HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի ավագանին ինչո՞ւ որոշեց «սկզբունքայնություն» դրսեւորել

Իր գործունեության 16 ամիսներին Գորիս համայնքի ավագանին ընդունել է 86 որոշում, որի հիմնական մասը վերաբերում է համայնքային սեփականության տարածքների, շինությունների աճուրդով կամ ուղղակի վաճառքի միջոցով օտարմանը: Ընդունված որոշումների ցանկում, եթե նկատի չունենանք համայնքի զարգացման քառամյա ծրագրի հաստատումը, համայնքի կարիքներին վերաբերող որեւէ կոնկրետ որոշում չի քննարկվել եւ չի ընդունվել: Նույն «համերաշխությունը» դրսեւորվել է որոշումների քվեարկությունների ժամանակ. մինչեւ այս տարվա մարտի 7-ին տեղի ունեցած ավագանու արտահերթ նիստը, ավագանու անդամները կողմ են քվեարկել … համայնքի ղեկավարի բոլոր առաջարկներին: Ավագանու երեք անդամներ  չորս անգամ ձեռնպահ են քվեարկել: Ասել է, թե համայնքի ղեկավարի առաջարկությամբ` բյուջեի, համայնքի քառամյա զարգացման ծրագրի, տուրքերի, հաստիքացուցակների հաստատում եւ այլ հարցերի, ավագանու անդամները գրեթե անվերապահորեն կողմ են քվեարկել:

Որոշ դեպքերում, եթե անգամ ավագանու անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները, այդուհանդերձ, հետեւողական չեն եղել դրանց հստակ պատասխաններ ստանալու հարցում: 2013թ. դեկտեմբերի 19-ին ավագանու անդամներից մեկն իր մտահոգությունը հայտնեց, որ Գորիսի քաղաքապետարանն, առանց ավագանու անդամների գիտության, 2013թ. բյուջեից 14 մլն դրամ է հատկացրել ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար, որը որակեց «արհամարհանք ավագանու անդամների նկատմամբ»: Խոսակցությունն ավարտվեց նրանով, որ աշխատակազմի ֆինանսատնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հարություն Հովհաննիսյանը պարզաբանեց, թե մեքենա ձեռք բերելու մասին նշվել է համայնքի 2013թ. բյուջեի փոփոխման ընթացքում, ըստ որի առանձին տողով «տրանսպորտային  սարքավորումների» համար նախատեսվել է 14 մլն դրամ: Ավագանիների անտարբերությո՞ւնը չէր պատճառը, որ քաղաքապետը հնարավորություն էր ունեցել մանեւրելու բյուջեի այս հոդվածը եւ առանց տրանսպորտային միջոցի անհրաժեշտությունը հիմնավորելու 14 մլն դրամը հատկացրել էր ծառայողական նոր մեքենա ձեռք բերելուն:

Նույն կերպ ավագանու անդամներից նրանք, ովքեր ավագանու նախորդ կազմում են եղել, նույնքան սկզբունքային չգտնվեցին, երբ որոշումով 400 հազար դրամի գույքահարկի զեղչ կիրառվեց «Մերսեդես», «Տոյոտա», «Շեվրոլետ», «ԲՄՎ» մակնիշի մեքենաների սեփականատերերի համար: Պատճառն այն է, որ հարկային արտոնությունից օգտվողների հիմնական մասը ավագանու անդամներն էին, այդ թվում նաեւ «սկզբունքային» երեւալու ջանքեր գործադրող ավագանու ներկայիս անդամները:

Անցնող տարում համայնքային իշխանության մաս կազմող ավագանիների քննարկման թեմա չդարձան համայնքի համար այնպիսի կարեւորագույն հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքի բարեկարգմանը եւ զարգացմանը` մայթերի անբարեկարգ վիճակին, բազմիցս չարչարկված ներքաղաքային տրանսպորտի` շահած մրցույթի պայմաններով շահագործմանը, աղբահանության կազմակերպմանը, գործազրկությանը, առանց աճուրդի մի քանի տասնյակ քառակուսի մետրերով տարածքների օտարմանը, որոնց սեփականատերերի ցանկը գրեթե միշտ անփոփոխ է մնում:

Ավագանիների «համակերպվածությունը», կարծես թե, խախտվեց անցած տարվա դեկտեմբերի 19-ին հրավիրված ավագանու նիստից առաջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ավագանու իննը անդամ նամակով դիմել էին համայնքի ղեկավարին եւ խնդրել տրամադրել համայնքային ենթակայության հիմնարկների հաստիքացուցակը, նաեւ հիմնավորել, թե ինչու բյուջեի հերթական եռամսյակային հաշվետվությունը չի ներկայացվել ավագանու հաստատմանը: Չստանալով բավարար պատասխան, նրանք իրենց դժգոհությունը հայտնել էին նիստը բոյկոտելով: Ավագանու հաջորդ նիստը, որը կայացավ դեկտեմբերի 23-ին, նախորդ օրակարգից ընդգրկվել էր միայն համայնքի 2014թ. բյուջեն եւ տեղական տուրքերի, վճարների դրույքաչափերը հաստատելու մասին հարցերը, որոնք ընդունվեցին նիստի մասնակիցների ձայների բացարձակ մեծամասնությամբ (մեկ ձեռնապ):

2014թ. առաջին նիստը նախատեսված էր փետրվարի 26-ին: Սակայն մեկ օր առաջ ավագանու իննը անդամի` քաղաքապետին ներկայացված նամակով առաջարկվում էր նախորդ տարվա` 2013թ.-ի բյուջեի մնացորդը, որը կազմում է մոտ 80 մլն դրամ, ուղղորդել համայնքային կոնկրետ խնդիրների լուծմանը: Այս պատճառաբանությամբ նամակի հեղինակները չմասնակցեցին նիստին, եւ քվորում չապահովելու պատճառով նիստը չկայացավ: Դրան հաջորդեցին համայնքի ղեկավարի, աշխատակազմի տարբեր բաժինների ղեկավարների ու ավագանիների միջեւ մի շարք հանդիպումներ, կազմակերպվեց հանրային քննարկում, որոնց ժամանակ, քաղաքապետի խոսքով, ազատ միջոցները նպատակային ուղորդելու հարցով ավագանու հետ «եկան փոխհամաձայնության»: Սակայն, քաղաքապետի նախաձեռնությամբ մարտի 7-ին նշանակված արտահերթ նիստում ավագանիները դեմ քվեարկեցին 2013թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, ինչպես նաեւ 2014թ. բյուջեում առաջարկվող փոփոխությանը: Չսպառելով օրակարգով նախատեսված բոլոր հարցերը, ավագանու անդամներից մի քանիսը լքեցին դահլիճը եւ քվորում չապահովելու պատճառով նիստն ընդհատվեց:

Գորիսի ավագանին շարունակելու է իր գործունեությունը նոր քաղաքապետի հետ

2012 թվականի սեպտեմբերի 9-ին Գորիսում տեղի ունեցած ավագանու ընտրություններին առաջադրված 24 թեկնածուներից ընտրվեցին 15-ը: Ընտրված ավագանիներից 9-ը Հանրապետական կուսակցության անդամներ են, մյուսներն` անկուսակցական: Նորընտիր ավագանու անդրանիկ նիստը հրավիրվել է 2012թ. նոյեմբերի 15-ին եւ մինչեւ 2014թ. մարտի 7-ը կայացել է ավագանու 14 նիստ, որից 5-ը` արտահերթ: Հրավիրված նիստերին ավագանու անդամները 90 բացակայություն են ունեցել:

Առաջին նիստում ձեւավորվել է երեք մշտական հանձնաժողով, որոնք, սակայն ըստ համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանի, մինչեւ այժմ արդյունավետ չեն գործել: «Հանձնաժողովներից որեւէ արձանագրություն չենք ստացել: Միակ փաստաթուղթը ներկայացրել է գիտության, կրթության, սոցիալական, առողջապահության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը, որով առաջարկվել է 2013թ. համայնքի բյուջեում փոփոխություն կատարել եւ համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսել նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների մինչեւ երեք տարեկան երեխաների վարձավճարների փոխհատուցման համար»,- ասաց նա: Աշխատակազմի քարտուղարի խոսքով` չնայած քաղաքապետարանի շենքում առանձին սենյակ է տրամադրվել ավագանիներին, այնուամենայնիվ, նրանք ակտիվություն չեն դրսեւորել:

Ավագանին, եթե իսկապես մտահոգ է համայնքային խնդիրների լուծման, տեղական բյուջեի միջոցները նպատակային ծախսելու խնդրով, ներկայացված հարցերի նախագծերի շուրջ, որոնք նրանց տրամադրվել էին դեռեւս փետրվարի 19-ին, փաստարկներով հիմնավորված որեւէ գրավոր փաստաթուղթ կմշակեր կամ այսօրինակ ակտիվություն հանդես կբերեր ավագանու ընտրություններից անմիջապես հետո եւ անցած 1,5 տարիների ընթացքում հետամուտ  կլիներ  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածով իրեն վերապահված լիազորությունների կատարմանը: Ըստ նշված հոդվածի`  «Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է համայնքի ավագանին, որն իրավազոր է ստուգել ցանկացած բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը եւ որակը, պահանջել հաշվետվություններ՝ կատարված ծախսերի վերաբերյալ», անգամ ներգրավել աուդիտորական ծառայություններ:

Բացի այդ, ավագանու անդամներն, օրենքով սահմանված կարգով հնարավորություն են ունեցել եռամսյակը մեկ անգամ (երկու տարվա մեջ 5-6 անգամ), ՀՀ բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետում, բյուջեի ընթացքի մասին հաղորդումներ ստանալ համայնքի ղեկավարից: Մինչդեռ նախորդ տարվա վերջին ավագանու ինն անդամների ստորագրությամբ քաղաքապետարանին ներկայացված հարցապնդմանը, թե ինչո՞ւ օրենքով սահմանված ժամկետում չի կայացել ավագանու հերթական նիստը, որի ժամանակ ավագանու հաստատմանը պետք է ներկայացվեր ընթացիկ տարվա նախորդ եռամսյակի բյուջեի կատարման հաշվետվությունը, քաղաքապետի տված պատասխանը, որ գործուղման էին մեկնել արտասահման, «հալած յուղի տեղ ընդունվեց»:

Համայնքային բյուջեի միջոցներն արդյունավետ ուղղորդելու խնդրով «մտահոգ» մարդիկ անգամ չքննարկեցին, թե ովքեր էին գործուղման մեկնողները եւ որքան արժեցավ այն Գորիս քաղաքի փոքր բյուջեի համար: Ավելին, ուշադրության չեն արժանանում համայնքի ղեկավարի ընդունած այն որոշումները, որոնք վերաբերում են, մասնավորապես, Գորիս-Վիեն բարեկամության տարբեր նախաձեռնությունների համար համայնքային բյուջեից ներդրվող ֆինանսական միջոցներին, այն հանգամանքին, թե ինչու այդ նպատակին  ուղղորդվող գումարի չափը որոշումներում չի նշվում, այն դեպքում, երբ սոցիալապես անապահով քաղաքացիներին տրվող անգամ 10 հազար դրամ օգնությունը շեշտվում է:

Ավագանու անդամների ուշադրությունից «վրիպեց» նաեւ տեղական հասարակական կազմակերպություններից մեկի ահազանգն այն մասին, որ «Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթները եւ մրցույթի երջանիկ շահողը» միշտ նույն կազմակերպությունն է` «ԳՈՐԵՐ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը, ըստ կազմակերպությունների գրանցման ռեգիստրի, համայնքի ղեկավարն է:

Այս եւ այլ փաստարկների պարագայում արդյոք կարելի՞ է ենթադրել, որ ավագանին սկսել է սկզբունքայնություն հանդես բերել, մանավանդ որ համայնքի ղեկավարը եւ նրա ներկայացրած որոշման նախագծերին դեմ քվեարկող ավագանու անդամներից չորսը Հանրապետական կուսակցության անդամ են:

Այս դեպքում ինչի է նպատակաուղղված ավագանու` երբեմն առանց իրավական հիմնավորումների եւ չպատճառաբանված, այժմ արդեն անարդյունավետ գործելակերպը, քանի որ համայնքի ղեկավարի պաշտոնավարմանը մոտ երեք ամիս է մնացել: Դիտարկելով Գորիս համայնքի ավագանու վերջին նիստերի հետ կապված իրադարձությունները, արդեն կասկածից վեր է, որ Գորիս համայնքի ավագանին նախատեսված ժամկետից շուտ է նախաձեռնել համայնքի ղեկավարի ընտրությունը (Գորիսում քաղաքապետի հերթակն ընտրությունը տեղի կունենա հունիս ամսին):

Մեկնաբանություններ (1)

Գ. Կոստանյան
Pastoren nor-nor glxi @nkaq inch e katarvum, ayd amen@ giti amborj Goris@, vomanq archi carayutyun en matucum mayr arvesin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter