HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորից տիրացել են ուրիշի ունեցվածքին

ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին,
ԱՄՆ-ի քաղաքացի, ՀՀ-ում Կացության հատուկ կարգավիճակ ունեցողԷդմոնդ Արշակի Խուդյանից

Բաց նամակ

Սույնով իրազեկում եմ Ձեզ, որ, լինելով ազգությամբ հայ, ԱՄՆ-ում ունեմ կայացած բիզնես: Տեղի տալով Հայաստանում իմ ծանոթ անձանց խորհուրդներին առ այն, որ Հայաստանում խրախուսվում է ներդրումներ կատարելը, եւ պետությունը շահագրգիռ է գործարարության զարգացման հարցում, սկսած 2003 թ.-ից՝ իմ ֆինանսական միջոցների մի մասը տեղափոխել եմ Հայաստան եւ ներդրումներ կատարել անշարժ գույքի ոլորտում:

Սկզբնական շրջանում իմ նախաձեռնությունը խոստումնալից էր առավելապես այն պատճառով, որ ես հրավիրված էի հանրային հեղինակություն ունեցող անձի կողմից, եւ նա երաշխավորեց, որ հերթական զոհի կարգավիճակում չեմ հայտնվի, իսկ այդ անձի դիրքը եւ հեղինակությունը ինձ բավարար էին՝ իր խոսքին վստահելու համար:

2005 թ. նոյեմբերի 11-ին հիմնադրել եմ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն (այսուհետ նաեւ' Ընկերություն), որից հետո Երեւանի Մաշտոցի պողոտայի 33ա հասցեում ինձ պատկանող 1.923,6 քմ մակերեսով հողամասի վրա իրականացվել է կառուցապատում, եւ դրա վրա կառուցված 9.167,7 քմ մակերեսով կիսակառույցը 2007 թ. դեկտեմբերին ներդրման պայմանագրով փոխանցվել է Ընկերությանը:

Դրանից հետո, պայմանավորվածության համաձայն, Ընկերությունում ունեցած իմ 100% բաժնեմասերի 21.3%-ը Վլադիսլավ Մանգասարյանի ցուցումով փոխանցել եմ Հայկազ Սարգսյանին, իսկ 17.6%-ը' Ղեւոնդ Ղալումյանին, որոնցից Վ. Մանգասարյանը, որպես շինարարական կազմակերպությունների ղեկավար, հանձն էր առել շինարարությունն ավարտին հասցնելը, իսկ Ղ. Ղալումյանը' հարկային եւ պետական այլ մարմինների հանդեպ պարտավորությունների պատշաճ կատարումը եւ Ընկերության բնականոն գործունեության ապահովումը:

Ընկերության տնօրեն Է. Եսայանը պարտավոր էր իր գործունեությունը մշտապես համաձայնեցնել Ընկերության բոլոր մասնակիցների հետ: Է. Եսայանին նաեւ իմ անունից լիազորագիր էի տվել՝ այն հաշվով, որ Հայաստանից իմ բացակայությունը արգելք չլինի Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի գումարման եւ որոշումներ կայացնելու հարցերում:

Իմ մտքով անգամ չէր կարող անցնել, որ Վլադիսլավ Մանգասարյանը միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր ուներ, եւ պարտատերերից մեկը Ղ. Ղալումյանն էր, եւ նրանք ծրագրել են ինձ կողոպտել, իսկ Է. Եսայանը, չարաշահելով իմ վստահությունը, համագործակցել է նրանց հետ:

2009 թ. աշնանը Վ. Մանգասարյանը եւ Ղ. Ղալումյանը ինձ ակնարկում են, որ, իբր «տնտեսական ճգնաժամով պայմանավորված», Ընկերության բնականոն գործունեությունը վտանգված է, եւ Ընկերությունը, հնարավոր է, սնանկության գնա, այն դեպքում, երբ որեւէ հիմնավոր հաշվարկ չունեին ձեռքի տակ, իսկ շենքի հազարավոր քմ տարածքներ դեռեւս չէին օտարվել: 2010 թ. սկզբին ժամանել եմ Հայաստան, սակայն որեւէ հիմնավորում ինձ չի ներկայացվել առ այն, որ Ընկերությունը կարող է վնասով գործել: Այնուամենայնիվ, ընթացիկ խնդիրների հետ կապված՝ հանձն եմ առել լրացուցիչ միջոցներ եւ նոր գնորդների ներգրավել:

Նոր պայմանավորվածություններից հետո մեկնել եմ ԱՄՆ: Իմ խոստումները ես կատարել եմ, սակայն Ընկերությունը «վնասով» գործելու վերաբերյալ խոսակցությունները շարունակվում են: 2010 թ. ամռանը կրկին ժամանել եմ Հայաստան եւ պարզել, որ իմ երկու գործընկերները, տնօրենի հետ միասին, Ընկերությունում «թալանով են» զբաղված, իսկ Ընկերության մասնակիցների ժողովում իմ ներկայացուցիչ եւ Ընկերության տնօրեն Է. Եսայանը նրանց ազդեցության տակ է եւ կամակատարությամբ է զբաղվում:

Այդ ժամանակ ես դադարեցրել եմ Է. Եսայանի՝ որպես իմ ներկայացուցչի լիազորությունները եւ այլ անձի եմ լիազորել, սակայն Ընկերությունում ձեւավորված վերը նշված «եռյակը» գաղտնի շարունակում էր Ընկերությունը կողոպտել' գաղտնի տարածքներ յուրացնել' իրենց հարազատ անձանց անվամբ գործարքներ իրականացնելով, որոնցից ակնկալվող գումարները չեն մուտքագրվել Ընկերություն, անգամ այդ գործարքներից ծագած հարկային պարտավորությունները չեն կատարվել, եւ Ընկերության վարկի գումարը չի մարվել:

Փոխարենը «Վ.Մ.Գ. գրուպ» ՓԲԸ-ի փաստացի սեփականատեր Վ. Մանգասարյանը Ընկերությանը փոխառություններով եւ այլ պարտավորություններով է ծանրաբեռնել, որի արդյունքում Ընկերությունն, անշուշտ, «կանխամտածված սնանկության» պետք է գնար, իսկ ես եւ Ընկերությանը գումարներ տրամադրած մի շարք ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներ (սփյուռքահայ) Հայաստանում խաբվածի եւ նյութապես տուժածի դերում կլինենք:

Իմ մեկնելուց հետո էլ բացահայտ կողոպուտ է տեղի ունեցել, որից տուժել եմ ես եւ այն քաղաքացիները, ովքեր գումարներ են վճարել տարածքների համար, սակայն տեղի ունեցած «թալանի» հետեւանքով գոյացած եւ չվճարված հարկային պարտավորությունների դիմաց նրանց փոխանցվելիք տարածքները հարկային ծառայության կողմից ներկայացված հայցով արգելանքի տակ են դրվել:

2010 թ. օգոստոսից փորձեցի դատական կարգով պայքարել: Սակայն նրանք, չունենալով պաշտպանության այլ ձեւ, Ընկերությանը ներքաշեցին իրենց կողմից նախօրոք ծրագրավորված կանխամտածված սնանկության գործընթացի մեջ' նպատակ հետապնդելով հարուցված քաղաքացիական գործերը կարճել այն հաշվարկով, որ դրանք ճիշտ լուծում չստանան:

Սնանկության գործընթացի ժամանակ իմ փաստաբանից տեղեկացա, որ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հրանտ Ղամբարյանը: Միաժամանակ տեղեկացա, որ նա նախկինում աշխատել է դատախազության համակարգում, այժմ կառավարիչների ինքնակառավարվող կազմակերպության ղեկավարն է, բանիմաց է, անաչառ եւ սկզբունքային:

Նրա անձը բնութագրող նախնական տեղեկատվությունն ինձ հուսադրեց, որ նրա կողմից վերը նշված երեք անձանց գործողություններին ճիշտ գնահատական կտրվի, եւ վեր կհանվի ողջ եղելությունը, որն, անշուշտ, կբխի եւ իմ, եւ վճարումներ կատարած, սակայն բնակարանները չստացած քաղաքացիների օրինական շահերից: Իսկ Ընկերության միջոցները գողացած անձանց հարցով կզբաղվեն քրեական հետապնդում իրականացնող մարմինները:

Սակայն, երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում կառավարչի կողմից Ընկերության ֆինանսական գործունեության վերաբերյալ վերլուծություններ ու հետեւություններ չկատարվեցին, իսկ նրա առաջին գործնական քայլը եղավ Վլադիսլավ Մանգասարյանի կողմից ներկայացված ակնհայտ անհիմն հայցադիմումն առանց որեւէ ճշտումների նույնությամբ դատարան ներկայացնելը, այսինքն' Վլադիսլավ Մանգասարյանի պատվերները կատարելը, հավաստիացա, որ կառավարիչն էլ է կամակատար:

Կառավարիչը պարտավոր էր առաջնահերթության կարգով պարզել Ընկերության անունից իրականացված ամենամեծ օտարման գործարքի մանրամասները, այն է' Մաշտոցի 33ա հասցեի անշարժ գույքի օտարման օրինականության հարցը ճշտել, որից մոտ 1.250.000-1.500.000 դոլար գրպանել է Վլադիսլավ Մանգասարյանը:

Ի դեպ, այդ գումարը բավարար է, որ Ընկերությունն իր բոլոր պարտավորությունները կատարի: Բացի այդ, 2010 թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին իմ գործընկերներն ու տնօրենը մի քանի հազար քմ տարածք են օտարել, որից Ընկերության հաշվին գումար չի փոխանցվել: Ընկերությանը հասանելիք գումարները «եռյակը» թալանել է:

Իսկ երբ տեղեկացա այն մասին, թե դեռեւս 2009թ.-ից, իբր սնանկ ճանաչված, սակայն այդ ժամանակից ի վեր միայն «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ից միլիոնավոր դոլարներ հափշտակած, սակայն դեռեւս սնանկ համարվող Վլադիսլավ Մանգասարյանը, ի դեմս նրա սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի, 1.217.000 դոլարի չափով պահանջ է ներկայացրել «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի սնանկության գործով, ապա ափսոսանքով փաստեցի, որ սնանկության գործով կառավարիչը, տվյալ դեպքում' Արսեն Չիտչյանը, կարող է միեւնույն իրավական գիտելիքները եւ գործելաոճն ունենալ, որն ունի Վլադիսլավ Մանգասարյանը, իսկ Հրանտ Ղամբարյանը վերջինիս կամակատարն է: Այսինքն՝ սնանկության գործով կառավարիչներն էլ իրենց գործով չեն զբաղվում:

Հարկատու Ընկերությունում տեղի ունեցած թալանի, հարկերի վճարումից խուսափելու փաստի կապակցությամբ դիմել եմ նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահ պարոն Գ. Խաչատրյանին: Դիմումիս ընթացք է տրվել, եւ կարծում եմ, որ ՊԵԿ-ի նախագահը սկզբունքային եւ հետեւողական է հանցագործությունների բացահայտման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Պարոն նախագահ, հարկ եմ համարում նշել նաեւ, որ դատական համակարգում, կադաստրում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, հարկային ծառայությունում Վ. Մանգասարյանն ու Ղ. Ղալումյանը հովանավորներ ու ծանոթներ ունեն, որոնց գործողությունների եւ անգործության արդյունքում ես չեմ կարողանում նրանց ապօրինությունների դեմ պայքարել: Այդ իսկ պատճառով հայցում եմ Ձեր օժանդակությունը:

Խնդրին ճիշտ լուծում չտալու դեպքում Վ. Մանգասարյանի, Ղ. Ղալումյանի, Է. Եսայանի գործողությունների արդյունքում տուժած անձինք եւ ես ստիպված կլինենք մեր պայքարը տեղափոխել ԱՄՆ եւ այնտեղից իրականացնել մեր խախտված իրավունքների պաշտպանությունը: Սակայն հավատացած եմ, որ խնդրին լուծում կտրվի, եւ պետությանը, Ընկերությանը, ինձ եւ մի շարք սփյուռքահայերի վնասող անձինք չեն խուսափի պատասխանատվությունից:

Նամակի պատճեն ուղարկվել է սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, ոստիկանապետ Ա. Սարգսյանին

«Հետքը» հաջորդ համարում կանդրադառնա այս գործին

Մեկնաբանություններ (2)

Martin (Iwan)
Unfortunately the links to the YouTube videos in my above comment are not displayed correctly. Its worth watching them - iut shows how Armenia is looked at from investors outside: Армения. Олигарх Царукян творит произвол. [URL]http://www.youtube.com/watch?v=vOsZsIpBK-s[/URL] Армения. Олигарх Гагик обманывает западных инвесторов [URL]http://www.youtube.com/watch?v=P_-vni9_PKo[/URL] Армения. Олигарх Царукян творит произвол [URL]http://www.youtube.com/user/StephanKozlov?feature=mhsn[/URL]
Martin
Not much of a surprise. Look at this: http://www.youtube.com/user/StephanKozlov?feature=mhsn

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter