HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պատմամշակութային հուշարձանը՝ Աֆրիկյանների տունը, կարող է փլուզվել. ո՞վ է պատասխանատու

Տերյան փողոցի 11-13 շենքն ընդգկված է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում` որպես հանրապետական նշանակության հուշարձան: Սակայն այն իրականում խանգարում է ազգային «էլիտայի» որոշ ներկայացուցիչների բիզնես պրոյեկտին: Ուստի, քաղաքապետարանի անգործության եւ թողտվության պատճառով այսօր հայտնվել է փլուզման վտանգի տակ: 

19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված հիշյալ շենքը՝ Աֆրիկյանների տունը, խորհրդային կարգերի հաստատումից հետո վերածվեց բազմաբնակարան շենքի՝ ապաստան տալով ավելի քան երեք տասնյակ ընտանիքի: Մոտ մեկ դար անց՝ 2004 թ., Կառավարությունը նորակառույց Հյուսիսային պողոտան «ամբողջացնելու» համար Աֆրիկյանների տունը ներառեց նաեւ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում՝ իբրեւ տեղափոխման ենթակա հուշարձան-շենք: Այնուհետեւ Պուշկին-Տերյան փողոցների հատման տարածքը, այդ թվում՝ Տերյան 11-13 հասցեն, Կառավարության մեկ այլ որոշմամբ ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ, իսկ ձեռք բերման իրավունքը տրվեց «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ին:

«Պետական կարիքների զոհեր» (ՊԿԶ) ՀԿ-ին ուղարկած գրավոր պատասխաններից մեկով մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը հայտնում է, որ դեռ 2006 թ. հունիսին այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը մասնագիտական կարծիք ստանալու համար նախարարություն է ներկայացրել հիշյալ տարածքում բազմաբնակարան՝ 12 հարկանի շենք կառուցելու ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ էսքիզային նախագիծ: Սակայն մի քանի օր անց «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռաֆիկ Սարգսյանը նախարարությանը խնդրել է գործին ընթացք չտալ` քաղաքաշինական ծրագրերի փոփոխման պատճառով: 

Վերջինիս խնդրանքով նախարարությունը միաժամանակ տեղեկություններ է հաղորդել հուշարձան-շենքի ապամոնտաժման, պահեստավորման եւ պահպանման հարցերի վերաբերյալ:

«Բայց տեսեք, թե հետո ինչ է եղել: «Դվին հոլդինգը» շենքի բնակիչների հետ փոխհատուցման պայմանագիր է կնքել միայն այն դեպքում, երբ վերջիններս համաձայնվել են քանդել իրենց իսկ բնակարանները: Արդյունքում շենքը բերվել է վթարային վիճակի: Նույնիսկ հաշվի չեն առել, որ դեռ 3 ընտանիք շարունակում է ապրել նույն շենքում»,- ասում է ՊԿԶ ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Ըստ նրա՝ նման վարվելակերպով ընկերությունը փորձել է հոգեբանական ճնշում գործադրել այն բնակիչների նկատմամբ, ովքեր չեն համաձայնվել «Դվին հոլդինգի» առաջարկած փոխհատուցման պայմաններին:

Շենքում ապրող ընտանիքներից երկուսը՝ Ղուկասյաններն ու Հակոբյանները, թեեւ մի քանի տասնամյակ է՝ բնակվում են Աֆրիկյանների տանը, սակայն ժամանակին ինչ-ինչ պատճառներով իրենց բնակարանները չեն սեփականաշնորհել: Արդյունքում, համեմատած մյուս հարեւանների հետ, նրանց առաջարկվել են փոխհատուցման այնպիսի պայմաններ, որոնք ընտանիքները համարում են անընդունելի:

Հակոբյանների բազմանդամ ընտանիքը, չնայած Աֆրիկյանների տան իր բնակարանից չի հրաժարվում, արդեն 4 տարի է՝ տունը լքել է եւ ապրում է վարձով:

«Որովհետեւ մեր վերեւի հարեւանը համաձայնության եկավ, փոխհատուցման պայմանագիր կնքեց, բայց հեռանալուց առաջ «Դվին հոլդինգի» ճնշման տակ իր բնակարանը քանդեց: Դրանից հետո անձրեւաջրերը, կոյուղաջրերը սկսեցին լցվել նկուղ. էլ ապրել հնարավոր չէր: Իսկ վերանորոգել թույլ չեն տալիս, որովհետեւ շենքը քանդման տակ է»,- պարզաբանում է ընտանիքի մայրը՝ Սոֆյա Հակոբյանը:

Մյուս ընտանիքը՝ Ղուկասյանները, անկողնային հիվանդ հոր եւ նորածին երեխայի հետ մինչ օրս ապրում են Աֆրիկյանների տանը: Սակայն այս տարվա մայիսին Կենտրոնի դատարանը վճռել է պարտավորեցնել Ղուկասյաններին՝ փաստացի տիրապետման իրավունքով իրենց պատկանող Աֆրիկյանների տան բնակարանը 6,8 մլն դրամով օտարել «Միլենիում կոնտրակշն» ՍՊԸ-ին:

«Միլենիում Կոնտրակշն» ՍՊԸ-ն «Դվին հոլդինգի» իրավահաջորդն է: Ղուկասյանների եւ շենքի մյուս բնակիչների դեմ ներկայացված հայցերի հեղինակը «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ն է: Բայց դատարանը, հաշվի առնելով Կառավարության համապատասխան որոշումները, ՓԲԸ-ին փոխարինել է ՍՊԸ-ով՝ իբրեւ պատշաճ հայցվոր:

Կառավարությունն անցյալ տարվա օգոստոսին փոփոխություն է կատարել 2008 թ. նոյեմբերին ընդունած իր 1405-Ն որոշման մեջ, ըստ որի՝ գերակա հանրային շահ ճանաչված Պուշկին-Տերյան փողոցների հատման տարածքը ձեռք բերած «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ն փոխարինվել է «Միլենիում կոնտրակշն» ՍՊԸ-ով:

«Իմ կարծիքով՝ այս երկուսն էլ նույն ընկերությունն են: «Դվին հոլդինգն» իբր սնանկացել է. պետությանը պարտք է 70 մլն դրամ: Բայց քանի որ այս տարածքը չի ուզում ձեռքից բաց թողնել, հորինել են «Միլենիում կոնտրակշն», որ տարածքը տան սրան, փողերն էլ պահեն իրանց մեջ»,- ասում է Աֆրիկյանների տանն ապրող Գրիգոր Ղուկասյանը:

Դեռ 2009 թ. ապրիլին ԾԻԳ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը Աֆրիկյանների տան բնակիչներին գրավոր հայտնել է, որ քաղաքապետարանի կողմից նախապատրաստվում են նյութեր Տերյան եւ Պուշկին փողոցներին հարող տարածքի ձեռք բերող եւ կառուցապատող «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ի նկատմամբ դատական կարգով հայց ներկայացնելու համար՝ վերջինիս զրկելու կառուցապատման իրավունքից:

«Որոշ ժամանակ անց «Դվին հոլդինգը» ձեռք բերողի իրավունքից զրկվեց: Բայց հետաքրքիրն այն է, որ այլեւս կառուցապատող չլինելով՝ նույն ընթացքում այս ընկերությունը մի քանի ընտանիքների դեմ Կենտրոնի դատարան հայց ներկայացրեց, ու դրանք զարմանալիորեն ընդունվեցին վարույթ,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը:- Շատ զարմանալի է նաեւ, որ բնակիչների դեմ «Դվին հոլդինգի» ներկայացրած բոլոր հայցադիմումները, չգիտես ինչպես, հայտնվել են նույն դատավորի՝ Էդիկ Ավետիսյանի մոտ»:

Աֆրիկյանների տանն ապրող 3-րդ ընտանիքը փոխհատուցման պայմաններին համաձայնվել է եւ շուտով շենքից կհեռանա: Հակոբյանների դեմ ներկայացված հայցադիմումը դեռ դատարանում է՝ Էդիկ Ավետիսյանի վարույթում: Իսկ Ղուկասյանները Էդիկ Ավետիսյանի՝ հօգուտ կառուցապատողի կայացրած վճիռը բողոքարկել են վերաքննիչ դատարան: Գրիգոր Ղուկասյանն ասում է, որ եթե նույնիսկ գան շենքը քանդելու, ինքն իր տնից չի գնալու. պաշտպանվելու է ամեն կերպ, ճիշտ այնպես, ինչպես ընտանիքին կպաշտպաներ, «եթե թուրքը զենքով գար իր տան վրա»:

Մշակույթի նախարարության կայքէջն այս ամսվա 7-ին տեղեկացրեց, որ նախարարությունն ահազանգ է ստացել Տերյան 11-13 հասցեում իրականացվող քանդման աշխատանքների վերաբերյալ: Սա այն դեպքում, երբ, ըստ կայքէջի, դրանից մեկ շաբաթ առաջ նախարարության աշխատակիցներն ընթացիկ պլանային շրջայցի ժամանակ որեւէ խախտում չեն արձանագրել:

Փախհատուցման պայմանագրեր կնքած Աֆրիկյանների տան բնակիչներն արդեն շենքից հեռացել են: Հետեւաբար, միամտություն կլինի կարծել, թե գնալուց հետո էլ նրանք ժամանակ առ ժամանակ վերադառնում են ու անխնա քանդում իրենց նախկին բնակարանները: Ուրեմն քանդողն այլեւս բնակիչները չեն: Իսկ ո՞վ է, ու՞մ է այն ձեռնտու: Կռահելը դժվար չէ:

Պատասխանելով «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի գրություններին՝ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը հայտնել է, որ «...Տերյան 11-13 հասցեում գտնվող հուշարձան-շենքի ներքին տարածքներում, խախտելով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի պահանջները, առանց հուշարձանների պահպանության բնագավառի լիազորված մարմնի թույլտվության՝ կատարվել են քանդման աշխատանքներ. ապամոնտաժվել է շենքի տանիքի մի հատվածը, միջհարկային ծածկերը, որի արդյունքում հուշարձանը կարող է քայքայվել եւ հետագայում փլուզվել»:

Փոխնախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ հուշարձան-շենքում տիրող իրավիճակի մասին նախարարությունը գրությամբ հայտնել է քաղաքապետարանին՝ խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ օրինախախտումը կանխելու եւ հուշարձանի ներքին տեսքը վերականգնելու համար:

«... Քաղաքապետարանն իր լիազորությունների սահմաններում պարտավոր է կասեցնել այն աշխատանքները, որոնք կարող են վտանգել հուշարձանին, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել օրինախախտերին»,- գրել է փոխնախարար Սամուելյանը:

Սեդրակ Բաղդասարյանը դիմում է գրել նաեւ քաղաքապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով հայտնել, թե արդյոք պարզվե՞լ է՝ ովքեր են անօրինականության հեղինակները, վերջիններս ենթարկվել կամ ենթարկվելու՞ են պատասխանատվության:

«...Մինչեւ տարածքն ազատելը «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ն պարտադրել է նախկին սեփականատերերին հեռանալուց առաջ քանդել բնակարանները: Ենթարկվե՞լ է, արդյոք, ընկերությունը պատասխանատվության պատմամշակութային հուշարձանի հանդեպ նման բարբարոսական վերաբերմունքի համար»,- հարցրել է ՀԿ-ի նախագահը: Քաղաքապետը, սակայն, մինչ օրս չի արձագանքել:

«Այդ շենքը Երեւանի հարստությունն է, բոլորիս սեփականությունը: Եվ եթե համախմբվենք, այս վայրագությունները կկանխենք»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը: Նա բոլորին, հատկապես երիտասարդներին հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում է Աֆրիկյանների տուն՝ մասնակցելու շաբաթօրյակին, իսկ կիրակի օրը՝ ժամը 20:30-ին, նույն հասցեում ունկնդրելու «շատ հետաքրքիր հեղինակ-կատարողների կենդանի երգերը»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter