HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սփյուռք-Հայաստան հարաբերությունները «սփյուռքի ժողովուրդ-Հայաստանի ժողովուրդ» հարաբերություններ չեն

Սփյուռք - Հայաստան հարաբերությունները ոչ թե «սփյուռքի ժողովուրդ - Հայաստանի ժողովուրդ» հարաբերություններ են, այլ «սփյուռքի ավանդական կուսակցությունների վերնախավ - Հայաստանի իշխանություններ» հարաբերություններ: Այս մասին այսօր՝ «Սարդարապատ» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ, ասաց Policy Forum Armenia կազմակերպության համահիմնադիր, Արժույթի միջազգային հիմնադրամի ավագ տնտեսագետ Դավիթ Գրիգորյանը:

Միաժամանակ նա կարծիք հայտնեց, որ վերջին 20 տարվա ընթացքում միտումնավոր կերպով գործընթացներից դուրս է մղվել նաև սփյուռքի համայնքների ժողովուրդը, և սփյուռք - Հայաստան հարաբերությունների դաշտը մնացել է միայն «սփյուռքի վերնախավ - Հայաստանի իշխանություններ» հարաբերությունների մակարդակում:

«Հարաբերությունները պետք է իջնեն միկրոմակարդակի՝ «ժողովուրդ-ժողովուրդ» մակարդակի: Հարկավոր է երդում տալ ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին և երկրին»,- ասաց Դավիթ Գրիգորյանը՝ հավելելով, որ հատկապես կառավարման այն որակի դեպքում, որն առկա է Հայաստանում, սփյուռքը կարիք ունի հզորացնելու իր ձայնը և ավելի անկախ գործելու:

Երբ հարաբերություններն իջնեն միկրոմակարդակի, պարզ կդառնան Հայաստանում այն տիրույթները, որտեղ սփյուռքը անելու բան ունի՝ ընտրությունների կազմակերպում, մոնիտորինգ, ներդրումային հիմնադրամների ստեղծում և Հայաստանի զարգացման խնդիրներում սփյուռքի մարդկային ներուժի ներգրավում, որը Դավիթ Գրիգորյանը համարում է սփյուռքի ամենակարևոր ռեսուրսը:

Բանախոսը նշեց, որ տարիներ շարունակ, եթե սփյուռքում խոսեիր այն մասին, որ Հայաստանում կոռուպցիա կամ կառավարման խնդիրներ կան, կդառնայիր թշնամի, թշնամու ջրաղացին ջուր լցնող: Շատ սփյուռքահայեր, ովքեր գիտակցում էին, թե ինչ է կատարվում Հայաստանում, լռում էին, քանի որ խոսելը ինքնասպանության նման մի բան կլիներ:

Դավիթ Գրիգորյանի խոսքերով՝ Հայաստանի հետ սփյուռքի համայնքների հարաբերությունները և Հայաստանի հարցում նրանց մտածելակերպը շատ ավելի կուսակցականացված են՝ գործող ավանդական կուսակցությունների շրջանակներում, քան համահայկական:

Սփյուռքում դաշտը խեղաթյուրված է այն առումով, որ նոր կառույցների, կազմակերպությունների ստեղծվելը, այդ դաշտ մուտք գործելը բավականին բարդ է: Ավանդական կուսակցությունները ցավոտ են վերաբերվում նոր, հատկապես այնպիսի կառույցների ստեղծմանը, որոնք կարող են դաշտում լուրջ դեր ունենալու հավակնություններ ներկայացնել: Ուստի նորաստեղծ կազմակերպություններն արագ վերանում են ռեսուրսների պակասի և դաշտի անառողջ լինելու պատճառով:

«Ժողովրդավարությունը բացակայում է սփյուռքի ավանդական կառույցներում, և արդյունքում դա չի կարող չարտահայտվել սփյուռքի ու Հայաստանի հարաբերությունների վրա այնքանով, որքանով հարաբերությունները դեռ վարում են այդ ավանդական կառույցները»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:

Ըստ նրա՝ սփյուռքի ավանդական կուսակցություններն ու կառույցները մարտավարական ու ռազմավարական խնդիրների լուծման առումով խորը ճգնաժամ են ապրում:

«Սփյուռքը չկարողացավ ՀՀ-ի հետ կապված ձևավորել այն տեսլականը, որը հիմք կլիներ ապագա հարաբերությունների զարգացման: Ուղղակի թե անուղղակի խրախուսվեց այն վատը, որ տեղի էր ունենում Հայաստանում»,- ասաց Policy Forum Armenia-ի համահիմնադիրը՝ օրինակ բերելով 2008-ի կեղծված ընտրությունները և մարտի 1-ի սպանդը:

Դավիթ Գրիգորյանը կարծում է, որ սփյուռքի կառույցները ոչինչ չարեցին՝ ապագայում նման իրադարձությունների կրկնությունը կանխելու ուղղությամբ: Սփյուռքն ամբողջովին անտեսեց և չհասկացավ Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման կարևորությունը:

Ըստ սփյուռք - Հայաստան հարաբերությունների 20-ամյակին նվիրված, Policy Forum Armenia-ի 2010-ի զեկույցի՝ սփյուռքը չկարողացավ կանխել Հայաստանից արտագաղթը, լուրջ դեր ունենալ Հայաստանում աղքատության վերացման գործում, թեև կային որոշ հաջող ծրագրեր, որոնք կարող էին հետագա գործընթացների լավ մոդել դառնալ: Չստեղծվեցին ներդրումային ֆոնդեր, գիտելիքի կենտրոններ, որոնք կարող էին կայուն զարգացմում ապահովել Հայաստանում:

Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բանախոսի համոզմամբ, ոչ միայն չկարողացավ որակական առումով անել իրենից ակնկալվածը, այլև չկարողացավ ներգրավել այն քանակությամբ ֆինանսներ, որոնց կարիքն ունի Հայաստանի տնտեսությունը:

Փոխարենը Հայաստանն անցավ տրանսֆերտների մոդելին, որը Դավիթ Գրիգորյանը համարում է չարիք: Ըստ Ազգային վիճակագական ծառայության պաշտոնական տվյալների հիման վրա ստացված արդյունքների՝ դրսից գումար ստացող ընտանիքը շատ ավելի քիչ զբաղվածություն է ցուցաբերում աշխատաշուկայում, շատ ավելի քիչ գումար է ծախսում երեխաների կրթության վրա, իր խնայողությունները չի ուղղում բանկային համակարգի հետ հարաբերություններին:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է հասկանալ, թե որոնք են սփյուռքի ռեսուրսն ու ներուժը, ինչպես է պետք դրանք օգտագործել Հայաստանի զարգացման համար: «21-րդ դարում այն ցանցը, որը սփյուռքն է, նույնքան կարևոր է, որքան ֆինանսական ռեսուրսները և մարդկային ներուժը: Գործ ունենք սարսափելի կարևոր մի ցանցի հետ»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:

Նա սփյուռքում նկատում է նաև դրական միտումներ: Սփյուռքը, հատկապես 2008թ.-ից և հայ-թուրքական գործընթացից հետո դառնում է ավելի տեղեկացված, ինչի շնորհիվ փոխվում է Հայաստանի հետ հարաբերությունների վերոնշյալ մոդելը. սփյուռքայում, վերնախավից բացի, այդ հարաբերություններում են ներգրավվում բազում նոր կազմակերպություններ:

Քննարկման մյուս բանախոսի՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Գարեգին Չուգասզյանի խոսքերով՝ վերջին 20 տարում սփյուռք-Հայաստան հարաբերությունները կատարյալ ձախողում են ապրել: Դա հստակ երևում է Հայաստանի բնակչության թվից:

«Մենք առնվազն պետք է ունենայինք երևի 4,5 մլն բնակիչ՝ հենց թեկուզ տեղական ներուժի հաշվին (ես չեմ խոսում հայրենադարձության մասին), սակայն շնորհիվ շատ առումներով նրա, որ մենք ունենք սփյուռք, ցանց, կարծես թե շատ դրական մի համաշխարհային երևույթ, հենց այդ ցանցի առկայությունը հեշտացրեց արտագաղթը Հայաստանից, և մենք ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:

Միաժամանակ նա նշեց, որ չի թերագնահատում այդ ցանցի դերը: Եվ ստեղծվելիք Հայաստանի 4-րդ հանրապետությունը պետք է հասկանա, թե ինչ քաղաքականություն պետք է վարի՝ սփյուռքի ահռելի ներուժից օգտվելու համար:

Գարեգին Չուգասզյանի խոսքերով՝ Հայաստանը սփյուռքի հետ վարում է այն քաղաքականությունը, որն իներցիայով ժառանգել է ԽՍՀՄ ժամանակներից: Փոխվել է միայն կենտրոնը. Մոսկվայից Երևան է տեղափոխվել: Բայց սփյուռքի նկատմամբ հիմնական մոտեցումները մշակված են խորհրդային շրջանում: «Մենք կարիք ունենք քաղաքականության արմատական վերանայման»,- ասաց «Սարդարապատի» նախաձեռնող խմբի անդամը:

Անդրադառնալով սփյուռքի նախարարության դերին՝ Դավիթ Գրիգորյանը նշեց, որ ի սկզբանե այդ նախարարության ստեղծումը ողջունելի էր: Սակայն այժմ ցավում է, որ սփյուռքի նախարարությունը փորձում շղարշել լուրջ, արդեն իսկ խորացած հիմնախնդիրները և իրավիճակը ներկայացնել շատ ավելի դրական, քան իրականում է:

«Եվ անգամ ձեռք մեկնելիս սփյուռքի կառույցներին և անձանց, տպավորություն եմ ստացել, որ ձեռք են մեկնում մարդկանց և կառույցներին, որոնք վտանգ չեն ներկայացնում իշխանությունների համար՝ իշխանությանը երբևիցե քննադատած լինելու առումով»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:

Գարեգին Չուգասզյանն էլ մեջբերեց «Սարդարապատի» քննարկումներից մեկի ժամանակ հնչած այն կարծիքը, որ եթե պատերազմի ժամանակ «սուպեր նախարարության» դերը կատարում է պաշտպանության նախարարությունը, ապա խաղաղ պայմաններում Հայաստանի նման երկրի համար այդպիսի նախարարության դեր պիտի կատարի հայրենադարձության նախարարությունը: Սակայն այժմ այդ տեսանկյունից հնարավոր չէ խոսել սփյուռքի նախարարության մասին:

Քննարկման ժամանակ հարց հնչեց, թե դասական սփյուռքը, ՀՀ վերադառնալով, արդյոք կարո՞ղ է հայրենադարձ համարվել, եթե հաշվի առնենք այն փաստը, որ հին սփյուռքահայերը հայրենազրկվել են Արևմտյան Հայաստանից, որի ֆիզիկական տարածքն այսօր ՀՀ-ն չէ:

Գարեգին Չուգասզյանի խոսքերով՝ նման խնդիր իսկապես կա, քանի որ ՀՀ-ն ստեղծվել է Արևելյան Հայաստանի տարածքում, որն ամբողջ Հայաստանը չէ: Բայց լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ՝ Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ կան: Այդ իմաստով ՀՀ-ի մշակելիք քաղաքականության մեջ պետք է անպայման արտացոլվեն արևմտահայության և արևելահայության միջև բոլոր մշակութային, պատմական, ճակատագրի տարբերությունները և նրբին հստակումը:

«Սակայն խորապես համոզված եմ, որ սա մի հայրենիք է և մի կենտրոն այն իմաստով, որ հենց նույն ՀՀ-ն եթե այսօր լիներ անկախ երկիր, ինքը առաջին հերթին պետք է մտահոգվեր արևմտահայերենի վտանգվածությամբ, և հենց ՀՀ-ում լինեին արևմտահայերեն դպրոցներ»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:

Հ.Գ. Մինչ հանդիպումը սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 28 տարի առաջ՝ 1983թ. հուլիսի 27-ին հերոսաբար զոհված Լիսբոնյան հնգյանկի հիշատակը:

Մեկնաբանություններ (11)

gaytzag palandjian
I wonder, I really wonder, if I send to Hetq one , only one of my last articles that delves into Armenia-Diaspora Relations,i.e., the enhancement of it ,as well as my Theses regarding the Reorganization of the Armenian Diaspora,would Hetq publish it. Now that is the Question.As proof my book published in Yerevan so0me 6 years ago attests to my insisting that above be realized
David Grigorian
Գարաբեդ,շնորհակալ եմ։ Դոկտորական թեզս պաշտպանել եմ ԱՄՆ-ի Մերիլանդի համալսարանում (2001-ին), որի տնտեսագիտական դեպարտամենտը աշխարհի լավագույն 20-յակի մեջ է։ John, Denis Donikian's piece is superb indeed. I do, however, urge you to also read PFA's Diaspora report (available at www.pf-armenia.org/reports), which by the way also contains some quotes from Donikian.
David Grigorian
Raymond, if you knew me in person you would have realized that calling me a Diaspora Armenian is a stretch. :-)
Raymond
It is ironic that in all his criticism of the diaspora, David Grigorian has become part of it.
Գարաբեդ
Շատ հավնեցա Դավիթ Գրիգորեանեն ելույթը: Կփափագեի իմանալ, որ համալսարանի պրոֆեսոր է Դավիթը:
Aram
The situation in Armenia-Diaspora relations is not rosy, but the (controversial?)conversations are hopeful for a better cooperation. Do not miss the fact that even Israel and its Diaspora after sixty years do not always agree on internal or external matters.
rahageets
A pox on both their houses - the regime in Armenia and the traditional leadership of the diaspora.
Michael Haratunian
I fully agree with the views expressed by the PFA. Both the Diaspora and Armenia need a new and serious evaluation of the past two decades since independence. The Diaspora has no leadership and Armenia's is discredited. We need honest debate and action before we loose both.
SaS
Why did the Policy Forum Armenia dont comment on the Oligarchs who dont let Diaspora Armenian doing Businesses in Armenia. Everyone knows that it is hard to Start up a succsesfull Company in Armenia by Armenians in Armenia due the Oligarch System. Do the PFA thinks its is more easier for an Diaspora Armenian? Diaspora capital cant break into new markets in Armenia befor corruption is not eliminated. Maybe the next generation in Armenia will see a progress
Gaidzag
It is most welcome and encouraging ideas after reading the above constructive article.I will appreciate if it is possible to know more about PFA and Sardarapat.
Vahe
The day that the Armenian authorities stop looking and treating the Diaspora as their milking cow, and allow a completely unrestricted citizenship of Armenia like the Israeli Aliyah system, then the relationships could be beneficial for both Armenia and the Diaspora.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter