HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Տեսախցիկի ֆիքսած «խախտումն» օրինական չէ. ՃՈ-ի որոշումը չեղյալ է համարվել

Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում լուսացույցի կարմիր ազդանաշանի տակ կանգնած վարորդը` Դավիթ Ասլանյանը, կանաչը վառվելուն պես քշել է արգելված ուղղությամբ և տուգանվել 10 հազար դրամով: Բայց միայն տուգանքի որոշումը ստանալուց հետո է իմացել, որ խաչմերուկում տեղադրված լուսացույցի հիմնական ազդանշանի կողքին կար սեկցիա, որն արգելում էր երթևեկությունն իր վարած ուղղությամբ` Հալաբյան փողոցից դեպի Դավիթաշեն:

Դավիթ Ասլանյանը բողոքարկել է տուգանքի որոշումը` նշելով, որ լուսացույցի հիմնական ազդանշանի վրա չեն եղել սլաքներ, որոնք կհուշեին լրացուցիչ սեկցիայի առկայության մասին, միևնույն ժամանակ բացակայել է լրացուցիչ սեկցիայի սլաքը, որը հուշում է երթևեկության` արգելված ուղղության մասին:

Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը քննարկել և որոշել է, որ դիմումատուի «խնդրանքը» ենթակա է բավարարման: «Համաձայն ՀՀ ոստիականության ՃՈ ՃԵԿՀ բաժնի ավագ տեսուչ Վ. Հակոբյանի կողմից տրված տեղեկանքի՝ Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում տեղադրված հիմնական լուսացույցային օբյեկտի՝  Հալաբյան փողոց Դավիթաշեն երևեկության ուղղությամբ, կանաչ ազդանշանի սեկցիայի վրա բացակայում է ուղիղ հորիզոնական սլաքը»,- նշված է ոստիկանութան` Դավիթ Ասլանյանի վարչական տուգանքը չեղարկելու որոշման մեջ:

Դավիթ Ասլանյանը ազատվել է տուգանքից, բայց հիմա էլ նկատում է, որ այդ խաչմերուկում վարորդներն անում են նույն «խախտումը»:

«Հստակ համոզված եմ, որ տուգանքը գալիս է: Այսինքն՝ այդքան մարդ ոստիկանի պաշտոնական դիրքի չարաշահման զոհ է: Չէ՞ որ ոստիկանը գիտի, որ էնտեղ իրավունք չունի տուգանելու: Եթե իմանային, ինձ էսպիսի պատասխան չէին գրի, իրենք հստակ գիտեն, որ չի կարելի: Հիմա խնդիրն էն է, որ իրենք սխալ լինելով՝ տասը հազար դրամ մարդկանց տուգանում են»,- ասում է Դավիթ Ասլանյանը:

Ավելացնում է, որ երկար տարիներ տարբեր երկրներում մեքենա է քշել ու շատ լավ գիտի, որ եթե լուսացույցի կողքին տեղադրված է սեկցիա, ապա հիմնական կանաչ ազդանշանի վրա պետք է նշված լինի թույլատրելի երթևեկության ուղղությունը սլաքներով, իսկ եթե նշված չէ, վարորդն իրավունք ունի գնալու ցանկացած ուղղությամբ:

Նույնը սահմանում է կառավարության «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարաքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ որոշումը:  Կլոր ազդանշաններով լուսացույցները, համաձայն որոշման, կարող են ունենալ մեկ կամ երկու կանաչ սլաքի (սլաքների) տեսքով ազդանշաններով լրացուցիչ մասեր (սեկցիաներ): Դրանք տեղադրվում են կանաչ ազդանշանի մակարդակի վրա, իսկ սեկցիայի առկայության մասին պետք է հուշի լուսացույցի հիմնական կանաչ ազդանշանի սև ուրվագծային սլաքը(սլաքները):

Հակառակ դեպքում, ինչպես նշում է Դավիթ Ասլանյանը, վարորդը պարտավոր չէ գուշակել, որ «լուսացույցի կողքի տուփը» սեկցիա է: «Կարող ես ասել, որ ծտի բուն է»,- ասում է նա` խորհուրդ տալով չվճարել այն տուգանքները, որոնք ճանապարհային ոստիկանության կողմից երթևեկության կանոնները խախտելու արդյունք են:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter