HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անասունների վարակի կրկնման համար մեղադրվում են նաեւ անասնատերերը

Գրեթե մեկ ամիս է, ինչ հանրապետական եւ տեղական լրատվամիջոցներն անդրադառնում են Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում արձանագրված անասունների բրուցելոզ հիվանդությանը: Կատարվածի առթիվ տարբեր մեկնաբանություններ, նկատառումներ են հայտնել մասնագետներ, ֆերմերներ, համայնքային իշխանությունների ղեկավարներ, կատարվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքները դեռ կքննարկվեն:

Եվ մինչ պաշտոնական աղբյուրները կներկայացնեն իրենց դիրքորոշումը, փորձեցինք պարզել, թե ինչպես են մարզում իրականացվում անասնաբուժական ծառայությունները, եւ որոնք են համաճարակների պարբերաբար կրկնման պատճառները: Սիսիանի տարածաշրջանի Ախլաթյան գյուղում մարդիկ դեռ հույս ունեն, որ պետությունը փոխհատուցելու է 2007 թ. ժանտախտի պատճառով 200 գլուխ անասունի կորուստը: «Եկան, ակտ կազմեցին, խոստացան, որ միջոցներ կհատկացվեն, բայց մինչեւ հիմա որեւէ արձագանք չկա»,- ասում են Ախլաթյանում: Նրանց ասածը հաստատում է նաեւ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը` նշելով նաեւ, որ նույն տարում անասունների ժանտախտի վարակման դեպքեր են գրանցվել նաեւ մարզի այլ տարածաշրջաններում: «Դրանք, սակայն, համաճարակ չի կարելի կոչել, որովհետեւ սահմանված կարգի համաձայն` այն որպես այդպիսին կարող են որակել միայն պետական մարմինները: Մի քանի տասնյակ անասունների վարակը դեռեւս համաճարակ չէ»,- ասում է վարչության պետը: Նրա կարծիքով` անասունների շրջանում հիվանդությունների տարածմանը միակողմանի գնահատականներ են տրվում:

«Պետությունը անասնաբուժական պրոֆիլակտիկ միջոցառումներ նախաձեռում է միայն յոթ հիվանդության համար, մնացած բոլոր դեպքերում ֆերմերները պետք է հետեւեն, որպեսզի իրենց տնտեսություններում անասնաբուժական ծառայություն իրականացվի»:

Այս կարծիքի հետ, սակայն, համաձայն չեն գյուղատնտեսության ոլորտի այլ մասնագետներ, ովքեր նշում են, որ պետության պատվիրակած անասնաբուժական ծառայությունները հաճախ տարերայնորեն են իրականացվում, առանց նախապես հայտարարելու, ոչ միաժամանակ, այսպիսով չկանխելով հիվանդությունների տարածումը: Շատերի ասելով` որեւէ երաշխիք չկա, որ անգամ պետպատվերով նախատեսված պատվաստումներն իրականացվում են բարձրորակ պատվաստանյութերով:

«Դեղորայքն իրենք բերում են եւ պատվաստումը կատարում, երբեմն չես էլ վստահում: Գյուղի մարդու ապրուստի միջոցն անասունն է, դաշտը, հիվանդության ու երաշտի կամ ցրտի վտանգը միշտ աչքիդ առաջ է»,- նկատում է մի ֆերմեր, ով 2007 թ. ժանտախտից հետո այլեւս անասնապահությամբ չի զբաղվում:

Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցն այս առթիվ իր դիտարկումներն է ներկայացնում` նշելով, որ ժամկետի առումով հնարավոր է լինեն ձգձգումներ, սակայն հիմնական պատճառն այն է, որ մարզի 109 համայնք սպասարկող 88 անասնաբույժից շատերը միաժամանակ մի քանի գյուղ են սպասարկում: Եվ թեպետ ընտրվում են այնպիսի համայնքներ, որոնք միմյանցից հեռու չեն, այնուամենայնիվ, առանց փոխադրամիջոցի բավարար ծառայություն ապահովել հնարավոր չէ:

Ինչպես նշում է է. Թոխսանցը, կենտրոնը ժամկետների սղության եւ սահմանափակ կադրերի պատճառով դժվարությամբ է իրականացնում աշխատանքը, քանի որ 2007 թ. հունվարի 1-ից նախկին անասնաբուժական պետական տեսչության վերակազմավորման արդյունքում ստեղծված աննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնն այլ գործառույթներ էլ է իրականացնում` վերահսկում է մարզում գրանցված 500-ից ավելի սննդի արտադրության, վերամշակման, առեւտրի կետերում սննդի անվտանգությունը: Այդ գործառույթների իրականացման համար կենտրոնն ընդամենը վեց աշխատակից ունի: «Եթե հաշվի առնենք, որ մարզի բնակավայրերի միջեւ միջին հեռավորությունը հասնում է մոտ 75 կմ-ի, եւ մեկական ծառայողական ավտոմեքենայով ապահովված են միայն Գորիսի եւ Կապանի ստորաբաժանումները, ապա պատկերը կարող է պարզ լինել»,- հայտնեց տեսչության պետը: Կենտրոնի պետի ասելով` աշխատանքների թերացման լուրջ պատճառ է նաեւ անասնաբուժական կադրերի պակասը` վերջին 15 տարիներին Գորիսի վարչատարածքում նոր կադրեր չեն ընդգրկվել: «Զարմանալի է, որ Գորիսի գյուղատնտեսական պետական քոլեջը չունի անասնաբուժական բաժին,- ասում է Էդգար Թոխսանցը,- այն դեպքում, երբ մարզում 100 հազար գլխից ավելի անասուն կա, եւ պետության աջակցությամբ իրականացվող պատվաստումների հետ ֆերմերները պարտավոր են իրենց նախաձեռնությամբ այլ միջոցառումներ ձեռնարկել»: Ի տարբերություն կենտրոնի պետի, անասնաբուժական ծառայության որակը բավարար չեն գնահատում համայնքի ղեկավարներից շատերը, ովքեր եռակողմ պայմանագիր են կնքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ անասնաբույժների հետ` համայնքի տարածքում պետության պատվիրակած անասնաբուժական ծառայություններն իրականացնելու համար: Համայնքի ղեկավարների մի մասը նշում է, որ բյուջեով նախատեսված տարեկան մոտ 670 հազար դրամ դոտացիան, որը նախատեսվում է համայնքի անասնաբույժին աշխատավարձ վճարելու համար, հաճախ փոխանցվում է ուշացումներով, որի պատճառով երբեմն սոցիալական ապահովագրական կառույցների հետ խնդիրներ են ծագում: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանի խոսքով` ուշացումները զանգվածային բնույթ չեն կրում, դրանք հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ յուրաքանչյուր ամսվա վերջին համայնքների անասնաբույժները պարտավոր են համայնքի ղեկավարին ներկայացնել կատարողական ակտեր, ըստ որոնց ներկայացվում է եւ աշխատավարձի վճարման հանձնարարագիրը: Այդ ակտերը երբեմն ուշացումով են ներկայացվում: «Համայնքներում անասնաբուժական ծառայության ապահովման մակարդակը մեծ չափով կախված է համայնքի ղեկավարից: Որքան նա հետեւողական է, այնքան համայնքում հիվանդությունների հաճախականությունը փոքր է,- մեզ հետ ունեցած զրույցում ասաց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը: Էդգար Թոխսանցը հավելեց, որ որոշ համայնքներում տեղական բյուջեով նախատեսված եկամուտների հաշվին լրացուցիչ վարձատրվում է համայնքի անասնաբույժը: Հակառակ դեպքում ամսական 35-40 հազար դրամ աշխատավարձով հնարավոր չէ անգամ մեկ գյուղում արդյունավետ աշխատանք ապահովել: Նրա տեղեկացմամբ` մի շարք համայնքներում, ինչպես, օրինակ, Տեղ գյուղում, ստեղծվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը նաեւ մասնավոր անասնաբուժական ծառայություններ է իրականացնում: Մյուս համայնքներում պետության պատվիրակած անասնաբուժական ծառայությունից բացի անասնաբուժական այլ գործունեությունից ստացված եկամուտներն անասնաբույժը տնօրինում է կամայականորեն: Էդգար Թոխսանցը տեղեկացրեց նաեւ, որ անասնաբուժական ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Շվեյցարական Ռազմավարական գործակալության երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ Գորիսի տարածաշրջանի 12 համայնքներում բացվել են անասնաբուժական կենտրոններ, որոնք կահավորվել են ժամանակակից սարքավորումներով, անհրաժեշտ գույքով, դեղորայքով:

Կենտրոնի ծառայություններից օգտվելու համար համայնքների բնակիչները խոշոր եղջերավոր անասունների մեկ գլխի դիմաց ամսական վճարելով 200 դրամ անդամավճար` հնարավորություն ունեն անվճար օգտվել այդ անասնաբուժական ծառայություններից` տարբեր հիվանդությունների կանխարգելում, պատվաստում, բուժում, որոնք ընդգրկված չեն պետպատվերով նախատեսված ցանկում:

«Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ մեր կենտրոնը խուսափում է անասունների շրջանում արձանագրված հիվանդությունների տարածման համար պատասխանատվությունից, սակայն ավելորդ չեմ համարում նաեւ նշել, որ միայն տեսչության մի քանի աշխատակիցներով կամ անասնաբույժներով հնարավոր չէ լիարժեք իրականացնել այն բոլոր միջոցառումները, որոնց արդյունքում հնարավոր կլինի խուսափել համաճարակներից:

Համայնքների ղեկավարներն առավել հետեւողական ու խստապահանջ պետք է լինեն իրենց համայնքերին ամրագրված անասնաբույժների կատարած աշխատանքային ակտերը ստորագրելիս»,- ասում է սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցը:

Ըստ նրա` եթե պետությունն անգամ փոխհատուցի հարկադիր մորթի ենթարկված անասունների համար, սակայն հաջորդ օրը ֆերմերները չպահպանեն անասնապահության հիգիենայի կանոնները, ապա հիվանդությունների նոր բռնկումներն անխուսափելի են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter