HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Բողոքում են Արմավիրի ոստիկանների գործադրած բռնությունից

Ոստիկանության Արմավիրի մարզի աշխատակիցները օպերատիվ տվյալներ իրացնելիս 2010 թ. փետրվարի 4-ին թմրավաճառի տան մոտ հետեւել են տաքսի ավտոմեքենայի 2 ուղեւորներին: Նրանցից մեկը թմրանյութ («պլան») է ձեռք բերել, ու մեքենան շարժվել է: Քիչ անց, կանգնեցնելով տաքսին, ոստիկանները մեքենայում հայտնաբերել են առանց պահունակի 2 գազային ատրճանակ, որոնցից մեկը վերափոխված է եղել մարտականի:

«Երեքին էլ` վարորդին եւ ուղեւորներին, անմիջապես տարել են ոստիկանության Արմավիրի բաժին ու սկսել ծեծել: Արդեն հաջորդ օրը երեկոյան խոստովանել են, որ դրանից 2 ամիս առաջ ավազակային հարձակում են կատարել: Բայց ամեն ինչ ուղեւորներից մեկը` Մարզպետունի Ավուշյանը, վերցրել է իր վրա»,- պատմում է Ավուշյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Արդեն 4-րդ օրը 43-ամյա Մարզպետունին խոստովանել է մեկ այլ հանցագործության` ավազակային հարձակման նախապատրաստման մասին, նույնիսկ մատնանշել է զոհին, որը, ինչպես փաստաբան Հայրապետյանն է ասում, «կանաչի ծախող է, եւ անհեթեթ է մտածել, որ այդ մարդուց կարելի է ավազակային հարձակմամբ գումար հափշտակել»:

Առաջին օրերին իբրեւ պաշտպան գործում ներգրավված փաստաբանները (նրանցից մեկը` հանրային պաշտպան), միմյանց փոխարինելով, ծառայություններ են մատուցել թե Մարզպետունի Ավուշյանին, թե նրա հետ ձերբակալված մյուս անձանց: Մինչդեռ վերջիններիս շահերն ակնհայտորեն բախվել են:

«Քանի որ Մարզպետն ամեն ինչ վերցրել է իր վրա, իսկ դա այդպես չէ, ցուցմունքներում եղել են էական հակասություններ: Ոստիկաններն էլ այդ հակասություններն առերեսումների միջոցով «շտկել» են` ի վնաս Մարզպետի»,- ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նա ձերբակալումից 4 օր անց Մարզպետի հարազատների խնդրանքով փորձել է պաշտպանել վերջինիս շահերը: Սակայն Մարզպետը հայտարարել է, թե գոհ է իր փաստաբանից` հանրային պաշտպան Ցոլակ Մարգարյանից, եւ իր հարազատների ընտրած պաշտպանից հրաժարվել է:

«Երբ Մարզպետին տեսա, աչքի տակը կապտած էր, չէր կարողանում խոսել: Իսկ քննիչ Արգամ Սարգսյանն այնքան էր իր վրա վստահ, որ նույնիսկ կալանքի սանկցիայի կիրառման ժամանակ ինձ հրավիրեց դատարան, եւ Մարզպետը դատավորի մոտ էլ ինձնից հրաժարվեց: Բայց ես, միեւնույն է, հայտարարեցի, որ նա ստիպված է այդպես անում, քանի որ խոշտանգման հետքերն ակնհայտ էին»,- պատմում է փաստաբան Հայրապետյանը:

Հետագայում Մարզպետունի Ավուշյանը վերհիշել է այդ օրերին կատարվածը. «Քննիչն ասում էր` դու ձեւ չունես, եթե պետք եղավ, կգանք մեկուսարանում էլ քեզ կջարդենք, մենք խնդիր չունենք»:

Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է տվել ոչ միայն Մարզպետունին, այլեւ ավելի ուշ, ի վերջո, նրա պաշտպանությունը ստանձնած Տիգրան Հայրապետյանը:

«Մեկ ժամ ընդմիջում էին, հետո նորից սկսում անխնա ծեծել: Այն տպավորությունն էր, որ ես արդեն մահացել եմ եւ չեմ ձգի անգամ մի քանի ժամ»,- գրել է Մարզպետունի Ավուշյանը եւ մանրամասնել, որ Արմավիր քաղաքի ոստիկանությունում 5-6 հոգի իրեն բռունցքներով եւ «դուբինկաներով» դաժանաբար ծեծել են, գցել են գետնին ու ոտքերով հարվածել` հիմնականում գլխին, անգամ կիրառել են «էլեկտրաշոկ»:

Նա պատմել է, որ ընդհանուր տեւողությամբ իրեն օրական ծեծել են 14-16 ժամ, առաջին 3 օրերին հաց չեն տվել, նույնիսկ թույլ չեն տվել, որ ուտի ուրիշից վերցրած հացը, իսկ երբ խնդրել է հաց տալ, ծեծն ուժգնացել ու ավելի դաժան է դարձել:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ ասում է, որ այս ամենն ուղեկցվել է «լկտի հայհոյանքներով», եւ Մարզպետունու արժանապատվությունը ոստիկաններն այն աստիճանի են նվաստացրել, որ վերջինս ինքնասպանության փորձ է արել:

«Ես անձամբ դատախազ Արամ Դոլինյանին ասացի` Մարզպետին ջարդել եք, որ ցուցմունք տա: Ասում է` բա ի՞նչ պիտի անեինք, մի 2 հատ վզին չտայի՞նք: Չեն էլ թաքցնում, այսինքն` իրենց մոտ դրված է ծեծել-ջարդելով ցուցմունք կորզելը: Իսկ խոշտանգված մարդը կարող է ամեն ինչի տակ ստորագրել»,- ասում է փաստաբան Հայրապետյանը:

Մարզպետունուն կալանավորել են ձերբակալելուց 4 օր անց, մինչդեռ ձերբակալման ժամկետը 72 ժամ է: Ավելին, կալանավորվելուց հետո նրան 2 օր ուշ են տեղափոխել մեկուսարան` շարունակելով պահել ոստիկանությունում: Ըստ փաստաբանի` ուղղակի սպասել են, որպեսզի խոշտանգման ակնհայտ հետքերն անհետանան:

Սակայն ոստիկանները բացատրություն են տվել, թե Մարզպետունուն ձերբակալելուց հետո բաց են թողել, հետո հաջորդ օրը նորից ձերբակալել, հետեւաբար 72 ժամը պետք է հաշվել երկրորդ ձերբակալությունից սկսած: Թե ինչու՞ էին Ավուշյանին ազատ արձակում եւ 1 օր անց կրկին նույն պատճառով` ավտոմեքենայում հայտնաբերված գազային ատրճանակների համար նորից ձերբակալում, անհասկանալի է: Իսկ փաստաբանն այս ամենը բնորոշում է մեկ բառով` հեքիաթ:

Ըստ էության, հենց այդ «հեքիաթն» էլ հիմք ընդունելով` Հատուկ քննչական ծառայությունը որոշել է քրեական գործի հարուցումը մերժել: Փաստաբան Տիգրան Հայրապետյանն այս որոշումը բողոքարկել է առաջին ատյանի դատարան, բայց որեւէ բան չի փոխվել: Հիմա գործի այս դրվագը` խոշտանգումների պատճառով քրեական գործ չհարուցելու ՀՔԾ-ի որոշումը, փաստաբանը բողոքարկում է վերաքննիչ դատարան:

Այս գործը լի է ուշագրավ դրվագներով, որոնց մասին առայժմ չենք բարձրաձայնում: Մարզպետունու հարազատ եղբայրն ազատամարտիկ Մանվել Ավուշյանն է, որին մեր իշխանության վերնախավի շատ անդամներ անձամբ ճանաչում են: Արդեն կալանավորվելուց հետո եղբոր հետ կատարվողի առնչությամբ ազատամարտիկը նամակ է գրել անձամբ Սերժ Սարգսյանին: Իսկ նրա փաստաբանը դիմել է ԱԱԾ` խնդրելով աջակցություն: Սակայն, միեւնույն է, խնդիրը կարգավորվել է հանցավոր աշխարհի մակարդակով` գողականների միջամտությամբ:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter