HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Սերոբ Տեր-Պողոսյանը եւ Ալիկ Սարգսյանի «մարդասիրության թանձրույթը»

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վերջին մեկ տարվա ընթացքում իրարամերժ կարծիքներ է հայտնել հասարակական ոստիկանության խորհրդի անդամ Սերոբ Տեր-Պողոսյանի մասին:

Մինչեւ Ս. Տեր-Պողոսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը  «Հետքի» լրագրողի հարցին՝ ճի՞շտ է, որ վերջինս տասնհինգ հազար դոլար է տվել Ալավերդու ոստիկանության շենքը վերանորոգելու համար (դա կարող են հաստատել հենց Սերոբ Տեր-Պողոսյանը եւ Ալավերդու ոստիկանապետը), մի «լղոզված» պատասխան տալուց հետո սկսել է գովաբանել ու փառաբանել Սերոբին՝ ասելով, որ ինքը շատ լավ գիտի նրան, «հայրենասեր անձնավորություն է», բարեգործություններ է անում:

Այս հարցուպատասխանից գրեթե մեկ տարի հետո, երբ հարուցվեց քրեական գործը, նա հրաժարվեց նախկինում իր ասածից՝ նշելով որ ինքը լավ չէր ճանաչում Սերոբ Տեր-Պողոսյանին, մի քանի անգամ է հանդիպել նրան` հասարակական խորհրդի նիստերին: Բայց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նորից ճիշտ չէր ասում: Նա, անքուն գիշերներ անցկացնելով, Սերոբ Տեր-Պողոսյանի մասին պատմող գրքի համար մեկ էջից ավելի ստեղծագործել է: Այսինքն՝ նա փափագել է, որ այդ գրքում անպայման իր խոսքը, Սերոբ Տեր-Պողոսյանի հետ իր լուսանկարը լինի ու կա:

Ստորեւ՝ մի հատված ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի գրածից. «Մարդասիրության թանձրույթի դրսեւորւմ  է այն գործունեությունը, որը ծավալել է Սերոբ Տեր-Պողոսյանը հայրենիքում, նրա` ուշադրությունը դուրս մնացած հյուսիսային շրջանում: Ինչպես նշվում է նրա մասին պատմող գրքում, անձնական վիշտը, տրտմության ու անորոշության տարիները նրան չդարձրին մարդատյաց, մենակյաց ու մռայլ, այլ նախապատրաստեցին այն մարդասիրական առաքելության համար, որը նա հայրենիքում ստանձնեց քիչ ավելի ուշ»: 

Հասկացա՞ք, թե որն էր Սերոբ Տեր-Պողոսյանի՝ հայրենիքում դրսեւորած մարդասիրության թանձրույթը: Հասկացա՞ք, թե ինչ է նկատի ունեցել ոստիկանպետը, երբ գրել է այս տողերը:

Ահա հենց նման գնահատականի պատճառով է, որ  ոստիկանության տեղական մարմինները տարիներ շարունակ կոծկում էին  մանկապղծության փաստը: Ոստիկանությունում կոլեգիայի նիստի ժամանակ Ալիկ Սարգսյանը ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արթուր Հարությունյանին (նստավայրը՝ Ալավերդի)  հարցրել է, թե ինչու ավելի վաղ չեն իմացել Սերոբ Տեր-Պողոսյանի գործունեության մասին: Արթուր Հարությունյանը պատասխանել է, որ «ինքը տեղեկություններ ունեցել է, բայց ապացույցներ չի ունեցել»: Սա, իհարկե, անհեթեթ պատասխան էր, նա վախեցել է նույնիսկ «կասկածել»:

Ո՞ր ոստիկանն իր ոստիկանապետի դեմ դուրս կգար: Ինչպե՞ս կարող էր Ա. Հարությունյանը կասկածել ոստիկանության հանրային խորհրդի անդամին, որին իր ղեկավար Ալիկ Սարգսյանը պարգեւատրում է, տարբեր առիթներով սեղմում նրա ձեռքն ու լուսանկարվում: Իսկ Սերոբ Տեր-Պողոսյանը հետո այդ լուսանկարներով գիրք է տպագրում ու  նվիրում Արթուր Հարությունյանին, որ նա իր «տեղն» իմանա: Ավելին, Ախթալայի դպրոցներից մեկի տնօրենը տարիներ առաջ դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ Ս. Տեր-Պողոսյանը մեծ գումարներ է տալիս իր դպրոցի անչափահաս տղաներին:

Նա խնդրել է պարզել, թե ինչ գումարներ են դրանք եւ ինչու է Ս. Տեր-Պողոսյանը տալիս տղաներին: Ոստիկանները գնացել եւ զրուցել են այդ դպրոցականների հետ: Բայց ոչինչ «չեն պարզել»: Ինչու՞ Ալավերդու ոստիկանապետն առայսօր չի ազատվել իր պաշտոնից հենց միայն այս` մանկապղծության դեպքի պատճառով: Ըստ քրեական գործի՝ Սերոբ Տեր-Պողոսյանը վեց տարի մանկապղծությամբ էր զբաղվում, մեքենայով տանում-բերում այդ անչափահասներին, հանուն ինչի՞ են լռել՝  հանուն փողի՞, պաշտոնի՞: Այդքան խեղված ճակատագրերի համար նախ եւ առաջ պատասխան պետք է տան իրավապահները: 

«Լռության լեգենդը» եւ «Բարության ուժը»

Գրող Ֆելիքս Բախչինյանը երկու գիրք է գրել Սերոբ Տեր-Պողոսյանի մասին: Առաջինը կոչվում է «Լռության լեգենդը` Սերոբ Կորյունի Տեր-Պողոսյան», երկրորդը` «Բարության ուժը` Սերոբ Կորյունի Տեր-Պողոսյան»: Ֆ. Բախչինյանը դարձել է պարոն Սերոբի կենսագիրը, քաջ ծանոթ է նրա կյանքի բոլոր մանրամասներին, չի բացառվում, որ նա իմանար նաեւ մանկապղծության մասին: Նրանք միասին էին ոստիկանության հասարակական խորհրդի կազմում, իրար հետ երկար ժամանակ էին անցկացնում: Գրքերից մեկի սկզբում Բախչինյանը գրում է. «Այս պատմության մեջ գեղեցիկ խորհուրդներ կան, այն փոքրիկ միջուկ է, որի շուրջ պիտի ծավալվի մեծ պատմությունը մի մարդու մասին, ում կյանքի որ դրվագին էլ որ դիպչես, մաքուր ու զուլալ աղբյուր է հորդելու»:

Եւ ահա Ֆելիքս Բախչինյան անունով մարդը տարիներ շարունակ սնվում էր այդ մաքուր ու զուլալ աղբյուրից: Ես չգիտեմ՝ քննչական մարմինը հարցաքննե՞լ է այս մարդուն, բայց վստահաբար կարելի է ասել, որ նա շատ լավ ճանաչում էր Սերոբ Տեր-Պողոսյանին եւ տեղյակ էր նրա ամեն մի քայլի մասին: Նա հաջորդ գրքերի համար նյութեր էր հավաքում: Մի քանի հատվածներ ներկայացնենք այդ գրքից, որը պետք է հուշեր քննչական խմբին, որ այս մարդը բավականին տեղեկացված էր Սերոբ Տեր-Պողոսյանի գործունեությունից:

«Սերոբ Տեր-Պողոսյանի աչքից ոչ մի տեղ չեն վրիպում երեխաները` այդ հրեշտակային զարմանալի արարածները: ...Ախթալայում 50-60 երեխաներ դաստիարակվում եւ կրթվում են Սերոբ Տեր-Պողոսյանի սիրառատ հովանու ներքո: Ստանձնելով երեխաների հոգածությունն ու խնամքը` նա սակայն, չի ուզում մեծացնել պորտաբույծների:

Նա սիրում է աշխատանքը եւ ցանկանում է, որ երեխաներն էլ սիրեն այն: Եւ հաճախ այդ երեխաների հետ պարոն Սերոբը լինում է Արամյանցի տանը, երեխաներն աշխատում են այգում, խնամում են ծառերն ու ծաղիկները: ...Երեխայապաշտ այրը սիրում է այդ երեխաներին եւ հոգ տանում նրանց մասին մեծագույն պատասխանատվությամբ եւ գորովանքով, ինչպես հարազատ երեխաներին... Պարզվում է, որ կարելի է շատ գեղեցիկ ապրել նաեւ «ուրիշ երեխաներ չեն լինում» կարգախոսով: Բոլոր երեխաներն էլ մեր երեխաներն են, հայոց մեծ ընտանիքի երեխաները: Հարազատ երեխաներ չունենալն էր գուցե, որ նրան դարձրեց անուղղելի երեխայապաշտ, եւ նա ստանձնեց ուրիշի երեխաների հոգածությունը»,- գրում է Ֆ. Բախչինյանը: 

Երկրորդ լուսանկարում Ֆելիքս Բախչինյանն ու Սերոբ Տեր-Պողոսյանն են 

Մեկնաբանություններ (9)

Garabed Andonian
Մի շտապեք բացահայտել պեդոֆիլին http://www.armtimes.com/27023 Hatouk Սուրեն-neri hamar.
Կարինե
Սուրեն դու քեզ բացահայտեցիր, մի մորմոքիր, ցանկության դեպքում Սերոբներ էլի կգտնես, հենց թեկուզ նրա շրջապատի չձերբակալված փող ունեցողները, պարզապես ամոթա հայ տղամարդուն , բայց ինչ կարամ ասեմ , դա քո ընտրություննա եւ դու դրա իրավունքը ունես, եթե իհարկե չափահաս ես, մաղթում եմ շուտ գտնես այն ինչ կորցրել ես հանձինս Սերոբի
Սուրեն
Եթե Սուրենի պատկերացնելով լիներ կպատկերացնեի ձեզ Կառինե , ալն ոչ թէ իմ երեխաներին :
Garabed Andonian
Felix Bakhchinyan@ voch miyayn mtav-vorakan e, Mankapighdzi kensagir@, aylev houyzh karevor vka, vor petq e anmichapes nergravvi qreakan gordzi mech. Սուրեն-@ nouynpes.
ալավերդցի
գիտե՞ք ինչ... նման նողկալի մարդուն ու նրա գործողությունները հնարավոր չէր չճանաչել ու չիմանալ ժամանակին։ Պարզապես սա մի քանիսին ձեռնտու ա եղել, հենց անգամ Ֆելիքս Բաղչինյանին էլ։ Սերոբը ժամանակին ստնտու ա եղել շատերի համար, դրա համար էլ ձենները կտրած մնացել են։
կարինե
Էհ Էդիկ, Էդիկ դու շատ բան գիտես բայց քիչ ես գրում, է կարողա էդ Սրոբը մենակ չի եղել, ալավերդի հա պատմում են ու պատմում թե Ախթալա գնալիս մեքենայում միշտ ուրիշներ են եղել, է ինչ իմանաս, ով , ուր , որտեղ , երբ, շարունակ հետաքննել, կարողա ուրիշ բաներ էլ բացվեն, բաց զգույշ էդ վտանգավոր գործա դառնում, ասում են վազգենին դրա համար ժերտվա տվին, իսկ միլպետ պաշտպանող Սուրենին, պարզապես կխնդրեի մի պահ թող պատկերացներ աստվաց հեռու տանի իր երեխան կամ բարեկամի երեխան լիներ
karen
Բոլորն էլ նողկալի են: Սկսած երեխաների ծնողներից մինչև ամենաբարձր պաշտոնյաները: +1 Անթասիբ ազգ ենք դարձել: Ընդամենը: Փողի նկատմամբ մոլուցքը պղծել է ամեն ինչ-դպրոցից ու մանկապարտեզից մինչև եկեղեցի ու ընտանիք: Որ թասիբ լիներ, կարծում եմ պետք չէ բացատրել, թե ինչպես պետք է պատժեին դրան.... P.S Էխ Գյուղապետ Գյուղապետ....
MG
Մեկնաբանությունը...Բոլորն էլ նողկալի են: Սկսած երեխաների ծնողներից մինչև ամենաբարձր պաշտոնյաները: Այդ ինչպես եղավ, որ ոչ մեկի մոտ կասկած չառաջացավ այդ գումարներից:Մանավանդ դպրոցի տնօրենի ահազանգից հետո: Ոնց են բոլորը անտեղյակ ձևանում?
Սուրեն
Վերը նշված անձի հետ առանչվել են շատ պաշտոնյաներ , ինչն է պատճառը որ վառված եք այդքան ոստիկանապետից , դուք ուռիշ նյութ չունեք գրելու ? ձեր ամենօրյա ընթերցող :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter