HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրությունները Տորունիքում խաղաղ են անցնում

Սիսիանի տարածաշրջանի Տորունիք գյուղում մինչեւ հիմա էլ չեն հաշտվում էն մտքի հետ, որ Երեւանում նստել ու իրենց գյուղի համար անուն են ընտրել: «Էդ էլ հո 5 տոկոս կուտակային չի, որ առանց մեր կարծիքը հարցնելու որոշում են կայացնում: Հասկացանք, նախկին անունը` Մորենին, կարող է  եւ փոխելու  կարիք է ունեցել, բայց մի հատ նաչալնիկ մի օր գյուղ գար, մեզնից հարցներ, կարող ա մենք ավելի խելքին մոտ բան էինք ասում»,- դժգոհում է Քաջիկ Հախվերդյանը, իսկ համայնքի ղեկավարը հաստատում է, որ գյուղի անվան փոփոխության մասին իմացել են Ազգային ժողովի որոշումը ստանալուց հետո միայն:

Տորունիքին ուշադրություն չդարձնելու փաստարկներից մեկն էլ, ըստ տեղացիների, այն է, որ գյուղում միջհամայնքային տրանսպորտ չի աշխատում: «Մտքներիս դնենք, Նախիջեւան կհասենք, մեկ էլ տեսար, նրանց նախագահի ընտրություններին մասնակցեցինք»,- ասում է Արկադիա Բադալյանը, ով հարեւան Ախլաթյան գյուղից է, որտեղ նույնպես տրանսպորտ չի աշխատում: 

Այդ օրը նա Տորունիք էր եկել մարտի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի, ավագանու անդամների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը նախագահելու համար: Բացի Արկադիայից, որին առաջադրել է Հայ հեղափոխական դաշնակցությունը, տեղամասային ընտրական հանձնաժողովում իրենց թեկնածուներին են ներկայացրել նաեւ «Բարգավաճ Հայաստան», ՀՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» կուսակցությունները: Վերջինիս ներկայացուցիչ Արկադի Հովհաննիսյանը նշում է, որ ինքը «Ժառանգություն» կուսակցության անդամ չէ եւ, որպես հանձնաժողովի անդամ, իրավասություն չունի վերահսկելու ընտրությունների ընթացքը ու տեղյակ չէ նաեւ, թե ընտրությունների օրն իրեն առաջադրող կուսակցությունը դիտորդ ունենալո՞ւ է տեղամասում, թե` ոչ:

Համայնքի ղեկավար Անահիտ Հակոբյանի խոսքով` նախորդ ընտրությունների փորձը վկայում է, որ իրենց գյուղում ընտրությունները «խաղաղ են»  անցնում: Նրա կարծիքով ընտրությունների բնականոն ընթացքի համար խոչընդոտ չի անգամ այն հանգամանքը, որ 86 ընտրողների մի մասը բնակվում է Սիսիանում, Բռնակոթում, Նժդեհում, Ախլաթյանում: «Բոլորին բերելու եմ»,- ինքնավստահ տոնով ասում է համայնքի ղեկավարը, ով համայնքապետի համար երրորդ անգամ է առաջադրել իր թեկնածությունը: Նա պատմում է, որ առաջին անգամ համայնքի ղեկավար ընտրվելուց հետո պաշտոնավարման ընթացքում «մատը մատին չի խփել»: «Անընդհատ նամակներ էի գրում տարբեր կառույցների, մարդկանց, անգամ Երեւանի քաղաքապետին եմ դիմել, խնդրելով ինչ-որ կերպ օգնել համայնքին, բայց որեւէ արձագանք չեմ ստացել»,- ասում է Ա. Հակոբյանը եւ շարունակում, որ երկրոդ ընտրաշրջանում սկսել են բյուջեի խնայողությունից, նվազագույն աշխատավարձ են սահմանել չորս հոգանոց աշխատակազմի համար եւ խնայված միջոցների հաշվին կարողացել են գյուղում գիշերային լուսավորություն անցկացնել, չնայած 700 մետր հոսանքալարի համար դեռեւս ստիպված են գումարներ որոնել: 

860 հազար դրամ սեփական եկամուտ ունեցող համայնքի բյուջեի յուրաքանչյուր լուման անգամ, ըստ համայնքապետի, պիտի արդյունավետ օգտագործվի:  «Միայն այդ միջոցով է հնարավոր համայնքում որեւէ խնդիր լուծել»,- համոզված է համայնքի ղեկավարը, ում կարծիքով նաեւ պիտի հաշվի առնեն, որ գյուղի հիմնական բնակիչները փախստականներ են, ովքեր քաղաքային բնակավայրից են տեղափոխվել Տորունիք եւ այդ առումով ավելի շատ են խնդիրները, որպեսզի նրանք կարողանան հարմարվել գյուղի կենցաղին: «Իհարկե, ձեռք մեկնողներ էլ կան, օրինակ, խմելու ջրի խնդիրը լուծվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ, տարբեր ծրագրեր է իրականացնում նաեւ «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը, որը 30 մեղվաընտանիք է տրամադրել գյուղի բնակիչներին, խոստումներ էլ կան, սակայն մեր հիմնական հույսը մնում է տեղական բյուջեն, որի սեփական եկամուտներն անցյալ տարի ապահովել են 82%-ով»,- ասում է Անահիտը:

Հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշ ունենալու պատճառը համայնքապետի կարծիքով, կապված է ժամանակ առ ժամանակ կառավարության կողմից իրականացվող ապառքների համար արտոնությունների սահմանման հետ, որի արդյունքում անգամ նրանք, ովքեր նախկինում պարտաճանաչ վճարում էին հարկերը, սկսում են սպասել նոր արտոնության: Համայնքի ղեկավարը կարեւորում է նաեւ արոտների ջրարբիացման, մասնավորապես, խմոցների տեղադրման հարցը, քանի որ 31 տնտեսություն, 133 բնակիչ ունեցող գյուղում 290 խոշոր եղջերավոր անասուն կա եւ զարգացման միտումներ կան, կարծես թե կարգավորվում է կաթի իրացման հարցը: Կաթի վերամշակման տարբեր ընկերություններ իրենք են տեղում կազմակերպում մթերումը: «Նպատակներ շատ ունեմ, հենց դրա համար էլ առաջադրվել եմ երրորդ անգամ»,- ասում է գործող համայնքապետը: Նա չի բացառում, որ համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված մյուս թեկնածուն` Մարգարիտա Գրիգորյանը, կարող է հաղթել իրեն, մանավանդ, որ նա տեղաբնակ  է:

Մարգարիտան եւս վստահում է իր ուժերին եւ անիմաստ է համարում տարածված այն լուրերը, թե իբր «ընտրություններին իր մասնակցությունը ձեւական բյնույթ է կրում»: Այն հարցին, թե արդյոք չի խանգարո՞ւմ այն հանգամանքը, որ ամուսինը համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն է եւ ինչպե՞ս է վերաբերվում իր առաջադրմանը, Մարգարիտան պատասխանում է, որ երբեմն պաշտպանում է, երբեմն` դժգոհում: Թեկնածուն քարոզարշավի համար առանձին ռազմավարություն, գրաֆիկ չի կազմել, չի էլ անհանգստանում, որ  տեղամասի նիստերն անցկացվում են հենց համայնքի ղեկավարի աշխատասենյակում, «հակառակորդի» մասնակցությամբ, միեւնույն է, ինքը համոզված է որ ելքը ընտրություններն են որոշելու: Նա հետեւում է ընտրական գործընթացներին, գոհ է, որ ընտրողների նախնական ցուցակները օրենքով սահմանված ժամկետում փակցվել են տեսանելի տեղում` գրադարանի պատին: «Ամուսինս էլ է համոզված, որ ես թույլ մրցակից չեմ, գյուղում ինձ գնահատում են, երեւի վախենում է, որ իմ ընտրվելուց հետո  աշխատանքը կորցնի», -ծիծաղելով ասում է Մարգարիտան  ու մեկ անգամ եւս շեշտում. «Իսկ ինչո՞ւ ոչ ես...»:

Այն, որ համայնքի ղեկավարի ընտրություններում իրական  մրցակցություն է լինելու, համոզված են նաեւ ընտրողները: Գյուղի բնակիչներից Սվետայի կարծիքով, թեկնածուները պետք է խոստանան, որ գյուղում մանկապարտեզ կբացվի: Նա չի ժխտում, որ կարող է եւ համայնքը դրա համար փող չունի, բայց էդ արդեն, ըստ նրա, «ընտրվածի խնդիրն է», թե որտեղից միջոցներ գտնի: Սվետայի խոսքով` համայնքի ղեկավարը պիտի մտածի նաեւ գյուղի ճանապարհների բարեկարգման մասին, որովհետեւ ձմռանը գյուղից ելումուտ կարողանում է անել միայն համայնքի ղեկավարը, ով Ախլաթյանում է բնակվում:

Համայնքի ղեկավարից բացի, մարտ 9-ին Տորունիքում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կընտրվեն նաեւ ավագանու անդամներ: Համայնքի ավագանու 5 անդամներից 3-ը տարբեր ժամանակներում մեկնել են գյուղից, եւ համայնքի ղեկավարը չի թաքցնում, որ քվորումի համար զանգում են ավագանու երրորդ անդամին, հարցնում, կո՞ղմ է նա քննարկվող հարցին, թե` ոչ: «Գորիսի Հարթաշեն գյուղում է ապրում, վստահում է ինձ, մարզխորհրդի նիստի գնալուց տանում եմ, արձանագրությունը ստորագրում է, բա ի՞նչ անեմ»,- ասում է Անահիտը:

Մեկնաբանություններ (1)

Սուսաննա
Էդ հեռավոր գյուղում մի մարդ մոտեցավ, իմանալով, որ Հետք-ից եմ, ասաց ,,Ես անհամբեր սպասում եմ Էդոյի նյութին, շատ եմ հավանում, մեկ մեկ ուզում եմ զանգեմ, ասեմ, ոչինչ, թղթակցեմ, բայց ամաչում եմ,,: Ու սկսեց թվարկել Էդիկի հոդվածների թեմաներից, հետո էլ, թե` ,,էդքան պաները շտեղ ա ճարում,,:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter