևէ ակտիվիստի կողմից կատարված որևէ խախտում, ապա այդ տեսանյութը չէր ոչնչացվի, այլ կօգտագործվեր այդ ակտիվիստի դեմ: Բայց եթե ոստիկանությունը շուտափույթ կերպով ոչնչացրեց տեսանյութերը, ուրեմն դրանցում կային դրվագներ, որոնք կարող էին օգտագործվել ոստիկանության դեմ:

Այսինքն, ակնհայտ է, որ ոստիկանությունը այդ տեսագրությունները ոչնչացրել է սեփական խախտումները կոծկելու համար:

Բա ծառայողական քննությունը

Բացի այդ, ինչպես հայտնել էինք, դեկտեմբերի 2-ի գործով ծառայողական քննություն է իրականացնում նաև Ոստիկանութայն ներքին անվտանգության վարչությունը: Սակայն ոստիկանության իրավաբանական վարչությունից մեզ հայտնեցին, որ այդ ներքին անվտանգության վարչությունը չի պահանջել ու հետևաբար չի ստացել նշված տեսանյութերը:

Պարզ է, որ եթե այդ վարչությունը ցանկանար օբյեկտիվ իրականությունը պարզել, ապա կպահանջեր ու կուսումնասիրեր նաև ոստիկանների նկարահանած տեսանյութերը: Այն հանգամանքը, որ ներքին անվտանգության վարչությունը դա չի արել, վկայում է այն մասին, որ այդ վարչության գործը միայն կոծկելն է, ոչ թե իրականությունը պարզելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter