HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղասին «իրեն բռնած» եկել է Ռուսաստանից

Լոռու մարզի Մղարթ գյուղից շուրջ 100 երիտասարդ մեկնել է Ռուսաստան` աշխատելու: Գյուղի բնակիչներից Աղասի Դանիելյանն իր 7 երեխաներին կերակրելու համար երեք տարի առաջ է մեկնել Ռուսաստան: Փետրվարի 21-ին Մղարթի մշակույթի տանը նարդի խաղացող գյուղացիներն ասացին, որ  Աղասին «իրեն բռնած» նոր է եկել Ռուսաստանից: «Դրա բերածը էդ գլխի գլխարկն ա»,- կատակեցին գյուղացիները: Աղասին լռեց: Ռուսաստան մեկնելիս Աղասին  իր բազմանդամ ընտանիքի  կերակրելու հոգսը  թողել է 16-ամյա անչափահաս որդուն` Սարգիսին: Սարգիսը, երբ իմացել է Ռուսաստանից հոր վերադառնալու մասին, նեղսրտել է: «Էդ ո՞ւր է գալիս, էլի գալու է երեխաներ ունենա, ո՞նց եմ պահելու էդ երեխեքին, ավելի լավ է մնա էնտեղ»,- պատմեց Մղարթի համայնքապետ Վաչագան Նավասարդյանը:

Սարգիսը գեղեցիկ, սակայն գունատ տղա է: «Ինչպե՞ս ես կարողացել կերակրել բազմանդամ ընտանիքը»,- հարցրի նրան: «Եսիմ, որտեղ գործ է եղել` աշխատել եմ: Կարտոֆիլի գործ եմ արել, հունձ եմ արել, դաշտերում գործ եմ արել, ինչ գործ պատահել է` արել եմ»,- ասաց նա: Սարգիսը հիմա 19 տարեկան  զինակոչիկ է, սակայն գրեթե հաշմանդամություն է ձեռք բերել: «10 ամսով բանակից ազատվել եմ, աճուկային գրիժա ունեմ, ոտքերիս  տրոմբներ ունեմ»,- ասաց նա: Ինձ հետ զրուցելիս Սարգիսը խնդրեց իրեն օգնեմ քաղաքում աշխատանք գտնելու հարցում: Ռուսաստանից նոր վերադարձած Աղասին էլ ասաց, թե շատ է ուզում, որ լավ պահի իր ընտանիքը, բայց պահում է այնպես, ինչպես կարողանում է:

Մղարթի գյուղապետ Վաչագան Նավասարդյանը

Նախկինում հանքում աշխատում էին 50-ից ավելի մղարթցի, որը նկատելիորեն բարելավել էր գյուղացիների սոցիալական վիճակը: Հիմա հանքում հազիվ 15 մարդ է աշխատում: «Ոնց հասկանում եմ` հանքի պաշարները հուսադրող չեն: «Մուլտի Գրուպը» Մղարթի ոսկու հանքավայրում ներդրումներ չի կատարում: Հանքի տեխնիկան լրիվ կարելի է ասել՝ թափելու տեխնիկա է: Ոնց որ Ծառուկյանի հիմնարկը չլինի»,- հայտնեց Վաչագան Նավասարդյանը:Մղարթը մանկապարտեզ ունի, բայց մանկապարտեզահասակ երեխաներ գյուղում գրեթե չկան: Եղածը 6 երեխա է: «Երեխաների էդ քանակով  մանկապարտեզ չեմ կարող պահել»,- ասում է Վաչագան Նավասարդյանը: Գյուղի դպրոցում 46 աշակերտ է սովորում: Մշակույթի տան շենքն անբարեկարգ է, դահլիճը` կիսաքանդ: «Շենքը համայնքային կենտրոն  դարձնելու խնդիրը  բարձրացրել եմ Լոռու մարզպետի առաջ:  Պատասախանել է, թե  համայնքային կենտրոնների ծրագրերը կամաց-կամաց անում ենք, հերթը ձեզ էլ կհասնի»,- հայտնեց համայնքապետը: Մղարթի զարգացման  հեռանկարը տեղացիներն այլեւս «Մուլտի Գրուպ» ընկերությանը պատկանող Մղարթի ոսկու հանքի հետ չեն կապում: Ոսկու հանքն այս պահին չի աշխատում: Չի աշխատել  նաեւ ամբողջ ձմռանը:

«Նախկինում բյուջեի եկամուտը 7 մլն դրամ է եղել: Բյուջեն աճել է «Մուլտի Գրուպի» վարձակալած հողերի հաշվին»,- նշում է համայնքապետը:   Մղարթի բյուջեն ոսկու հանքի զբաղեցրած 41 հա հողատարածքի համար «Մուլտի Գրուպ» ընկերությունից ստանում է 2,4 մլն դրամ  հողի հարկ, 6 հազար դրամ վարչական շենքի գույքահարկ: «Մուլտի  Գրուպը» ներկայում  լեռնահետախուզական աշխատանքները շարունակում է Մղարթի 422 հա հողատարածքների վրա, որի համար համայնքի բյուջեին վճարում է 1,2 մլն դրամ հողի վարձակալության վճար: Ընդհանուր առմամբ՝ համայնքի բյուջեի եկամուտները կազմում են 12 մլն դրամ:

Վերջին տարիներին մղարթցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Գյուղի գույքագրման գրքում գրանցված է 500 գլուխ խոշոր եղջրավոր անասուն: Գյուղացիներն սկսել են մշակել իրենց վարելահողերը: Վ. Նավասարդյանն ասում է, որ պետության տված սերմացուն, վառելիքն ու պարարտանյութը նպաստում են հողի մշակելուն: Մղարթ գյուղին 2011 եւ 2012թթ.-ին Կառավարության հրատապ ծրագրով հատկացված 30 մլն դրամով լուծվել է գազիֆիկացման ներքին ցանցի շահագործման խնդիրը: Մղարթի ամենացավոտ խնդիրը մնում է խմելաջրի մատակարարումը` բնական աղբյուրները ցամաքել են: Համայնքապետը Մղարթի ջրամատակարարման խնդրի արմատական լուծումը տեսնում է Ագարակի ջրագծից նոր ջրատարի կառուցմամբ:

Մղարթում տների 95%-ը խարխլված է, որը նույնպես գյուղացիների վատ ապրելակերպի մասին է վկայում: Գյուղամիջյան եւ գյուղ մտնող անացանելի ճանապարհներին Մղարթի համայնքապետարանն այս տարի հողահարթեցման աշխատանքներ է կատարել: Օձուն-Ստեփանավան անանցանելի ճանապարհի պատճառով մղարթցիների համար լուրջ խնդիր է  իրենց գյուղատնտեսական մթերքները շուկա տեղափոխելը: «Վերավաճառողները գալիս են գյուղ եւ իրենց անցած անբարեկարգ ճանապարհի պատճառով կիսով չափ իջեցնում են գյուղացիների տառապանքով ստեղծված  գյուղմթերքների գները»,- ասում է համայնքապետը:  Ըստ վերջինիս` Լոռու մարզպետն, ինչպես մղարթցիներին, այնպես էլ  հարեւան վեց գյուղերի գյուղացիներին խոստացել է առաջիկայում լուծել  Օձուն-Ստեփանավան  ճանապահի բարեկարգման խնդիրը:

Մեկնաբանություններ (2)

Լավ է գրված!
Մղարթը դեռ փառք է - թաք ու բիր մարդ կա: Որոշ գյուղեր համարյա դատարկ են:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Տրանսֆերտներով երկիր չես պահի. ոչ էլ հանքարդյունաբերությամբ: «Կախարդական փայտիկը» ՊԵՏԱԿԱՆ հովանավորությամբ փոքր բիզնեսների (ու գյուղ.կոոպերատիվների) ստեղծման խթանումն է: Հայաստանը դատարկվում է, իսկ շատ երեխաներ ունեցողներին ծաղրու՞մ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter