HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկակի կառավարում ջրամատակարարման ոլորտում

1997 թ. Գորիս քաղաքի խմելու ջրի համայնքային ներքին ցանցը և կոյուղացանցը հավատարմագրային կառավարման և սպասարկման համար տրվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, և մինչև այժմ ցանցի սպասարկման ու ծառայությունների մատուցման գործառույթն իրականացնում է Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի շահագործման Հարավային տարածքային մասնաճյուղի Գորիսի տեղամասը:

Ինչպես տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Տեր-Մկրտչյանը, համայնքային իշխանությունը շահագրգռված է ցանցի արդյունավետ շահագործմամբ, սակայն այն կառավարելու առումով որևէ դերակատարություն չունի: «Արդյոք դա ենթադրում է, որ տեղական ինքնակառավարման մարմինը որևէ պատասխանատվություն չի կրում համայնքի բնակչության ջրամատակարարման ապահովման համար»,- հարցրեցինք փոխքաղաքապետին: Նա պատասխանեց, որ համայնքային իշխանությունը հետաքրքրված է որպես համայնքային ենթակառուցվածք ցանցում ընթացիկ կամ հիմնանորոգման աշխատանքներ կատարելու, ցանցն ընդլայնելու համար ներդրումներ հայթայթելու հարցում, սակայն մատուցվող ծառայության վատ որակի դեպքում պատժամիջոցներ կիրառելու լծակներ չունի: Բացի այդ, համայնքային բյուջեով որևէ ներդրում չի նախատեսվում քաղաքի ջրամատակարարման կամ ջրահեռացման համար: Թե համայնքում ջրամատակարարման խնդրի արդյունավետության առումով որքանով է շահավետ պարտականությունների նման բաշխումը, փոխքաղաքապետը դժվարացավ ասել` նշելով, որ խնդիրը լուծվել է կառավարության մակարդակով, և Սյունիքի մարզի բոլոր քաղաքային համայնքներում, բացի Քաջարանից, ջրամատակարարումն իրականացվում է նույն սկզբունքով:«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի շահագործման Հարավային տարածքային մասնաճյուղի Գորիսի տեղամասի պետ Վրույր Հովհաննիսյանի կարծիքով` ֆինանսական որևէ հարաբերություն չունենալը չի ենթադրում, թե ընկերությունը պարտավորություն չի կրում քաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրը բավարար մակարդակով իրականացնելու համար, և քաղաքային իշխանությունը ևս ուղիներ է փնտրում միջազգային կամ տեղական կազմակերպությունների միջոցները ներդնելու համայնքի ջրամատակարարումը բարելավելու գործում:

«Այսօր Գորիս քաղաքի խմելու ջրի ներքին ցանցը գտնվում է վթարային վիճակում, և 2008 թվականից սկսած` լայնածավալ աշխատանքներ են իրականացվում քաղաքի 50 կմ երկարությամբ ներքին ցանցի առանձին հատվածները նորոգելու համար: Նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել 18 կիլոմետրի նորոգման աշխատանքները»,- ասում է տեղամասի պետը: Ըստ նրա` քաղաքում խմելու ջրի կորուստները կազմում են մոտ 80 %, ինչը պայմանավորված է թե’ ներքին ցանցի մաշվածությամբ, թե’ ապօրինի ջրամիացումներով: «Խմելու ջրի կորուստները հիմնականում այն հատվածներում են, որով քաղաքի 2040 սեփական բնակելի տների ցանցը միանում է ներքին ցանցին,- ասում է տեղամասի պետը,- եւ թեպետ այսօր քաղաքը 1 վայրկյանում ստանում է 200 լ ջուր (ինչը միջազգային չափանիշերով կարող է բավարարել մինչև 60 հազար բնակչություն ունեցող բնակավայրի), նորոգումների հետ, եթե չհայտնաբերվեն ապօրինի միացումները, հնարավոր չի լինի քաղաքում 24-ժամյա ջրամատակարարում ապահովել»: Վրույր Հովհաննիսյանը կարևորում է այն հանգամանքը, որ վերջին տարիներին իրենց հաջողվել է խմելու ջրի վճարների հավաքագրման աշխատանքները հաջողությամբ իրականացնել, որի արդյունքում գանձումները կազմում են մոտ 95%. «Գորիս քաղաքում ընդամենը 440 բաժանորդ կա, ովքեր սոցիալական պայմանների պատճառով, չկարողանալով ջրաչափեր տեղադրել, դեռևս օգտագործված ջրի դիմաց վճարում են ըստ շնչի»: Տեղամասի պետի ասելով` այս և այլ նախաձեռնություններն ուղղված են հանրային ծառայության մատուցման որակի բարելավմանը, թեպետ, որպես ծառայություն մատուցող կազմակերպություն, չեն կարողանում մատակարարման ոլորտում եղած վթարների, անջատումների մասին հանրությանը ծանուցել: «Մասնավորապես վթարների, ընթացիկ անջատումների դեպքում հանրությանն իրազեկելու համար լավագույն միջոց կարող են լինել էլեկտրոնային լրատվամիջոցները, որի հնարավորությունը քաղաքում, ցավոք, չկա, և ստիպված ենք երբեմն միայն երեկոյան ժամերին այդ մասին տեղեկացնել հանրությանը, ինչը հաճախ ժամանակավրեպ է լինում»,- ասում է Վ. Հովհաննիսյանը:

Ավագանին համայնքներում կարող է ջրի նոր սակագին սահմանել

Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի շահագործման Հարավային տարածքային մասնաճյուղի Գորիսի տեղամասը ջրամատակարարման խնդիր է իրականացնում նաև ենթամարզի 24 գյուղական համայնքներից Հարժիսում, Հալիձորում, Խոտում, Շինուհայրում, Հարթաշենում, Քարահունջում, որտեղ, սակայն, ի տարբերություն Գորիսի քաղաքային համայնքի, ներքին ցանցերը, որոնց մի մասը վերջերս է շահագործման հանձնվել, պատկանում են համայնքային իշխանություններին: Խոտ գյուղի ներքին ցանցը, որը կազմում է 4,3 կմ, անցած տարեվերջին նորոգվել է «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի» շրջանակներում և պատկանում է գյուղի համայնքային իշխանությանը: «Ներքին ցանցի շահագործմամբ մեր գյուղում խմելու ջրի խնդիրը հիմնականում լուծվել է»,-ասում է համայնքի ղեկավար Մարտիրոս Գրիգորյանը: 175 ջրօգտագործողների 60%-ը ջրաչափ է տեղադրել: Ցանցն առայժմ պատկանում է համայնքային իշխանությանը, բայց ջրամատակարարումն իրականացնում է «Հայջրմուղկոյուղու» Գորիսի տեղամասը: Մի տեսակ հակասություն է առաջանում` տեղական իշխանությունը պետք է միջոցներ ծախսի ներքին ցանցը պահպանելու, շահագործելու համար, բայց վարձավճարները նրանք են գանձում: Առաջարկվել է ցանցը հանձնել «Հայջրմուղկոյուղուն»: «Առայժմ չենք կողմնորոշվել, թե որն է ավելի արդյունավետ»,- ասում է համայնքապետը: Այս առիթով Գորիսի տեղամասի պետը նշում է, որ գյուղական համայնքների ղեկավարներին առաջարկվել է համաձայն ջրամատակարարման ակունքում տեղադրված ջրաչափի ցուցմունքի` 1 խմ օգտագործված ջրի դիմաց 50 դրամ վճարելու պայմանով խմելու ջուր տրամադրել: Այս դեպքում համայնքային իշխանությանը հնարավորություն է ընձեռվում ավագանու նիստի որոշմամբ համայնքում ջրի նոր սակագին սահմանել, որի մի մասը կարելի է ուղղել նաև ներքին ցանցի պահպանությանը, շահագործմանը: Բացի դրանից, միաժամանակ ջրօգտագործողները հնարավորություն կունենան մինչև այժմ բնակչությունից գանձվող 115,65 դրամի փոխարեն ավելի ցածր գնով ջուր ստանալ: «Հասկանալի է, որ համայնքների ղեկավարներին անհանգստացնում են ջրի կորուստները, բայց զարմանալի է, որ նրանց չի գրավում բնակչության սոցիալական խնդիրը լուծելու այս միջոցը»,- ասում է տեղամասի պետը և հավելում, որ ջրի կորուստները մտահոգում են նաև իրենց կազմակերպությանը: Սյունիքի ամենամեծ գյուղում` Շինուհայրում, օրինակ, ամսական ծախսվում է մոտ 4-5 մլն դրամի ջուր, սակայն գանձումները կազմում են ընդամենը 300-500 հազար դրամ: Պատկերը գրեթե նույնն է նաև Հալիձոր գյուղում, որտեղ վճարումները կազմում են օգտագործված ջրի ընդամենը 20 %-ը: Վերոնշյալ «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի» շրջանակներում առաջիկայում խմելու ջրի ներքին ցանց է կառուցվելու Քարաշեն գյուղում, որը մինչ այժմ սնվում էր բնական աղբյուրներով: Այն հարցին, թե ցանցի շահագործումից հետո պատրաստվում են, արդյոք, այն հանձնել Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի շահագործման Հարավային տարածքային մասնաճյուղին, համայնքի ղեկավար Գառնիկ Շահնուբարյանը չշտապեց հաստատել. «Տեսնենք, մյուս համայնքները տան` ես էլ կտամ»:

Գյուղերում խմելաջրի ներքին ցանցի պահպանման իրենց լուծումներն ունեն

Խմելու ջրի խնդրի լուծման այլընտրանքային եղանակներ են ընտրել այլ համայնքներում: Խնձորեսկում, օրինակ, որին չի սպասարկում Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի շահագործման Հարավային տարածքային մասնաճյուղը, խմելու ջրի դիմաց յուրաքանչյուր բնակչից ամսական գանձվում է 50 դրամ և ուղղվում ներքին ցանցի ընթացիկ աշխատանքների իրականացմանը: Վերիշեն գյուղում, որտեղ ջրամատակարարումն իրականացվում է բնական աղբյուրների հաշվին, օգտագործված ջրի վճարման հաստատագրված սակագին է որոշվել, յուրաքանչյուր ընտանիքի համար` ամսական 100 դրամ, ինչը շատ հաճախ դժգոհության առիթ է դառնում, քանի որ բազմանդամ ընտանիքները և միայնակ թոշակառուները նույն վճարումն են կատարում: Մեր հարցին, թե 600-ից ավելի տնտեսություն ունեցող գյուղում ջրի վարձավճարներն արդոք համարվում են տեղական բյուջեի եկամտային մաս, համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Արթուր Շալունցը պատասխանեց. «Ստացված միջոցները հազիվ բավարարում են ջրօգտագործման համար սահմանված բնապահպանական տուրքը և գանձումները կատարող երկու հսկիչներին վճարելու համար»: Թե վերոնշյալ տարբերակներից որն է ավելի արդյունավետ մարդկանց ջրամատակարարման խնդիրն ապահովելու համար, դժվար է գնահատել: Մի կողմից ջրամատակարարման ներքին ցանցն այլ կազմակերպության հանձնելով և երկուստեք ֆինանսական որևէ պատասխանատվություն չկրելով, կարծես թե, պարտականությունների վերաբաշխում է կատարվում: Մյուս դեպքում` ներքին ցանցը շահագործող համայնքները (և առհասարակ բոլոր համայնքները), տեղական բյուջեում չունենալով ջրամատակարարման համար նախատեսված միջոցներ, մատուցվող ծառայության վատ որակի դեպքում կարող են լավագույն «ալիբի» ունենալ, որ խմելու ջրի դիմաց կատարված գանձումները (որը, եթե տեղական բյուջեի եկամտային մաս չի համարվում, բնականաբար կարող է նաև չվերահսկվել) բավարար չեն կանոնավոր ջրամատակարարում ապահովելու համար: Համեմատության համար նշենք, որ Գորիս քաղաքում միայն վթարային աշխատանքների համար ամսական ծախսվում է մոտ 300 հազար դրամ: Այս պարագայում, կարծես թե, համայնքի ղեկավարների արդարացումը կարող է տեղին լինել: Երկու դեպքում էլ անհասկանալի է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 10-րդ դրույթը, ըստ որի «Համայնքի ղեկավարն իրականացնում է համայնքային սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման և այլ կառուցվածքների շահագործումը»: Եվ անիմաստ է մտածել, որ հանձինս տեղական իշխանությունների` որպես հանրային ծառայություն մատուցող կազմակերպության, մարդիկ կարող են իրենց դժգոհությունն արտահայտել, օրինակ, խմելու ջրի մատակարարման որակի, ոչ բավարար ջրապահովման, խմելու ջրի վարձավճարների առթիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter