HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կուտակայինի թաքնված երեսը. գործադիրն ուզում է փակել նոր անձնագրերի դիմաց 17 մլն եվրոյի պարտքը

Այն, որ կառավարությունը փորձում է ճնշում գործադրել պարտադիր կուտակային համակարգի դեմ հանդես եկող եւ դեռեւս կամուկացի մեջ գտնվող քաղաքացիների վրա, ակնհայտ է: Չնայած գործադիրի հայտարարություններին, թե համակարգի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի ինքը կհոգա իր ապահով ծերության մասին, իրականում սրանով առաջնահերթ կլուծվի մոտակա մի խնդիր, որի մասին քաղաքացիներն, ըստ էության, տեղյակ էլ չեն:

2010-ի դեկտեմբերին ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, ըստ որի՝ պարտադիր բաղադրիչը պետք է ուժի մեջ մտներ 2014-ի հունվարի 1-ից: Նույն ընթացքում՝  դեկտեմբերի 10-ին, արդեն ավարտվել էր կառավարության հայտարարած նոր անձնագրային համակարգի ներդրման մրցույթը, մասնակիցներն էլ ներկայացրել էին իրենց հայտերը: Ամիսներ անց՝ 2011-ի ամռանը, կառավարությունը նոր անձնագրերի համար 16,9 մլն եվրոյի պարտքի տակ պիտի մտներ՝ հույս ունենալով, որ պարտադիր բաղադրիչի միջոցով քաղաքացիներին կստիպի գնել նոր փաստաթղթերը՝ այդպիսով փակելով նաեւ իր պարտքը:     

Ի՞նչ է նույնականացման քարտը եւ կենսաչափական անձնագիրը

2011-ի նոյեմբերի 30-ին Ազգային ժողովն ընդունեց երեք օրենք, որոնք անմիջականորեն կապված են ՀՀ բոլոր քաղաքացիների հետ. «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին»: Սրանք ուժի մեջ մտան 2012-ի հունիսի 1-ից: Այդպիսով Հայաստանում օրենքով հաստատվեցին նոր տեսակի փաստաթղթերը՝ նույնականացման քարտերն ու կենսաչափական տվյալներով անձնագրերը:

Նույնականացման քարտը ՀՀ-ի ներսում կիրառվող փաստաթուղթ է, այլ կերպ ասած՝ ներքին անձնագիր: 16 տարեկանից բարձր անձանց 10 տարով տրամադրվող այս քարտը հայերենով եւ անգլերենով ներառում է քաղաքացու անուն-ազգանունը (հայերենում՝ նաեւ հայրանունը), ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, բնակության վայրը (երկրի անունը), քաղաքացու ցանկությամբ՝ նաեւ ազգությունը եւ արյան խումբն ու ռեզուսը: Քարտը պարունակում է նաեւ տրամադրման եւ վավերականության ժամկետները, քարտի համարը, քաղաքացու լուսանկարը, ստորագրությունը, քարտը տրամադրած ոստիկանական բաժանմունքի ծածկագիրը, հանրային ծառայությունների համարանիշ (եթե քաղաքացին հրաժարվել է համարանիշ (սոցքարտ) ձեռք բերել, ապա նույնականացման քարտը տրամադրվում է առանց դրա): ՆՔ-ն ունի տեխնիկական մաս՝ էլեկտրոնային պահոց (չիպ), որտեղ ամրագված են վերը նշված տվյալները, էլեկտրոնային ստորագրության հավաստագիր, էլ.փոստ: Չիպի մեջ միայն հայերենով կարող է նշվել բնակության վայրի հասցեն:

Գրեթե նույն տվյալներն է պարունակում նաեւ կենսաչափական անձնագիրը, որը կիրառելի է թե ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս: Ի տարբերություն ՆՔ-ի՝ անձնագրում քաղաքացու ցանկությամբ կարող է նշում կատարվել ամուսնության եւ ամուսնալուծության, զինծառայություն անցած լինելու մասին: Անձնագրի մեջ էլ կա չիպ, որի մեջ բացի հիմնական տվյալներից ամրագրվում են տիրոջ աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Մինչեւ 16 տարեկաններին անձնագիրը տրվում է 3 տարով, իսկ 16 տարին լրացածներին՝ 10: Ընդ որում՝ մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16-18 տարեկան տղաներին այն տրամադրվում է մինչեւ զորակոչային տարիքը լրանալը, իսկ այդ տարիքը լրանալու դեպքում՝ զորակոչից ստացած տարկետման ժամկետով:

Երկու տիպի փաստաթղթերի ներդրումը բացատրվեց անվտանգության ապահովմամբ, անձնագրի պաշտպանվածության բարձրացմամբ, փաստաթղթի եւ քաղաքացու նույնականացման հեշտացմամբ:

16,9 մլն եվրո՝ 1 մլն հատ քարտի եւ 304 հազար հատ անձնագրի համար

Նոր տիպի փաստաթղթերի համակարգի ներդրման համար կառավարությունը մրցույթ հայտարարեց, որն անցկացվեց 2010-ի հոկտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը: Մրցույթը, որին մասնակցեց 8 միջազգային կազմակերպություն, կազմակերպվեց 2 չափաբաժնով: Առաջինով նախատեսվում էր վճարումն իրականացնել անմիջապես համակարգը շահագործման հանձնելուց հետո, եւ տվյալ չափաբաժնով ամենացածր գինն առաջարկել էր «PWPW S.A.» լեհական ընկերությունը: Երկրորդ չափաբաժնով նախատեսվում էր համակարգի ներդրման աշխատանքների ձեռքբերում` 5-10 տարի տարանցիկ վճարման կարգով: Տվյալ չափաբաժնով հայտ էր ներկայացրել միայն ֆրանսիական «Oberthur Technologies» ընկերությունը: Վերջիններս էլ 2011-ի հունվարի 25-ին ճանաչվել էին մրցույթի հաղթողներ երկու չափաբաժիններով: 2011-ի հունիսին տեղի ունեցավ քննարկում ներկայացված ֆինանսավորման չափաբաժինների շուրջ` Հայաստանի համար լավագույն տարբերակը ընտրելու նպատակով: «Գնային առաջարկները քննարկելու արդյունքում որոշվեց կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրման հարցում առաջնորդվել առաջին չափաբաժնով` հաշվի առնելով երկրի համար վերջինիս մատչելիությունը»,- «Հետքին» հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից:   

Դրանից հետո՝ 2011-ի հուլիսի 28-ին, լեհական «PWPW S.A.» ընկերության հետ 5 տարվա պայմանագիր կնքվեց: Վերջինս պարտավորվեց ՀՀ-ում ներդնել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգ, ինչպես նաեւ սպասարկման ծառայություններ իրականացնել համակարգի շահագործման ընթացքում ու ապահովել դրա անխափան աշխատանքը: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո, էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, համակարգի հետագա շահագործումը եւ անխափան աշխատանքի ապահովումը կիրականացվի պետության կողմից: 

Լեհերի հետ պայմանագիրը հայկական կողմից ստորագրեցին ոստիկանությունը եւ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ)» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետերը կառավարությունն է: 2012-2016 թթ. համար կնքված պայմանագրի արժեքը 16.901.760 եվրո է: Նախատեսվում է, որ այդ ընթացքում թողարկվելու է 304 հազար հատ կենսաչափական անձնագիր եւ 1 մլն նույնականացման քարտ: Ըստ պայմանագրի՝ մեկ անձնագրի գինը 37,44 եվրո է (304 հազար օրինակի դեպքում՝ 11.381.760 եվրո), իսկ քարտինը՝ 5,52 (1 մլն հատի դեպքում՝ 5.520.000): Մրցութային հանձնաժողովի որոշման օրը՝ 2011-ի հունվարի 25-ին (երբ «PWPW S.A.»-ն ճանաչվեց հաղթող), ըստ ՀՀ կենտրոնական բանկի, 1 եվրոն արժեցել է 495,98 դրամ: Այսինքն՝ այդ օրվա դրությամբ մեկ անձնագիրը գնահատվել է 18.570 դրամ, իսկ քարտը՝ 2740: Սակայն նոր համակարգի ներդրումից հետո կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքացիներն անձնագրի համար կվճարեն 25.000 դրամ, իսկ քարտի դեպքում՝ 3000:       

Հավելյալ 11,1 մլն դրամ

Լեհերի հետ պայմանագիր ստորագրելուց հետո որոշակի խնդիր առաջացավ կենսաչափական դիվանագիտական անձնագրերի պարագայում, քանի որ ՀՀ օրենսդրությամբ դրանք պետք է տպագրվեն ԱԳՆ-ում: Իսկ քանի որ ԱԳՆ-ն չուներ նման հնարավորություն, գործադիրը 2013-ի օգոստոսի 1-ին որոշեց 11,1 մլն դրամ հատկացնել լեհական ընկերությանը, որպեսզի վերջինս կատարի համապատասխան փոփոխություններ համակարգի ծրագրային ապահովման մեջ (մոդիֆիկացման արժեքը գնահատվեց 7,5 մլն դր): Լեհական կողմը պահանջել էր նաեւ «Dell» ֆիրմայի սերվերային համակարգիչ (2,9 մլն դր) եւ «Diletta RL90» տեսակի անձնագիր լամինացնող սարք (600.000 դր):  

Լեհական ընկերության ներկայացուցիչը ՀՀ-ում տեղական «Սմարտ-Տեխ» ՍՊԸ-ն է, որը գործում է 2001-ից (2001-2003 թթ. կոչվել է «Էրիկ-Ռոս») եւ մասնագիտացած է նոր տեխնոլոգիաների մշակման ու ներդրման, նորոգման, սպասարկման, ծրագրային ապահովման բնագավառում: «Հետքի» նամակին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ ՍՊԸ-ի հետ կառավարությունը պայմանագիր չի կնքել: Այն ստորագրվել է հայկական ընկերության եւ «PWPW S.A.»-ի միջեւ, որի մանրամասների վերաբերյալ գործադիրը տեղյակ չէ:

Սարքավորումները 2016-ին վերադարձվելու են, իսկ հետո՞

2013-ի փետրվարին կառավարությունը որոշեց «Սմարտ-Տեխ»-ի կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներկրված ապրանքի հանդեպ երկարաձգել ժամկետը մինչեւ 2016 թ., այսինքն՝ մինչեւ 5-ամյա ծրագրի ավարտը: Խոսքը նույնականացման քարտերի եւ նոր անձնագրերի թողարկման համար անհրաժեշտ սարքավորումների մասին է:

«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետադարձ արտահանման պայմանով ներմուծումը ՀՀ մաքսային տարածք: Այս ռեժիմի դեպքում մաքսավճարից բացի այլ մաքսային վճարներ չեն գանձվում, չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ: Այսինքն՝ նոր փաստաթղթեր պատրաստող սարքերը կրկին վերադարձվելու են, եթե ներկրման ռեժիմի նոր ժամկետներ չսահմանվեն: Այս պարագայում հետաքրքիր է, թե պայմանագրի ժամկետի ավարտից հետո համակարգի հետագա շահագործումը եւ անխափան աշխատանքի ապահովումն ինչպես է իրականացվելու պետության կողմից, ինչպես մեզ հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից:       

Նոր համակարգի դիմաց վճարումը կախված է քաղաքացիների ակտիվությունից

Ֆրանսիական «Oberthur Technologies» ընկերությունը, չնայած հաղթել էր չափաբաժիններից մեկով (համակարգի ներդրում եւ սպասարկում՝ 5-10 տարի տարանցիկ վճարման կարգով), վերջնարդյունքում չէր ընտրվել իբրեւ ծառայության մատակարար, քանի որ կառավարությունը «PWPW S.A.»-ի տարբերակն ավելի մատչելի էր համարել Հայաստանի համար: Ֆրանսիական կողմը լեհերի հետ պայմանագրի կնքումից (հուլիսի 28) երկու ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին, դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան: Սեպտեմբերի 22-ին «Oberthur Technologies»-ը նաեւ հայտարարություն էր տարածել այն մասին, որ կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների կատարման մրցույթի արդյունքների հիման վրա 2012-2016 թվականներին աշխատանքների իրականացման համար հաղթող է ճանաչվել ինքը, իսկ լեհական «PWPW» ընկերությունը հաղթող է ճանաչվել միայն 1 տարով աշխատանքներ կատարելու մասով: Նշվում էր, որ «Oberthur Technologies»-ի հետ որպես մրցույթի հաղթող կնքվել է համապատասխան պայմանագիր: Մինչդեռ, ըստ ֆրանսիական ընկերության, ՀՀ կառավարությունը 2012-2016 թթ. աշխատանքների կատարման համար պայմանագիր է կնքել լեհական ընկերության հետ, եւ այդպիսով խախտվել են իր իրավունքները: Պատասխանողներ էին ճանաչվել ՀՀ կառավարությունը, «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ոստիկանությունը եւ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն, իսկ լեհական ընկերությունը՝ իբրեւ երրորդ կողմ:

Դատարանում ֆրանսիական կողմը շեշտել է, որ 5 տարով աշխատանքներ կատարելու մրցույթում ինքն է հաղթել, եւ լեհերի հետ 5 տարով կնքված պայմանագիրը պետք է ստորագրվեր բացառապես իր հետ: Հայցվորը խնդրել է դադարեցնել լեհական կողմի հետ պայմանագրի կատարումը եւ կնքել նորն իր հետ:

Կառավարության անունից հանդես եկող ֆիննախը, առարկելով հայցի դեմ, հայտնել է, որ թե լեհերի, թե ֆրանսիացիների հետ 2011-ի ապրիլին կնքվել են պայմանագրեր, որոնցում հստակ կետ կա. աշխատանքները կկատարվեն դրանց համար ֆինանսական միջոցներ նախատեսելուց հետո, ինչի մասին կողմերը կկնքեն լրացուցիչ համաձայնագիր: Այնինչ, չափաբաժինների էությունն էլ հենց այն էր, որ մեկը նախատեսում էր մուծում անմիջապես, իսկ մյուսը՝ 5 տարվա կտրվածքով: Իսկ այս պարագայում ստացվում էր, որ վերջնական պայմանագիրը պետք է կնքվեր միայն գումարի առկայության դեպքում, այնինչ 2012-ի բյուջեում կառավարությունը նոր համակարգի ներդրման համար գումար չէր նախատեսել: Իսկ «Գնումների մասին» օրենքով պատվիրատուն (տվյալ դեպքում՝ կառավարությունը) ֆինանսական պարտավորություն է ստանձնում, եթե գնման համար ֆինանսական հատկացում է նախատեսված: Ավելին՝ պայմանագիրը լուծարվում է, եթե հաջորդող տարվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել:

Ստացվում է, որ կառավարությունը ապրիլին պայմանագրեր է կնքել արտասահմանցիների հետ, իսկ դրանց իրականացման համար գումար չի նախատեսել գալիք տարվա բյուջեում: Փոխարենը կառավարությանը պատկանող եւ մրցույթի պատվիրատու «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն սկսել է բանակցել երկու կողմերի հետ: Վերջիններիս առաջարկվել են թարմացված պայմաններ. ընկերությունները սեփական միջոցներով պետք է ներդնեն նոր համակարգն ու շահագործեն, իսկ կառավարությունը կվճարի դրա դիմաց քաղաքացիներին վաճառված անձնագրերի եւ քարտերի դիմաց ստացած գումարով: Այս ռիսկային տարբերակին, ըստ ֆիննախի, արձագանքնել են միայն լեհերը, որոնց հետ էլ կնքվել է լրամշակված պայմանագիր:

ՀՀ Սահմանադրությամբ՝ կառավարությունը պետբյուջեի նախագիծը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 90 օր առաջ: Իսկ տվյալ դեպքում արդեն գարնանը (բյուջետային տարին սկսվելուց 7-8 ամիս առաջ) գիտեին, որ գալիք 2012-ի բյուջեում նոր անձնագրերի համար գումար չի լինելու: Պետք է ենթադրել, որ կառավարությունն ի սկզբանե որոշել էր նման բանակցություններ վարել՝ նպատակ չունենալով բյուջեից մեծ գումար առանձնացնել իր հավակնոտ ծրագրի համար՝ փոխարենը դա պարտադիր կուտակայինի միջոցով փաթաթելով քաղաքացիների վզին:

Դատարանը 2012-ի հոկտեմբերի 11-ին ամբողջությամբ մերժել է  «Oberthur Technologies»-ի հայցը՝ գտնելով, որ չի ապացուցվել այն հանգամանքը, թե կառավարությունը գումար է նախատեսել համակարգի ներդրումը ֆինանսավորելու համար, այսինքն՝ պարտավորություն է կրում հայցվորի առաջ: Վճիռը չի բողոքարկվել եւ մտել  է օրինական ուժի մեջ:

Փաստորեն, ստացվում է, որ կառավարությունն ու լեհական կողմերը ընտրել են բոլորովին նոր տարբերակ. կատարել վճարումներ ըստ քաղաքացիների ակտիվության: Որքան շատ եւ շուտ իրացվեն նոր փաստաթղթերը, այնքան գործադիրը շուտ դուրս կգա վճարման բեռի տակից: Դատարանում կառավարության ներկայացուցիչներն էլ նշել են, որ սա ռիսկային է, չնայած լեհերը համաձայնել են դրան:               

Պարտադիր կուտակայինը՝ պարտքը փակելու միջոց

Ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվելու համար անհրաժեշտ են նույնականացման քարտ (3000 դր), էլեկտրոնային ստորագրություն (3000 դր տարեկան սպասարկման վճար): Որոշ կազմակերպությունների եւ անհատ ձեռներեցների հարկ կլինի ոչ անվճար եղանակով ձեռք բերել նաեւ ՆՔ կարդացող սարք՝ վճարելով դրա ինքնարժեքը՝ 3500 դր: Եթե հաշվի առնենք, որ 1974 թ.-ից հետո ծնված եւ աշխատող բոլոր քաղաքացիները պետք է կատարեն այս վճարումները (եթե, իհարկե, ՍԴ-ն պարտադիր բաղադրիչի վերաբերյալ բացասական որոշում չկայացնի), իսկ 2014-ի հունվարի 1-ից հետո անձնագիր ստացող անձինք պետք է ստանան նոր փաստաթղթեր (նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր), ապա հասկանալի է դառնում, որ կառավարությունն ու, մասնավորապես, ոստիկանությունը տեսանելի ապագայում կարող են հաջողել լեհերի 16,9 մլն եվրոյի պարտքի վճարումը, այլապես ամեն ինչ կմնա օդից կախված, կառավարությունն էլ՝ դատարկ տաշտակի առաջ: 

Մեկնաբանություններ (5)

Mari
Hetakrkir e ais vorosum@ @nduneluc araj gone mek gnacel e tesni te mer axkat joxovurd@ inch vicakum e aprum,haziv mi kerp goyatevum enk ,mi kerp cer@-cerin hascnum.isk mer karavarutiun@ mtacuma te dranic el vonch zrki. 25 000 asxatavarcov hac gnenk te ????
ՀՀ դժբախտ քաղաքացի
Դրանց ինչ շունն էր կատաղել որ որոշեցին պասպորտներ փոխեն կամ նույնականացման քարտեր ներդնեն? Էլ ուրիշ խաղ չունեին խաղալու մարդկանց գլխին? ((Երկու տիպի փաստաթղթերի ներդրումը բացատրվեց անվտանգության ապահովմամբ, անձնագրի պաշտպանվածության բարձրացմամբ, փաստաղթղի եւ քաղաքացու նույնականացման հեշտացմամբ)) Ինչ-որ անորոշ ու անհասկանալի բացատրություն է, իսկ նկարագրված մրցույթն ու ֆինանսական բանակցությունները փնթի շուլերության նման է: 16 - մլն եվրոն պիտի այդ օրենքը մտցնողների ու հաստատողների վզին դնել, այլ ոչ թե խեղճ ժողովրդի!
ominac
Արեւմտեան երկիրներու մէջ, կենսաթոշակի կուտակային համակարգը ճիշդ նոյն ձեւի կօգտագործուի, պետութեան պարտքերը փակելու մէկ ուրիշ ձեւ է, կամ տուրքերը աւելացնելու ձեւ է։ Հայաստանի ժողովուրդը յաճախ կ՛իդեալականացնէ Արեւմտեան համակարգը, արդիւնքն ալ այս է։ Չիկայ ոչ մէկ երկիր ուր թոշակային համակարգը կաշխատի ինչպէս որ նախատեսուած է։ Մէկ վայրկեան առաջ վերջ տուէք այս համակարգին, պարզապէս գողերու թիւը շատացաւ, երբեք մի կարծէք որ թոշակառուն գոհ պիտի մնայ։
ՀԱԿԱՌԵԺԻՄ
ես երեկ ռեկետի ենթարկվեցի պետության կողմից, ստիպված վճարեցի 25 հազար դրամ, էդ անտեր անձնագիրը ստանալու համար, էն ա էդ փողով երեխեքիս մի քիչ վիտամինով սնունդ կառնեի, ԲԿՆԵՐԻԴ ԿԱՆԳՆԻ ԱՆԽԻՂՃ ԹԱԼԱՆՉԻՆԵՐ
Դավիթ
Սա Հայաստանի կառավարության ամենախայտառակ գործարքներից է։ Խնդրում եմ հետաքրքրվել, թե ովքե՞ր են Սմարտ Տեխ-ի տերերը, և ամեն ինչ պարզ կլինի։ Իսկ տենդերի պայմանները լրիվ աղավաղվել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter