HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 ապագա զինվոր մեծանում է անմխիթար պայմաններում

Լոռու մարզի Դեբեդ գյուղի բնակիչ Սամվել Հովսեփյանի 7 երեխաներից 6-ն անչափահաս են: Նրանցից 4-ը այս պահին սովորում եմ գյուղի դպրոցում և ունեն ուսման բարձր առաջադիմություն: Երեխաներից 6-ը տղաներ են, 1-ը` աղջիկ:

«Վեց զինվոր եմ մեծացնում հայրենիքի համար` այն էլ բնակարանային և սոցիալական ծանր պայմաններում»,- ասում է երեխաների մայրը` Կարինե Հարությունյանը: Երեխաներից Հակոբ Հովսեփյանը այս տարի ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան զինվորական ուսումնարան, որտեղից էլ պետության աջակցությամբ գործուղվել է սովորելու Նովոսիբիրսկի զինվորական ուսումնարանում: Հովսեփյանների 9 անձից կազմված ընտանիքը բնակվում է հազիվ 20 քմ բնակմակերեսով բնակարանում: «Սա էլ կառուցել է ամուսնուս պապը»,- ասում է տիկին Կարինեն: Բնակարանում մահճակալները միացված են իրար, 4 երեխաները միասին են քնում: Ընտանիքը չունի գոնե մեկ պահարան: Երեխաների հագուստը թափված է գետնին: Թեև Դեբեդ գյուղը գազիֆիկացված է, սակայն Հովսեփյանների ընտանիքը չի կարողանում օգտվել դրանից: Բնակարանում չկա նաև ջուր: Շուրջ երկու հարյուր մետր հեռավորությունից երեխաներն են դույլերով ջուր կրում` իրենց լողանալու, լվացքի և կենցաղային այլ խնդիրների համար:

Կարինեի համար երազանք է լվացքի մեքենան: Նա երեխաների շորերն ու սպիտակեղենը ձեռքով է լվանում: «Ամուսինս որ ասեմ հիմնական աշխատանք ունի, չունի: Մի օր քարի ցեխում է աշխատում, մի օր էլ՝ մեկ ուրիշ տեղ, այնքան որ մի բան ստեղծի երեխաներին պահելու համար»,- ասում է բազմազավակ մայրը: Ընտանիքը կերակրվում է 58 հազար դրամ նպաստով և երեք կովերի տված կաթով: «Խանութներից պարտքով ուտելիք ենք վերցնում, հետո վճարում: Բացի այդ՝ վարկով փող ենք վերցրել և 500 կգ կարտոֆիլ ենք առել: Մի օր կարտոֆիլով ջրալի ճաշ եմ պատրաստում, մի անգամ էլ հենց այնպես եփում եմ: Մեկ-մեկ նիսյայով նաև երեխաների համար հավի բուդ եմ առնում»,- ասում է Կարինեն:

«Վայ, ես խորոված եմ ուզում: Հենց մեծանամ կգնամ դպրոց, որ խորոված ուտեմ»,- թոթովեց փոքրիկ բկլիկը` 3-ամյա Արգիշտիկը: «Ի՞նչ է խորովածը»,- հարցրի փոքրիկին: «Որ պապաս պեչկին ա դնում ու էփում, էդ ձևի ա»,- բացատրեց նա: Արգիշտիկն ասաց, որ խորոված վերջին անգամ վաղուց է կերել: Վերջին երկու տարիներին Հովսեփյանների 4 երեխաների դասագրքերի փողը վճարել է գյուղի դպրոցի տնօրենը: «Ոչ մի տեղից աջակցություն չունենք»,- ասում է բազմազավակ մայրը:

«Հետքի» հարցմանը ի պատասխան՝ Դեբեդ գյուղի գործող գյուղապետ Կամո Պետրոսյանը չհիշեց՝ անցյալ, թե նախանցյալ տարի է համայնքի բյուջեի սոցիալական օգնության համար նախատեսված գումարներից դրամական օգնություն տվել Հովսեփյանների ընտանիքին: Խնդրեցինք ցույց տալ որոշումները, գյուղապետն ասաց, թե համակարգիչը չի աշխատում և այդ պատճառով չի կարող մեզ տրամադրել ավագանու կամ գյուղապետի օգնության  որոշումները: Տիկին Կարինեն էլ բացատրեց, որ սոցիալական օգնություն ստանալու համար անձամբ չի դիմել գյուղապետին: «Գյուղապետն է նպաստի տեղեկանքը տալիս, ինքը շատ լավ տեղյակ է մեր վիճակին: Էլ ինչ դիմեմ»,- ասաց նա:

Փոքրիկ բնակարանում ապրող 6 երեխաները միմյանց խանգարում են դաս պատրաստելիս: Երեխաներից մեկը սիրում է դասերը բարձրաձայն կարդալ, մյուսները նեղվում են: Գոռը, ով սովորում է 11-րդ դասարանում, դժգոհեց, որ գրավոր տնային աշխատանքները գրելիս սեղանի մոտ բոլորը միասին չեն կարողանում նստել և միմյանց խանգարում են: Ընտանիքի հին համակարգիչը չի աշխատում: Նույնքան հին հեռուստացույցն աշխատում է, որն էլ ազատ ժամերին երեխաների միակ զբաղմունքն է: Այսուհանդերձ Հովսեփյանների ընտանիքում տիրող ծանր պայմաններում ևս 5 զինվորներ է մեծանում: Կարինե Հարությունյանն էլ գտնում է, որ իր երեխաների և 6 ապագա զինվորների առողջ մեծանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է նորմալ բնակարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter