HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նորեկները «քաշեցին» հավաքականին

Երեկ կայացած Լիտվա-Հայաստան (3-0) ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը խորհելու մի շարք առիթներ տվեց: Նախ նշենք, որ այս թիմերը առաջին անգամ կրկին ընկերական խաղում հանդիպել էին դեռ 2000 թ. ու նորից Կաունասում: Խաղը շահել էր մեր հավաքականը՝ 2-1, գոլերի հեղինակ էին դարձել Անդրեյ Մովսիսյանն ու Արթուր Պետրոսյանը:

Թվում էր, թե բոլոր հնարավորությունները կան, որ այս անգամ էլ մեր թիմը լավ հանդես գա, մանավանդ որ «Եվրո-2012»-ի ընտրական խաղերում զգացվում է Հայաստանի ընտրանու կայուն ձեռագիրը, ինչը հույս է ներշնչում, որ երիտասարդներով համալրված թիմը ապագա ունի:

Սակայն այս անգամ ստացվեց այնպես, որ հենց երիտասարդները, ավելի ճիշտ՝ նորեկները, «քաշեցին» մեր թիմին: Ինչպես հայտնի է, Բերեզովսկին վնասվածքից նոր էր ապաքինվել եւ հավաքական չկանչվեց, չնայած որ Ռուսաստանի առաջնության վերջին տուրում խաղադաշտ դուրս եկավ: Երկրորդ դարպասապահ Ստեփան Ղազարյանը («Բանանց») դեռ վերջնականապես չի ապաքինվել: Այս պարագայում Վարդան Մինասյանը հավաքական էր հրավիրել իր գլխավորությամբ հանդես եկող «Փյունիկի» երկու պատանի դարպասապահների՝ 20-ամյա Արսեն Պետրոսյանին եւ 19-ամյա Կարեն Իսրայելյանին:

«Ֆուտբոլ+»-ին տված հարցազրույցում մարզիչը խոստովանել էր, որ այս պարագայում ռիսկի է դիմում, բայց դարպասապահները պետք է աճեն հենց խաղալով: Միաժամանակ նշել էր, որ «Միկայի» դարպասապահ Գեւորգ Կասպարովին այս պահին չի տեսնում հավաքականում: Մինասյանի խոսքերը միայն տարակուսանք են առաջացնում:

Չնայած Կասպարովն իրոք այս պահին չունի այն վստահությունը, ինչ այն ժամանակ, երբ Բերեզովսկու փոխարինողն էր, սակայն համոզված ենք, որ հիմա էլ իր միջազգային փորձով, վարպետությամբ ու ֆիզիկական տվյալներով գերազանցում է «Փյունիկի» պատանիներին: Եթե նայենք վիճակագրական տեսանկյունից, ապա Հայաստանի առաջնությունում «Միկան» ավելի քիչ գոլ է ընդունել քան «Փյունիկը»:

Երկրորդ՝ այս տարվա եվրագավաթներում Կասպարովը նորվեգական «Վոլերենգայից» ընդունեց 2 գոլ, իսկ Կաունասում ասպարեզ ելած 19-ամյա Իսրայելյանը չեխական «Վիկտորիայի» հետ երկու խաղում «Փյունիկի» կազմում բաց թողեց ոչ ավել, ոչ պակաս 9 գոլ, ինչը մեր չեմպիոնի համար աննախադեպ արդյունք էր եւ հակառեկորդ: Էլ չենք խոսում կարճահասակ Իսրայելյանի ֆիզիկական տվյալների մասին, որոնք, մեղմ ասած, հույս չեն ներշնչում: Մեր ազգային թիմի կազմում ավելի ցածրահասակ դարպասապահ երբեւէ չի խաղացել, իսկ իր առաջին խաղում Իսրայելյանից ավելի երիտասարդ եղել է միայն Ապուլա Բետեն (դեբյուտը՝ 18 տարեկանում), որը, սակայն, իր որակներով անհամեմատելի է այսօրվա հայ դարպասապահների հետ:

Առաջին երկու գոլերում իր մեղքի բաժինն ուներ հենց Կարեն Իսրայելյանը: Առաջին դրվագում երբ անկյունայինից օդային փոխանցում հետեւեց տուգանային հրապարակ, վերջինս փոխանակ գնդակին ընդառաջ ցատկելու, նետվեց լրիվ այլ ուղղությամբ, իսկ գրոհող Կլիմավիչյուսը հաղթեց պայքարը Մխիթարյանի հետ (որն ընդհամենը դիտողի դերում էր) ու հեշտությամբ խոցեց դարպասը: Երկրորդ գոլի ժամանակ էլ Իսրայելյանը պատը կազմել էր դարպասի ձախ հատվածի ուղղությամբ, իսկ ինքը կանգնել էր կենտրոնում, միգուցե եւ դրանից էլ ձախ: Այնինչ պետք էր առաջին հերթին վերահսկել աջ անկյունը, որտեղ եւ հետեւեց հարվածը, իսկ դարպասապահն էլ չհասցրեց գնդակի հետեւից:

Խաղը ցույց տվեց, որ Մինասյանի ռիսկը ոչ միայն արդարացված չէ, այլեւ գուցե պետք է, որ հավաքականի ու «Փյունիկի» մարզիչը այդքան շատ շեշտը չդնի փյունիկցիների վրա: Հետաքրքիր է, որ Կաունաս մեկնած 18 ֆուտբոլիստներից 8-ը «Փյունիկից» էին, որոնցից երկու դարպասապահներն ու կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը երբեւէ չէին խաղացել ազգային թիմում: Ու ահա եւս մի վրիպում Մինասյանի կողմից. թեկուզ ընկերական, բայց պատասխանատու խաղում նա կենտրոնականի անչափ կարեւոր դերը վստահեց 19-ամյա Հարոյանին:

Պահեստայինների նստարանին մնաց նույնպես երիտասարդ, բայց ավելի մեծ փորձ ունեցող Յուզբաշյանը: Հրայր Մկոյանին կենտրոնականի դիրքում կարող էր ընկերակցել նաեւ Արտակ Եդիգարյանը, որը, չնայած ձախ թեւի խաղացող է, սակայն վատ հանդես չի գալիս նաեւ կենտրոնում: Մինասյանի ընտրած տարբերակը չարդարացրեց իրեն: Անփորձ Հարոյանը, ունենալով արդեն դեղին քարտ, 58-րդ րոպեին մրցակցի կիսադաշտում դիմեց անտեղի կոպտության ու արժանիորեն պատժվեց արդեն կարմիր քարտով:

Պատանի ֆուտբոլիստին ու թիմին ապահովագրելու համար նրան կարելի էր փոխարինել երկրորդ կեսում կամ հուշել, որ հնարավորինս զգույշ գործի, ինչի ականատեսը, ցավոք, չեղանք: Հենց Հարոյանի բացակայությամբ մեր կենտրոնը սկսեց ճեղքեր տալ, ու լիտվացիները մի քանի անգամ լրջորեն սպառնացին Իսրայելյանին: Երրորդ գոլը հենց մեր կենտրոնականների անփութության արդյունքն էր. ձախից կատարված փոխանցումը Բենյուշիսը եզրափակեց առանց պաշտպանի հետ պայքարելու. Մկոյանն ու Յուզբաշյանը լիտվացուն կարծես կորցրել էին տեսադաշտից:

Մեկ այլ հարց: Մինասյանը բազմիցս հայտարարել է, որ հավաքականում տեղ կունենան նրանք, որվքեր խաղում են իրենց ակումբների կազմերում: Հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հազվադեպ է փոխարինման դուրս գալիս Դոնեցկի «Մետալուրգում», սակայն նա մեկնարկային կազմում էր: Եվ ի՞նչ: Ստացվեց այնպես, որ խաղային պրակտիկայի պակասը Մկրտչյանի մոտ միանգամից զգալ տվեց՝ դրան գումարած մեկնարկային հուզմունքն ու լարվածությունը:

Առաջին գոլը ծնվեց հենց նրա սխալի արդյունքում: Անկյունային դրոշակի մոտ Կառլենը գնդակը պարզապես հեռացնելու փոխարեն ինքն իրեն խճճեց, կորցրեց գնդակը ու խախտեց կանոնները վրա հասած մրցակցի հետ պայքարում: Տուգանայինը ավարտվեց անկյունայինով, սա էլ՝ գոլով: Իսկ գուցե արժեր որ հենց սկբից դաշտ դուրս գար Արթուր Եդիգարյանը, ով կայուն տեղ ունի «Բանանցում»:

Չնայած խաղի 20-րդ րոպեից մինչեւ 2-րդ գոլը մերոնք գնդակն ավելի շատ էին վերահսկում, սակայն դա ոչինչ չի նշանակում, որովհետեւ բանը չէր հասնում եզրափակիչ փոխանցմանն ու հարվածին, իսկ եթե չկա արդյունք՝ գոլ, ապա մնացածին չի կարելի դրական գնահատական տալ: Ինչքան էլ ասվի ու խոսվի, թե մերոնք տարածքային առավելություն ունեին, միեւնույնն է, մնալու է հաշիվն ու ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում սպասվող նահանջը:

«Եվրո-2012»-ի մեր մրցակիցները նույնպես ընկերական խաղեր են անցկացրել. Ռուսաստանը 1-0 հաշվով տանը հաղթել է Սերբիային, նույն հաշվով Բաքվում մակեդոնացիները հաղթել են ադրբեջանցիներին, Իռլանդիան իր հարկի տակ 0-0 է խաղացել խորվաթների հետ, իսկ սլովակները 2-1 հաշվով հյուրընկալվելիս հաղթել են ավստրիացիներին:

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2012»-ի շրջանակներում կմեկնի Անդորրա, իսկ չորս օր անց՝ Սլովակիա: 

Լուս.՝ ffa.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter