HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսում ընտրական շաբաթը ուրբաթից շուտ է սկսվել

Վերջին երեք ամիսներին արդեն երկրորդ անգամ Գորիս համայնքի ավագանու նիստը հայտարարված օրը չի կայանում: Փետրվարի 25-ին նախատեսված նիստից առաջ ավագանու ինն անդամներ  քաղաքապետին էին ներկայացրել մի նամակ` «Ավագանու անդամների հանդիպման եզրակացություն» վերնագրով: Նամակով հայտնել են, որ «համատեղ քննարկել են համայնքային բյուջեով իրականացվելիք աշխատանքների ցանկը եւ առաջարկում են նախորդ տարվա` 2013թ.-ի բյուջեի մնացորդը, որը կազմում է մոտ 80 մլն դրամ, ուղղորդել համայնքային կոնկրետ խնդիրների լուծմանը` բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, նախակրթական հաստատությունների բարեկարգում, վերանորոգում, Տաթեւացի հրապարակի բարեկարգում, լուսավորության ապահովում, փողոցների նշագրում, ճանապարհային նշանների տեղադրում եւ այլն:

Նույն օրը կայացել է նամակի հեղինակների եւ քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի հանդիպումը, որին մասնակցել են նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի այլ անդամներ:

«Քննարկվել են ավագանիների առաջարկները, նրանց ներկայացվել է համայնքի մշակած եւ արդեն իսկ կիրառության մեջ գտնվող «2014թ. համայնքային բյուջեով առաջարկվող ծրագրերի ցանկը»: Քննարկման արդյունքում, ավագանու անդամներից մեկի առաջարկով, առաջնահերթության կարգով, կարեւորվել է նոր խնդիր` մանկական գրադարանի վերանորոգումը: Որեւէ խոսակցություն կամ մեկնաբանություն չի եղել այսօրվա նիստը հետաձգելու մասին: Ավելի ուշ համացանցում առաջարկվող խնդիրները հայտնվել են արդեն կոնկրետ  գումարներով»,- հայտնեց Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը:

Սակայն մեկ օրով հետաձգված ավագանու նիստը, ինչպես նշվեց, դարձյալ չի կայացել: Հայտարարված ժամից մեկ ժամ առաջ այս անգամ արդեն ավագանու տասն անդամները նոր եզրակացություն-նամակով դիմել են քաղաքապետին` «միջնորդելով» հետաձգել փետրվարի 26-ին նախատեսվող ավագանու նիստը` նախապես վեր հանված հիմնախնդիրների առաջնահերթությունների որոշման համար հանրային քննարկում կազմակերպելու նպատակով: Ավագանու անդամներն իրենց հերթական առաջարկը հիմնավորել են նրանով, որ ըստ իրենց` քննարկումը հնարավորություն կընձեռի «բյուջեի նախագծման մեջ» հաշվի առնել նաեւ բնակիչների կարծիքները եւ առաջարկությունները:

Այն, որ հանրային քննարկումները համայնքային իշխանության թափանցիկ, հրապարակային գործունեության լավագույն գործիք են, կասկած չկա:  «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 33.1 հոդվածի առաջին մասի 3)-րդ կետով եւ 54.1 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի 4-րդ մասով համայնքային իշխանությունները պարտավոր  են հանրային բաց լսումներ կազմակերպել, այնուամենայնիվ, զարմանալի է, որ նման  նախանձախնդրություն ավագանին հանդես չի բերել, երբ հաստատվում էր 2014 թ. բյուջեն: Ինչո՞ւ հանկարծ բյուջեի` մոտ 15%-ի ծախսերը մտահոգիչ դարձավ ավագանու անգամ այն անդամի համար, ով դեկտեմբերին բյուջեի քննարկմանը չմասնակցելով` հեռակա կողմ քվեարկեց բյուջեի նախագծի հաստատմանը:

Բացի դրանից, անհասկանալի է, թե ինչու ավագանու անդամները նույնչափ չեն կարեւորել ավագանու նիստի օրակարգում ընդգրկված այն հարցերը, որոնցով առանց աճուրդի, ուղղակի վաճառքով նախատեսվում է օտարել մի քանի հարյուր քառակուսի մետր համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները: Փետրվարի 25-ին նշանակված ավագանու նիստին նամակի հեղինակ ավագանու անդամներից մասնակցում էր միայն Ռուստամ Ակլունցը: Նա հայտնեց, թե ակնկալում էր, որ նիստը կկայանա եւ օրակարգային հարցերն հաստատելու ժամանակ ինքը կքվեարկի քաղաքապետի ներկայացրած` համայնքի բյուջեում փոփոխություններ կատարելու առաջարկը օրակարգից հանելուն կողմ:

Մնում է ենթադրել, որ կամ Գորիսի համայնքային իշխանության մաս կազմող ավագանին իսկապես ժողովրդավարության, սկզբունքայնության քայլեր է սկսել ձեռնարկել կամ հունիսին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրությունների գործընթացն արդեն մեկնարկել է: Հարցի պատասխանը կհստակեցվի փետրվարի 28-ին «Գորիս համայնքի 2014թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին» թեմայով քաղաքապետարանի հրավիրած հանրային քննարկմանը: Հանրային քննարկում հրավիրելն արդարացված կլինի, եթե ակտիվ լինեն նամակի հեղինակ ավագանու անդամների ընտրողները, հակառակ պարագայում, վստահաբար, կարելի է նշել, որ ընտրական շաբաթը ուրբաթից շուտ է սկսվել:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին հայտարարված ավագանու նիստը, որի օրակարգում 2014թ. բյուջեի հաստատման հարցն էր դրված, հետաձգվեց  քվորում չլինելու պատճառով: Ավագանու ինն անդամներն այն ժամանակ նիստին չմասնակցելը պատճառաբանեցին նրանով, որ երկու օր առաջ նամակով դիմել էին քաղաքապետին` իրենց հետաքրքրող որոշ հարցերի պատասխանները ստանալու համար: Մասնավորապես պահանջել էին ներկայացնել քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների հաստիքացուցակները: Հետաձգված նիստը կայացավ նույն ամսվա 25-ին, որտեղ 2014թ. բյուջեն, գրեթե առանց քննարկելու, հաստատվեց 10 կողմ, 1 ձեռնպահ արդյունքով: Ընդ որում, կողմ քվեարկողների գերակշիռ մասը ավագանու այն անդամներն էին, ովքեր նախորդ նիստին չէին մասնակցել: Այս անգամ, սակայն, օրակարգում չէր ընդգրկվել համայնքային ենթակայության հիմնարկների հաստիքացուցակների հաստատմանն առնչվող հարցը, որի մասին իրենց առարկությունն էին ներկայացրել նամակի հեղինակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter