HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Լավագույններին» չեն պատժում

Դատավորների ընդհանուր ժողովն օրեր առաջ, ի թիվս այլոց, տարվա լավագույն դատավոր ճանաչեց վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանին` մասնագիտական բարձր ցուցանիշներ ցուցաբերելու համար: Թե ինչ նկատի ուներ ժողովը «մասնագիտական բարձր ցուցանիշներ» ասելով՝ ֆեյսբուքյան օգտատեր իրավաբաններին պարզել չհաջողվեց. լավագույնին ընտրելու չափորոշիչներից անտեղյակությունը նրանց հնարավորություն չտվեց ենթադրություններից այն կողմ անցնել: Մասնավորապես հետաքրքրում էր, թե դատավորների կարգապահական տույժ ունենալ-չունենալը կամ նրանց դեմ ներկայացված բողոքները որքանո՞վ են ազդում լավագույնին ընտրելու որոշման վրա:

Այն ժամանակ, երբ Վճռաբեկ դատարանի նախագահը պարգեւատրում էր վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանին, Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովում նրա դեմ բողոք կար, եւ բողոքաբերը` փաստաբան Հասմիկ Ռաֆայելյանը, շուրջ մեկ ամիս սպասում էր հանձնաժողովի պատասխանին: Նրան պատասխանեցին, բայց միայն Կ. Ավետիսյանին պարգեւատրելուց հետո, որը նշանակում էր՝ վերջինիս, անկախ իր կատարածից, չեն պատժելու:

Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանը փաստաբանին է ուղարկում հերթապահ գրությունը. «Տեղեկացվում է, որ վարչական գործը ներկայումս գտնվում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում` քննության փուլում, ուստի ՀՀ Սահմանադրության 97 հոդվածի համաձայն` արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, ենթարկվում է միայն Սահմանադրությանը եւ օրենքին, իսկ ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի գործունեությանն օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է»:

Փորձը ցույց է տալիս, որ երբ դատավորին կարգապահական տույժի ենթարկելու հիմքեր չեն լինում, Արդարադատության խորհուրդը շատ հանգիստ մերժում է փաստաբանի դիմումը, իսկ այս դեպքում պայմանավորել է գործի վերաքննության հանգամանքով: Մինչդեռ, ՀՀ դատական օրենսգիրքը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը պայմանավորում է միայն տվյալ գործով կայացված դատական ակտով:

Երեւան քաղաքի բնակչուհի Երանիկ Իվանյանի շահերը ներկայացնող փաստաբան Հասմիկ Ռաֆայելյանի` թիվ ՎԴ/8180/05/11 վարչական գործով ներկայացրած բողոքն ավելի շատ վերաբերել է դատավորի դրսեւորած վարքագծին, որը նա պահպանել է գործի քննության ողջ ընթացքում՝ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել հայցվորների նկատմամբ: Փաստաբանն, ի վերջո, հարկադրված է եղել 2013թ. ապրիլի 4-ի դատական նիստի ժամանակ հայտարարել. «Ես տեսնում եմ, որ դատարանն ինչ-որ ուղղորդող  գործողություններ է կատարում»: «Կարծո՞ւմ եք»,- հակադարձել է նրան դատավորը եւ շարունակել խորհրդատվություն մատուցել հայցվորներին:

Դատավորը մեկուկես տարում յոթ նախնական դատական նիստ է նշանակել, որոնք եթե ամփոփելու լինենք, ինչպես հայ մեծ երգիծաբան Պարոնյանը կասեր՝ «մեկ նիստ չարժեր ...»: Բոլոր նախնական դատական նիստերի ժամանակ նա փորձել է ճշտել հայցվորների պահանջը, սակայն «ձեր ո՞ր իրավունքն է խախտվել···» բազմիցս հնչեցրած հարցադրումը հայցվորներն անպատասխան են թողել: «Դուք մի հատ փորձեք ի վերջո հասկանալ՝ դուք ինչի՞ հետ գործ ունեք, հա՞, ի՞նչն եք ուզում վիճարկել, եւ դրա հետեւանքը ո՞նց եք պատկերացնում, հետո դատարանին դա գրավոր ներկայացրեք, մի հատ բոլորով քննարկենք, հասկանանք, ի՞նչ եք ուզում, ումի՞ց եք ուզում, որ իմանանք՝ ի՞նչ հիմքեր կան դրա վերաբերյալ, դուք ի՞նչ պետք է ներկայացնեք ···»,- հորդորել է նա հայցվորներին:

Առաջադրանքն այնքան էլ հեշտ չի եղել հայցվորների համար: Նախնական դատական նիստերի ժամանակ նրանք դատավորի խորհրդով, բանավոր շարունակաբար փոփոխել են հայցի առարկան՝ «ակտը ոչ իրավաչափ ճանաչել», «մասնակի անվավեր ճանաչել», «մասնակի վերացնել» եւ այլն, սակայն նրանց ձեւակերպումներից ոչ մեկը Կ· Ավետիսյանին համոզիչ չի թվացել: Վերջինս որոշել է անձամբ ձեւակերպել հայցվորների պահանջը: «Մի հատ լսեք, ես փորձեմ, հա, մի փոքր տնավարի ներկայացնեմ։ Կա մի հատ խնձոր, ես էդ խնձորը կտրում եմ կամ տալիս եմ երկու հոգու, կամ էդ խնձորը մի հոգու եմ տալիս, հիմա դուք ինձ ասեք՝ խնձո՞րը լավ չի, որ երկու տեղ չի բաժանվում, թե՞ բաժանո՛ղը լավը չի, որ այդ խնձորը չի բաժանում երկու մասի»,- հայցվորներին է դիմում նեղն ընկած դատավորը:

Հայցվորի ներկայացուցիչ Ստեփան Պողոսյանը դատավորի հարցին այսպես է արձագանքել. «Բաժանողը լավը չի, որ այդ խնձորը չի բաժանում երկու մասի»:

«Ուրեմն, խնձորը լավն է, չէ՞․․․,- վրա է բերել դատավորը ու, հավանաբար ոգեւորվելով, որ ի վերջո հայցվորների բերանից ինչ որ բան է պոկել, ասել է,- բա խի՞ եք վիճարկում էդ խնձորի մասին պատմությունը… բա որ խնձորը լավն է, ասել է թե՝ էս 90 թվականի ակտը ձեզ էլ է գոհացնում, որովհետեւ այդ ակտով 142 քմ հողամաս է տրվել․․․ էս ձեր փաստարկը (առ այն, որ 142 քմ հողը ամրակցվել է 600 քմ-ին, այլ ոչ թե Երանիկ Իվանյանին) նշանակում է, որ դուք պահանջ եք ներկայացնում բացառապես ընդդեմ կադաստրի՝ ասելով, որ կադաստր, չես ֆայմե՞լ, որ հողամասին է հողամաս ամրակցվում, ինչը նշանակում է, որ 142-ի նկատմամբ էլ մնացած 600-ի տիրապետողներն ունեին իրավունք, հետեւաբար դու բոլորի իրավունքը պետք է դրա նկատմամբ գրանցեիր: Էս փաստարկը ես հասկանում եմ, բայց քանի որ միաժամանակ ասում եք, որ համ էլ էդ ակտը դեղին գույն ա, լավը չի, չպետք ա ըդենց բան արվեր, ես այ ըտեղից վաբշե չեմ հասկանում ․․․ էդ դեպքում ակտը խ՞ի եք վիճարկում, ի՞նչ եք ուզում ակտից, ակտը նորմալ ակտ է ուրեմն, կա 600 քմ հողամաս, որին ակտով ամրակցվել է 142-ը»:

«Դե, մենք վիճարկում ենք, որ կադաստրը սխալ գործողություններ է կատարել»,- պատասխանել է հայցվորի ներկայացուցիչ Ստեփան Պողոսյանը: Դրանից հետո դատավոր Կ․ Ավետիսյանը հայցվոր կողմին խորհուրդ է տվել պաշտոնական պարզաբանման համար դիմել Կադաստր՝ մանրամասնելով հարցման բովանդակությունը, ինչպես նաեւ կողմնորոշվել իրենց վերջնական հայցապահանջի հարցում:

Դատավոր-փաստաբանի բոլոր հուշում-պարզաբանումներից հետո հայցվորները դարձյալ դատարան են ներկայացել պահանջը չհստակեցրած: Դատավորի նյարդերն արդեն տեղի են տվել· «Ի վերջո, դուք ի՞նչ եք ուզում, ասում եք՝ ակտը լավ չի՞, դեն գցեք, թե՞ ասում եք՝ ակտը լավն ա, բայց ակտի հիման վրա կատարված գրանցումը լավը չի»։ Ապա հանդարտվելով շարունակել է· «Լավ, հիմա փորձենք էսպես, լավ, լսեք ինձ, որպեսզի պարզ թվաբանության մեջ չընկնենք, մի հատ փորձենք ամենասկզբում հստակեցնել, տեսնենք դուք ի՞նչ եք պահանջում, ի՞նչ եք ուզում, որ ի՞նչ արվի, հայցվոր կողմ»:

Այս գործով բոլոր նախնական դատական նիստերն ընթացել են այսօրինակ երկխոսություններով: Բոլոր նիստերին դատավորը հայցվորներին ուղղորդել է, թե ինչ պահանջ ներկայացնեն եւ ինչպես ներկայացնեն, որպեսզի կարողանա անպայման իրականություն դարձնել նրանց ցանկությունը, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել պարզել հայցի հիմքն ու առարկան։

 «Կարո՞ղ եմ էսպես հասկանալ, որ պահանջը վերաբերում է հետեւյալին՝ ոչ իրավաչափ ճանաչել Երանիկ Իվանյանի անվամբ 119,7 քմ հողամասի եւ 10,5 քմ մակերեսով շինության նկատմամբ այլեւս իրավաբանական ուժ չունեցող իրավունքի պետական գրանցումը՝ որպես վարչական ակտ, թե՞ չհասկանամ, լրիվ ուրիշ բան հասկանամ»,- ի վերջո ամփոփել է դատավորը եւ հայցվորների համաձայնությունը ստանալուց հետո անցել դատաքննության:

Երկու տարի եւ մեկ ամիս տեւած դատաքննությունից հետո դատավորին հաջողվել է վճիռը կայացնել հայցվորների օգտին: Արդյունքում, սակայն, ստացվել է, որ դատավորն ինքը գրել է հայցադիմումը, ինքն էլ բավարարել է իր գրած հայցը:

Փաստաբան Հասմիկ Ռաֆայելյանը Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին ուղղված դիմումով խնդրել էր Կարեն Ավետիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել: «Կարեն Ավետիսյանը, որպես դատական իշխանություն եւ արդարադատություն իրականացնող անձ, պարտավոր էր գործը քննելիս եւ լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, ինչը, սակայն, չի ապահովել այս դեպքում՝ խախտելով կողմերի իրավահավասարության սկզբունքը եւ դրսեւորելով կողմնակալություն, հայցվոր կողմին ուղղակիորեն խորհուրդներ է տվել ներկայացված հայցապահանջի թերություններն ուղղելու վերաբերյալ»: Ի հավելումն նշվածի՝ դատավորը թույլ է տվել եւս մի շարք ակնառու խախտումներ`

-         չի պահպանել գործի քննության ողջամիտ ժամկետները· առաջին նախնական դատական նիստը նշանակվել է հայցադիմումը դատարանում ընդունված համարվելուց վեց ամիս հետո,

-         Երքաղխորհրդի գործկոմի 29.06.1990թ. ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասով, որից հայցվորները հրաժարվել են 13.12.2012 թ․ նախնական դատական նիստի ժամանակ, չի կարճել գործի վարույթը,

-         չի ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն՝ գործը դատաքննության նշանակելու մասին 21.05.2013 թ․ որոշման մեջ չի նշվել գործի դատաքննության ժամանակի եւ վայրի մասին, կողմերին հնարավորություն չի տրվել հանդես գալու ամփոփիչ ճառով, այլ կերպ ասած՝ դատական վիճաբանության փուլ չի եղել, Սամվել Պողոսյանի դեմ ուղղված պահանջի մասով դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից եւ այլն։

Թվարկվածներից առնվազն կողմերի իրավահավասարության սկզբունքը, ինչպես նաեւ քննության ողջամիտ ժամկետների խախտումներն ուղղակիորեն դատավորի վարքագծի նորմերի խախտումներ են եւ առնչություն չունեն գործը վերաքննության կարգով քննելու հետ: Դրանք դատավորին բնութագրող հատկանիշներ են, որոնք հնարավոր չէ շտկել գործի վերաքննության ժամանակ: 

 

Լուսանկարում՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Կարեն Ավետիսյանին հանձնում է «Լավագույն դատավոր» մրցանակը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter