HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողանքի պատճառով Քարահունջ գյուղը կարող է դատարկվել

02_02-karahunj-12009 թ. հունվարի 21-ին սողանքի պատճառով Քարահունջ գյուղում երկու տուն է քանդվել: «Պատրաստվում էի փոստ գնալ, այդ ժամանակ զանգեցին, մի քանի բառ փոխանակելուց հետո, դեռ լսափողը վայր չդրած, ահավոր դղրդյուն լսվեց` հարեւանի տան պատը փլվեց, քարերը թափվեցին մեր աստիճանների տակ»,- պատմեց երկու օր առաջ կատարվածից դեռեւս ուշքի չեկած Էլմիրա Հարությունյանը:

Ամուսինը` Յուրիկը, ձեռնափայտով, մի կերպ հաղթահարելով փլուզումից դժվարանցանելի դարձած ճանապարհը, մոտենում է եւ, մատնացույց անելով դրկից տունը, շարունակում է կնոջ ընդհատված պատմությունը. «Ամեն րոպե սարսափում ենք, որ այն կարող է փլվել եւ ծածկել մեր պատշգամբը: Գիշերները ես եւ կինս հերթապահում ենք: Տանը մանկահասակ թոռներ ունենք, բայց ու՞ր գնանք»: Նրանց հարեւան Վաչագան Մկրտչյանը, ում տան մի մասը եւս քանդվել էր հունվարի 21-ի գիշերը, անցած տարի, հույսը կորցնելով, որ հնարավոր է ստեղծված վիճակից ելք գտնել, ընտանիքով մեկնել է Ռուսաստան` տանը թողնելով աղջկան` երկու երեխաների հետ: «Սկզբում ճարահատյալ մնում էի, բայց օրեցօր տան ճեղքերը մեծանում են, այդ պատճառով հիմա վարձով ենք ապրում, ու՞ր գնանք գյուղից, ծնողներս էլ են Ռուսաստան մեկնել, բայց հիմա էլ «ճգնաժամն» է նրանց հետեւից հասել,- դառը կատակով ասում է Վաչագանի աղջիկը` Անուշը, ապա ավելացնում,- գոնե վթարային տների համար պետությունը կարգին միջոցներ հատկացներ, մերոնք վերադառնային, տուն կառուցեին, միասին ավելի հեշտ կհաղթահարեինք դժվարությունները»: 02_02-karahunj-2«Մի քանի ամիս շարունակ անցուդարձ էինք անում հարեւանի տան պատից բացված խորշի միջոցով, տան պատերից մեկը քանդվել էր, ճանապարհը փակել: Միայն հրաշքով էր գազի խողովակն անվնաս մնացել, բայց բակում տեղադրված բնական գազի հաշվիչին այդպես էլ չէինք կարողանում մոտենալ, հսկիչն էլ էր խուսափում»,- զրույցին խառնվում է մեկ ուրիշ քարահունջցի: Վաչագանը միակը չէ, ով սողանքի պատճառով թողել է մշտական բնակության վայրը եւ հեռացել գյուղից: Տարիներ շարունակ ապրելով սողանքային գոտում` մարդիկ այլեւս չեն կարողացել դիմանալ վտանգին եւ մեկնել են` թողնելով սեփական տները: Քարահունջում սողանքի պատճառով վթարային է 170 բնակարան: Այդ մասին տեղյակ են նաեւ հանրապետական իշխանությունները: ՀՀ քաղաքաշինության նախարարության, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության մասնագետները պարբերաբար լինում են գյուղում, բայց նրանք իրենց վերապահված պարտականություններն են իրականացնում. արձանագրում են վիճակը կամ հակասողանքային միջոցառումներ իրականացնելու, սողանքների կառավարման, տեխնիկական խնդիրների վերաբերյալ, դրանց ակտիվացումը կասեցնելուն ուղղված խորհրդատվություն տրամադրում: Եվ գործնականում որեւէ քայլ իրավասու չեն ձեռնարկել, որպեսզի վթարային բնակարանների բնակիչները դադարեն ապրել առանց ամեն օր մահվան սարսափն աչքի առաջ ունենալու: Դեռեւս 2004 թ. Ճապոնական Միջազգային համագործակցություն գործակալությունը ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ իրականացրել է «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագիրը, որի շրջանակներում աշխատանքներ են կատարվել նաեւ Քարահունջում: Այդ հետազոտությունների արդյունքում «ՀՀ 2007 թ. պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված «Սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի» շրջանակներում կառավարության որոշմամբ նախատեսված հատկացումներից 46 մլն դրամն ուղղվել է նաեւ Քարահունջ գյուղում սողանքի պատճառած վնասների հատուցմանը: 2007-08 թթ. վերաբնակեցման համար 10 ընտանիքից 8-ին գումարներ են հատկացվել: «Պետությունը ֆինանսավորում է միայն 4-րդ կարգի վթարային շինությունները»,- ասում է Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը: 2004 թ.-ից բավական ժամանակ է անցել, այն ժամանակ շինությունների վթարային աստիճանը որոշել են ճապոնացի հետազոտողները: Տարիների ընթացքում դրանց կարգը փոխվել է, բայց այն հաստատելու համար բավականին միջոցներ են անհրաժեշտ, ինչը, հասկանում եմ, դժվար է ակնկալել պետական բյուջեից: Համայնքապետը ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացել էր, որ մասնավոր կազմակերպությունները բնակարանների վթարային վիճակը գնահատելու համար մի քանի միլիոն դրամ են պահանջում, որն անիրատեսական Է: Իսկ Քարահունջում անիրատեսական են համարում այն հանգամանքը, որ վթարային վիճակում գտնվող բնակելի տների համար որպես փոխհատուցում միջինը 4 մլն դրամ է հատկացվում: «Գյուղում վաճառքի տներ չկան, իսկ այդ գնով Գորիս քաղաքում կամ ուրիշ տեղ ի՞նչ տուն կարող ես առնել: Կամ` գյուղից ու՞ր գնանք, հազար տարի էստեղ ենք ապրել, այգի ունենք, անասուններ, քաղաքում ինչո՞վ ապրենք: Գոնե դրա հետ միասին ցածր տոկոսով վարկ տար պետությունը, Քարահունջի ոչ սողանքային գոտում տուն կառուցենք»,- ասում է մի երիտասարդ, որի ընտանիքը եւս ապրում է վթարային շենքում: Այն, որ 170 տան խնդրի միակ հնարավոր լուծումը հենց Քարահունջում բնակելի, մասնավորապես բազմաբնակարան շենքերի կառուցումն է` համոզված է նաեւ համայնքի ղեկավարը: «Քարահունջում 270 տնտեսություն կա, փաստորեն կեսից ավելին ապրում է վթարային տներում: Ենթադրենք բյուջեով բոլորին փոխհատուցում է տրվել: Մարդիկ կմեկնեն, եւ մի քանի տարի անց դպրոցի առաջին դասարանում աշակերտ չի ընդունվի, առանց այն էլ 400 աշակերտի համար կառուցված շենքում այսօր 186 աշակերտ է սովորում: Գյուղից մեկնել են նաեւ այն ընտանիքները, որոնց 2007 թ. փոխհատուցում է տրվել, բայց նրանք սեփականաշնորհված հողատարածքներ, այգիներ ունեն, որոնց դիմաց պարտավոր են հողի հարկ վճարել: Այսպիսով, նաեւ համայնքային բյուջեի եկամտային մասը, որը կազմում է մոտ 8 մլն դրամ, երբեք չի ապահովվի, եւ նաեւ տեղական միջոցներով որեւէ խնդիր հնարավոր չի լինի լուծել»,- իր մտահոգությունն է հայտնում համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը: Նա հավելեց, որ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության աշխատանքը գնահատելով հանդերձ, ինչպես նաեւ հասկանալով, որ պետական բյուջեն չի կարող այդքան մեծ միջոցներ ներդնել խնդիրը միանգամից լուծելու համար, այնուամենայնիվ, այն 60 բնակարանների խնդիրը, որտեղ բնակվելն այլեւս վտանգավոր է, պիտի լուծվի: Եվ որքանով խնդիրը հրատապ է, ու ամեն օրը կարող է ճակատագրական լինել մարդկանց համար, նույնչափ էլ կարեւոր է այն առումով, որ դրանով կկանխվի ավանդույթներ ունեցող Քարահունջի դատարկման սպառնալիքը: Սյունիքի մարզի Քարահունջ գյուղը հայտնի է տեղական արտադրության թթի օղիով, բայց հիմա գյուղի բնակիչներից շատերն անհանգստացած են, որովհետեւ գարնանը հնարավոր է սողանքի պատճառով չկարողանան իրենց այգիները գնալ, որտեղ համբավ բերող, ինչպես նաեւ դրա վաճառքից ապրուստի միջոցն ապահովող խմիչքի հումքի պաշարներն են` թթենիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter